Առաջին Նախագահության Ուղերձ
Օգնության հասնելու մեր պարտականությունը
Վերջին Օրերի Սրբերի համար օգնության հասնելու կարիքը մեր եղբայրներին և քույրերին, ովքեր ինչ-որ պատճառով շեղվել են Եկեղեցում ակտիվ լինելու ճանապարհից, հավերժական կարևորություն ունի: Մենք ճանաչո՞ւմ ենք նման մարդկանց, ովքեր մի ժամանակ ընդունել են ավետարանը: Եթե այո, ո՞րն է նրանց օգնության հասնելու մեր պարտականությունը:
Խորհեք ծերերի, որբևայրիների և հիվանդների կարիքների մասին: Շատ հաճախ նրանք հայտնվում են ցամաքած և ամայի մեկուսացման անապատում, որը կոչվում է միայնակություն: Երբ երիտասարդությունը հեռանում է, երբ առողջությունը վատթարանում է, երբ ուժը նվազում է, երբ հույսի լույսը սկսում է շատ աղոտ փայլել, նրանք կարող են աջակցվել օգնության հասնող ձեռքի և կարեկցանք ունեցող սրտի միջոցով:
Իհարկե, կան ուրիշները, ովքեր ունեն օգնության կարիք: Ոմանք պայքարում են մեղքի դեմ, մինչդեռ ուրիշները շրջում են վախով կամ անտարբերությամբ կամ անտեղյակության մեջ: Ինչ-որ պատճառով նրանք մեկուսացրել են իրենց Եկեղեցում ակտիվ լինելուց: Եվ նրանք գրեթե հաստատ կորած կմնան, եթե մեր՝ Եկեղեցու ակտիվ անդամների մեջ, ցանկություն չառաջանա օգնության հասնել և փրկել:
Որևէ մեկը ցույց կտա ճանապարհը
Որոշ ժամանակ առաջ ես նամակ ստացա մի մարդուց, ով հեռացել էր Եկեղեցուց: Նա մարմնավորում է մեր անդամներից շատ շատերին: Այն բանից հետո, երբ նա նկարագրել էր, թե ինչպես է դարձել քիչ ակտիվ, նա գրել էր.
«Ես շատ բան ունեի և այժմ ես շատ քիչ բան ունեմ: Ես երջանիկ չեմ և ինձ թվում է, թե կարծես ամեն բան ինձ մոտ անհաջող է ստացվում: Ավետարանը երբեք չի հեռացել իմ սրտից, չնայած, որ այն հեռացել է իմ կյանքից: Ես խնդրում եմ, որ դուք աղոթեք ինձ համար:
Խնդրում եմ, մի մոռացեք մեզանից նրանց, ովքեր այստեղ չեն՝ կորած Վերջին Օրերի Սրբերին: Ես գիտեմ, թե որտեղ է Եկեղեցին, սակայն երբեմն ինձ թվում է, որ ես կարիք ունեմ, որ մեկ ուրիշը ցույց տա ինձ ճանապարհը, քաջալերի ինձ, հեռացնի իմ վախը և վկայություն բերի ինձ համար»:
Մինչ ես կարդում էի այս նամակը, ես մտաբերեցի աշխարհի ամենահրաշալի պատկերասրահներից մեկը՝ Լոնդոնի հայտնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանը, կատարած այցելությունը Անգլիայում: Այնտեղ բացառիկ մի շրջանակով գլուխգործոց կա, որը 1831թ. նկարել է Ջոզեֆ Մալլորդ Վիլիամ Թըրները: Նկարում պատկերված են ծանրացած սև ամպեր և մոլեգնող անհանգիստ ծով, որ վտանգ և մահ են ներշնչում: Անելանելի դրության մեջ գտնվող նավից մի լույս է առկայծում հեռվում: Առաջին պլանում, ջրի փրփրադեզ ալիքներով վեր բարձրացած մի մեծ փրկանավակ է պատկերված: Մարդիկ ողջ ուժով թիավարում են, երբ փրկանավակն ընկղմվում է փոթորկի մեջ: Ծովափին կանգնած են մի կին և երկու երեխաներ՝ անձրևից թրջված և քամուց մտրակված: Նրանց մտահոգ հայացքները սևեռված էին դեպի ծովը: Իմ մտքում ես կրճատեցի նկարի անունը: Ինձ համար այն դարձավ Դեպի փրկություն:1
Կյանքի փոթորիկներում թաքնված է վտանգը: Տղամարդիկ և կանայք, տղաները և աղջիկներն ակամայից հայտնվում են անելանելի դրության մեջ և կործանման եզրին: Ո՞վ կառաջնորդի փրկանավերը, հետևում թողնելով տան հարմարավետությունները և ընտանիքը և կգնա օգնության հասնելու:
Մեր առջև դրված խնդիրն անհաղթահարելի չէ: Մենք կատարում ենք Տիրոջ հանձնարարությունը. մենք լիազորված ենք ունենալու Նրա օգնությունը:
Իր ծառայության ընթացքում Վարդապետը Գալիլեայում կոչ արեց ձկնորսներին թողնել իրենց ուռկանները և հետևել Իրեն, հայտարարելով. «Ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ»:2 Թող որ մենք միանանք կանանց և տղամարդկանց որսորդների շարքերին, որպեսզի կարողանանք տալ ցանկացած օգնություն, որ կարող ենք:
Մեր պարտականությունն է՝ օգնության հասնել նրանց, ովքեր հեռացել են ակտիվության ապահովությունից, որպեսզի նրանց կարողանանք բերել Տիրոջ սեղանի մոտ, որ կարողանան ճաշակել Նրա խոսքից, վայելել Սուրբ Հոգու ընկերակցությունը և չլինել «այլևս օտար և պանդուխտ, այլ սուրբերի հետ քաղաքացիներ և Աստծո ընտանիքներ»:3
Սիրո սկզբունքը
Ես համոզվել եմ, որ երկու հիմնական պատճառներ կան ակտիվության վերադառնալու և վերաբերմունքի, սովորությունների և վարքի փոփոխության համար: Առաջինը, անհատները վերադառնում են, քանի որ ինչ-որ մեկը նրանց ցույց է տվել իրենց հավերժական հնարավորությունները և օգնել է նրանց որոշել հասնել դրանց: Քիչ ակտիվները չեն կարող երկար ժամանակ բավարարվել միջակությամբ, երբ նրանք տեսնում են, որ կարող են հասնել գերազանցության:
Երկրորդը, ուրիշները վերադառնում են, քանի որ սիրելիները կամ «սուրբերի հետ քաղաքացիներ»-ը հետևել են Փրկչի խրատին, սիրել են իրենց ընկերներին իրենց անձերի պես,4 և օգնել են ուրիշներին իրականացնել իրենց երազանքները և իրենց ձգտումները:
Այս գործընթացի խթանիչ ուժը եղել է և կշարունակի լինել սիրո սկզբունքը:
Բառիս ամենաբուն իմաստով Թըրների նկարի փոթորկված ծովի կտավի հերոսները նման են մեր բազմաթիվ քիչ-ակտիվ անդամներին, ովքեր սպասում են նրանց օգնությանը, ովքեր վարում են փրկանավակները: Նրանց սրտերը փափագում են օգնություն: Մայրերը և հայրերը աղոթում են իրենց որդիների և դուստրերի համար: Կանայք աղերսում են երկինքներին իրենց ամուսնինների համար: Երբեմն երեխաները աղոթում են իրենց ծնողների համար:
Իմ աղոթքն է, որ մենք ցանկություն ունենանք օգնության հասնելու քիչ-ակտիվներին և ետ բերելու նրանց Հիսուս Քրիստոսի ավետարանի ուրախությանը, որպեսզի նրանք մեզ հետ միասին կարողանան ճաշակել այն ամենը, ինչը լիարժեք անդամությունը կարող է առաջարկել:
Թող որ մենք օգնության հասնենք մեր շուրջը գտնվող կորածներին փրկելու համար՝ տարեցներին, որբևայրիներին, հիվանդներին, հաշմանդամներին, քիչ-ակտիվներին և նրանց, ովքեր չեն պահում պատվիրանները: Թող որ մենք մեկնենք նրանց մեր ձեռքը, որ օգնում է, և մեր սիրտը, որ կարեկցում է: Այդպես վարվելով, մենք ուրախություն կբերենք նրանց սրտերին, և մենք մեծ բավականություն կստանանք, որը կգա այն բանի արդյունքում, երբ մենք օգնենք ուրիշներին հավերժկան կյանքի ճանապարհին: