2023
Հետևենք Քրիստոսի օրինակին. հոգ տանենք կարիքավորների մասին
Մարտ 2023


«Հետևենք Քրիստոսի օրինակին. հոգ տանենք կարիքավորների մասին» Լիահոնա, մարտ 2023։

Հետևենք Քրիստոսի օրինակին. հոգ տանենք կարիքավորների մասին

Սննդամթերքի արտադրություն, արձագանք արտակարգ իրավիճակներին և սպասավորություն․ կան բազմաթիվ եղանակներ, որոնցով մենք կարող ենք սեր ցուցաբերել մեր մերձավորների հանդեպ։

Նկար
Հիսուսը բժշկում է կույրին

Ես կհավատամ, Լիզ Լեմոն Սվինդլ, պատճենահանումն արգելվում է

Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները ձգտում են ապրել երկու մեծ պատվիրաններով՝ սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորին (տես Մատթեոս 22․37-39)։ Այս երկու մեծ պատվիրաններին և Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելը առաջնորդում է Եկեղեցուն և նրա անդամներին հոգ տանել կարիքավորների մասին։

Այսպիսով, ինչպե՞ս է Եկեղեցին օգնում հոգ տանել կարիքավորների մասին։ Իսկ ինչպե՞ս կարող են անդամները մասնակցել այս մեծ գործին։

Օգնելու եղանակներ

Որպես Եկեղեցու անդամներ՝ մենք փորձում ենք գտնել կարիքավորներին և օգնություն ցույց տալ Աստծո բոլոր զավակներին՝ անկախ նրանց ռասայից, ազգությունից կամ կրոնից։

Մենք հոգում ենք կարիքավորների մասին բազմաթիվ եղանակներով․

  • Ծոմապահություն և ծոմի նվիրատվությունների օգտագործում։

  • Միմյանց սպասավորում։

  • Ինքնապահովման ծրագրեր։

  • Սնունդ, կրթություն, մաքուր ջուր և առողջապահական համաշխարհային ծրագրեր։

  • Արձագանք արտակարգ իրավիճակներին։

  • Կամավորական ծրագրեր համայնքում։

Թեև Եկեղեցու որոշ մարդասիրական նախաձեռնություններ իրականացվում են մեծ մաստշաբներով, նույնիսկ փոքր ջանքերը միասին կարող են մեծ ազդեցություն ունենալ։ Ահա մի քանի օրինակ, թե ինչպես են Եկեղեցու անդամներն օգնում կարիքավորներին։

Նկար
մարդիկ միասին սեղանի խաղ են խաղում

2022 թվականի փետրվարից սկսած Վերջին Օրերի Սրբերը Լեհաստանում օգնել են փախստականներին տրանսպորտով, սննդով և ապաստանով։

Սպասավորենք հակամարտության ընթացքում

Ռեյան և Սթերլինգ Ջարվիսները` Եկեղեցու անդամները Վարշավայում (Լեհաստան), չգիտեին, թե ինչ սպասել, երբ որոշեցին փախստականներին ընդունել իրենց տանը։ Բայց նրանք պատրաստ էին ամեն կերպ օգնել։

Եվրոպայում հակամարտության սկսվելուց անմիջապես հետո հինգ հոգուց բաղկացած ուկրաինացի ընտանիքը ժամը 1․00-ին հասավ իրենց դռան մոտ։ Նրանք անցել էին մոտ 500 մղոն (800 կմ)՝ ապահովություն գտնելու համար։ Ջարվիսները իրենց տանը հյուրընկալեցին Մարինա և Սերհի Բովտներին և նրանց երեք երեխաներին։ Ժամանակի ընթացքում նրանք անկեղծ սեր և մտահոգություն ցուցաբերեցին Բովտ ընտանիքի հանդեպ։ «Երբ դու կիսվում ես քո սիրով, այն մեծանում է», - ասել է Մերինան Ջարվիսների ծառայության օրինակի մասին։ «Դա մեզ ավելի է մոտեցնում միմյանց և Տիրոջը»։

Որպես Եկեղեցու անդամներ՝ մենք ձգտում ենք հետևել Փրկչի օրինակին՝ սպասավորելով մեզ շրջապատող մարդկանց։ Պարտադիր չէ, որ մարդիկ փախչեն պատերազմից կամ հալածանքներից, որպեսզի օգնության կարիք ունենան։ Մեր կողմից ցուցաբերած բարության յուրաքանչյուր արարք, անկախ նրանից, թե որքան փոքր է, կարող է լավ ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի կյանքի վրա։

Համայնք, որտեղ կիսվում են

Եկեղեցուն պատկանող մշակաբույսերի ֆերմայում, որը գտնվում է Լայե քաղաքում (Հավայան կղզիներ), ավելի քան 310 ընտանիք աճեցնում է բերք՝ իրենց ընտանիքներին աջակցելու համար։ Իրենց 1,25 ակր (մոտ 0,5 հա) հողատարածքներում այդ ընտանիքներն աճեցնում են տարո, տապիոկա, քաղցր կարտոֆիլ, հացամթերք, գուավա և կղզիներին հատուկ այլ մշակաբույսեր։

Ֆերման ղեկավարվում է միսիոներական զույգի կողմից և աջակցություն է ստանում այլ միսիոներների և անդամների կողմից։ Այս կամավորներն օգնում են մաքրել հողը, պատրաստվել վարուցանքին և սովորեցնում են գյուղատնտեսական հիմնական հմտություններ։

Այս միսիոներների, անդամների և կամավորների շնորհիվ շատ մարդիկ, ովքեր սննդի կարիք ունեն Հավայան կղզիներում, ավելի լավ են կարողանում իրենց ապահովել, երբ աշխատատեղերը սակավ են։ Համայնքն ավելի ուժեղ է, երբ մարդիկ աշխատում են միասին՝ հոգ տանելով ֆերմայի համար և կիսելով այն, ինչ աճեցնում են։

Եկեղեցու մարդասիրական ծրագրերն օգնում են ապահովել սննդի անվտանգությունը, կրթություն, մաքուր ջուր և առողջապահական ծառայություններ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար։ Եկեղեցին նաև առաջարկում է բազմաթիվ ռեսուրսներ՝ ինքնապահովումը բարելավելու համար՝ ներառելով եպիսկոպոսների պահեստները, զբաղվածության կենտրոնները, Դեզերեթ արդյունաբերական խանութները, Ընտանեկան ծառայությունների խորհրդատվությունը, ինքնապահովման դասընթացները և Եկեղեցու սեփականություն հանդիսացող ֆերմաներն ու այգիները, ինչպիսիք են մշակաբույսերի ֆերմաները, որոնք գտնվում են Լայե քաղաքում (Հավայան կղզիներ)։ Այս նախագծերին հաճախ աջակցում են անդամները և միսիոներները, որոնց ժամանակի, տաղանդների և այլ ռեսուրսների անձնուրաց նվիրաբերումները մեծապես փոխում են կարիքավորների կյանքը։

Պատմություն ընկերության մասին

2021 թվականին Եկեղեցու մոտ 200 անդամներ արձագանքեցին օգնության կանչին։ Նրանք գնացին Գերմանիայի, Միացյալ Նահանգների և այլ վայրերի կենտրոններ՝ օգնելու Աֆղանստանից եկած մոտ 55000 փախստականների։

Շատ կամավորներ ծառայեցին այս կենտրոններում երկու-երեք շաբաթ, իսկ ոմանք մնացին նույնիսկ ավելի երկար։ Եկեղեցու անդամները արձագանքեցին ապաստան փնտրողների հրատապ կարիքներին՝ ապահովելով սնունդ, հագուստ և այլ պարագաներ։

Սփոփող միության քույրերը Գերմանիայում նկատեցին, որ շատ աֆղան կանայք իրենց գլուխները ծածկելու համար օգտագործում էին իրենց ամուսինների վերնաշապիկները՝ ավանդական գլխաշորերի փոխարեն, քանի որ դրանք օդակայանի ամբոխի մեջ կորել կամ վնասվել էին։ Սփոփող միության այս քույրերը հավաքվեցին և կարիքի մեջ գտնվող այդ կանանց համար կարեցին ավանդական մահմեդական հագուստ՝ ցուցաբերելով բարություն և հարգանք ուրիշների հանդեպ և մի կողմ դնելով իրենց համոզմունքների տարբերությունը։

Քույր Շերոն Յուբենկը՝ Վերջին Օրերի Սրբերի Բարեգործական կազմակերպության տնօրենը, ասել է․ «Մեր անհատական ջանքերը միշտ չէ, որ պահանջում են գումար տրամադրել կամ հեռուներ հասնել․ դրանք պահանջում են Սուրբ Հոգու առաջնորդությունը և հոժար սիրտ՝ Տիրոջն ասելու․ «Ահա ես, ինձ ուղարկիր» [Եսայիա 6․8]»։1

Աղետների ժամանակ ծառայելու ցանկությունն է պատճառը, որ Եկեղեցին հաճախ առաջինն արձագանքող խմբերից մեկն է՝ և՛ ժամանակավոր, և՛ երկարաժամկետ օգնության դեպքերում։ Եկեղեցու անդամների և միսիոներների աշխատանքն օգնում է կարիքավորներին ապահով զգալ, ստանալ ֆիզիկական և մտավոր խնամք և զգալ Աստծո սերը ուրիշների բարության միջոցով։

Նկար
Քրիստոսը բժշկված բորոտի հետ

Այն ինը որտե՞ղ են Լիզ Լեմոն Սվինդլ, պատճենահանումն արգելվում է

Գործին կանչված  

Վարդապետություն և Ուխտեր 4․3 հատվածում ասվում է․ «Ուստի, եթե դուք ցանկություն ունեք Աստծուն ծառայելու, ապա կանչված եք գործին»։ Այն ամենը, ինչ անում է Եկեղեցին, ծառայելու շատ հնարավորություններ է տալիս։

Կարիքավորներին օգնելու համար Եկեղեցու կազմակերպված ջանքերից շատերը հնարավոր են միայն միսիոներների և անդամների ծառայության միջոցով։ Ոչ բոլորն են կարողանում ընդունել փախստականների ընտանիք, ապահովել ուրիշների ֆիզիկական կարիքները կամ թողնել ամեն ինչ՝ աղետի ժամանակ օգնելու համար։ Բայց յուրաքանչյուր մարդ իր դերն ունի կատարելու, և յուրաքանչյուրի ներդրումը զգացվում ու գնահատվում է։

Անդամների կողմից այս աշխատանքին աջակցելու ամենակարևոր ձևերից մեկը ծոմի նվիրատվություններն ու մարդասիրական նվիրատվություններն են։ Այս սուրբ նվիրատվություններն օգտագործվում են օգնելու նրանց, ովքեր առավել կարիքավոր են և մեծ ազդեցություն են թողնում նրանց կյանքի վրա, ովքեր օգնություն են ստանում։ Եկեղեցու անդամները կարող են ծառայել մարդասիրական միսիաներում, կազմակերպել ինքնապահովման դասընթացներ և կամավոր լինել եպիսկոպոսների պահեստում ու Դեզերեթ արդյունաբերական խանութներում։ Դուք կարող եք նաև հոգ տանել կարիքավորների մասին համայնքային ծառայության, որպես դոնոր արյուն հանձնելու, սպասավորման հանձնարարությունների, աղոթքի և այլ միջոցներով։

Մենք բոլորս կանչված ենք գործին։ Մենք կանչված ենք՝ հետևելու Հիսուս Քրիստոսի օրինակին և սիրելու Աստծուն և մեր մերձավորին։ Մեզ անհրաժեշտ է միայն պատրաստակամ սիրտ։

Տպել