Պատրաստ լինել ճակատամարտի օրվան
Եկեք մեր հույսը դնենք Փրկչի՝ Զորաց Տիրոջ վրա, և պատրաստ լինենք ու չսայթաքենք ճակատամարտի դաշտում:
1485թ.-ին Անգլիայի գահին էր Ռիչարդ III-ը: Անկայուն ժամանակներ էին, և Ռիչարդը ստիպված էր պաշտպանել իր թագն ավելի քան մեկ անգամ: Սակայն նա փորձառու զինվորական, համարձակ ու խելամիտ մարտիկ էր, որը 8000-10000-անոց բանակ էր գլխավորում:
Այդ նույն տարին, անգլիական գահին հավակնող Ռիչմոնդի Կոմս Հենրի Տյուդորը մարտահրավեր նետեց և ճակատամարտեց Ռիչարդի դեմ այն վայրում, որի անունը կրեց այդ ճակատամարտը՝ Բոսվորթի դաշտ: Ի տարբերություն Ռիչարդի, Հենրին մարտական փորձ չուներ, և նրա բանակը կազմված էր թվով 5000 հոգուց: Սակայն իր կողքին նա ուներ ազնվական լավ խորհրդատուներ, ովքեր մասնակցել էին նմանատիպ ճակատամարտերի, որոնցից մի քանիսը մղվել էին Ռիչարդի դեմ: Ճակատամարտի առավոտյան ամեն ինչը հուշում էր, որ հաղթելու էր Ռիչարդը:
Մի հայտնի լեգենդ պատմում է 1485թ. օգոստոսի 22-ի իրադարձությունները: Այդ առավոտ Ռիչարդ թագավորը և նրա մարդիկ պատրաստվում էին ճակատամարտել Հենրիի բանակի դեմ: Ճակատամարտի հաղթողը պետք է հռչակվեր Անգլիայի կառավարիչ: Ճակատամարտից առաջ Ռիչարդն ուղարկեց ձիապանին ստուգելու՝ արդյոք իր սիրելի ձին պատրաստ է:
«Արագ ձին պայտիր,- հրամայեց ձիապանը դարբնին,- թագավորն ուզում է գլխավորել իր զորքերը»:
Դարբինն ասաց, որ իրեն ժամանակ է հարկավոր: «Այս վերջին օրերին պայտել եմ թագավորի ողջ բանակի ձիերին, այժմ պետք է գնամ և երկաթ հայթհայթեմ»:
Անհամբեր ձիապանն ասաց, որ չի կարող սպասել: «Թագավորի թշնամիները առաջանում են, և մենք պետք է դիմավորենք նրանց մարտի դաշտում: Օգտագործիր քո մոտ եղածը»:
Ինչպես հրամայվել էր, դարբինը մի կտոր երկաթից չորս պայտ ձուլեց: Պայտերը պատրաստելուց հետո նա գամեց երեք պայտերը, իսկ չորրորդ պայտը գամելու համար մեխերը չբավականացրեցին:
«Ինձ հարկավոր է մեկ կամ երկու մեխ ևս և մի փոքր ժամանակ էլ՝ չորրորդ պայտը գամելու համար»,- ասաց նա ձիապանին:
Սակայն ձիապանն այլևս չէր կարող սպասել: «Ես լսում եմ փողերի ձայնը, չե՞ս կարող արդյոք օգտագործել ձեռքիդ տակ ունեցածդ»:
Դարբինն ասաց, որ կանի հնարավորինս ամեն ինչ, սակայն վստահ չէ, որ չորրորդ պայտն ամուր կլինի:
«Ուղղակի գամիր այն,- հրամայեց ձիապանը,- և արագացրու, քանի դեռ Ռիչարդ թագավորը երկուսիս վրա էլ չի զայրացել»:
Շուտով ճակատամարտը սկսվեց: Իր զինվորներին համախմբելու համար Ռիչարդը ձիով անցնում էր դաշտի ողջ երկայնքով և կոչ անում նրանց՝ «Հառա՛ջ, հառա՛ջ»:
Ինչևէ, երբ Ռիչարդը նայեց դաշտին, տեսավ, որ իր ռազմիկների մի մասը ետ էին մնում: Վախենալով, որ իր մյուս զինվորները ևս կսկսեն նահանջել, նա ձիով արագ մոտեցավ կտրված գծին, որպեսզի նրանց առաջ մղի: Սակայն Ռիչարդը դեռ չէր հասել նրանց, երբ իր ձին սայթաքեց և ընկավ՝ վայր գցելով թագավորին: Երբ թագավորը սրընթաց առաջ մղվեց, այդ հուսահատ պահին, դուրս թռավ ձիու պայտերից մեկը, ինչից էլ զգուշացնում էր դարբինը:
Ռիչարդն արագ ոտքի կանգեց, թամբեց ձին և առաջ սլացավ: Երբ Հենրիի բանակը հարձակման անցավ, սուրն օդի մեջ ճոճելով Ռիչարդը բղավում էր. «Ձի, ձի, թագավորությունս տալիս եմ ձիու դիմաց»:
Սակայն շատ ուշ էր: Այդ ժամանակ Հենրիի բանակն առաջանում էր, իսկ Ռիչարդի զինվորները սարսափած փախուստի էին դիմել, և Ռիչարդը ճակատամարտը տանուլ տվեց: Այդ ժամանակից ի վեր մարդիկ հետևյալ ասացվածքը հյուսեցին.
Մեխի պատճառով պայտը պոկվեց,
Պայտի պատճառով ձին տապալվեց,
Ձիու պատճառով մարտը տանուլ տրվեց,
Մարտի պատճառով թագավորությունը կորսվեց:
Իսկ այդ ամենը՝ մեկ մեխի պատճառով:1
Ամրապնդենք մեր սկզբունքները
Խորհելով այս պատմության շուրջ, ես մտածում եմ, թե ինչպես եղավ, որ մի հասարակ բանի պատճառով, ինչպիսին թույլ ամրացված պայտն էր, նման իրադարձությունների շրջադարձ տեղի ունեցավ: Մենք կարող ենք մեխը համեմատել ավետարանի սկզբունքների հետ: Ավետարանի սկզբունքների և դրանց հետ կապված արժեքների և կիրառման բացակայության պատճառով մենք կարող ենք անօգնական մնալ գայթակղության և չարի դեմ մղվող մարտի դաշտում:
Ի՞նչ մենք չենք կատարում մեր կյանքում և ընտանիքներում: Արդյո՞ք անտեսում ենք անձնական կամ ընտանեկան աղոթքը: Ջանասիրաբար ուսումնասիրո՞ւմ ենք սուրբ գրությունները: Կանոնավոր անցկացնո՞ւմ ենք տնային երեկոներ: Վճարո՞ւմ ենք լրիվ տասանորդ: Ծառայո՞ւմ ենք մեր եղբայրներին և քույրերին: Պահո՞ւմ ենք Հանգստության օրը, տաճարային երկրպագությունը: Սիրո՞ւմ ենք մեր մերձավորներին:
Յուրաքանչյուրս կարող ենք նայել մեր ներսը և պարզել, թե ինչն է պակասում մեր կյանքում, որ սկզբունքը կամ գործը պետք է էլ ավելի ամրացնենք մեր կյանքում և մեր ընտանիքում: Պարզելուց հետո, մենք կարող ենք ջանասիրաբար և վճռականորեն գամել մեխը,–ավելի լիարժեք ապրելով այդ սկզբունքով և ավելի լավ պատրաստվելով և պատրաստելով մեր ընտանիքները՝ պաշտպանել ճշմարտությունը:
Վարդապետություն և Ուխտերում Տերը խորհուրդ է տալիս. «Վերցրեք փրկության սաղավարտն ու սուրն իմ Հոգու, որը ես կթափեմ ձեր վրա, և իմ խոսքը, որը ես հայտնում եմ ձեզ, և … հավատարիմ եղեք, մինչև ես գամ» (27.18):
Իր հավատարիմ ծառաներին Փրկիչը խոստացել է. «Նրանց ձեռքը պիտի լինի իմ ձեռքը, և ես կլինեմ նրանց վահանն ու նրանց ասպարը. և ես կգոտեպնդեմ նրանց մեջքը, և նրանք տղամարդու պես պիտի մարտնչեն ինձ համար. … և իմ զայրույթի բոցով կպահպանեմ նրանց» (ՎևՈւ 35.14):
Եկեք հիշենք, որ եթե անգամ «ձի է պատրաստվում պատերազմի օրուայ համար», ինչպես Առակացն է ասում՝ «փրկությունը Տերիցն է» (21.31): Եկեք հետևենք Մորոնիի հրավերին, որն է՝ «Եկե՛ք դեպի Քրիստոսը, և կատարելագործվե՛ք նրանում» (Մորոնի 10.32): Եվ եկեք, մեր վստահությունը դնելով Փրկչի՝ Զորաց Տիրոջ վրա, պատրաստվենք և չսայթակենք չարի առաջ ճակատամարտի դաշտում: