Լիահոնա
Ավետարանը կյանքի բոլոր հարցերի և խնդիրների պատասխանն է
Մարտ 2024


Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Ավետարանը կյանքի բոլոր հարցերի և խնդիրների պատասխանն է

Երբ ես ու կինս վերջերս այցելեցինք Սոլթ Լեյք Սիթի, մենք պետք է փողոցում բանկոմատ գտնեինք: Մինչ մենք փնտրում էինք շրջակայքում, մի ձայն լսեցինք մեր հետևում կայանված մեքենայից, որն ասում էր․ «Ինչ-որ բան եք փնտրում։ Կարո՞ղ եմ օգնել»։ Տղամարդը, որը ներկայացավ Մայք անունով, ժպտալով ավելացրեց, որ հավանաբար տարօրինակ է, երբ անծանոթը բղավում է ձեզ վրա մեքենայի միջից, բայց Յուտայում մեզ համար դա սովորական է: Նա հարցրեց, թե որտեղից ենք, և երբ իմացավ, որ Պրահայից ենք, աչքերը փայլեցին։ Նա վերջերս խոսել էր իր մի ընկերոջ հետ, որը դժվարանում էր Չեխիայի Հանրապետությունից տեղեկություններ ստանալ իր նախնիների մասին, ուստի նա անմիջապես մտածեց, թե արդյոք ինչ-որ բան կարող ենք անել՝ օգնելու իր ընկերոջը: Մենք պատասխանեցինք, որ ուրախ կլինենք նրան ուղարկել մեր երկրում ծագումնաբանությամբ զբաղվող եղբայրների և քույրերի կոնտակտային տվյալները։ Նա շնորհակալություն հայտնեց, մենք հրաժեշտ տվեցինք, և նա նստեց իր մեքենան։ Երբ հեռանում էինք, նկատեցինք, որ Մայքը նորից դուրս է եկել մեքենայից և վերադառնում է մեզ մոտ։ Սակայն այս անգամ ուրախ ժպտալու փոխարեն նա դարձել էր զգացմունքային։

Արցունքն աչքերին նա պատմեց, թե որքան երախտապարտ է մեր կարճ հանդիպման համար, և որ ցանկություն զգաց կրկին մոտենալ մեզ: Նա երկար ժամանակ փորձել էր օգնել իր ընկերոջը Բոհեմիայի ծագումնաբանության հարցում, սակայն արդյունքի չէր հասել, իսկ ընկերը իր մեծ տարիքի պատճառով կորցնում էր Բոհեմիայի իր նախնիներին գտնելու հույսը։ Մայքը նույնպես պատրաստվում էր հանձնվել, բայց նախորդ օրը տաճարում նա զգացել էր, որ խնդիրը կլուծվի, և այն լուծվեց մեր միջոցով։ Այդպիսով, նա ուզում էր մեզ հետ կիսվել իր ունեցած ուրախության ու երախտագիտության վկայությամբ, թե որքան հրաշալի միջոցներով է Աստված առաջնորդում մեր կյանքը:

Սուրբ գրություններից մենք գիտենք Մորոնիի այն խոստման մասին, թե ինչպես կարող ենք իմանալ ճշմարտությունը, որի մասին Մորմոնի Գրքում գրված է. «Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կիմանաք ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»։1 Այս խոստման հիման վրա մենք ակնկալում ենք ձեռք բերել հասկացողություն, հոգևոր գիտելիքներ և հիմնարար հարցերի պատասխաններ՝ հավատքի, սուրբ գրությունների ճշմարտացիության կամ Սուրբ Հոգու միջոցով ավետարանի վերականգնման մասին:

Բայց այդ խոստումը վերաբերում է բոլորիս՝ մեր ամենօրյա ուրախություններով և մտահոգություններով հանդերձ: Սուրբ Հոգու զորությունն օգնում է մեզ հասկանալ Աստծո հուշումները և իրադարձությունների ճիշտ նշանակությունը, որոնք տեղի են ունենում մեզ հետ կամ օգնում են մեզ որոշումներ կայացնելիս: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրաքանչյուր անդամ մկրտությունից հետո ստանում է Սուրբ Հոգու պարգևը, և մենք ունենք նրա ընկերակցությունը վայելելու արտոնությունը: Բայց մենք ունենք նաև ազատ կամք, որպեսզի որոշենք, թե այս Հոգու ազդեցությունը որքանով կդրսևորվի մեր կյանքում: Արդյո՞ք մենք կզգանք և կհասկանանք Նրա առաջնորդությունը, եթե մաքուր ապրենք և ձգտենք ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանի համաձայն, թե՞ ընդհակառակը, երբեմն մեր գործողությունները կամ մտքերը հեռու կվանեն Նրան: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է մեզ․ «Մենք նաև ավելի հստակորեն ենք լսում Նրան, երբ բարելավում ենք Սուրբ Հոգու շշուկները ճանաչելու մեր ունակությունը։ Երբեք ավելի հրատապ չի եղել իմանալ, թե ինչպես է Հոգին խոսում ձեզ հետ, քան հիմա: Աստվածագլխում Սուրբ Հոգին սուրհանդակ է: Նա կհուշի այնպիսի մտքեր, որոնք Հայրը և Որդին ցանկանում են, որ դուք ստանաք»։2

Մայքի հետ մեր հանդիպումը լավ օրինակ է այն բանի, թե Հոգին ինչպես է գործում: Մայքը ջանք գործադրեց լսելու Սուրբ Հոգու հուշումները և բոլորովին անծանոթ մարդկանց օգնելու իր պատրաստակամության շնորհիվ նա ոչ միայն հետագայում օգնություն ստացավ իր ընկերոջ համար, այլև մենք բոլորս ստացանք ևս մեկ վկայություն այն մասին, թե ինչպես է Աստված Հոգու միջոցով մեզ պատասխաններ և լուծումներ տալիս։ Այո, դա չնչին բան էր, բայց հենց այդ չնչին բաներից ու մանրուքներից է մեր կյանքում իր տեսքը ստանում հոգևոր գիտելիքի մեծ խճանկարը։

Ալման ասաց, որ «փոքր և հասարակ բաներով են իրականցվում մեծ բաները»3։ Ես վկայում եմ, որ չկա ավելի մեծ ու կարևոր բան մեր կյանքում, քան այն, որ Հոգու այս փոքրիկ փորձառությունների միջոցով մենք ճանաչում ենք մեր Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի սերը, հոգատարությունն ու շնորհը: Ես գիտեմ, որ Աստված կա, և ես գիտեմ, որ Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հարություն է առել և ապրում է: Նա իմ և ձեր Փրկիչն է, և դա իմ սիրտը լցնում է ուրախությամբ ու երախտագիտությամբ: Թող մեր առօրյա կենսակերպով թույլ տանք, որ Հոգին փոխանցի մեզ այն, ինչ Հայրն ու Որդին ցանկանում են մեզ համար: Թող որ մենք աստիճանաբար ավելի լավ ճանաչենք նրանց՝ հասկանալով այս ուղերձները, քանի որ «այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին»:4

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Մորոնի 10․4-5

  2. Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Լսիր Նրան» գերագույն համաժողով 04/2020

  3. Ալմա 37․6

  4. Հովհ. 17․3

Տպել