Սուրբ գրություններ
Մովսես 7


Գլուխ 7

(1830թ. դեկտեմբեր)

Ենովքն ուսուցանում է, առաջնորդում է ժողովրդին և սարեր է տեղափոխում – Հաստատվում է Սիոն քաղաքը – Ենովքը կանխատեսում է Մարդու Որդու գալուստը, նրա քավիչ զոհաբերությունը, և Սրբերի հարությունը – Նա կանխատեսում է Վերականգնումը, Հավաքումը, Երկրորդ Գալուստը և Սիոնի վերադարձը:

1 Եվ եղավ այնպես, որ Ենովքը շարունակեց իր խոսքը՝ ասելով. Ահա, մեր հայր Ադամն ուսուցանեց այս բաները, և շատերը հավատացել են ու դարձել Աստծո որդիներ, և շատերը չեն հավատացել ու մահացել են իրենց մեղքերի մեջ, և տանջանքի մեջ վախով սպասում են Աստծո ցասման բոցավառ զայրույթն իրենց վրա թափվելուն:

2 Եվ այդ ժամանակից ի վեր Ենովքն սկսեց մարգարեանալ՝ ժողովրդին ասելով. Երբ ես ճամփորդում էի, և կանգնել էի Մահուա վայրում, և կանչում էի առ Տերը, մի ձայն եկավ երկնքից՝ ասելով. Ետ դարձիր, և բարձրացիր Շմավոն սարը:

3 Եվ եղավ այնպես, որ ես ետ դարձա և բարձրացա սարի վրա. և երբ սարին կանգնած էի, ես տեսա երկինքները բացված, և փառք իջավ իմ վրա.

4 Եվ ես տեսա Տիրոջը. և նա կանգնեց իմ առաջ, և նա խոսեց ինձ հետ դեմառդեմ, ճիշտ ինչպես մի մարդ խոսում է մեկ ուրիշի հետ. Եվ նա ինձ ասաց. Տե՛ս, և ես քեզ ցույց կտամ աշխարհը շատ սերունդների ընթացքում:

5 Եվ եղավ այնպես, որ ես նայեցի Շում հովտին, և ահա մի մեծ ժողովուրդ, որը բնակվում էր վրաններում, որը Շումի ժողովուրդն էր:

6 Եվ կրկին Տերն ասաց ինձ. Նայի՛ր. և ես նայեցի հյուսիսի ուղղությամբ, և տեսա Քանանի ժողովրդին, որը բնակվում էր վրաններում:

7 Եվ Տերն ասաց ինձ. Մարգարեացի՛ր. և ես մարգարեացա՝ ասելով. Ահա Քանանի ժողովուրդը, որը բազմաթիվ է, առաջ կգնա՝ պատերազմելու Շումի ժողովրդի դեմ, և կկոտորի նրանց, այնպես որ նրանք ամբողջովին կբնաջնջվեն. և Քանանի ժողովուրդը բաժան-բաժան կլինի երկրում և երկիրը կլինի ամուլ և անբերրի, և ոչ մի այլ ժողովուրդ չի բնակվի այնտեղ, բացի Քանանի ժողովրդից.

8 Քանզի ահա, Տերը կանիծի երկիրը մեծ տապով, և նրա ամլությունը կշարունակվի հավիտյան. և Քանանի բոլոր զավակների վրա մի սևություն եկավ, այնպես որ նրանք արհամարհվում էին բոլոր ժողովուրդների կողմից:

9 Եվ եղավ այնպես, որ Տերն ասաց ինձ. Նայի՛ր. և ես նայեցի ու տեսա Սարոնի երկիրը, և Ենովքի երկիրը, և Օմների երկիրը, և Հենիի երկիրը, և Սեմի երկիրը, Հաների երկիրը, և Հանաննիայի երկիրը, և այնտեղի բոլոր բնակիչներին.

