Այրի կնոջ լուման
Ես մկրտվել եմ Մալթայում ամուսնուս և երեք որդիներիս հետ 1994թ. մայիսի 7-ին: Մեկ տարի անց մենք սկսեցինք նախապատրաստվել տաճար գնալուն: Մենք շատ աղքատ էինք և չէինք կարող տասանորդ վճարել և իհարկե, չէինք կարող գնալ տաճար: Երեք տարի անց իմ ամուսինն ու որդիները հեռացան Եկեղեցուց: Ես մենակ էի Եկեղեցում, բայց մեծ ցանկություն ունեի գնալ Սոլթ Լեյք Սիթի Տաճար:
2003թ. ես և ամուսինս վերադարձանք Ստամբուլ: Որդիներս գնացին Անգլիա: Ամուսինս անցավ թոշակի և շատ քիչ գումար էր վաստակում, իսկ ես նստած էի տանը: Այդ գումարը չէր բավականացնում մեր կարիքների համար: Ամուսինս ակտիվ չէր Եկեղեցում և մենք դեռ տասանորդ չէինք վճարում: Երեք տարի անց՝ 2006 թվականին, ամուսինս մահացավ: Ես սկսեցի ստանալ նրա թոշակը, բայց դա ավելի քիչ էր, քան նա էր ստանում: Այժմ ես հնարավորություն ունեի վճարելու իմ տասանորդը և ես սկսեցի վճարել: Ամուսնուս մահից հետո իմ կրտսեր որդին եկավ Ստամբուլ: Տանը նորից երկու հոգի էինք: Ես շատ քիչ գումար էի ստանում, բայց ինչ-որ ձևով այն բավականացնում էր մեր կարիքների համար: Ես նկատեցի, որ մենք միշտ բավականաչափ գումար ունեինք մեր կարիքների համար, և շատ երախտապարտ ու երջանիկ էի: Հիրավի, Տերը բացել էր Իր պատուհանները մեզ համար:
2008 թվականին մի զույգ Յուտայից եկավ Ստամբուլ: Թարան և Քեվինը երեք օր մնացին այստեղ, և մենք լավ ընկերներ դարձանք: Երբ նրանք վերադարձան Ամերիկա, ինձ հրավիրեցին Սոլթ Լեյք Սիթի: Նրանք իսկապես ցանկանում էին, որ ես այցելեմ իրենց: 2008թ. հոկտեմբերին ես գնացի Միացյալ Նահանգներ՝ այցելելու նրանց: Թարան ամեն ինչ հրաշալի էր կազմակերպել: Այնտեղ ես այցելեցի վեց տաճարներ (Սոլթ Լեյք, Բաունթիֆուլ, Լոգան, Օգդեն, Պրովո, Մանթի): Իմ երազանքն իրականություն դարձավ:
2012թ.՝ ինը տարի փնտրելուց հետո, ես վերջապես ուսուցչի աշխատանք գտա Ստամբուլի Համալսարանում և սկսեցի վճարել իմ երկրորդ տասանորդը: Այս անգամ ես մեծ ցանկություն ունեի տեսնելու Եվրոպայի բոլոր տաճարները և գումար խնայեցի դրա համար: Նախ ես այցելեցի Կիևի տաճար, հետո՝ Շվեյցարիա Բերն տաճար, Անգլիա Պրեստոն և Լոնդոն տաճար (3 անգամ): Ես դեռ ցանկանում եմ այցելել Գերմանիայի, Իսպանիայի տաճարները և Հռոմի նոր տաճարը Իտալիայում:
2018թ. Թարան և Քեվինը նորից երեք օրով այցելեցին ինձ Թուրքիայում: Քեվինը իմ որդուն և ինձ ասաց, որ ինքը նախկինում երբևէ գործի բերումով չէր ճամփորդել Ամերիկայից դուրս: 2008թ. նրա ղեկավարը չկարողացավ գալ Ստամբուլ, ուստի ուղարկեց Քեվինին. ահա ինչպես Քեվինն ու Թարան հանդիպեցին ինձ այստեղ: Քեվինն իր ղեկավարին ասել էր ինձ Ամերիկայի տաճարներ տանելու իրենց ցանկության մասին: Ավելի ուշ, Քեվինը փոխեց իր աշխատանքը: Երկար ժամանակ անց Քեվինն ու իր նախկին ղեկավարը կրկին հանդիպեցին: Քեվինը նրան պատմեց Ամերիկա կատարած իմ ուղևորության մասին, և թե ինչպես էի ես այցելել մի քանի տաճարներ: Նրա նախկին ղեկավարն ասել էր. «Գիտե՞ս, թե դու ինչի համար էիր գնացել Ստամբուլ: Ես 40 հազար դոլար էի ծախսել այդ ուղևորության համար, և այն նպատակին չծառայեց: Սակայն, ես կարծում եմ, որ այդ ամենը նրա համար էր, որ Մինեն գնար տաճար»:
Իմ ամուսնու մահից հետո ես վճարում եմ լիարժեք տասանորդ: Սա իմ տասանորդի օրհնությունների կարճ պատմությունն է: Ես չեմ համարձակվում չվճարել իմ տասանորդը, քանի որ գիտեմ, որ ճշմարիտ են Մաղաքիա 3.10 սուրբ գրության հատվածի խոսքերը. «Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. Եւ ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չլինի»:
Ես գիտեմ, որ սա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է: Ամեն: