2023
Ինչպես է Աստվածային ինքնությունն ազդում պատկանելության և դառնալու վրա
Մարտ 2023


«Ինչպես է Աստվածային ինքնությունն ազդում պատկանելության և դառնալու վրա», Լիահոնա, մարտ 2023։

Ինչպես է Աստվածային ինքնությունն ազդում պատկանելության և դառնալու վրա

Երբ մենք առաջնահերթությունը տանք Աստծո հետ մեր հարաբերություններին և Հիսուս Քրիստոսի հետ մեր աշակերտությանը, մենք ուրախություն կգտնենք մեր աստվածային ինքնության մեջ, ձեռք կբերենք պատկանելության մշտական զգացում և, ի վերջո, կհասնենք մեր աստվածային ներուժին։

Նկար
մի խումբ տարբեր մարդիկ

Ամերիկյան հոգեբանների ասոցիացիան պատկանելությունը սահմանում է որպես` «խմբի կողմից ընդունված լինելու և հավանության արժանանալու զգացում»։1

Ցավոք, մեզանից ոչ բոլորն ունեն պատկանելության զգացում և երբեմն փորձում ենք փոխել մեզ՝ մարդկանց կողմից ընդունված լինելու համար: «Մենք բոլորս ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մարդկանց հետ», - բացատրում է բրիտանացի հոգեբույժ Ջոաննա Քենոնը։ «Դրան հասնելու համար մենք հաճախ մարդկանց ներկայանում ենք մեր տարբեր կողմերով՝ կախված հանգամանքներից և միջավայրից։ Մենք տարբեր վարքագծեր ենք դրսևորում աշխատավայրում, տանը և նույնիսկ առցանց»։2

Կարևոր է նշել, որ լավ հարաբերություններ ստեղծելը տարբերվում է պատկանելուց։ Ամերիկացի հետազոտող և հեղինակ Բրենե Բրաունը նշել է․ «Լավ հարաբերություններ ունենալը և պատկանելը նույնը չեն։ Իրականում, լավ հարաբերությունների ձգտելը պատկանելու ամենամեծ խոչընդոտներից մեկն է։ Լավ հարաբերություններ ստեղծել նշանակում է` գնահատել իրավիճակը և դրսևորել հատուկ վարքագիծ՝ ուրիշների կողմից ընդունված լինելու համար: Պատկանելը, մյուս կողմից, մեզանից չի պահանջում փոխել մեր էությունը, այլ պահանջում է, որ մենք լինենք այնպիսին, ինչպիսին կանք»։3

Մեր աստվածային ինքնության ճանաչումը առանցքային նշանակություն ունի պատկանելությունն իմաստալից դարձնելու համար. հակառակ դեպքում, մենք կվատնենք մեր ժամանակն ու ջանքերը՝ հարմարեցնելով մեր անձերը, որպեսզի ընդունելություն գտնենք այնպիսի վայրերում, որտեղ չի հարգվում մեր հավերժական էությունը և անհամապատասխան է դրան։ Ավելին, պատկանելության վայրի ընտրությունը կարող է հանգեցնել մեր արժեքների և վարքագծի փոփոխությանը, քանի որ մենք հարմարվում ենք խմբային նորմերին և չափանիշներին։ Ժամանակի ընթացքում մեր պատկանելության վայրի ընտրությունը ազդում է այն բանի վրա, թե մենք ինչպիսին ենք դառնում։

Կարճ ասած, մեր աստվածային ինքնության ընդունումը ազդում է այն միջավայրի ընտրության վրա, որտեղ մենք ցանկանում ենք պատկանել, իսկ մեր ընտրած միջավայրին պատկանելը հանգեցնում է նրան, թե ինչպիսին ենք մենք ի վերջո դառնում։

Աստվածային ինքնություն

Մենք բոլորս ապրել ենք Աստծո հետ նախամահկանացու կյանքում (տես Վարդապետություն և Ուխտեր 93.29, 138.55-56)։ Մենք ստեղծվել ենք Նրա պատկերով՝ արու և էգ (տես Ծննդոց 1.27)։ Նա նախապատրաստեց մի ծրագիր, որ մենք դառնանք Իր նման (տես Վարդապետություն և Ուխտեր 132․19-20, 23-24)։ Երջանկության նրա ծրագիրը ներառում էր հետևյալը․ գալ երկիր՝ ֆիզիկական մարմին, գիտելիք ձեռք բերելու համար, և ի վերջո վերադառնալ մեր երկնային տուն՝ Նրա հետ հավերժական ուրախության մեջ ապրելու համար (տես 2 Նեփի 2, 9, Աբրահամ 3․26)։ Աստված հայտնել է․ «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39)։ Գուցե անհավանական է թվում, բայց մենք ենք Նրա գործը և փառքը։ Սա ինչ-որ բան է ասում Նրա համար մեր մեծ նշանակության և կարևորության մասին։

Հաշվի առնելով երկրագնդի վրա միլիարդավոր մարդկանց առկայությունը՝ ոմանց համար գուցե դժվար լինի ընդունել, որ Աստված ուշադիր է մեզանից յուրաքանչյուրի հանդեպ։ Ես վկայում եմ, որ Նա գիտի մեզանից յուրաքանչյուրին, նաև տեղյակ է, թե ինչ ենք մենք անում, որտեղ ենք մենք և նույնիսկ «[մեր] սրտի բոլոր մտքերն ու խորհուրդները» (Ալմա 18․32)։ Մենք ոչ միայն «հաշվելի» ենք Աստծո համար (Մովսես 1․35), այլ նաև կատարելապես սիրված ենք Նրա կողմից (տես 1 Նեփի 11․17

Մեր հանդեպ Իր կատարյալ սիրո շնորհիվ Երկնային Հայրը ցանկանում է կիսվել մեզ հետ այն ամենով, ինչ Ինքն ունի (տես Վարդապետություն և Ուխտեր 84․38)։ Ի վերջո, մենք Նրա դուստրերն ու որդիներն ենք։ Նա ուզում է, որ մենք նմանվենք Իրեն, անենք այն, ինչ Ինքն է անում, և զգանք այն ուրախությունը, որ Ինքն ունի։ Երբ մենք բացում ենք մեր սրտերն ու միտքը այս ճշմարտության համար, «նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ» (Հռովմայեցիս 8․16-17

Մահկանացու տարբերություններ

Նախաերկրային կյանքում մենք քայլել ենք Աստծո հետ, լսել Նրա ձայնը և զգացել Նրա սերը։ Այնուհետև, մոռացության վարագույրի միջով մենք անցել ենք մահկանացու կյանք։ Մենք այլևս ոչինչ չենք հիշում մեր նախորդ կյանքից։ Այս մահկանացու միջավայրի պայմանները խոչընդոտում են, որ մենք զգանք մեր աստվածային էությունը և պատկանելությունը, որը մենք վայելում էինք մեր երկնային տանը։

Օրինակ՝ չափազանց շատ կենտրոնացումը մեր ծագումնաբանական և իրավիճակային տարբերությունների վրա, կարող է խոչընդոտ հանդիսանալ Աստծո հետ մեր կապի համար։ Հակառակորդը փորձում է օգտագործել այս տարբերությունները՝ շեղելու մեզ մեր ընդհանուր աստվածային ծագումից։ Ուրիշները պիտակավորում են մեզ և երբեմն նույնիսկ ինքներս ենք ընդունում դրանք։ Երկրային բնութագրերի վրա հիմնվելով՝ ուրիշների հետ ընդհանրություններ գտնելու մեջ որևէ էական սխալ չկա. իրականում, մեզանից շատերը ուրախություն և աջակցություն են գտնում նմանատիպ հատկություններ և փորձառություններ ունեցող մարդկանց մեջ։ Այնուամենայնիվ, երբ մենք՝ որպես Աստծո զավակներ, մոռանում ենք մեր հիմնական ինքնությունը, կարող ենք սկսել վախենալ, չվստահել կամ մեզ ավելի բարձր զգալ նրանցից, ովքեր տարբերվում են մեզանից։ Այս վերաբերմունքը հաճախ հանգեցնում է բաժանման, խտրականության և նույնիսկ ոչնչացման (տես Մովսես 7․32-33, 36

Երբ մենք հիշում ենք մեր աստվածային ժառանգությունը, մեր բազմազանությունը ավելի է գեղեցկացնում և հարստացնում կյանքը։ Մենք մեզ տեսնում ենք որպես եղբայրներ և քույրեր՝ չնայած մեր տարբերություններին։ Մենք սկսում ենք հարգել միմյանց և սովորել իրարից։ Մենք ձգտում ենք աջակցող վայրեր տրամադրել ուրիշներին՝ պատկանելու համար, հատկապես, երբ նրանց հատկանիշներն ու փորձառությունները տարբերվում են մեր ունեցածից։ Մենք երախտագիտություն ենք զգում Աստծո հանդեպ՝ Նրա ստեղծագործությունների բազմազանության համար։4

Թեև մեր ծագումնաբանությունը և շրջակա միջավայրը ազդում են մահկանացու կյանքի մեր փորձառության վրա, դրանք չեն սահմանում մեր էությունը։ Մենք Աստծո զավակներ ենք՝ Նրան նմանվելու ներուժով։

Պատկանել Հիսուս Քրիստոսի միջոցով

Իմանալով, որ մահկանացու կյանքում մենք զգալի մարտահրավերների ենք հանդիպելու, Աստված նախապատրաստեց և ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ օգնելու մեզ հաղթահարել այդ խոչընդոտները։ Քրիստոսն առաջարկում է օգնել մեզ վերահաստատել այն մտերմիկ հարաբերությունները, որ ունեցել ենք Աստծո հետ նախաերկրային կյանքում։ Քրիստոսը բացատրել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14․6, տես նաև Հովհաննես 3․16-17

Քրիստոսը միշտ պատրաստ է օգնել մեզ։ Մենք Նրան ենք պատկանում (տես Ա Կորնթացիս 6․20), և Նա ցանկանում է, որ մենք գանք Իր մոտ։ Փրկիչն անձամբ է խոստացել. «Եկ ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կընդունեմ քեզ» (3 Նեփի 12․24

Այսպիսով, մենք ինչպե՞ս ենք գալիս Քրիստոսի մոտ սրտի ողջ նվիրվածությամբ։

Առաջինը՝ մենք ընդունում ենք Նրան որպես մեր Փրկիչ և Քավիչ։ Մենք գիտակցում ենք Աստծո մեծությունը, մեր կորսված և ընկած վիճակը և փրկվելու համար մեր բացարձակ կախվածությունը Հիսուս Քրիստոսից։ Մենք ցանկանում ենք ճանաչվել Նրա անունով (տես Մոսիա 5․7-8) և լինել Նրա աշակերտները «մնացած մեր բոլոր օրերում» (Մոսիա 5․5

Երկրորդ՝ մենք գալիս ենք Քրիստոսի մոտ սրտի ողջ նվիրվածությամբ՝ Աստծո հետ սուրբ ուխտեր կապելով և պահելով (տես Եսայիա 55․3)։ Ուխտերը կապվում են Հիսուս Քրիստոսի ավետարանի փրկարար և վեհացնող արարողությունների միջոցով, որոնք կատարվում են քահանայության իշխանություն ունեցողների կողմից։

Նկար
երիտասարդ տղամարդը հաղորդությունը փոխանցում է անդամներին

Ուխտեր կապելը և պահելը մեզ ոչ միայն կապում է Աստծո և Նրա Որդու հետ, այլև մեզ կապում է միմյանց հետ։ Մի քանի տարի առաջ ես ընտանիքիս հետ այցելեցի Կոստա Ռիկա, որտեղ Եկեղեցու տեղական միավորում մասնակցեցինք հաղորդության ժողովին։ Երբ մենք ներս մտանք, մի քանի անդամներ ջերմորեն դիմավորեցին մեզ։ Ժողովի ընթացքում մենք երգեցինք հաղորդության օրհներգը անդամների փոքրիկ խմբի հետ միասին։ Մենք հետևեցինք, թե քահանաներն ինչպես նախապատրաստեցին հաղորդությունը, իսկ հետո լսեցինք նրանց կողմից ասված հաղորդության աղոթքները։ Երբ հացն ու ջուրը փոխանցվում էին մեզ, ես Աստծո սիրով համակվեցի ուխտերը պահող իմ ընկերակիցների հանդեպ։ Նախքան այդ ժողովը ես նրանցից ոչ մեկին չէի հանդիպել, բայց միասնություն ու հարազատություն զգացի նրանց հետ, քանի որ մենք բոլորս Աստծուն տվել էինք նույն խոստումները և ձգտում էինք պահել դրանք։

Երբ մենք Աստծո հետ սուրբ ուխտեր ենք կապում և ձգտում ենք պահել դրանք, մենք սկսում ենք ավելի շատ զգալ պատկանելու էությունը, քան կարող էինք հասնել դրան որևէ երկրային կամ աշխարհիկ խմբի մասը լինելու միջոցով։5 Մենք «այլևս օտար ու պանդուխտ չենք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ» (Եփեսացիս 2․19

Ես գիտակցում եմ, որ մեզանից ոմանք մահկանացու հանգամանքների բերումով հնարավորություն չեն ունենա ստանալ յուրաքանչյուր արարողություն և կապել յուրաքանչյուր ուխտ այս մահկանացու կյանքում։6 Նման դեպքերում Աստված խնդրում է, որ մենք անենք ամեն բան, «ինչ կարող ենք անել» (2 Նեփի 25․23)՝ մեզ հասանելի ուխտերը կապելու և պահելու համար։ Այնուհետև Նա խոստանում է մեզ հնարավորություն տալ ստանալու մնացած ցանկացած արարողություն և ուխտ՝ հաջորդ կյանքում (տես Վարդապետություն և Ուխտեր 138.54, 58)։ Նա հնարավոր կդարձնի, որ մենք ստանանք յուրաքանչյուր օրհնություն, որ Նա ունի Իր զավակների համար (տես Մոսիա 2․41

Նկար
Հիսուսը մի քանի երեխաների հետ

Նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Աստված ուրախանում է, երբ մենք զգում ենք սերը, միասնությունը և ուժը, որոնք բխում են Նրան, Նրա Որդուն և Նրանց հետևողներին պատկանելու խոր զգացումից։ Ինչևէ, Նա շա՜տ ավելի կարևոր ու ոգևորիչ ծրագրեր ունի մեզ համար։ Մինչ Նա հրավիրում է մեզ Իր մոտ գալ այնպիսին, ինչպիսին կանք՝ մեր անկատարություններով հանդերձ, Նրա իրական ցանկությունն է, որ մենք դառնանք այնպիսին, ինչպիսին Ինքն է։

Ուխտեր կապելը և պահելը ոչ միայն օգնում է մեզ պատկանել Աստծուն և Քրիստոսին, այլ նաև մեզ տալիս է Նրանց նմանվելու զորություն (տես Վարդապետություն և Ուխտեր 84․19-22)։ Երբ մենք պահում ենք ավետարանի փրկարար և վեհացնող արարողությունների հետ կապված ուխտերը, Աստծո զորությունը կարող է հոսել մեր կյանք։ Մենք կարող ենք ուխտի ուղին դիտարկել որպես աստվածային աշակերտության ծրագիր։ Երբ մենք Աստծո հետ ուխտեր ենք կապում ու պահում դրանք, մենք վարժվում ենք մտածել, վարվել և սիրել, ինչպես Նա։ Նրա օգնությամբ և զորությամբ մենք կարող ենք աստիճանաբար նմանվել Նրան։

Աստված ցանկանում է, որ մենք միանանք Իրեն և Իր Որդուն և միասին կարողանանք «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39)։ Նա մեզանից յուրաքանչյուրին այս երկրի վրա տվել է ժամանակ, հոգևոր պարգևներ և ազատություն, որպեսզի օգտագործենք դրանք ուրիշներին ծառայելիս։ Մենք Նրա որդիներն ու դուստրերն ենք, և Նա կարևոր աշխատանք ունի մեզ համար (տես Մովսես 1․4, 6

Նրա աշխատանքում արդյունավետ լինելու համար մենք պետք է կենտրոնանանք ուրիշների կարիքների վրա և սովորենք Աստծուն առաջին տեղում դնել և հաճախ ուրիշների կարիքները վեր դասենք մեր կարիքներից։ Ուրիշների կարիքների վրա կենտրոնանալը պահանջում է անձնական զոհաբերություն (տես Վարդապետություն և Ուխտեր 138․12-13), բայց նաև ավելի շատ իմաստ և ուրախություն է հաղորդում մեր կյանքին (տես Ալմա 36․24-26

Երբ մենք ներգրավվում ենք Աստծո աշխատանքում, մենք պարզապես չենք պատկանում՝ որպես խմբի անդամներ, այլ դառնում ենք Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի իրական գործընկերները։ Չկա ավելի հրաշալի զգացում, քան իմանալը, որ Աստված բավականաչափ վստահում է մեզ, որպեսզի աշխատի մեր միջոցով՝ ուրիշներին հավերժական կյանք բերելու համար։

Նկար
իրար հետ շփվող մի խումբ տարբեր մարդիկ

Երեք հրավեր

Եզրափակելով՝ ես ուղղում եմ երեք հրավեր, որոնք կարող են օգնել մեզ ձեռք բերել ինքնության և պատկանելու ուրախ և մնայուն զգացում և հնարավորություն տալ մեզ հասնելու մեր աստվածային ներուժին։

1․ Ես հրավիրում եմ մեզ առաջնահերթություն տալ մեր աստվածային ինքնությանը՝ որպես Աստծո դուստրեր և որդիներ։ Սա նշանակում է, որ մենք մեր ինքնագնահատականի հիմքում դնում ենք մեր աստվածային ծագումը։ Մենք ձգտում ենք կառուցել մեր հարաբերությունները Աստծո հետ աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության, Հանգստյան օրը պահելու, տաճարային երկրպագության և ցանկացած այլ գործունեության միջոցով, որը Սուրբ Հոգին հրավիրում է մեր կյանք և ամրացնում մեր կապը Նրա հետ։ Մենք թույլ ենք տալիս Աստծուն տնօրինել մեր կյանքը։7

2․ Ես հրավիրում եմ մեզ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկիչ և մեր աշակերտությունը վեր դասել այլ նկատառումներից։ Սա նշանակում է, որ մենք վերցնում ենք Նրա անունը մեզ վրա և ցանկանում ենք ճանաչվել որպես Նրա հետևորդներ։ Մենք ամեն օր ձգտում ենք ձեռք բերել Նրա ներողամտությունը և Նրա ուժը։ Մենք ուխտեր ենք կապում և պահում դրանք։ Մենք ձգտում ենք նմանվել Նրան։

3․ Ես հրավիրում եմ մեզ ներգրավվել Աստծո աշխատանքում՝ օգնելով ուրիշներին գալ դեպի Քրիստոսը և ձեռք բերել հավերժական կյանք։ Սա նշանակում է, որ մենք օգնում ենք ուրիշներին տեսնել իրենց աստվածային ինքնությունը և ունենալ պատկանելության զգացում: Մենք բացահայտորեն կիսում ենք այն ուրախությունը, որ գտնում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մեջ (տես Ալմա 36․23-25)։ Մենք ձգտում ենք օգնել ուրիշներին Աստծո հետ սուրբ ուխտեր կապել և պահել։ Մենք փնտրում ենք Աստծո առաջնորդությունը, որպեսզի իմանանք, թե ում կարող ենք օրհնել և ինչպես։

Ես խոստանում եմ, որ եթե մենք առաջնահերթությունը տանք Աստծո հետ մեր հարաբերություններին և Հիսուս Քրիստոսի հետ մեր աշակերտությանը, մենք ուրախություն կգտնենք մեր աստվածային ինքնության մեջ, ձեռք կբերենք պատկանելության մշտական զգացում և, ի վերջո, կհասնենք մեր աստվածային ներուժին։

«Աստվածային ինքնությունը, դառնալը և պատկանելությունը» վերնագրով ելույթից, տրված 2022 թվականի մայիսի 25-ին, Բրիգամ Յանգ-Հավայի Համալսարանում հոգևոր երեկոյի ժամանակ։

Հղումներ

  1. APA Dictionary of Psychology, s.v. “belonging,” dictionary.apa.org.

  2. Joanna Cannon, “We All Want to Fit In,” Psychology Today (blog), July 13, 2016, psychologytoday.com.

  3. Brené Brown, Daring Greatly: How the Courage to Be Vulnerable Transforms the Way We Live, Love, Parent, and Lead (2015), 231–32.

  4. Մորմոնի Գիրքը խոսում է մի ժամանակի մասին, երբ անկախ տարբերություններից, մարդիկ միավորված էին Աստծով (տես 4 Նեփի 1.15-17)։ Մարդկանց այդ խումբը հիշում էր իր աստվածային ժառանգությունը, Նրա հանդեպ իրենց հավատարմությունն ամեն ինչից վեր էր դասում և ապրում էր ուրիշների հետ միասնության ու սիրո մեջ՝ չնայած ծագումնաբանական տարբերություններին և միջավայրի զանազանությանը։

  5. Տիրոջ սուրբ տունը ստեղծում է նաև հավասարության և ուխտին պատկանելու միջավայր։ Դիտարկեք հետևյալը տաճարում ունեցած մեր փորձառության մասին. Բոլորը հրավիրված են պատրաստվելու և որակավորվելու տաճարային երաշխավորագրի համար։ Բոլորս հագնում ենք սպիտակ հագուստ, որը խորհրդանշում է բոլորիս մաքրությունը և հավասարությունը Աստծո առաջ։ Մենք միմյանց եղբայր կամ քույր ենք անվանում և չենք օգտագործում պաշտոնական երկրային կոչումները։ Բոլորին տրվում են սովորելու նույն հնարավորությունները։ Բոլորին առաջարկվում են նույն ուխտերն ու արարողությունները և կարող են ստանալ նույն հավերժական օրհնությունները։

  6. Երկրի վրա ապրած 117 միլիարդ մարդկանցից (տես Տոշիկո Կանեդա և Կարլ Հաուբ, “How Many People Have Ever Lived on Earth?,” Population Reference Bureau, May 18, 2021, prb.org/articles/how-many-people-have-ever-lived-on-earth) համեմատաբար քչերն են օգտվել ավետարանի բոլոր փրկարար և վեհացնող արարողություններից։ Արդյունքում, Աստծո զավակների ճնշող մեծամասնությունը կարիք կունենա ստանալու այս արարողությունները հոգևոր աշխարհում։

  7. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92-95։

Տպել