2013
Ինչո՞ւ և ինչ ես պետք է խոստովանեմ իմ եպիսկոպոսին:
Հոկտեմբեր 2013


Ինչո՞ւ և ինչ ես պետք է խոստովանեմ իմ եպիսկոպոսին:

Երեց Ս. Սքոթ Գրոու

Եպիսկոպոսի կոչման հատուկ մասն է կազմում ձեզ օգնելը, որ ապաշխարեք: Ձեր խիղճը կասի ձեզ, թե երբ պետք է խոսեք նրա հետ:

Դուք երևի զարմանաք, թե ինչու պետք է խոստովանեք ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին, երբ դուք լուրջ մեղքեր եք գործել: Դուք գուցե ինքներդ ձեզ ասեք. «Մի՞թե ապաշխարությունը անձնական հարց չէ իմ և Տիրոջ միջև: Եթե ես դադարեցրել եմ իմ սխալ վարքը և խոստովանել դա Աստծուն, ինչո՞ւ ես պետք է խոսեմ իմ եպիսկոպոսի հետ»:

A young woman seated across the desk from her bishop.

Լուսանկարը՝ Քրիստինա Սմիթի

Ինչո՞ւ եպիսկոպոսը և ոչ թե որևէ մեկ ուրիշը:

Շատ երիտասարդներ ավելի հարմար են զգում խոստովանել իրենց սխալները իրենց ծնողներին կամ երիտասարդների ղեկավարներին: Չնայած ձեր ծնողներն ու ղեկավարները կարող են ապահովել անհրաժեշտ աջակցություն և խորհուրդ, Տերը հայտարարել է, որ եպիսկոպոսն ընդհանուր դատավոր է Իսրայելում (տես ՎևՈւ 107.72, 74): Նա պարտականություն ունի որոշելու իր ծխի անդամների արժանավորությունը: Ձեռնադրման և արդար ապրելակերպի միջոցով եպիսկոպոսը լիազորված է հայտնություն ստանալու Սուրբ Հոգուց այդ ծխի անդամների համար, ներառյալ ձեր համար:

Եպիսկոպոսը կարող է օգնել ձեզ ապաշխարության գործընթացի ժամանակ այնպիսի ուղիներով, որ ձեր ծնողները կամ մյուս ղեկավարները անկարող են ապահովել: Եթե մեղքը բավականին լուրջ է, նա կարող է որոշել, որ ձեր արտոնությունները Եկեղեցում սահմանափակվեն: Օրինակ, որպես ձեր ապաշխարության գործընթացի մաս, նա կարող է խնդրել ձեզ զերծ մնալ հաղորդությունը ճաշակելուց կամ որոշ ժամանակ քահանայությունը գործադրելուց: Նա կաշխատի ձեզ հետ և կորոշի, երբ եք դուք արժանի կրկին վերսկսել այդ սրբազան գործողությունները:

Ձեր եպիսկոպոսը խորհուրդ կտա ձեզ այն մասին, թե ինչ անել գայթակղությանը դիմադրելու ձեր ունակությունը զորացնելու համար: Նա կարող է խրախուսել ձեզ ուսումնասիրել որևէ վարդապետական թեմա, օրինակ՝ ապաշխարությունը, իսկ հետո կիսվել իր հետ ձեր սովորածով: Նա կարող է խնդրել ձեզ հանդիպել իր հետ ամեն շաբաթ, հաղորդելու իրեն, թե ինչ եք դուք անում, որպեսզի ձեզ հեռու պահեք գայթակղիչ իրավիճակներից:

Ե՞րբ պետք է ես խոսեմ Նրա հետ:

Դուք գուցե մտածեք «Ամեն ինչ լավ է, բայց ինչպես կարող եմ իմանալ, թե այն ինչ արել եմ բավականին լուրջ է, որ ես պետք է խոսեմ եպիսկոպոսի հետ»: Կարճ պատասխանն է. «Ձեր խիղճը կասի ձեզ»: Երբ դուք խղճի խայթ զգաք, անմիջապես գործի անցեք (տես Ալմա 34.31–34):

Ապաշխարության վերաբերյալ Թագավոր Բենյամինը սովորեցրել է. «Ես չեմ կարող ասել ձեզ բոլոր բաները, որոնցով դուք կարող եք մեղք գործել. Քանզի կան զանազան ուղիներ և միջոցներ, նույնիսկ այնքան շատ, որ ես չեմ կարող թվել դրանք» (Մոսիա 4.29): Այսպիսով, փոխարեն ձեզ տալու մի մանրամասն ցուցակ այն բաների, որոնք դուք պետք է խոստովանեք ձեր եպիսկոպոսին, թույլ տվեք կիսվել որոշ սկզբունքներով, որոնք ձեզ կօգնեն ընդունել այդ որոշումը:

Ի՞նչ պետք է խոստովանեմ:

Ես գիտեմ, որ դուք փորձել եք հնազանդ լինել, բայց գուցե դուք կատարել եք որոշ սխալներ, նույնիսկ որոշ լուրջ սխալներ: Մարդկանց կատարած սխալների մեծ մասը կարող են լուծվել անձնական աղոթքի և անկեղծ ապաշխարության միջոցով: Որոշ սխալներ, հատկապես նրանք, որոնք վերաբերում են անբարոյականությանը, պահանջում են խոստովանություն եպիսկոպոսին, նախքան կկարողանաք ստանալ Տիրոջ ներումը:

Երբ մտածեք ձեր կատարած սխալների մասին, դուք գուցե մեղավոր զգաք, անհանգիստ, դժբախտ կամ նույնիսկ՝ թշվառ: Եթե դուք զգում եք այս զգացումներից որևէ մեկը, ապա դուք հավանաբար պետք է խոսեք ձեր եպիսկոպոսի հետ այդ սխալների մասին:

Մի փորձեք ներել ձեզ կամ արդարացնել ձեր մեղքը: Դուք գուցե մտածեք. «Դա մեծ ամոթ է պատմել եպիսկոպոսին իմ արարքի մասին: Նա կարծում է ես ավելի լավ անձնավորություն եմ, քան կամ: Նա կցնցվի, եթե ես պատմեմ նրան, թե ինչ եմ արել: Նա ինձ այլևս չի սիրի»:

Ես խոստանում եմ ձեզ՝ նա ձեզ չի դատապարտի: Որպես Տիրոջ ծառա նա կլինի բարի և հասկացող, երբ նա լսի ձեզ: Ապա նա կօգնի ձեզ ապաշխարության գործընթացի ընթացքում: Նա Տիրոջ ողորմածության սուրհանդակն է՝ օգնելու ձեզ մաքուր դառնալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Տերն ասել է. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք:

Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա կխոստովանի և կթողնի դրանք» (ՎևՈւ 58.42–43):

Երբ դուք խոստովանեք ու թողնեք ձեր մեղքերը, Տերը կների ձեզ: Դուք ստիպված չեք լինի հաշիվ տալ Նրան այդ մեղքերի համար, երբ ժամանակը գա ձեզ համար դատվելու:

Իսկ ի՞նչ կլինի, եթե չապաշխարեմ

Երբեմն մարդը կարող է դադարել սխալ գործելուց, բայց երբեք իր եպիսկոպոսին չխոստովանել, երբ դա անհրաժեշտ է: Որպես հետևանք, մարդը շարունակում է միայնակ կրել մեղքի բեռը, փոխարենը թույլ տալու, որ Փրկիչը վերցներ բեռը:

Թույլ տվեք մի օրինակ բերել: Մի երեկո մի քանի տարի առաջ ես հարցազրույց էի անցկացնում չափահասների հետ իրենց տաճարային երաշխավորագրի նորացման համար: Մի միջահասակ կին ներս մտավ հարցազրույցի: Նա ամուսնացել էր տաճարում և ակտիվ էր Եկեղեցում իր ողջ կյանքում:

Ես զգացի մի խորը տխրություն նրա հոգում: Երբ հարցազրույցն առաջ էր ընթանում, ես ստացա մի հոգևոր տպավորություն: Ես ասացի նրան. «Քույր, ես այնպիսի տպավորություն ունեմ, որ դուք մի լուրջ սխալ եք գործել, երբ դուք դեռահաս տարիքում եք եղել, որը դուք չեք խոստովանել որևէ քահանայության ղեկավարի: Կկամենայիք պատմել ինձ դրա մասին»:

Նա անմիջապես սկսեց արտասվել: Նա ասաց, որ դա ճիշտ էր, բայց նա միշտ ամաչել էր խոստովանել դա որևէ եպիսկոպոսի: Երբ նա խոստովանեց այն, ինչ արել էր, նա կիսվեց բավականաչափ մանրամասներով, որպեսի ես որոշեի նրա արժանավորությունը:

Նրա մեղքի խոստովանությունը քահանայության ղեկավարին նշեց նրա ապաշխարության գործընթացի ավարտը, ոչ թե սկիզբը: Նա անհարկի կրել էր այդ մեղքի բեռն ու վիշտը ավելի քան երեսուն տարի:

Քանի որ նա ավարտեց ապաշխարության վերջնական քայլը, նրա հանցանքը վերացվեց: Ես երբեմն տեսել եմ նրան այդ հարցազրույցի երեկոյից հետո: Նրա դեմքի արտահայտությունը պայծառացել էր, և նա երջանիկ էր:

Ես կամենում եմ, որ դուք իմանաք, որ ես չեմ հիշում նրա անունը: Տերը կարող է վերացնել այդպիսի հիշողությունները եպիսկոպոսներից: Այն ինչ հիշում եմ այն է, որ իր քահանայության առաջնորդին կատարած խոստովանության միջոցով միջին տարիքի այդ կինը հանգստացավ մեղքի իր զգացումից, ոըը նա կրել էր շատ տարիների ընթացքում:

Խնդրում ենք մի գործեք այդ սխալը: Եթե դուք ունեք մեղավորության զգացում, բայց համոզված չեք, թե կարիք կա խոստովանելու ձեր եպիսկոպոսին, գնացեք և տեսեք նրան: Թույլ տվեք, որ նա օգնի ձեզ: Ռիսկի մի դիմեք կրելով անհարկի բեռ ձեր կյանքի ընթացքում, որը ձեզ կպահի թշվառության զգացումով: Ձեր եպիսկոպոսին արված խոստովանության և ապաշխարության միջոցով, Տերը կբարձրացնի այդ բեռը ձեր հոգուց (տես Եսայիա Ա.18):

Ինչո՞ւ ես կարիք ունեմ ապաշխարելու

A young woman seated across the desk from her bishop.

Հիսուս Քրիստոսը վճարեց ողջ մարդկության մեղքերի գինը Իր քավող զոհաբերությամբ: Նա հրավիրում է ձեզ՝ ապաշխարել և ազատվել ավելնորդ վշտից ու տառապանքից: «Ապաշխարի՛ր, չլինի թե … քո տառապանքները լինեն դառը, – որքան դառը, դու չգիտես, որքան սուր, դու չգիտես, այո, որքան ծանր՝ տանելու, դու չգիտես:

Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.

Բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես.

Ուստի, ես կրկին պատվիրում եմ քեզ ապաշխարել, … և որ դու խոստովանես քո մեղքերը, չլինի թե դու կրես այն պատիժները, որոնց մասին ես ասացի» (ՎևՈՒ 19.15–17, 20):

Ես վկայում եմ, որ Իր տառապանքի միջոցով Հիսուս Քրիստոսն արդեն վճարել է գինը մեղքերի համար:Դուք կարող եք ներվել, որքանով որ դուք կապաշխարեք: Մի փորձեք վճարել գինը ձեր մեղքերի համար: Ձեր սեփական տառապանքի ոչ մի քանակություն չի փրկագնի ձեզ: Միայն Քավության միջոցով է, որ դուք ներում եք ստանում:

Թող որ դուք գործադրեք հավատք առ Հիսուս Քրիստոս և Նրա Քավությունը: Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, որ ապաշխարության, ներառյալ անհրաժեշտության դեպքում ձեր եպիսկոպոսին խոստովանելու միջոցով դուք կդառնաք մաքուր: Բացի այդ Փրկչի շնորհի միջոցով, Նրա իրավազորող ուժով, դուք կարող եք զորացվել ձեր ունակության մեջ՝ դիմադրելու գայթակղությանը ապագայում: Այսպիսով, դուք կունենաք մտքի խաղաղություն և երջանկություն այս կյանքում, և դուք կժառանգեք հավերժական կյանք գալիք աշխարհում: