2021
Տաճարային աշխատանքը փրկության աշխատանքի կարևոր մասն է
Հուլիս 2021


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Տաճարային աշխատանքը փրկության աշխատանքի կարևոր մասն է

2011 թվականի հունիսին ես նոր էի վերադարձել տուն՝ Ռուսաստանի Նովոսիբիրսկ միսիայում լիաժամկետ միսիա ծառայելուց հետո: Միսիան ինձ շատ բան սովորեցրեց, և ես համոզված էի, որ շատ բան գիտեմ ավետարանի մասին՝ գրեթե ամեն ինչ, ինչ հնարավոր էր իմանալ: Համոզված էի, որ ավետարանի բոլոր հիմնական սկզբունքներն ինձ համար շատ պարզ էին, և ընդհանրապես չկար այնպիսի սկզբունք, որը ես չէի հասկանում: Ես նաև գիտեի, որ կատարելագործման տեղ կար, և ես պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեի նույն հիմնական սկզբունքներն ավելի խորը ուսումնասիրելու համար: Բայց, ինչպես հետո պարզվեց, ես մի քիչ մոլորության մեջ էի:

Տուն վերադառնալուց հետո ես երեքուկես տարի ծառայում էի Եկեղեցու տարբեր կոչումներում, ներառյալ՝ Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ և ճյուղի նախագահության խորհրդական: Ես դեռ խորապես համոզված էի, որ իրականում գրեթե կատարելապես գիտեի ավետարանի բոլոր հիմնական սկզբունքները:

2014-ի ձմռանը ինձ կանչեցին ծառայելու որպես Մոսկվայի Եկեղեցու ծխերից մեկի եպիսկոպոս: Եկեղեցու այլ ղեկավարների հետ ես շատ քննարկումներ ունեցա տաճարի և ընտանեկան պատմության աշխատանքի վերաբերյալ: Մենք մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրինք Եկեղեցու այն անդամների վրա, ովքեր որոշակի պատճառներով չունեին տաճարային երաշխավորագիր: Մասնակցելով ծխի խորհուրդներին, համաժողովներին և անձնական ուսումնասիրությունների միջոցով ես հասկացա, որ իմ սեփական կյանքում բավարար ուշադրություն չեմ դարձնում տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքներին:

Այն օրը, երբ ես հասկացա, որ տաճարային աշխատանքը փրկության աշխատանքի բաղկացուցիչ մասն է կազմում, դարձավ իմ անձնական զարգացման ամենակարևոր պահերից մեկը: Ինձ համար պարզ դարձավ, որ եթե ես չեմ կատարում տաճարային աշխատանքը, ես իրականում խոչընդոտում եմ Երկրի վրա Աստծո արքայության կառուցմանը: Հետո ես սկսեցի մտածել, թե ինչ կլիներ մեզ հետ, եթե չլիներ տաճարային աշխատանքը:

Գրեթե ամեն օր ես հիշում էի Վարդապետություն և Ուխտերի 132.8 հատվածը (Ահա, իմ տունը կարգ ու կանոնի տուն է, ասում է Տեր Աստվածը, ոչ թե խառնաշփոթության տուն:)

Այն սկզբունքները, որոնց շուրջ ես այդ ժամանակ ավելի ու ավելի շատ էի մտածում, իրականում անձամբ առնչվում էին ինձ: Ահա դրանք.

Առանց տաճարային աշխատանքի ես Աստծո հետ չէի կապի ուխտերը, որոնք անհրաժեշտ են Նրա մոտ վերադառնալու համար:

Ես երախտապարտ եմ Աստծուն այն գիտելիքների և հնարավորությունների համար, որոնք Նա տվել է ինձ: Մեզ համար իսկապես կարևոր է հիշել Աստծո հետ կապած մեր ուխտերը: Ի վերջո, նույնիսկ տաճարային երաշխավորագրի հարցազրույցի ժամանակ մենք պետք է պատասխանենք այն հարցին, թե արդյո՞ք պահում ենք մեր տաճարային ուխտերը: Այս հարցին անկեղծորեն պատասխանելու համար մենք պետք է հիշենք, թե ինչ ուխտեր ենք կապել:

Առանց տաճարային աշխատանքի ես չէի կարող կնքվել իմ ընտանիքի հետ հավերժության համար:

Իմ ընտանիքի անդամների հետ կնքված լինելն ու ողջ հավերժության մեջ նրանց հետ լինելը ինձ համար շատ ավելի կարևոր է, քան կարող եմ արտահայտել բառերով: Իմ ընտանիքն ինձ համար իսկական ուրախության, երջանկության և հսկայական ուժի ճշմարիտ աղբյուր է:

Առանց տաճարային աշխատանքի՝ իմ նախնիները կմնային առանց արարողությունների:

Աստվածաշունչը նույնպես զգալի դեր խաղաց դա ավելի լավ հասկանալու համար: Ա Պետրոսի 3.18, 19 հատվածները ինձ ոգեշնչեցին ավելի շատ մտածել այն մասին, թե մեզ համար ինչո՞ւ է այդքան կարևոր մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքներին (… հատված 18․ Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն. որ թէեւ մեռաւ մարմնով, բայց կենդանի եղաւ հոգով։

հատված 19․ Որով գնաց բանտումը եղող հոգիներին էլ քարոզեց։…)

Իմ ծխի անդամների միջոցով ես սովորեցի, թե ինչպես փնտրել իմ նախնիներին, ինչը մեծապես ուժեղացրեց Աստծո տաճար այցելելու իմ վճռականությունը: Այդ ժամանակ ես հաճախ էի խորհում Եկեղեցու հիմներից մեկի՝ «Վեր կացեք սրբեր և տաճարներ մտեք» բառերի իմաստի շուրջ: Ես հասկացա, որ նախկինում ես այնքան էլ չէի ձգտում կատարել իմ բաժինը, իսկ այժմ ես շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր օգնեցին ինձ ձևավորել տաճարային աշխատանքի կարևորության վերաբերյալ իմ տեսլականը:

Իմ ամբողջ սրտով և հոգով կցանկանայի, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ, առանց բացառության, գիտակցեր, որ տաճարային աշխատանքը փրկության աշխատանքի կարևոր մասն է, առանց որի անհնար է Աստծո արքայության կառուցումը Երկրի վրա:

Տպել