Բաժին 6
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Օլիվեր Քաուդերիին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1829թ. ապրիլին (History of the Church, 1.32–35): 1829թ. ապրիլի 7-ին Օլիվեր Քաուդերին սկսեց Մորմոնի Գրքի թարգմանության իր աշխատանքները՝ որպես դպիր: Նա արդեն աստվածային հայտնություն էր ստացել Մարգարեի վկայության ճշմարտացիության վերաբերյալ՝ այն թիթեղների մասին, որոնց վրա փորագրված էր Մորմոնի Գրքի հիշատակարանը: Մարգարեն Ուրիմի ու Թումիմի միջոցով հարցրեց Տիրոջը և ստացավ հետևյալ պատասխանը:
1–6՝ Տիրոջ արտում աշխատողները փրկություն են ստանում. 7–13՝ Չկա ավելի մեծ պարգև, քան փրկության պարգևը. 14–27՝ Ճշմարտության մասին վկայությունը գալիս է Հոգու զորությամբ. 28–37՝ Նայեք Քրիստոսին և շարունակ բարիք գործեք:
1 Մեծ և զարմանալի մի գործ է առաջ գալիս մարդկանց զավակների համար:
2 Ահա, ես եմ Աստված. ուշք դարձրեք իմ խոսքին, որը կենդանի է և զորեղ, երկսայր սրից հատու՝ հոդերը և ծուծը բաժանող. ուստի, ուշք դարձրեք իմ խոսքերին:
3 Ահա, արտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել. ուստի, ով որ փափագում է հնձել, թող գցի իր մանգաղն իր զորությամբ ու հնձի, քանի դեռ օրը ցերեկ է, որ կարողանա իր հոգու համար հավիտենական փրկություն գանձել Աստծո արքայությունում:
4 Այո՛, ով որ գցի իր մանգաղն ու հնձի, նա կանչված է Աստծուց:
5 Ուստի, եթե խնդրեք ինձանից, դուք կստանաք. եթե թակեք, կբացվի ձեզ:
6 Արդ, որովհետև դուք հարցրեցիք, ահա ես ասում եմ ձեզ. Պահեք իմ պատվիրանները և փնտրեք առաջ տանել և հաստատել Սիոնի գործը.
7 Մի փնտրեք հարստություն, այլ իմաստություն, և ահա, Աստծո խորհուրդները կբացվեն ձեզ համար, և այն ժամանակ դուք կհարստանաք: Ահա, նա, ով ունի հավերժական կյանք, հարուստ է:
8 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ քեզ համար կլինի ճիշտ այնպես, ինչպես դու ցանկանում ես ինձանից. և եթե ցանկանաս, դու կլինես այն միջոցը, որով շատ բարիք կգործվի այս սերնդի մեջ:
9 Ոչինչ մի ասա այս սերնդին, բացի ապաշխարությունից. պահիր իմ պատվիրանները և օգնիր առաջ տանել իմ գործը, իմ պատվիրանների համաձայն, և դու պիտի օրհնվես:
10 Ահա դու ունես պարգև, և օրհնված ես դու քո պարգևի շնորհիվ: Հիշիր, այն սրբազան է և գալիս է վերևից.
11 Եվ եթե հարցնես, դու կիմանաս խորհուրդներ, որոնք մեծ են և զարմանալի. ուստի, դու պետք է գործածես քո պարգևը, որ կարողանաս հասկանալ խորհուրդները, որ կարողանաս շատերին բերել ճշմարտության իմացությանը, այո՛, համոզես նրանց՝ իրենց սխալ ուղիների վերաբերյալ:
12 Հայտնի մի դարձրու քո պարգևը ոչ ոքի, բացի նրանցից, ովքեր քո հավատքից են: Մի կատակիր սրբազան բաների հետ:
13 Եթե բարիք գործես, այո՛, և հավատարիմ մնաս մինչև վերջ, դու կփրկվես Աստծո արքայությունում, ինչն Աստծո պարգևներից մեծագույնն է. քանզի չկա ավելի մեծ պարգև, քան փրկության պարգևը:
14 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Օրհնված ես դու այն բանի համար, որ արել ես. քանզի դու հարցրել ես ինձ, և ահա, այնքան հաճախ, որքան հարցրել ես ինձ, դու հրահանգներ ես ստացել իմ Հոգուց: Եթե դա այդպես չլիներ, դու չէիր լինի այն տեղում, որտեղ հիմա գտնվում ես:
15 Ահա, դու գիտես, որ հարցրել ես ինձ, և ես լուսավորել եմ քո միտքը. և այժմ ես ասում եմ քեզ այս բաները, որ կարողանաս իմանալ, որ դու լուսավորվել ես ճշմարտության Հոգով.
16 Այո, ես ասում եմ քեզ, որ կարողանաս իմանալ, որ չկա ուրիշ ոչ մեկը, բացի Աստծուց, որ իմանա քո մտքերը և մտադրությունները քո սրտի:
17 Ես քեզ ասում եմ այս բաները՝ որպես վկայություն քեզ համար, որ այն խոսքերը կամ աշխատությունները, որոնք դու գրում ես, ճշմարիտ են:
18 Ուստի ջանասեր եղիր. կանգնիր իմ ծառա Ջոզեֆի կողքին, հավատարմորեն, ինչպիսի դժվար իրավիճակներում էլ որ նա լինի՝ հանուն խոսքի:
19 Խրատիր նրան իր սխալներում, և նաև, ընդունիր նրա խրատը: Եղիր համբերատար. եղիր լրջմիտ. եղիր ժուժկալ. ունեցիր համբերություն, հավատք, հույս և գթություն:
20 Ահա, դու Օլիվերն ես, և ես խոսեցի քեզ հետ քո ցանկությունների պատճառով. ուստի գանձիր այս խոսքերը քո սրտում: Հավատարիմ և ջանասեր եղիր Աստծո պատվիրանները պահելիս, և ես կօղակեմ քեզ իմ սիրո բազուկներով:
21 Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ՝ Աստծո Որդին: Ես նա եմ, որ եկա յուրայինների մեջ, և յուրայիններն ինձ չընդունեցին: Ես եմ լույսը, որը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն:
22 Ճշմարիտ, ճշմարիտ, ասում եմ քեզ. Եթե դու լրացուցիչ վկայություն ես փափագում, ուղղիր միտքդ դեպի այն գիշերը, երբ դու ինձ էիր կանչում քո սրտում, որպեսզի իմանայիր այս բաների ճշմարտության մասին:
23 Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ: Ավելի մեծ ի՞նչ վկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց:
24 Եվ արդ, ահա, դու ստացել ես վկայություն. քանզի, եթե ես ասել եմ քեզ բաներ, որոնք ոչ ոք չգիտի, դու վկայություն չե՞ս ստացել:
25 Եվ, ահա, եթե դու ցանկանում ես ինձանից, ես շնորհում եմ քեզ պարգև՝ թարգմանել, ճիշտ ինչպես իմ ծառա Ջոզեֆը:
26 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ կան հիշատակարաններ, որոնք շատ բաներ են պարունակում իմ ավետարանից, որոնք ետ էին պահվել մարդկանց ամբարշտության պատճառով.
27 Եվ այժմ ես պատվիրում եմ քեզ, որ եթե դու ունես բարի ցանկություններ,– երկնքում քեզ համար գանձեր հավաքելու ցանկություն,– այդ դեպքում, քո պարգևով, դու կօգնես ի լույս բերել իմ սուրբ գրքերի այն մասերը, որոնք թաքցվել են անօրինության պատճառով:
28 Եվ արդ, ահա, ես տալիս եմ քեզ, և նաև իմ ծառա Ջոզեֆին, բանալիներն այս պարգևի, որն ի լույս կբերի այս ծառայությունը. և երկու կամ երեք վկաների բերանով ամեն խոսք կհաստատվի:
29 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ, եթե նրանք մերժեն իմ խոսքերը, և իմ ավետարանի ու ծառայության այս մասը, օրհնված եք դուք, քանզի նրանք ձեզ չեն կարող անել ավելին, քան ինձ:
30 Եվ, նույնիսկ, եթե նրանք ձեզ հետ վարվեն ճիշտ այնպես, ինչպես ինձ հետ, օրհնված եք դուք, քանզի դուք պիտի բնակվեք ինձ հետ, փառքի մեջ:
31 Բայց, եթե նրանք չմերժեն իմ խոսքերը, որոնք կհաստատվեն վկայությամբ, որը պետք է տրվի, օրհնված են նրանք, և այն ժամանակ դուք կուրախանաք ձեր աշխատանքի պտուղներով:
32 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչպես ես ասացի իմ աշակերտներին, որ որտեղ երկուսը կամ երեքն իմ անունով ժողովված լինեն, մի բանի կապակցությամբ, ահա, այնտեղ ես նրանց մեջ կլինեմ,– ճիշտ այդպես էլ, ես ձեր մեջ եմ:
33 Մի վախեցեք բարիք գործել, իմ որդիներ, քանզի ինչ որ սերմանեք, այն էլ կհնձեք. հետևաբար, եթե դուք բարիք սերմանեք, բարիք էլ կհնձեք, որպես վարձք:
34 Ուստի, մի վախեցիր, փոքրի՛կ հոտ. բարիք գործիր. թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ վեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել:
35 Ահա, ես ձեզ չեմ դատապարտում. գնացեք ձեր ճամփով և այլևս մի մեղանչեք. լրջմտորեն կատարեք այն գործը, որը պատվիրել եմ ձեզ:
36 Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք:
37 Տեսեք խոցվածքը, որ ծակեց իմ կողը, և նաև բևեռների նշանները՝ իմ ձեռքերի ու ոտքերի վրա. եղեք հավատարիմ, պահեք իմ պատվիրանները և դուք կժառանգեք երկնքի արքայությունը: Ամեն: