2013
Ինչպե՞ս կարող եմ հաջողակ միսիոներ լինել
Հոկտեմբեր 2013


Ինչպե՞ս կարող եմ հաջողակ միՍիոներ լինել:

Հեղինակն ապրում է Մեյնում, ԱՄՆ:

Անկախ նրանից, թե որքան տքնաջան էինք աշխատում ես և զուգընկերս, բոլորը մերժում էին մեր ուղերձը: Ի՞նչ կարող էինք անել հաջողակ միսիոներներ դառնալու համար:

Մեկ տարուց ավել էր, ինչ ես միսիայում էի, երբ հատկապես դժվար ժամանակներ սկսվեցին: Մռալ, խավար եղանակ էր, նոր էր ցուրտ ձմեռն անցել, գարուն էր սկսվում: Չնայած որ ես և զուգընկերս տքնաջան էինք աշխատում, ում հետ փորձում էինք զրուցել, անմիջապես մերժում էր իմ ուղերձը: Երբ հանդիպեցինք այլ միսիոներների, իմացանք, որ իրենց աշխատանքը շատ լավ էր ընթանում: Չէի հասկանում, թե մենք ինչու էինք այդքան անհաջողակ: Ես արդեն բավականին լավ էի տիրապետում լեզվին, ես և զուգընկերս լավ ընկերներ էինք, մենք վստահություն էինք ձեռք բերել անդամների շրջանում, փորձում էինք հետևել Հոգուն և ճշգրտորեն հնազանդվել միսիայի կանոններին:

Չնայած այդ ամենին մենք ամեն քայլափոխի մերժվում էինք: Դա շարունակվեց մի քանի շաբաթ, և ինձ մոտ գործի հանդեպ սխալ մոտեցումը գլուխ բարձրացրեց: Մի անգամ, մեր ծրագրերը կազմելիս, ես չդիմացա և բացականչեցի. «Ի՞նչ իմաստ ունի: Միևնույն է ոչ ոք չի լսելու մեզ»: Զուգընկերս ավելի լավ հեռանկար ունենալով, պարզապես ասաց. «Մենք նպատակներ ենք դնում՝ ցույց տալու մեր հավատքը: Մենք գնում ենք մեր նպատակներին ընդառաջ՝ հաշվելով մեր օրհնությունները»:

Խորհելով նրա ասածի շուրջ, ես հասկացա, որ սխալ եղանակ էի օգտագործում որպես միսիոներ իմ հաջողությունը չափելու համար: Քարոզիր իմ ավետարանը՝ միսիոներական ծառայության ուղեցույցը հաջողակ միսիոներների վարքագծերի ցանկն է տալիս,1 և ես հասկացա, որ միսիոները կարող է վերահսկել այդ բոլոր վարքագծերը: Ես չէի կարող վերահսկել այն, թե կընդունեին արդյոք մարդիկ ավետարանի ուղերձը իմ միսիայի ժամանակ, սակայն ես կարող էի վերահսկել, թե ինչպիսի միսիոներ եմ ես ուզում լինել: Իմ զուգընկերը ցույց տվեց ինձ, որ առ Հիսուս Քրիստոս ավելի մեծ հավատքը և Նրա օրհնությունների հանդեպ երախտագիտությունը ինձ կօգնի հասկանալ, թե ինչ ուղիներով եմ ես արդեն հաջողակ միսիոներ:

Հավատքը լուսավորում է հրաշքները

Ես խոնարհաբար գիտակցեցի, որ հավատքը պակասում էր: Ես պրպտում էի իմ մեջ, փորձելով տեսնել, թե ինչպես կարող եմ ամրացնել հավատքս և գտա, որ երբ ամեն ինչ ըստ ծրագրածի չէր ընթանում, հուսահատվում էի: Քարոզիր իմ ավետարանը ասում է. «Հուսահատությունը թուլացնում է հավատքը: Եթե նվազեցնես ակնկալիքներդ, արդյունավետությունդ կընկնի, ցանկությունդ կթուլանա, և մեծ դժվարությամբ կհետևես Հոգուն»:2 Ես հասկացա, որ թույլ էի տվել, որ մեր կրած անհաջողությունները թուլացնեին իմ հավատքը:

Ես սկսեցի՝ աղոթելով սրտի փոփոխության և ավելի շատ հավատքի համար: Նաև ապավինեցի Մորմոնի 9.21-ում տրված խոստմանը. «Ով ոչ մի բանի չկասկածելով հավատում է Քրիստոսին, ինչ-որ նա խնդրի Հորը Քրիստոսի անունով, դա կտրվի նրան. և այս խոստումը բոլորի համար է, նույնիսկ աշխարհի ծայրերի համար»: Այդ խոստումն օգնեց ինձ աղոթել ավելի ջերմեռանդ այն օրհնությունների և հրաշքների համար, որ անհրաժեշտ էին զուգընկերոջս և ինձ, միշտ ավելացնելով. «Քո կամքը լինի» խոսքերը: Այդ աղոթքներն օգնեցին ինձ ավելի մեծ հավատքով ընդունել փոփոխված ծրագրերը և անհաջողությունները, իմանալով, որ Երկնային Հայրը միշտ պատասխանում է հավատքով ասված աղոթքներին, անգամ երբ պատասխանները գալիս են անսպասելի եղանակներով: Ես ավելի ունակ դարձա, տեսնելով, թե ինչպես է Տերն առաջնորդում մեզ առօրյա կյանքում:

Աշխատելով հավատքիս ամրապնդման ուղղությամբ, Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկից գտա դրական սահմանում, որ ճշմարիտ է. եթե բարձրացնեք ձեր ակնկալիքները, ձեր արդյունավետությունը կավելանա, ձեր ցանկությունը կաճի և դուք կկարողանաք ավելի լավ հետևել Հոգուն: Ինչպես նաև, ամեն օր տեսնելով և գնահատելով հրաշքները, ես ավելի լավատեսորեն վերաբերվեցի միսիոներական աշխատանքին և իմ միսիոներական ծառայությանը:

Երախտագիտությունը հակազդում է նախանձին

Տերը սկսեց ցույց տալ ինձ, որ Նա ամեն օր հրաշքներ է գործում մեզ համար, սակայն ես սկսեցի ընկալել դրանք, երբ անկեղծորեն երախտապարտ լինելու համար գիտակցաբար ջանքեր գործադրեցի: Երախտագիտություն հայտնելը ավելի է, քան լավ սովորությունը կամ վարքագիծը: Երբ երախտագիտություն հայտնեցի Տիրոջը և մյուսներին, ես զորացա: Մյուս միսիոներներին նախանձելու փոխարեն ոգևորվում էի նրանց հաջողություններով (տես Ալմա 29.14, 16): Կարողանում էի կենտրոնանալ իմ ունեցածի և ճիշտ գործելակերպի վրա, ոչ թե նրա վրա, ինչը պակասում էր և սխալ էր կատարվում:

Ես սովորեցի, որ երախտագիտությունը ուրիշների հետ համեմատվելու դեմ հակաթույն է: Այն ժամանակները, երբ ինձ չէի զգում հաջողակ միսիոներ, սովորաբար, եկան, որովհետև ինքս ինձ ասում էի. «Ես նրանց պես լավ չեմ աշխատում» կամ՝ «Նրանք սրանում ավելի լավ են, քան ես»: Ես նաև սովորեցի, որ երբ Տերը մեզ արդար օրինակներ է ցույց տալիս, որպեսզի ընդօրինակենք և հետևենք դրանց, սատանան գայթակղում է մեզ, որպեսզի նրանց հետ համեմատվելով որոշենք մեր արժեքը կամ հաջողության չափը: Սակայն Քարոզիր իմ ավետարանը հստակ է այս հարցում. «Մի համեմատվեք այլ միսիոներների հետ և մի չափեք ձեր ու նրանց ջանքերի արտաքուստ երևացող արդյունքները»:3 Ի վերջո, երախտագիտությունն օգնեց ինձ խույս տալ հպարտությունից և հիշեցրեց, որ Տերը պատասխանատու է Իր աշխատանքի համար: Կարիք չկար, որ ես նախանձություն դրսևորեի, որովհետև իմ ընկեր միսիոներներն ավելի հաջողակ էին:4

Հաջողության իրական չափը

Նախքան իմ մեջ տեղի կունենար այդ փոփոխությունը, ես այնքան կենտրոնացած էի որոշակի օրհնության վրա, որ չէի տեսնում, ինչպես է Տերն այլ ուղիներով պատասխանում մեր աղոթքներին և օրհնում մեր միսիոներական աշխատանքը: Ի վերջո, Տերը սկսեց օրհնել միսիոներական աշխատանքը մեր տարածքում հրաշալի և անսպասելի ուղիներով: Մենք գտնում էինք մարդկանց, ովքեր ցանկանում էին ընդունել մեր ուղերձը, սակայն այդ ժամանակ սովորեցի, որ չպետք է մյուսների ընտրություններով չափեյի իմ հաջողությունը:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) կիսվել է միսիոներական աշխատանքի վերաբերյալ մի միսիայի նախագահի խորհրդով. «Հնարավորինս լավ աշխատեք: Աղոթեք, տքնաջան աշխատեք և թողեք բերքահավաքը Տիրոջը»:5 Քարոզիր Իմ Ավետարանը ուսուցանում է նմանատիպ մի բան հաջողակ միսիոներների մասին. «Հնարավորինս ամեն ինչ արեք, որպեսզի հոգիներ բերեք Քրիստոսի մոտ, և հաստատակամորեն ձգտեք սովորել և զարգանալ»:6

Քանի դեռ ես պատրաստակամ էի ապաշխարելու, քանի դեռ կարողանում էի ազնվորեն հաշվետու լինել Տիրոջը, որ լավագույնս էի գործում, ես վստահ էի, որ հաջողակ միսիոներ էի, անկախ նրանից մարդիկ ընդունում էին մեր ուղերձը, թե՝ ոչ: Շատ առումներով, որպես միսիոներ իմ հաջողության գրավականը եղել է՝ ապաշխարելու իմ պատրաստակամությունը և աշխատելու իմ վճռականությունը:

Միսիայի ընթացքում տեղի ունեցած շատ հրաշքներ եմ արձանագրել իմ օրագրում: Ձգտելով լինել ավելի հավատարիմ և երախտապարտ, ես ավելի լավ հեռանկար ունեի, ես խույս էի տալիս հուսահատությունից և աշխատանքում ավելի առատորեն էի զգում Հոգին: Ես հասկացա, որ այն, ինչ ուսուցանում է Քարոզիր իմ ավետարանը, ճշմարիտ է. «Երբ ձեր ուժերի սահմանում արել եք լավագույնը, գուցե դեռևս հիասթափություն ապրեք, սակայն ինքներդ ձեզանից չեք հիասթափվի: Դուք վստահաբար կզգաք, որ Հոգին աշխատում է ձեր միջոցով»:7 Երբ զգացի, որ Տերը գոհ է ինձանից, կարողացա տանել ամեն փորձություն:

Հղումներ

  1. Տես Քարոզիր Իմ Ավետարանը՝ Միսիոներական ծառայության ուղեցույց (2004), 10–11:

  2. Քարոզիր իմ ավետարանը, 10:

  3. Քարոզիր իմ ավետարանը, 10:

  4. Տես Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Այգում աշխատողները», Լիահոնա, մայիս 2012, 31:

  5. Gordon B. Hinckley, “Find the Lambs, Feed the Sheep,” Liahona, July 1999, 120.

  6. Քարոզիր իմ ավետարանը, 11:

  7. Քարոզիր իմ ավետարանը, 11:

Շատ առումներով, որպես միսիոներ իմ հաջողության գրավականը եղել է՝ ապաշխարելու իմ պատրաստակամությունը և աշխատելու իմ վճռականությունը:

Լուսանկարները՝ Դել Բենսոնի