2023
Ամեն բան լավ կլինի
Մարտ 2023


«Ամեն բան լավ կլինի», Լիահոնա, մարտ 2023։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Ամեն բան լավ կլինի

Ժամերն անվերջանալի էին թվում, մինչև սպասասրահում վիրաբույժներից մեկը մոտեցավ մորս։

Նկար
Ռասսել Մ. Նելսոնը նայում է սրտի մոդելին

Ռասսել Մ. Նելսոնի լուսանկարը՝ Էլդոն Ք․ Լինշոտենի

1980-ականների սկզբին հայրս, որը տառապում էր սրտի ծանր հիվանդությամբ, սրտի վիրահատության ենթարկվեց, որը մենք հույս ունեինք կերկարացներ նրա կյանքը։

Այդ ժամանակ վիրաբույժների կողմից օգտագործվող նորարարական միջամտությունները նոր էին Ուրուգվայում։ Վիրաբույժները աորտայի փականը փոխարինեցին արհեստական փականով։ Ի վերջո, այդ վիրաբուժական միջամտությունը սովորական դարձավ և փրկեց անթիվ կյանքեր։

Քանի որ վիրահատությունը ներառում էր այս հեղափոխական վիրաբուժական միջամտությունը, մի քանի սրտաբաններ ներկա էին վիրահատությանը և հետևում էին ընթացքին։ Մինչ վիրաբույժները վիրահատում էին, մայրս անհանգիստ նստած էր սպասասրահում։ Ժամերն անվերջ էին թվում։

Մենք ուրախացանք, երբ իմացանք, որ վիրահատությունը շատ հաջող է անցել։ Վիրահատարանից դուրս գալուն պես վիրաբույժներից մեկը առանձնացավ մյուս վիրաբույժներից և գնաց սպասասրահ։ Նա այցելու վիրաբույժ էր, որը եկել էր Ուրուգվայ՝ վերահսկելու վիրահատությունը։

Նա մոտեցավ մորս, կանգ առավ և հուսադրող ձեռքը դրեց նրա ուսին։ Ապա, նայելով նրա աչքերին, ասաց. «Ամեն բան լավ կլինի»։

Վիրաբույժը ճիշտ էր։ Հայրս ապրեց ևս 24 տարի՝ ծառայելով Տիրոջը ամբողջ սրտով, այժմ առողջ՝ մինչև իր կյանքի վերջին օրը։

Եկեղեցու վերջին գերագույն համաժողովի ժամանակ մայրս հիշեց շատ տարիներ առաջ տեղի ունեցած այդ հատուկ այցելության մասին։ Իրականում, նա ամեն անգամ հիշում է, երբ այցելող վիրաբույժը՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, խոսում է Սրբերի հետ։

Տիրոջ բոլոր մարգարեներն ինչ-որ առումով առանձնահատուկ են մեզ համար։ Ոմանք առանձնահատուկ են, քանի որ նրանք ծառայում էին որպես Եկեղեցու նախագահ, երբ մենք երիտասարդ էինք։ Ոմանք առանձնահատուկ են, քանի որ նրանք ծառայում էին որպես նախագահ, երբ մենք մկրտվեցինք։ Իմ և մորս համար նախագահ Նելսոնը առանձնահատուկ է, քանի որ նա գիտի, որ յուրաքանչյուր լուրջ բժշկական միջամտություն վերաբերում է ոչ միայն հիվանդին, այլև այդ հիվանդի սիրելի մարդկանց։ Նա գիտի, որ ընտանիքի անդամները քաջալերանքի, ուժի և վստահություն ներշնչող խոսքերի կարիք ունեն, երբ սիրելիի առողջությունը կամ կյանքը վտանգված է։

Մենք միշտ երախտապարտ կլինենք տարիներ առաջ Ուրուգվայում նախագահ Նելսոնի վստահեցնող խոսքերի և իր ողջ կյանքում Երկնային Հորը և Երկնային Հոր զավակներին ծառայելու համար։

Տպել