Կվերադառնա՞ արդյոք Մեթյուն
Անանուն
Մեր ծխում երիտասարդ տղամարդկանց մի ամրակուռ խումբ ունեինք, սակայն մեր որդի Մեթյուն մտերիմ էր մի ոչ անդամի հետ, ով ևս մեծ սեր էր տածում մեքենաների և ամեն տեսակի մեխանիկական սարքերի հանդեպ: Ցավոք, այդ երիտասարդը դուրս էր եկել մի ընտանիքից, որտեղ չէին գնահատում կրոնը: Նրա ծնողները թույլ էին տալիս իրենց տանը խմել ալկոհոլ և ծխել, և չէին համարում, որ բարոյապես մաքուր լինելը կարևոր էր:
Մեթյուն սկաուտական շարժման մեջ առաջին տեղն էր գրավել, սակայն մրցանակաբաշխությանը չէր մասնացել, քանի որ դադարել էր ապրել սկաուտական չափանիշներով: Ես հավաքեցի նրա բոլոր սկաուտական պարգևները և տեղադրեցի ցուցատախտակի վրա: Այնուհետև պահեցի այն, հույս տածելով, որ մի օր նա կգնահատի դա: 16 տարեկանում նա ծխում էր, խմում էր և թմրանյութ էր գործածում: Նա դուրս էր մնացել դպրոցից և իր ընկերուհու հետ առանձին էր ապրում: Այդ տարիներին նրան հազվադեպ էինք տեսնում:
Մենք հուսահատված էինք: Չգիտեինք, արդյոք երբևէ նա կվերադառնար իր ընտանիքի մոտ և իր հավատքին, սակայն որոշեցինք հետևել իր կամակոր տղայի հետ պայքարող Ալմայի օրինակին: Ալման շարունակում էր սիրել իր որդուն և հավատքով աղոթում էր, որ նա «բերվեր ճշմարտության գիտելիքին» (Մոսիա 27.14):
Մենք մշտապես աղոթում էինք, որ Տերը միջամտեր Մեթյուի կյանքին, և մենք առիթը բաց չէինք թողնում, որ խոսքով և գործով դրսևորեինք մեր սերը նրա հանդեպ: Երբ նա տուն էր գալիս, մենք չէինք ասում այն, ինչը նա կհամարեր քննադատություն կամ դատապարտում, պարզապես ուրախանում էինք իրեն տեսնելու համար:
Մի օր Մեթյուն տուն եկավ և ասաց, որ ցանկանում է խոսել: Նա ասաց, որ մի երեկույթի ժամանակ հանդիպել էր մի աղջկա, որը հարցեր էր տվել Եկեղեցու վերաբերյալ: Չէր հասցրել ասել, որ ինքն այլևս չգիտի այդ հարցերի պատասխանները, բառերը սկսել էին դուրս գալ իր բերանից: Նա անմիջապես պատասխանել էր այդ աղջկա հարցերին: Մեթյուն ասաց, որ չէր հիշում, որ նման բաներ էր սովորել, սակայն գիտեր, որ այդ խոսքերը ճշմարիտ էին: Նա զարմացել էր, թե ինչու էր նման կյանքով ապրում, երբ դեռևս հավատում էր ավետարանին:
Երեք օր իր հոգին պրպտելուց հետո նա որոշել էր թողնել այն կյանքը, որով ապրում էր: Նա եկել էր տուն և օգնություն խնդրել նոր կյանք սկսելու համար:
Մեթյուն զանգահարեց մյուս նահանգում ապրող իր զարմիկին, որը նման դժվարությունների միջով էր անցել և խնդրեց, որ նրա մոտ ապրեր: Զարմիկը համաձայնել էր, և Մեթյուն սկսել էր նրա հետ Եկեղեցի հաճախել և հանդիպել եպիսկոպոսին, ով օգնում էր նրան անցնել ապաշխարության գործընթացով: Նա զգաց սեր և աջակցություն և ակտիվ դարձավ Եկեղեցում:
Ժամանակի ընթացքում նա հանդիպեց մի հրաշալի, արդարակյաց երիտասարդ աղջկա: Նրանք սիրահարվեցին և ամուսնացան տաճարում:
Երբ նրանց առաջնեկը ծնվեց, ես այցելեցի նրանց իմ հետ տանելով սկաուտական պարգևներով ցուցատախտակը: Նա ոգևորվեց և հպարտորեն կախեց այն իրենց տան աչքի ընկնող տեղում:
Մեր որդուն հրեշտակ չերևաց, ինչպես Ալմա Կրտսերին: Սակայն դեպի ճշմարտություն Մեթյուի վերադարձը նույնքան արտառոց էր: