2021
Տաճարում սրտերն ավելի ուժգին են բաբախում
Հուլիս 2021


Տաճարում սրտերն ավելի ուժգին են բաբախում

Երբ ինձ խնդրեցին տաճարի մասին վկայություն գրել «Լիահոնա» ամսագրի համար, ես շատ զարմացա և նույնիսկ վախեցա, քանի որ դա մեծ պատասխանատվություն է: Բայց հետո ես հասկացա, որ դա նաև իմ սեփական վկայությունը ուժեղացնելու հրաշալի առիթ է, որը չպետք է բաց թողնել: Ես տաճար եմ այցելել մեկուկես տարի առաջ, և դա ինձ համար երկար ժամանակ է, բայց կփորձեմ վերհիշել այնտեղ ունեցած իմ բոլոր զգացումները:

Տաճարի հետ իմ ծանոթությունը սկսվեց իմ մանկության տարիներին, երբ կիրակի օրերին ես ընտանիքիս անդամների հետ մասնակցում էի ճյուղի ժողովներին: Մեզ ասում էին, որ տաճարը Աստծո տունն է, որ տաճարը միշտ մաքուր է, և որ մեր մարմինը նույնպես տաճար է մեր հոգու համար, և մենք պետք է ձգտենք մաքուր լինել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգևորապես (սա ես հիշեցի ընդմիշտ): Տաճարային աշխատանքի մասին ես իմացա նաև, որ մարդիկ, ովքեր չեն մկրտվել Եկեղեցում և արդեն հեռացել են այս աշխարհից, կարող են փրկվել՝ մկրտվելով:

Ես տաճարն առաջին անգամ տեսա, երբ տասը տարեկան էի, բայց չէի կարող ներս մտնել, քանի որ դեռ փոքր էի: Հետևաբար, ես այն տեսա միայն դրսից: Հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ տաճար մտնում ու դուրս գալիս: Նրանք սպիտակ հագուստներով էին, շատ հանգիստ ու մաքուր: Ես անհամբեր սպասում էի այն ժամանակին, երբ ես նույնպես կկարողանայի տաճար մտնել: Երբ դարձա 12 տարեկան, վերջապես կարողացա ամռանը մի խումբ այլ երիտասարդների հետ այցելել տաճար: Այնտեղ գնալու ճանապարհին ես հանդիպեցի շատ այլ մարդկանց, և այնքա՜ն հրաշալի էր, որ մենք բոլորս միասին մտնելու էինք տաճար: Երբ այդ պահը եկավ, ես շատ անսովոր զգացողություններ ունեցա: Տաճար մտնելիս ես հանգստացա և ընկղմվեցի խոհերի մեջ: Հանկարծ զգացի, թե սիրտս ինչպես սկսեց ավելի ուժգին բաբախել տաճարի լռության մեջ, իսկ հետո խաղաղության ու ակնածանքի զգացումները պատեցին սիրտս, և ես զգացի Սուրբ Հոգու ուժեղ ազդեցությունը:

Ծնողներս մեծ աշխատանք կատարեցին՝ գտնելով մեր նախնիներին, և դա շատ լավ է: Այդ պատճառով ես տաճարում իմ առաջին մկրտությունը կատարեցի իմ նախապապի համար: Տաճարային աշխատանքը ուրիշներին ծառայելու լավագույն միջոցներից մեկն է: Դուք հնարավորություն եք տալիս մարդկանց, ովքեր որոշ պատճառներով բաց են թողել այս կյանքում Քրիստոսի մոտ գալու հնարավորությունը: Որքա՜ն հրաշալի է իմանալ, որ այս մարդիկ կարող են զգալ նույն ոգին, ինչ դու ես զգում:

Իմ կյանքի այս պահին ես շատ հարցեր ունեմ իմ Երկնային Հորը: Երբեմն կասկածում եմ, բայց տաճարում ունեցած զգացմունքներն իսկապես լավն են, և ես ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ դրանցով կիսվել:

Տպել