2023
Ճանաչենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին
Հունվար 2023


Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Ճանաչենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին

Երբ ես պատանի էի, միսիոներներն ինձ պատմեցին Հիսուս Քրիստոսի, Նրա կյանքի և Նրա ուսմունքների մասին: Այժմ, լինելով Եկեղեցու անդամ 30 տարի, ես երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ արդյոք իսկապես ճանաչում եմ իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Պատասխանն է՝ այո, ես ճանաչում եմ Նրան, և դուք նույնպես:

Այնուամենայնիվ, ինչպես մարդիկ, որոնց հետ մենք երկար ժամանակ չենք շփվում, օտար են դառնում մեզ համար, այնպես էլ մեր Փրկիչը կարող է օտար դառնալ մեզ համար: Նրան ճանաչելը շարունակական գործընթաց է: Ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել որոշ գործողություններով, որոնք օգնեցին ինձ ավելի լավ ճանաչել Քրիստոսին և երբեք չդադարել ճանաչել Նրան:

Աղոթք

«Հավատքին հավատարիմ» գրքույկը մեզ սովորեցնում է աղոթքի մասին. «Ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզ և գիտի ձեր կարիքները, և Նա ցանկանում է, որ դուք հաղորդակցվեք Իր հետ աղոթքի միջոցով: … Երբ դուք սովորություն դարձնեք աղոթքով մոտենալ Աստծուն, դուք կճանաչեք Նրան և ավելի կմոտենաք Նրան: Ձեր ցանկությունները ավելի շատ նման կլինեն Նրա ցանկություններին: Դուք կկարողանաք ինքներդ ձեզ և ուրիշների համար ապահովել այն օրհնությունները, որոնք Նա պատրաստ է տալ, եթե միայն հավատքով խնդրեք»1: Երբ ես սկսեցի աղոթել, մտերմացա իմ Երկնային Հոր և Նրա Որդու հետ: Կանոնավոր աղոթքն օգնում է պահպանել այս սերտ հարաբերությունները: Ես երախտապարտ եմ աղոթքի զորության համար:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Մորմոնի Գիրքն օգտագործում է հետևյալ բառերը՝ Մոսիայի որդիներին նկարագրելու համար. «… և նրանք դարձել էին ուժեղ ճշմարտության իմացության մեջ. քանզի նրանք առողջ դատողությամբ մարդիկ էին, և նրանք ջանասիրաբար քննել էին սուրբ գրքերը, որ կարողանային իմանալ Աստծո խոսքը»2: Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն օգնում է մեզ ընկալունակ լինել Սուրբ Հոգու շշուկներին: Այն ամրացնում է մեր հավատքը, օգնում է մեզ դիմակայել գայթակղություններին և սովորել ճանաչել մեր Երկնային Հորը և Նրա սիրելի Որդուն:

Ծառայություն

Սուրբ գրությունների ընթերցանությունն օգնում է մեզ ճանաչել Փրկչին: Սակայն Նրան ճանաչելը միայն բավարար չէ, մենք նաև պետք է նմանվենք Նրան: Փրկչին նմանվելու համար դուք պետք է գործեք: Ծառայելով ուրիշներին՝ մենք Քրիստոսի ծառայակիցներն ենք դառնում:

Երբ ես Եկեղեցու երիտասարդ անդամ էի, իմ հայրենիքում դժվար ժամանակներ էին, և շատերը ֆինանսական դժվարություններ ունեին: Ես երբեմն սնունդ էի տանում մեր ճյուղի անդամներին և պայուսակները անանուն թողնում նրանց դռների հետևում: Ես սիրում էի մտածել, որ երբ նրանք գտնեին ուտելիքի պայուսակը, չիմանալով, թե ով է բերել, շնորհակալություն կհայտնեին Աստծուն, և ոչ թե ինձ։ Սուրբ գրությունների իմ ամենասիրելի առակներից մեկը բարի սամարացու առակն է: Սամարացին այդ օրվա համար ոչ մի բարի գործ չէր ծրագրել, բայց անհրաժեշտությունը տեսավ և գործի անցավ: Այս պատմության վերջում Հիսուսն ասաց մի օրենսգետի. «Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա»3: Հիսուսի այս պատգամը ուղղված է նաև մեզ: Օգնելով ուրիշներին՝ մենք կկարողանանք զգալ այնպես, ինչպես Հիսուսն էր զգում, երբ Նա ծառայում էր ուրիշներին:

Ուխտեր

Ուխտերը կնքվում են երկու կամ ավելի կողմերի միջև: Երբ մենք ուխտեր ենք կապում Եկեղեցում, մենք գործընկերներից մեկն ենք, իսկ մյուս գործընկերը Աստված է: Մեր առաջին ուխտը մկրտության ուխտն է, և այդ ուխտը կապելով մենք խոստացանք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը: Կիրակի օրերին մենք մասնակցում ենք հաղորդության ժողովին՝ նորոգելով մեր մկրտության ուխտը: Տաճարներում մենք ուխտեր ենք կապում, որոնք ուժի մեջ կլինեն նույնիսկ այս աշխարհից հեռանալուց հետո:

Նախագահ Նելսոնն ասել է, որ մենք «ավելացնում ենք Փրկչի զորությունը մեր կյանքում, երբ սուրբ ուխտեր ենք կապում և ճշգրտությամբ պահում ենք այդ ուխտերը: Մեր ուխտերը մեզ կապում են Նրա հետ և տալիս աստվածային զորություն»4: Որպեսզի օգնենք ուրիշներին մեծացնել Փրկչի զորությունը մեր կյանքում, մենք կարող ենք խրախուսել և օգնել նրանց ստանալ աստվածային արարողություններ և ուխտեր:

Վկայենք Հիսուս Քրիստոսի մասին

Մեր անձնական վկայությունը սովորաբար սկսվում է ուրիշի վկայությամբ: Քույրս իր վկայությամբ կիսվեց ինձ հետ իր մկրտությունից հետո: Ես ցանկություն զգացի ավելին լսել այն մասին, ինչ վկայել էր քույրս: Այնուհետև միսիոներները եկան և վկայեցին Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի և վերականգնված եկեղեցու մասին: Այդ վկայությունն այնքան հզոր էր, որ լիովին փոխեց իմ կյանքը: Մի ակնթարթում աթեիստը դարձավ հավատացյալ, որը ցանկանում էր հետևել Քրիստոսի ուսմունքներին և օրինակին: Նույն կերպ մեր վկայությունը կարող է փոխել ուրիշի կյանքը: Մեր վկայության շնորհիվ ինչ-որ մեկը կարող է ճանաչել Քրիստոսին, որին նախկինում չէր ճանաչում:

Ես վկայում եմ, որ գիտեմ, որ մենք ունենք սիրող Երկնային Հայր: Ես գիտեմ, որ Նրա որդին՝ Հիսուս Քրիստոսը, փրկագնեց մեզ մեղքից: Ես խոստանում եմ ձեզ, որ երբ աղոթեք, ուսումնասիրեք սուրբ գրությունները, ծառայեք ուրիշներին, ուխտեր կապեք Տիրոջ հետ և վկայեք Նրա մասին, դուք ավելի լավ կճանաչեք ձեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Հղումներ

  1. Հավատքին հավատարիմ՝ աղոթք

  2. Ալմա 17.2

  3. Ղուկաս 10.37

  4. Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017

Տպել