2021
Տաճարները սկսում են լցնել Երկիրը
Հուլիս 2021


Տեղական նորություններ

Տաճարները սկսում են լցնել Երկիրը

Ես սիրում եմ տաճարները: Ես սիրում եմ վերադառնալ այնտեղ և մեկ անգամ ևս խորասուզվել այնտեղ տիրող հատուկ մթնոլորտի մեջ, որը մենք սկսում ենք զգալ նույնիսկ տաճար տանող ճանապարհին՝ դրան մոտենալիս: Ես գիտեմ, որ տաճարը Տիրոջ տունն է: Ես բազմիցս համոզվել եմ, թե որքան մոտ եմ զգում Տիրոջը այնտեղ գտնվելու ժամանակ, կարծես թե գալիս եմ այցելելու իմ սիրող հորը՝ հեռախոսով կամ տեսազանգով նրա հետ կապվելու փոխարեն:

Ես գալիս եմ տաճար՝ սովորելու, հիշելու իմ ուխտերը, ավելին իմանալու Քրիստոսի մասին, ավելին իմանալու մեր երկնային տան մասին և ոգեշնչում ստանալու այն մասին, թե ինչպես ապրել ներկայիս ժամանակներում: Ես գալիս եմ տաճար ծառայելու, մոտենալու իմ հարազատներին, ովքեր նախկինում անցել են վարագույրի այն կողմը, ու նաև օգնելու ուրիշներին՝ ունենալ սերունդների միջև կապի զգացողությունը և տեսնել հավերժական հեռանկարը:

Ես գալիս եմ տաճար նաև հայտնություններ ստանալու համար: Ես տաճարում հաճախ էի ստանում իմ հարցերի պատասխանները, իսկ երբեմն ստանում էի այն հարցերի պատասխանները, որոնք դեռ չէի հասցրել տալ: Տաճար կատարած իմ ամենահիշարժան ճամփորդությունը տեղի ունեցավ, երբ ես գնացի այնտեղ պարզապես ծառայելու՝ առանց անձնական խնդրանքների կամ հարցերի ցուցակի: Տաճարային ծառայության ամեն օրը Տերն իմ սիրտը լցնում էր հատուկ զգացումներով, որոնք օգնում էին ինձ հասկանալ, թե Նա ինչ է իրականում ցանկանում ինձ շնորհել ապագայում: Անկեղծ ասած, այդ պահին ինձ թվում էր, որ դրա կարիքը չունեմ: Ես շատ էի խորհում այդ մասին: Հիմա ես հասկանում եմ, որ տաճար կատարած հենց այդ ուղևորությունն էր, որ դարձավ իմ առաջին քայլը դեպի իմ աշխարհայացքի փոփոխությունը, ինչպես նաև իմ առաջին քայլը դեպի այն փոփոխությունները, որոնք հետագայում տեղի ունեցան իմ կյանքում, ավելի ճիշտ, ոչ թե որպես իմ առաջին քայլը դեպի փոփոխություններ, այլ դեպի դրանք ընդունելու իմ կարողությունը:

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սեփական հարցերը՝ ասված և չասված, ձևակերպված և չձևակերպված: Իրոք, մեր Երկնային Հայրը ճանաչում է մեզ, գիտի մեր սրտերը, ինչպես նաև գիտի մեր հարցերը: Իրոք, Նա կարող է մեզ պատասխանել մեր տներում, իսկ երբեմն՝ երբ քայլում ենք փողոցով, կամ գնում ենք աշխատանքի: Բայց մենք գիտենք, որ նույնիսկ մարգարեները հաճախ հեռանում էին դեպի լեռները՝ Տիրոջը դիմելու և պատասխաններ ստանալու համար: Արդյո՞ք մենք նույնպես չպիտի հետևենք նրանց օրինակին:

Տաճարը հատուկ վայր է: Երբ մենք ձգտում ենք ավելի հաճախ տաճար այցելել, մենք իրականում Նրան ցույց ենք տալիս, որ ցանկանում ենք ավելի հաճախ մոտենալ Նրան: Մենք ցույց ենք տալիս, որ ձգտում ենք միշտ արժանի լինել Նրա ներկայությանը: Մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք Նրան, քանի որ, երբ սիրում ես մեկին, իրականում ցանկանում ես հնարավորինս մոտ լինել այդ մարդուն:

Երբ ես մեկնում էի լիաժամկետ միսիա ծառայելու, խորհուրդ ստացա՝ հնարավորինս հաճախ տաճար այցելելու ջանքեր գործադրել: Ես ծառայում էի Դնեպրոպետրովսկի միսիայում (Ուկրաինա)՝ նույնիսկ նախքան տաճարի նվիրագործումը Կիև քաղաքում, այնպես որ ես հիանալի հասկանում էի, որ միսիայում ծառայության ավարտից հետո անմիջապես կկարողանամ տաճար այցելել մեկուկես տարի անց կամ նույնիսկ ավելի ուշ, հաշվի առնելով, որ ես ապրում էի Ռուսաստանում: Այն մարդը, ում հետ մենք զրուցեցինք, գիտեր այդ մասին, ուստի ասաց. «Եթե չեք կարող ֆիզիկապես գնալ կամ տաճար հաճախել, պետք է անեք դա ձեր մտքում և սրտում: Դուք կարող եք խորհել տաճարային փորձառության մասին և հիշել ձեր ուխտերը: Պարզապես ժամանակ հատկացրեք, փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, թե ինչպես եք տաճար մտնում: Ի՞նչ եք դուք տեսնում: Ի՞նչ հոտ եք զգում: Ի՞նչ ձայներ եք լսում: Ի՞նչ է կատարվում ձեր սրտում: Փորձեք զգալ տաճարի մթնոլորտը: Փորձեք դա պահել ձեր հոգու ներսում»:

Եվ դա, ըստ էության, օգնեց ինձ իմ կյանքի դժվարին պահերին՝ պարզապես փակել աչքերս և անդրադառնալ տաճարի մթնոլորտին, աղոթել ու զգալ խաղաղությունը: Դա, անշուշտ, օգնում է մի փոքր ավելի մոտ զգալ Աստծուն: Ուրախ եմ, որ ապրում եմ մի ժամանակաշրջանում, երբ տաճարները սկսում են լցնել Երկիրը: Ես սպասում եմ այն պահին, երբ Ռուսաստանում տաճար կկառուցվի և կբացվի այցելությունների համար: Տաճարներում աշխատանքներ են տարվում, որոնք հնարավոր չէ կատարել որևէ այլ վայրում, և մենք օրհնված ենք, որ այդ աշխատանքի մասն ենք կազմում:

Տպել