2021
Եղիայի ոգին իմ ոչ ավետարանական ընտանիքում
Հուլիս 2021


Եղիայի ոգին իմ ոչ ավետարանական ընտանիքում

Ես մկրտվեցի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, երբ գրեթե 19 տարեկան էի: Այն փաստը, որ իմ մկրտությունը ընտանիքում ծանր հակասություններ չառաջացրեց, արդեն հրաշք էր ինձ համար. ի վերջո, նույնիսկ այն միտքը, որ Աստված կարող է շփվել անհատի հետ, դեռ հարազատներիս հասկացողությունից վեր է: Հետևաբար, ես այնքան էլ չէի ցանկանում իմ ընտանիքի անդամներին բացահայտել վերականգնված ավետարանի բոլոր սկզբունքները: Ես զգացի, որ առաջին հերթին նրանք պետք է հասկանան այն հիմնական սկզբունքները, որոնք միսիոներներն ու լիաժամկետ կամավորները ուսուցանում են որպես առաջին երկու դասերի մաս:

Երբ սկզբում զբաղվում էի տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքով, հասկացա, որ դա ինձ համար հեշտ չի լինի: Ես ինձ որոշ չափով անհանգիստ էի զգում և աշխատում էի այս աշխատանքի մասին չհայտնել իմ հարազատներին, քանի որ վախենում էի նրանց բացատրել մահացածների համար կատարվող տաճարային արարողությունները: Ինձ ավելի վախեցրեց այն միտքը, որ ինչ-որ պահի ես ստիպված կլինեմ նրանցից թույլտվություն խնդրել արարողությունները կատարելու համար:

Սակայն ես հասկացա, որ քանի դեռ ողջ էին մայրիկիս տատն ու հայրիկիս մորաքույրը, ես ստիպված էի շտապել: Երեք տարի առաջ տատիկիս այցելելիս ես դժվարությամբ կարողացա անհրաժեշտ տեղեկություններ հավաքել նրա կողմից իմ նախնիների մասին:

Ընտանեկան պատմության մասին ես չփորձեցի խոսել հայրիկիս մորաքրոջ հետ: Ինձ թվում էր, որ պարզապես անիրատեսական էր նրանցից ինչ-որ բան հարցնել ընտանեկան պատմության մասին, քանի որ նրանք ապրում էին տարբեր երկրներում և կարող էին իրենց թույլ տալ հեռախոսով միմյանց հետ խոսել ընդամենը երեք րոպե (ռոմինգի բարձր գնի և համացանցից օգտվելու բարդության պատճառով): Ինչպես պարզվեց, իրականում ես սխալվում էի:

Իմ մեծ մորաքույրը չի հավատում Աստծուն, բայց նա շատ բան է հիշում իր նախնիների մասին: Ամեն տարի նա մեկնում է մեկ այլ վայր՝ այցելելու իր մոր գերեզմանին և հիանալի հիշում է իր տատիկներին ու պապիկներին, նրանց ծննդյան և մահվան տարեթվերը, ինչպես նաև ընտանիքի այլ տոհմերի տարբեր հարազատների անունները: Ամեն անգամ, երբ 2-3 րոպե զանգահարում եմ նրան, ես իրականում նոր բան եմ սովորում իմ նախնիների մասին:

Ես հասկանում եմ, որ նրան դուր է գալիս այս աշխատանքը: Ես զարմացած եմ և իսկապես հիանում եմ, թե նա ինչպես է պատվում իր նախնիներին և պահպանում տեղեկություններ ու պատմություններ նրանց մասին՝ ոչ թե այն պատճառով, որ սա պատվիրան է (ի վերջո, նա չի հավատում, որ գոյություն ունեն Աստծո կողմից տրված պատվիրաններ), այլ որովհետև դա ոգեշնչում է նրան: Հուսով եմ, որ ապագայում սա նույնպես կօգնի նրան գալ Քրիստոսի մոտ, և նրա օգնության շնորհիվ ես կկարողանամ ավելի շատ անուններ ներկայացնել՝ տաճարային արարողությունները կատարելու համար:

Տաճարային և ընտանեկան պատմության մեջ ներգրավվելով՝ ես ականատես եղա, թե ինչպես է Եղիայի ոգին աշխատում բոլորի հետ, նույնիսկ նրանց, ովքեր չեն հավատում Քրիստոսին: Վերջերս մայրս սկսեց սովորել վերականգնված ավետարանի սկզբունքները: Նրա կողմից ավետարանի սկզբունքների ըմբռնումը ամեն անգամ մեկ քայլով աճում է: Չնայած նա դեռ չունի անհրաժեշտ հավատը՝ դրանցից մի քանիսը հասկանալու համար, սակայն նա առաջընթաց է գրանցում: Ես տեսնում եմ, թե ինչպես է վերջին վեց տարիներին Տերը նախապատրաստում մեր ընտանիքի անդամներին՝ իրենց հոգևոր պատրաստվածության չափով: Եվ ես զգում եմ, որ այժմ եկել է ժամանակը մայրիկիս և նրա մոր հետ քննարկելու տաճարային արարողություններ կատարելու համար պահանջվող թույլտվությունը:

Ես միշտ անհամբեր սպասում եմ դեպի Տիրոջ տուն իմ նոր այցելությանը, որպեսզի իմ նախնիների հետ կիսվեմ Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդունելու հնարավորությամբ: Ես գիտեմ, որ Տերն օգնում է մեզ այս սուրբ գործում, քանի դեռ մենք ցանկանում ենք այն առաջ տանել:

Տպել