Տարածաշրջանի Նախագահության ուղերձը
Տասանորդի օրենքը
Հին ժամանակներից սկսած Տերն անդադար ուղղորդել է Իր ժողովրդին և Իր Եկեղեցին, տալով անհրաժեշտ պատվիրաններն ու օրենքները իր ընտրյալ խոսնակների միջոցով (2 Նեփի 3.17): Այդ օրենքներից մեկը գործում է նաև մեր օրերում. դա տասանորդի օրենքն է: Նույնիսկ Հին Կտակարանի ժամանակներում մարգարեներն ուսուցանում էին այս օրենքի սրբության և կարևորության մասին. «Եւ երկրի բոլոր տասանորդը՝ երկրի հունտերիցը եւ ծառերի պտուղիցը՝ Եհովայինն է. Նա սուրբ է Եհովայի համար» (Ղևտացոց 27.30): Փրկիչն ինքը, Իր Հարությունից հետո հայտնվելով նեփիացիներին, հիշեցրեց նրանց այս օրենքի մասին, պատվիրելով գրի առնել Մաղաքիայի խոսքերը իր ժամանակագրության մեջ. «Մի՞թե մարդ կկողոպտի Աստծուն։ Սակայն դուք կողոպտել եք ինձ։ Բայց դուք ասում եք. Ի՞նչ բանում ենք մենք կողոպտել քեզ։ Տասանորդներում և ընծաներում։ Դուք անիծված եք անեծքով, քանզի դուք կողոպտել եք ինձ, նույնիսկ այս ամբողջ ազգը։ Բերեք ձեր բոլոր տասանորդները շտեմարան, որպեսզի իմ տանն ուտելիք լինի. և դրանով ստուգեք ինձ հիմա, ասում է Զորաց Տերը, թե արդյոք ձեր համար չե՞մ բացի երկնքի պատուհանները, և դուրս չե՞մ թափի ձեզ համար օրհնություն, այնպես որ բավականաչափ տեղ չլինի՝ ընդունելու այն» (3 Նեփի 24.8–10): 1831 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը կրկին հիշեցրեց Իր Եկեղեցու մարդկանց այս օրենքի կարևորության մասին: «Ահա, ներկան կոչվում է այսօր, մինչև Մարդու Որդու գալուստը, և ճշմարիտ որ, սա զոհաբերության օր է, և իմ ժողովրդի տասանորդը տալու օր. քանզի նա, ով տասանորդ է տալիս, չի այրվի նրա գալստի ժամանակ» (Վարդապետություն և Ուխտեր 64.23): Ներկայումս ժամանակակից մարգարեներն ու առաքյալները նույնպես հորդորում են մեզ ապրել այս օրենքով:
Տասանորդի օրենքը հավերժական օրենք է, որն ուսուցանում է մեր կյանքում Տիրոջը դնել առաջին տեղում: Իր ժողովրդին տալով այս օրենքը, Տերը նաև խոստում է տվել: Պահելով տասանորդի օրենքը, մենք ամրացնում ենք մեր հավատքը, զարգացնում հոգևորություն և հոգևոր ունակություններ, և մեր վկայությունը դարձնում անսասան: Մի կողմից, մենք պատշաճ արտահայտում ենք մեր երախտագիտությունը այն լիության համար, որն ունենք: Մյուս կողմից, մենք ցուցադրում ենք Երկրի վրա Տիրոջ աշխատանքի համար զոհաբերելու մեր պատրաստակամությունը: Երկու դեպքերում էլ դա միշտ կլինի մի քայլ, որը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ անկեղծ սիրո և Նրա ավետարանի հանդեպ նվիրվածության վրա: Եվ հավատքի այս քայլը, անկասկած, ազդում է ինչպես մեր ապագայի, այնպես էլ մեր ներկայի վրա: Նախագահ Հովարդ Վ. Հանթերն իր ժամանակին ուսուցանել է. «Մենք հետևում ենք Տիրոջ կողմից մեզ տրված բարության Իր բաժինը վերադարձնելու սկզբունքին, և այդ բաժինը տասանորդն է: Տասանորդի վճարումն … ամբողջովին կամավոր է: Մենք կարող ենք վճարել կամ չվճարել տասանորդ: Նրանք, ովքեր վճարում են, ստանում են օրհնություններ, որոնք հայտնի չեն ուրիշներին» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հովարդ Վ. Հանթեր, գլուխ 9, «Տասանորդի օրենքը»):
Այս ճշմարտությունը շատ լավ էր հասկանում Մերի Ֆիլդինգ Սմիթը: Նա Մարգարե Ջոզեֆ Սմիթի եղբոր՝ Հայրապետ Հայրում Սմիթի կինն էր, իսկ ավելի ուշ՝ այրին: Մի օր, բացատրելով, թե ինչպես է հասկանում տասանորդի օրենքը, Մերի Ֆիլդինգ Սմիթը հայտարարեց. «Եթե ես չվճարեմ իմ տասանորդը, ես պետք է ակնկալեմ, որ Տերը ինձնից կհեռացնի Իր օրհնությունները: Ես վճարում եմ իմ տասանորդը ոչ միայն նրա համար, որ դա Աստծո օրենքն է, այլև ես օրհնություններ եմ ակնկալում՝ վճարելով այն: Այս և ուրիշ օրենքները պահելով, ես ակնկալում եմ բարգավաճում և իմ ընտանիքին աջակցելու կարողություն» (Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ, Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքը [Salt Lake City, 1938], 158–59): Չնայած տասանորդ վճարելու օրհնությունները բազմազան են և խիստ անձնական, մի բան հաստատ է՝ տասանորդի օրենքի մասին վկայությունը ստանում ենք այդ օրենքով ապրելով:
Ելնելով իմ անձնական փորձառությունից, ես վստահ կարող եմ ասել, որ ապրելով տասանորդի օրենքով, մենք կնկատենք, թե ինչպես է աճում և ամրանում մեր հավատքը: Երկնքի հատուկ օրնությունները միշտ կուղեկցեն մեզ մեր կյանքում: Կաճի մեր վստահությունը մեր կարողության հանդեպ, որով կկարողանանք ապահովել մեր ընտանիքի անդամների կարիքները: Եվ այս ամենը կհանգեցնի նրան, որ մենք կհասկանանք, թե ինչու չենք կարող չվճարել տասանորդ: