2022
Նախագահ Նելսոնը սպասավորում է
Մայիս 2022


Նախագահ Նելսոնը սպասավորում է

Հոգևոր հավաքների հեռարձակումների և սոցիալական ցանցերի գրառումների միջոցով նախագահ Ռասսել Մ. Նելսոնը շարունակում է հրավիրել բոլոր մարդկանց գալ դեպի Քրիստոսը և սովորել Նրանից։

Հոգևոր հեռարձակումներից մեկի ժամանակ նախագահ Նելսոնը խրախուսեց Եկեղեցու անդամներին Օկլահոմայում և Կանզասում (ԱՄՆ) կենտրոնանալ մեր Երկնային Հոր ամենամեծ պարգևներից մեկի վրա, որն օգնում է մեր կյանքը կենտրոնացնել Նրա և Նրա Սիրելի Որդու շուրջ։ «Ես նկատի ունեմ Մորմոնի Գիրքը։ Դա պարգև է մեզ Աստծուց: Դա մեր կրոնի պորտաքարն է, որովհետև այն պարունակում է Նրա վարդապետության առանցքը, կենտրոնը», - ասաց նա։

Մեկ այլ հեռարձակման ժամանակ Կալիֆորնիայի անդամներին դիմելիս նախագահ Նելսոնը երեք հրավեր հղեց․ (1) փնտրել ճշմարտությունը աղոթքի, սուրբ գրությունները զննելու և մարգարեների, տեսանողների ու հայտնողների խոսքերը ուսումնասիրելու միջոցով, (2) մեծացնել հոգևոր զորությունը և զանազանելու ունակությունը՝ Աստծո հետ ուխտեր կապելու և դրանք պահելու միջոցով, և (3) ակտիվորեն մասնակցել Իսրայելի հավաքման գործին։

Եվ 48 երկրների մասնակցությամբ հեռարձակման ժամանակ նախագահ Նելսոնը Եվրոպայի Սրբերին հիշեցրեց․ «Ձեր ընկերներից շատերը փորձում են հասկանալ, թե ինչու են այստեղ՝ Երկրի վրա։ Նրանք ուզում են իմանալ՝ արդյոք կյանքը իմաստ և նպատակ ունի։ Նրանք ուզում են փոփոխություն մտցնել աշխարհում: Նրանք մտածում են, թե ում կարող են վստահել։ Դուք գիտակցու՞մ եք, որ ունեք պատասխանները, որոնք փնտրում են ձեր ընկերները»։

Սոցիալական լրատվամիջոցների հարթակներում նախագահ Նելսոնը հրավիրել է մեզ ոչ միայն զգալ, այլև արտահայտել մեր երախտագիտությունը։ Նա հրավիրել է մեզ մեր սրտերում տեղ բացել նրանց համար, ովքեր, հնարավոր է, մաքառում են՝ տեսնելու Փրկիչի լույսը և զգալու Նրա սերը։ Նա մեզ խրախուսել է միասին աշխատել՝ օգնելով միմյանց հրաժարվել կանխակալ վերաբերմունքից և գործողություններից: Եվ նա վկայել է, որ կա միայն մեկ աղբյուր, որին բոլորս կարող ենք դիմել, որպեսզի խորացնենք մյուսների հանդեպ մեր սերը, կամ վերականգնենք մեր կոտրված սրտերը, և դա Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։

Տպել