Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 137


Բաժին 137

Տեսիլք՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Կիրթլենդի տաճարում, Օհայո, 1836թ. հունվարի 21-ին (History of the Church, 2.380–381): Առիթը եղավ օժտման արարողությունների սպասավորումը, որքան որ դրանք հայտնի էին այդ ժամանակ:

1–6՝ Մարգարեն տեսնում է իր եղբայր Ալվինին սելեստիալ արքայությունում. 7–9՝ Հայտնի է դարձվում մահացածների փրկության վարդապետությունը. 10՝ Բոլոր երեխաները փրկվում են սելեստիալ արքայությունում:

1 Երկինքները բացվեցին մեզ վրա, և ես տեսա Աստծո սելեստիալ արքայությունը և նրա փառքը, մարմնում էի, թե մարմնից դուրս՝ չեմ կարող ասել:

2 Ես տեսա դռան անսահման գեղեցկությունը, որի միջով այդ արքայության ժառանգները պիտի մտնեն, որը նման էր կրակի պտտվող բոցերի.

3 Նաև Աստծո փայլող գահը, որի վրա նստած էին Հայրը և Որդին:

4 Ես տեսա այդ արքայության գեղեցիկ փողոցները, որոնք կարծես ոսկով սալարկված լինեին:

5 Ես տեսա Հայր Ադամին և Աբրահամին. և իմ հորն ու իմ մորը. իմ եղբայր Ալվինին, որի ննջելուց երկար ժամանակ է անցել.

6 Եվ զարմացա, թե ինչպես է, որ նա ժառանգություն էր ստացել այդ արքայությունում, մտածելով, որ նա հեռացել էր այս կյանքից նախքան այն ժամանակը, երբ Տերը պարզել էր իր ձեռքը՝ Իսրայելը երկրորդ անգամ հավաքելու համար, և նա մկրտված չէր եղել մեղքերի թողության համար:

7 Այսպես, Տիրոջ ձայնը եկավ ինձ՝ ասելով. Բոլոր նրանք, ովքեր մահացել են այս ավետարանի մասին գիտելիք չունենալով, որոնք կընդունեին այն, եթե նրանց թույլ տրվեր մնալ, կլինեն Աստծո սելեստիալ արքայության ժառանգները.

8 Նաև բոլոր նրանք, ովքեր այսուհետև կմահանան, չունենալով այդ գիտելիքը, ովքեր այն կընդունեին իրենց ողջ սրտով, կլինեն այդ արքայության ժառանգները.

9 Քանզի ես՝ Տերս, կդատեմ բոլոր մարդկանց՝ համաձայն նրանց գործերի, համաձայն նրանց սրտերի ցանկությունների:

10 Եվ ես նաև տեսա, որ բոլոր երեխաները, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, փրկվում են երկնքի սելեստիալ արքայությունում: