2021
Ընտանեկան պատմության աշխատանք. «ինչպե՞ս» և «որտե՞ղ»
Հուլիս 2021


Ընտանեկան պատմության աշխատանք. «ինչպե՞ս» և «որտե՞ղ»

Հրահանգների նորացված Ընդհանուր ձեռնարկը նկարագրում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետևյալ նպատակը. «Հիսուս Քրիստոսը ստեղծեց Իր Եկեղեցին, որպեսզի անհատներին և ընտանիքներին հնարավորություն տա կատարել փրկության և վեհացման աշխատանքը» (Հրահանգների ընդհանուր ձեռնարկ 1.3): Երկնքում կան հաստատված կանոններ և օրենքներ, որոնք պետք է պահեն բոլորը, ովքեր ցանկանում են այնտեղ ապրել: Բայց եթե մենք, որ ապրում ենք Երկրի վրա, դեռ կարող ենք մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը և ընդունել այս օրենքները, ապա ի՞նչ պետք է անեն ուրիշ մարդիկ, ովքեր իրականում գնացել են մյուս աշխարհ: Որքա՜ն հրաշալի է, որ մեր Երկնային Սիրելիները հոգացել են այս մասին: Տիրոջ տաճարներում ուխտեր են կապվում մահացածների անունից, իսկ նրանք, իրենց հերթին, կարող են ընդունել կամ մերժել դրանք հոգիների աշխարհում:

«Ինչո՞ւ» հարցի պատասխանները գտնելու համար խորհրդածելը իրականում բավարար չէ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը կատարելու համար: Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ՝ «ինչպե՞ս» և «որտե՞ղ»: Կորոնավիրուսի համավարակի ընթացքում տաճարային ծառայության դադարեցման պատճառով Եկեղեցու անդամները որոշ ժամանակ հրաժարվել են տաճար այցելելու իրենց նախնական ծրագրերից, բայց դա չի նշանակում, որ իմաստ չունի կատարել ընտանեկան պատմության աշխատանքը: Վերջին ամիսներին շատերը գտել են լրացուցիչ ազատ ժամանակ, որը նախկինում չեն ունեցել, և այժմ համացանցի հրատարակությունները էկրանի վրա մեխանիկորեն պտտելու փոխարեն՝ նրանց հնարավորություն է տրված օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ Տիրոջ մեծ աշխատանքը կատարելիս:

Այժմ հիանալի հնարավորություն կա որոշ արխիվների առցանց նյութերն ուսումնասիրելու համար: Օրինակ՝ մուտքագրելով «Արխիվներ, որոնք բացել են փաստաթղթերը» որոնման տողը, մենք կարող ենք գտնել մի որոշակի խումբ սոցիալական ցանցի հայտնի խմբում, որը հրատարակում է տարբեր տարածքների արխիվներից վերցված թվայնացված փաստաթղթերի անվճար հղումներ: Չնայած FamilySearch կայքէջի մուտքը ներկայումս դադարեցված է, սակայն կարելի էր նկատել տեղադրված նյութերի ավելի մեծ քանակ՝ վերցված տեղական արխիվներից՝ հանրային օգտագործման համար, և դա ինձ համար Աստծո սիրո մեկ այլ դրսևորում է մեր և մեր նախնիների հանդեպ:

Երկու համաշխարհային պատերազմների մասնակիցներին նվիրված կայքերը քաջ հայտնի են բոլորին: Այժմ դրանցից մի քանիսի վրա կարող եք գտնել ոչ միայն անուններ, այլ նաև տարբեր նախկին զորամասերի տեղահանման ուղիների վերաբերյալ նյութեր, և սա շատ հետաքրքիր է: Ես նախընտրում եմ vgd.ru համացանցային ֆորումը, որն արդեն դարձել է միջազգային: Երբ առաջին անգամ մուտք գործեցի այնտեղ, զարմացա, թե որքան լուրջ են մեր համաքաղաքացիները վերաբերվում իրենց ընտանեկան արմատներին: Հենց այնտեղ ես գտա իմ ընկերոջը, ով իմ ազգականն է հայրական և մայրական կողմից և այժմ ապրում է իմ քաղաքում: Ծագումնաբանական տեղեկատվության և տեղական պատմության տվյալների քանակը, որը նա հասցրել է գտնել, իսկապես շատ տպավորեց ինձ: Երկուսիցս հենց ինձ պատվիրան տրվեց փնտրել իմ նախնիներին, և այժմ ես գիտակցում եմ, որ իրականում հենց նա, առանց հատուկ ցուցումների, տրամադրեց իր ամբողջ ազատ ժամանակը հետազոտություններ կատարելու համար: Շուրջ տասը տարի նա եռանդուն ուսումնասիրում էր արխիվացված փաստաթղթերը, տեղական պատմության վերաբերյալ գրքեր կարդում, օրագրեր պահում և հետազոտական արշավներ կատարում: Երբ ես հարցրի նրան, թե ինչու է դա անում, նա պատասխանեց, որ իրականում ինքը հստակ չգիտի: Իրոք, Եղիայի ոգին վերջին օրերին ազդում է մարդկանց վրա, և որքան հիանալի է, որ մենք ավելի ու ավելի շատ համախոհներ ունենք:

Նույնիսկ, եթե մեր տարածաշրջանների արխիվային նյութերը թվայնացված չեն, և մենք ֆիզիկապես ի վիճակի չենք այցելել արխիվներ, միշտ էլ կարող եք գտնել մարդկանց, ովքեր կարող են այցելել այնտեղ մեր փոխարեն, կամ կարող ենք ինքներս խնդրագիր ուղարկել արխիվ: Իհարկե, դա իրագործելու համար գուցե հարկ լինի որոշակի գումարներ զոհաբերել, բայց իրականում տոմսերի և կացարանի արժեքը շատ հաճախ գերազանցում է այդ գումարը: Ես շատ շնորհակալ եմ ընտանեկան պատմության մեր խորհրդատուների համար, ովքեր անցած ամիսների ընթացքում բոլորի համար անցկացրել են ընտանեկան պատմության մի քանի հեռավար ուսուցումներ: Սրանք ընտանեկան պատմության հետ կապված «որտե՞ղ» և «ինչպե՞ս» հարցերի պատասխանների ընդամենը մի քանի օրինակներ են, իսկ իրականում կան շատ նմանատիպ հարցեր:

Աշխատանքը շարունակվում է, և մենք պետք է շարունակենք այն ու երբեք կանգ չառնենք: Մեզ շատ հնարավորություններ են տրամադրվել, և դա իրականում մեր անձնական ցանկության խնդիրն է: Կարևոր է հիշել, որ «առանց նրանց, մենք չենք կարող կատարյալ դառնալ. ոչ էլ նրանք կարող են առանց մեզ կատարյալ դառնալ» (Վարդապետություն և Ուխտեր 128.18):

Տպել