Բոլոր միսիոներները՝ անցյալի և ներկայիս, ծառայում են հույսով, որ ավելի լավացնեն ուրիշների կյանքը:
Այսօրվա միսիոներները շարունակում են երկիրը Տիրոջ գիտությամբ լցնելու մեծ ժառանգությունը (տես Եսայիա ԺԱ.9): Սկսած Աբրահամից մինչև Պետրոսը, Ամմոնը և Վիլֆորդ Վուդրուֆը, սուրբ գրությունների և Եկեղեցու պատմության միսիոներները ժամանակակից միսիոներներին տալիս են լավ օրինակներ:
Անկախ այն բանից, թե մենք անդամ միսիոներներ ենք, նախապատրաստվում ենք լիաժամկետ միսիոներական ծառայության, ծառայում ենք միսիայում կամ վերադառնում ենք միսիայից, մենք կարող ենք քաջալերում և ոգեշնչում ստանալ այս օրինակներից:
Մեր միսիոներական ժառանգությունը Աստվածաշնչում և Թանկագին Մարգարիտում
Հին Կտակարանի միսիոներները, ինչպես օրինակ Հովնանը, կանչվում էին, որ նախազգուշացնեն ժողովրդին (տես Եզեկիել 3.17–19): Հովնանի օրինակից մենք տեսնում ենք ապաշխարության և հնազանդության կարևորությունը: Աբրահամի պատմությունը մեզ սովորեցնում է Մելքիսեդեկյան Քահանայության ծագման և զորության մասին:
Նոր Կտակարանի միսիոներները, ինչպես օրինակ Պետրոսը և Պողոսը, աշխատում էին պահպանել Հիսուս Քրիստոսի ուսմունքները: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում աշխարհն ընկավ ուխտադրժության մեջ: Աստված վերականգնեց ավետարանը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Մենք այժմ աշխատում ենք, ինչպես այդ միսիոներները աշխատեցին, պահպանել Հիսուս Քրիստոսի ուսմունքները և կիսվել դրանցով:
Մեր միսիոներական ժառանգությունը Մորմոնի Գրքում
Ալման, Ամուղեկը, Մոսիայի որդիները և Սամուել Լամանացին Մորմոնի Գրքի հրաշալի միսիոներների ընդամենը մի քանի օրինակներ են: Նրանց միջոցով մենք տեսնում ենք ապաշխարության, հավատքի, հնազանդության և խիզախության օրինակներ: Նրանց նման մենք էլ կարող ենք վստահել Աստծուց ստացած ոգեշնչմանը և հայտնությանը, որ առաջնորդեն մեր միսիոներական ծառայությունը:
Մեր միսիոներական ժառանգությունը Վարդապետություն և Ուխտերում
Ավետարանի Վերականգնումից հետո միսիոներները խիստ կարևոր դեր էին կատարում: Դան Ջոնեսի, Օրսոն Հայդի և Փարլի Փ. Փրաթի նման միսիոներները կիսվում էին Մորմոնի Գրքով և Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ոմանք, ինչպես Մարգարե Ջոզեֆի եղբայր Սամուելը, ծառայում էին իրենց տան մոտակայքում: Ուրիշները ծառայում էին հեռվում, որ կիսեին ավետարանը այնպիսի վայրերում, ինչպես Թաիլանդը, Սենդվիչ կղզիները (Հավայան կղզիներ), Դանիան և Անգլիան:
Այս առաջին միսիոներները հաճախ ծառայում էին երկար և բազմաթիվ միսիաներ: Նրանք թողնում էին ծնողներին, սիրելիներին, կանանց, երեխաներին և թոռներին, ճիշտ ինչպես մենք: Նրանք ծառայում էին որպես հավատքի, քաջության, հնազանդության, տոկունության և ջանասիրության օրինակներ մեզ համար այսօր:
Կառուցել մեր միսիոներական ժառանգության հիմքի վրա
Այն պահից սկսած, երբ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը 2012թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին հայտարարեց, որ երիտասարդ տղամարդիկ և կանայք կարող են միսիայի գնալ ավելի երիտասարդ տարիքում, տասնյակ հազարավոր Վերջին Օրերի սրբեր հավաքվեցին միսիաներում:
2013թ. ապրիլի գերագույն համաժողովում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենն ավելացրեց իր վկայությունը միսիոներական աշխատանքի վերաբերյալ և խրախուսեց մեզանից յուրաքանչյուրին դառնալ այս ծավալվող հրաշքի կարևոր մասնիկը, օգնելով գտնել նրանց, ոքեր պատրաստ են լսելու ավետարանը. «Ճիշտ ինչպես Տերը ոգեշնչել է ավելի շատ միսիոներների, որ ծառայեն, Նա նաև արթնացնում է մտքերը և բացում է սրտերը ավելի շատ լավ ու ազնիվ մարդկանց, որ ընդունեն Իր միսիոներներին: Դուք արդեն իսկ գիտեք նրանց կամ կիմանաք նրանց: Նրանք ձեր ընտանիքում են և ապրում են ձեր հարևանությամբ: Նրանք փողոցում քայլում են ձեր կողքով, դպրոցում նստում են ձեր կողքին և կապվում են ձեզ հետ համացանցում» («Սա հրաշք է», Լիահոնա, մայիս 2013, 78):