10 Եվ Տերն ասաց ինձ. Գնա այս ժողովրդի մոտ, և ասա նրանց,– Ապաշխարեք, չլինի թե ես դուրս գամ և նրանց զարկեմ անեծքով, և նրանք մահանան:

11 Եվ նա տվեց ինձ պատվիրան, որ ես պետք է մկրտեմ անունով Հոր, և Որդու, որը լի է շնորհով ու ճշմարտությամբ, և Սուրբ Հոգու, որը վկայում է Հոր և Որդու մասին:

12 Եվ եղավ այնպես, որ Ենովքը շարունակեց ապաշխարելու կոչ անել ողջ ժողովրդին, բացի Քանանի ժողովրդից.

13 Եվ այնքան մեծ էր Ենովքի հավատքը, որ նա առաջնորդեց Աստծո ժողովրդին, և նրա թշնամիները եկան պատերազմելու նրանց դեմ. և նա խոսեց Տիրոջ խոսքը, և գետինը ցնցվեց, և սարերը փախան, ճիշտ նրա հրամանի համաձայն. և ջրի գետերը փոխեցին իրենց հոսանքը. և առյուծների մռնչյունն էր լսվում անապատից. և բոլոր ազգերը մեծապես վախեցան, այնքան զորեղ էր Ենովքի խոսքը, և այնքան մեծ էր լեզվի զորությունը, որն Աստված տվել էր նրան:

14 Նաև ծովի անդունդից հող բարձրացավ, և այնքան մեծ էր Աստծո ժողովրդի թշնամիների վախը, որ նրանք փախան և կանգնեցին հեռվում ու գնացին հողի վրայով, որը բարձրացել էր ծովի անդունդից:

15 Եվ երկրի հսկաները, նույնպես, կանգնեցին հեռվում. և մի անեծք եկավ բոլոր մարդկանց վրա, որոնք կռվում էին Աստծո դեմ.

16 Եվ այդ ժամանակից ի վեր պատերազմներ ու արյունահեղություններ եղան նրանց մեջ. բայց Տերը եկավ ու բնակվեց իր ժողովրդի հետ, և նրանք բնակվեցին արդարության մեջ:

17 Տիրոջ վախը բոլոր ազգերի վրա էր, այնքան մեծ էր Տիրոջ փառքը, որն իր ժողովրդի վրա էր: Եվ Տերն օրհնեց երկիրը, և նրանք օրհնված էին սարերի վրա, և բարձր տեղերում, և ծաղկում էին:

18 Եվ Տերն իր ժողովրդին կոչեց ՍԻՈՆ, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ:

19 Եվ Ենովքն արդարությամբ շարունակում էր իր քարոզն Աստծո ժողովրդի համար: Եվ եղավ այնպես, որ իր օրերում նա կառուցեց մի քաղաք, որը կոչվեց Սրբության քաղաք, այսինքն՝ ՍԻՈՆ:

20 Եվ եղավ այնպես, որ Ենովքը խոսեց Տիրոջ հետ. և նա ասաց Տիրոջը. Անկասկած Սիոնը կբնակվի ապահովության մեջ հավիտյան: Բայց Տերն ասաց Ենովքին. Սիոնը ես օրհնել եմ, բայց մնացած ժողովրդին ես անիծել եմ:

21 Եվ եղավ այնպես, որ Տերը Ենովքին ցույց տվեց երկրի բոլոր բնակիչներին. և նա նայեց, և ահա, Սիոնը, որոշ ժամանակ անց, վերցվեց երկինք: Եվ Տերն ասաց Ենովքին. Ահա իմ հավիտենական օթևանը:

22 Եվ Ենովքը նաև տեսավ մնացած մարդկանց, որոնք Ադամի որդիներն էին. և նրանք Ադամի բոլոր սերունդների խառնուրդներն էին, բացի Կայենի սերնդից, քանզի Կայենի սերունդը սև էր, և տեղ չուներ նրանց մեջ:

23 Եվ նրանից հետո, երբ Սիոնը վերցվել էր երկինք, Ենովքը նայեց, և ահա, երկրի բոլոր ազգերը նրա առաջ էին.

24 Եվ եկավ սերունդ սերնդի հետևից. և Ենովքը բարձր էր և բարձրացված, այսինքն՝ Հոր և Մարդու Որդու ծոցում. և ահա, Սատանայի զորությունը ողջ երկրի երեսին էր:

25 Եվ նա երկնքից իջնող հրեշտակներ տեսավ. և մի բարձր ձայն լսեց, որն ասում էր. Վա՜յ, վա՜յ լինի երկրի բնակիչներին:

26 Եվ նա տեսավ Սատանային. և նա մի մեծ շղթա ուներ իր ձեռքին, և ողջ երկրի երեսը ծածկված էր խավարով. և նա վեր էր նայում և ծիծաղում, և նրա հրեշտակներն ուրախանում էին:

27 Եվ Ենովքը երկնքից իջնող հրեշտակներ տեսավ, որոնք վկայում էին Հոր և Որդու մասին. և Սուրբ Հոգին իջավ շատերի վրա, և նրանք երկնքի զորությունների կողմից հափշտակվեցին Սիոն:

28 Եվ եղավ այնպես, որ երկնքի Աստվածը նայեց մնացած մարդկանց վրա, և լաց եղավ. և Ենովքը վկայեց այդ մասին՝ ասելով. Ի՞նչպես է, որ երկինքները լաց են լինում, և իրենց արցունքներն անձրևի պես թափում են սարերի վրա:

29 Եվ Ենովքն ասաց Տիրոջը. Ի՞նչպես է, որ դու լաց ես լինում, տեսնելով, որ դու սուրբ ես և ողջ հավերժությունից ողջ հավերժություն ես:

30 Եվ եթե հնարավոր լիներ, որ մարդը կարողանար հաշվել երկրի մասնիկները, այո՛, սրա նման միլիոնավոր երկրները, դա չէր լինի քո արարչագործությունների թվի սկիզբը. և քո վարագույրները դեռ տարածված են. և դու, այնուամենայնիվ, այնտեղ ես և այնտեղ քո ծոցն է. և նաև դու արդար ես. դու հավիտյան ողորմած ես և բարի.

31 Եվ դու քո ծոցն ես վերցրել Սիոնը, բոլոր քո արարչագործությունների միջից, ողջ հավերժությունից ողջ հավերժություն. և միայն խաղաղություն, արդարադատություն և ճշմարտություն է քո գահի բնակավայրում. և ողորմություն պիտի գնա քո երեսի առաջից և չունենա վերջ. ի՞նչպես է, որ դու լաց ես լինում:

32 Տերն ասաց Ենովքին. Նայիր քո այս եղբայրներին. նրանք իմ իսկ ձեռքերի ստեղծագործությունն են, և ես նրանց տվեցի իրենց գիտելիքը, այն օրը, երբ ես ստեղծեցի նրանց. և Եդեմի պարտեզում ես մարդուն տվեցի իր կամքի ազատությունը.

33 Եվ քո եղբայրներին ես ասել եմ, և նաև տվել պատվիրաններ, որ նրանք պետք է սիրեն միմյանց, և որ նրանք պետք է ընտրեն ինձ, իրենց Հորը. բայց ահա, նրանք անգութ են, և նրանք ատում են իրենց իսկ արյունակցին.

34 Եվ իմ զայրույթի կրակը բռնկվել է նրանց հանդեպ. և իմ այրող դժգոհությամբ ես ջրհեղեղներ կուղարկեմ նրանց վրա, քանզի իմ կատաղի բարկությունը բռնկվել է նրանց դեմ:

35 Ահա, ես եմ Աստված. Սրբության Մարդ է իմ անունը. Խորհրդի Մարդ է իմ անունը. և նաև Անվերջ և Հավերժական է իմ անունը:

36 Ուստի, ես կարող եմ պարզել իմ ձեռքերը և պահել բոլոր արարչագործությունները, որոնք ես արարել եմ. և նաև իմ աչքը կարող է խոցել նրանց, և իմ ձեռքերի ստեղծագործության մեջ չի եղել այդքան ամբարշտություն, որքան քո եղբայրների մեջ:

37 Բայց ահա, նրանց մեղքերը կլինեն նրանց հայրերի գլխին. Սատանան կլինի նրանց հայրը, և թշվառություն կլինի նրանց ճակատագիրը. և ողջ երկինքները լաց կլինեն նրանց վրա, նույնիսկ իմ ձեռքերի բոլոր ստեղծագործությունները. ուստի, լաց չլինե՞ն երկինքները՝ տեսնելով նրանց տառապանքը:

38 Բայց ահա, սրանք, որոնց տեսնում են քո աչքերը, պիտի կորչեն ջրհեղեղների մեջ. և ահա, ես կփակեմ նրանց. ես մի բանտ եմ պատրաստել նրանց համար:

39 Եվ նա, ում ես ընտրել եմ, աղերսել է իմ երեսի առաջ: Ուստի, նա կտառապի նրանց մեղքերի համար. մինչև որ նրանք ապաշխարեն, այն օրը, երբ իմ Ընտրյալը կվերադառնա ինձ մոտ, և մինչև այդ օրը նրանք կլինեն տանջանքի մեջ.

40 Ուստի, դրա համար երկինքները, այո՛, և իմ ձեռքերի բոլոր ստեղծագործությունները լաց կլինեն:

41 Եվ եղավ այնպես, որ Տերը խոսեց Ենովքի հետ և պատմեց Ենովքին մարդկանց զավակների բոլոր արարքները. ուստի, Ենովքը գիտեր և նայում էր նրանց ամբարշտությանը և նրանց թշվառությանը, և նա լաց եղավ և պարզեց իր ձեռքերը, և նրա սիրտը լցվեց, ինչպես հավերժությունը. և նրա աղիքները գալարվեցին. և ողջ հավերժությունը ցնցվեց:

42 Եվ Ենովքը տեսավ նաև Նոյին, և նրա ընտանիքին, որ Նոյի որդիների բոլոր ժառանգները պիտի փրկվեն ֆիզիկական փրկությամբ.

43 Ուստի Ենովքը տեսավ, որ Նոյը տապան կառուցեց. և որ Տերը ժպտաց նրան և պահեց այն իր ձեռքում. բայց մնացած ամբարիշտների վրա ջրհեղեղները եկան և կուլ տվեցին նրանց:

44 Եվ երբ Ենովքը տեսավ դա, նա դառնություն զգաց հոգում և լաց եղավ իր եղբայրների վրա և ասաց երկինքներին. Ես չեմ կամենում մխիթարվել. Բայց Տերն ասաց Ենովքին. բարձրացրու սիրտդ և ուրախացիր. և նայիր:

45 Եվ եղավ այնպես, որ Ենովքը նայեց. և Նոյից սկսած, նա տեսավ երկրի բոլոր ընտանիքները. և նա կանչեց առ Տերը՝ ասելով. Ե՞րբ պիտի գա Տիրոջ օրը: Ե՞րբ պիտի թափվի Արդարի արյունը, որ բոլոր նրանք, ովքեր սգում են, կարողանան սրբագործվել և ունենալ հավերժական կյանք:

46 Եվ Տերն ասաց. Դա կլինի ժամանակների գագաթնակետին, ամբարշտության և վրեժխնդրության օրերին:

47 Եվ ահա, Ենովքը տեսավ Մարդու Որդու գալու օրը, այսինքն՝ մարմնում. և նրա հոգին ուրախացավ՝ ասելով. Արդարը բարձրացվել է և Գառը մորթվել է աշխարհի հիմնադրումից ի վեր. և հավատքի միջոցով ես Հոր ծոցում եմ, և ահա, Սիոնն ինձ հետ է:

48 Եվ եղավ այնպես, որ Ենովքը նայեց երկրի վրա. և նա մի ձայն լսեց նրա որովայնից, որն ասում էր. Վա՜յ, վա՜յ ինձ՝ մարդկանց մորը. Ես ցավում եմ, ես հոգնել եմ իմ զավակների ամբարշտությունից: Ե՞րբ պիտի ես հանգստանամ և մաքրվեմ այն կեղտոտությունից, որը դուրս է եկել ինձանից: Ե՞րբ պիտի իմ Ստեղծողը սրբագործի ինձ, որպեսզի ես հանգստանամ, և արդարությունը որոշ ժամանակ մնա իմ երեսին:

49 Եվ երբ Ենովքը լսեց երկրի սուգը, նա լաց եղավ, և կանչեց առ Տերը՝ ասելով. Ո՜վ Տեր, արդյոք կարեկցանք չե՞ս ունենա երկրի հանդեպ: Չե՞ս օրհնի դու Նոյի զավակներին:

50 Եվ եղավ այնպես, որ Ենովքը շարունակեց իր աղաչանքն առ Տերը՝ ասելով. Ո՜վ Տեր, խնդրում եմ քեզ՝ քո Միածնի, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի անունով, որ դու ողորմած լինես Նոյի և նրա սերունդների հանդեպ, որպեսզի երկիրն այլևս երբեք ջրհեղեղներով չծածկվի:

51 Եվ Տերը չկարողացավ ետ կանգնել. և նա ուխտ արեց Ենովքի հետ, և երդումով երդվեց նրան, որ նա կկանգնեցնի ջրհեղեղները. որ նա կկանչի Նոյի զավակներին.

52 Եվ նա առաջ ուղարկեց մի անխախտ հրամանագիր, որ նրա սերունդների մնացորդը միշտ կգտնվի բոլոր ազգերի մեջ, քանի դեռ երկիրը կանգուն կմնա.

53 Եվ Տերն ասաց. Օրհնված է նա, որի սերնդից կծնվի Մեսիան. քանզի նա ասում է. Ես Մեսիան եմ՝ Սիոնի Թագավորը՝ Երկնքի Վեմը, որը հավերժության պես լայնարձակ է. ով որ ներս է մտնում դռնով և բարձրանում է ինձանով, երբեք չի ընկնի. ուստի օրհնված են նրանք, որոնց մասին ես խոսեցի, քանզի նրանք առաջ կգան հավիտենական ուրախության երգերով:

54 Եվ եղավ այնպես, որ Ենովքը կանչեց առ Տերը՝ ասելով. Երբ որ Մարդու Որդին գա մարմնի մեջ, արդյո՞ք երկիրը կհանգստանա: Աղաչում եմ քեզ, ցույց տուր ինձ այս բաները:

55 Եվ Տերն ասաց Ենովքին. Նայի՛ր. և նա նայեց ու տեսավ Մարդու Որդուն խաչի վրա բարձրացված, մարդկանց ձևով.

56 Եվ նա լսեց մի բարձր ձայն. և երկինքները քողարկվեցին. և Աստծո բոլոր արարչագործությունները ողբացին. և երկիրը հառաչեց. և ժայռերը ճեղքվեցին. և սրբերը վեր ելան և փառքի պսակներով պսակվեցին Մարդու Որդու աջ կողմում.

57 Եվ բոլոր այն հոգիները, որոնք բանտում էին, դուրս եկան և կանգնեցին Աստծո աջ կողմում. իսկ մնացածը պահվեցին խավարի կապանքներում, մինչև մեծ օրվա դատաստանը:

58 Եվ կրկին Ենովքը լաց եղավ և կանչեց առ Տերը՝ ասելով. Ե՞րբ պիտի երկիրը հանգստանա:

59 Եվ Ենովքը տեսավ, որ Մարդու Որդին համբարձվեց Հոր մոտ. Եվ նա կանչեց առ Տերը՝ ասելով. Դու այլևս չե՞ս գա երկիր: Որովհետև դու Աստված ես, և ես ճանաչում եմ քեզ, և դու երդվել ես ինձ, և պատվիրել ես, որ ես պետք է խնդրեմ քո Միածնի անունով. դու արարել ես ինձ, և ինձ իրավունք ես տվել քո գահի համար, բայց ոչ թե ինձանով, այլ քո իսկ շնորհով. դրա համար եմ ես հարցնում, թե արդյոք դու կրկին կգաս երկիր:

60 Եվ Տերն ասաց Ենովքին. Ինչպես ես ապրում եմ, ճիշտ այդպես ես կգամ վերջին օրերին, ամբարշտության և վրեժխնդրության օրերին, որ կատարեմ երդումը, որը տվել եմ քեզ Նոյի զավակների վերաբերյալ.

61 Եվ կգա մի օր, երբ երկիրը կհանգստանա, բայց նախքան այդ օրը երկինքները պիտի խավարեցվեն, և խավարի վարագույրը պիտի ծածկի երկիրը. և երկինքները պիտի ցցնցվեն, և նմանապես երկիրը. և մեծ նեղություններ պիտի լինեն մարդկանց զավակների մեջ, բայց իմ ժողովրդին ես կպահպանեմ.

62 Եվ ես արդարություն ցած կուղարկեմ երկնքից. և ճշմարտություն առաջ կուղարկեմ երկրից, որ վկայություն բերի իմ Միածնի մասին. մեռելներից նրա հարության մասին. այո՛, և նաև բոլոր մարդկանց հարության մասին. և արդարությունով ու ճշմարտությունով ես կսրբեմ երկիրը, ասես ջրհեղեղով, որպեսզի հավաքեմ իմ ընտրյալներին աշխարհի չորս կողմերից մի վայրում, որը ես կպատրաստեմ, մի Սուրբ քաղաք, որ իմ ժողովուրդը կարողանա գոտեպնդել իր մեջքը և սպասել իմ գալստի ժամանակին. քանզի այնտեղ կլինի իմ խորանը, և այն կկոչվի Սիոն՝ Նոր Երուսաղեմ:

63 Եվ Տերն ասաց Ենովքին. Այն ժամանակ դու և քո ողջ քաղաքը կդիմավորեք նրանց այնտեղ, և մենք կընդունենք նրանց մեր ծոցը, և նրանք կտեսնեն մեզ. և մենք նրանց վզով կընկնենք, և նրանք մեր վզով կընկնեն, և մենք կհամբուրենք միմյանց.

64 Եվ այնտեղ կլինի իմ բնակավայրը, և այն կլինի Սիոն, որն առաջ կգա բոլոր արարչագործությունների միջից, որոնց ես արարել եմ. և հազար տարի շարունակ երկիրը կհանգստանա:

65 Եվ եղավ այնպես, որ Ենովքը տեսավ Մարդու Որդու գալստյան օրը, վերջին օրերին, որ բնակվի երկրի վրա արդարության մեջ, հազար տարվա ընթացքում.

66 Բայց նախքան այդ օրը, նա տեսավ մեծ նեղություն ամբարիշտների մեջ. և նա տեսավ նաև ծովը, որ այն անհանգիստ էր, և մարդկանց սրտերը, որ նվաղել էին, որ վախով սպասում էին Ամենազոր Աստծո դատաստաններին, որոնք պիտի գան ամբարիշտների վրա:

67 Եվ Տերը Ենովքին ցույց տվեց բոլոր բաները, նույնիսկ մինչև աշխարհի վերջը. և նա տեսավ արդարների օրը, նրանց փրկագնման ժամը, և ստացավ լիակատար ուրախություն.

68 Եվ Սիոնի բոլոր օրերը, Ենովքի օրոք, երեք հարյուր և վաթսունհինգ տարի եղավ:

69 Եվ Ենովքն ու իր ողջ ժողովուրդը քայլում էին Աստծո հետ, և նա բնակվում էր Սիոնի մեջ. և եղավ այնպես, որ Սիոնը չկար, քանզի Աստված վերցրեց այն իր ծոցը. և այն ժամանակից տարածվեց այս խոսքը՝ ՍԻՈՆԸ ՓԱԽԵԼ Է: