2023
Դու միշտ իմացել ես
Մարտ 2023


«Դու միշտ իմացել ես», Լիահոնա, մարտ 2023

Նկարներ հավատքի թեմայով

Դու միշտ իմացել ես

Ես ստացել էի վերականգնված ավետարանի վկայությունը, բայց դեռ 10 ամիս կար, մինչև իմ պայմանագրի ավարտը՝ որպես մեկ այլ եկեղեցու սպասավոր։

Նկար
ուսուցիչը սեմինարիայի ուսանողների հետ

Լուսանկարը՝ Լեսլի Նիլսոնի

Երբ ես մոտ ինը տարեկան էի, մի օր ատամս ուժեղ ցավում էր։ Ցավն անտանելի դարձավ, իսկ մենք ատամնաբույժի այցելելու գումար չունեինք։ Այդ ժամանակ ես ապրում էի Մեքսիկայում՝ իմ հրեշտակ տատիկի հետ։

Արցունքն աչքերին նա հարցրեց ինձ. «Դու հավատու՞մ ես Հիսուսին, հավատո՞ւմ ես, որ Նա կարող է օգնել քեզ»։

Ես ասացի, որ հավատում եմ։ Նա խնդրեց ինձ գնալ կողքի սենյակ, ծնկի գալ և աղոթել հրաշքի համար։ Ես ջերմեռանդ աղոթքով դիմեցի Տիրոջը, բայց ոչինչ տեղի չունեցավ։ Հիասթափված՝ ես որքան կարող էի ճնշում գործադրեցի ծնոտիս վրա և երկրորդ աղոթքն ասացի։ Շուտով ցավն անցավ։ Երբ վազեցի տատիկիս պատմելու, նրան գտա ծնկաչոք՝ Աստծուն աղերսելիս, որ օգնի իր փոքրիկ թոռանը։ Ես երբեք չեմ մոռանա այդ տեսարանը և շնորհակալ եմ տատիկիս։

Դրան հետևեցին հոգևոր այլ փորձառություններ։

Երբ դարձա 14 տարեկան, տեղափոխվեցի Տեխաս (ԱՄՆ)` միանալու ծնողներիս և քույրերիս ու եղբայրներիս։ Ես գտա այդ տարածքի եկեղեցին և սկսեցի կանոնավոր հաճախել։ Աստծո հետ ունեցած իմ փորձառությունների շնորհիվ ես ցանկացա Նրա անունով և ավետարանով կիսվել բոլորի հետ, ովքեր կլսեին ինձ։ 15 տարեկանում ընդունվեցի կրոնական դպրոց՝ եկեղեցու սպասավոր դառնալու համար։ Երկու տարի շարունակ Աստվածաշնչի դասերի էի հաճախում դպրոցից առաջ, դասերից հետո և հանգստյան օրերին։

Մի առավոտ ավագ դպրոցում տղաների հանդերձարանում աղմուկ լսեցի։ «Դու մորմոն ես»,- բղավեց ինչ-որ մեկը։ Ես նախկինում երբեք չէի լսել այդ եզրույթը, բայց այն հնչում էր որպես վիրավորանք։

Ավելի ուշ իմացա, որ այն մարդը, ում վրա բղավում էին, իմ լավ ընկեր Դերեկն էր։

«Ես ցավում եմ, որ քեզ մորմոն են անվանել»,- ասացի ես։

Դերեկը ժպտաց և հարցրեց. «Դու չգիտես, թե ինչ է մորմոնը, այնպես չէ՞»։

Նա ինձ ասաց, որ դա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների մականունն է։

«Ուրեմն դու քրիստոնյա՞ ես»,- հարցրի ես։

Երբ նա ասաց՝ այո, ես ուրախացա՝ իմանալով, որ մենք կիսում ենք հավատք առ Հիսուս Քրիստոսը։

«Դուք Աստծուն հարցրե՞լ եք»

«Ովքե՞ր են այդ մորմոնները,- խորհում էի ես,- և ինչի՞ն են նրանք հավատում»։

Պարզելու համար ես դիմեցի համացանցի օգնությանը։ Մի քանի րոպե անց ես որոշեցի, որ ընկերս, ի վերջո, քրիստոնյա չէ, և որ նա գնալու էր դժոխք։ Այսպիսով, ես ձեռնամուխ եղա նրան փրկելու առաքելությանը։

Հաջորդ երկու տարիների ընթացքում ես կարդում էի Եկեղեցու մասին իմ գտած յուրաքանչյուր գիրք, ներառյալ ամբողջ Մորմոնի Գիրքը՝ երկու անգամ։ Ես նաև հանդիպեցի Դերեկի և լիաժամկետ միսիոներների հետ՝ փորձելով օգնել նրանց։

Երբ դարձա 17 տարեկան, ավարտեցի հոգևոր դպրոցը, ձեռնադրվեցի հոգևորական և դարձա Տեխասի մի փոքրիկ համայնքի հովիվ։ Իմ ձեռնադրումից երկու ամիս անց ես ևս մեկ զրույց ունեցա միսիոներների հետ։

Նրանցից մեկը հարցրեց. «Դու կարդացել ես Մորմոնի Գիրքը և անցել յուրաքանչյուր դաս, որը մենք կարող ենք առաջարկել, բայց դու հարցրե՞լ ես Աստծուն՝ արդյոք մեր ուղերձը ճշմարիտ է։ Դու կճանաչես Նրա պատասխանը, այնպես չէ՞»։

«Իհարկե»,- պատասխանեցի ես հպարտությամբ։

«Ինչպես տեսնում եմ, դա քո համար շահեկան իրավիճակ է»,- պատասխանեց միսիոները։ «Եթե Աստծուն հարցնես, թե արդյոք այն, ինչին քո ընկերը հավատում է, ճշմարիտ է, և Աստված ասի՝ ոչ, ապա դու կկատարես այն առաքելությունը, որի համար սկսել ես այս ճանապարհը։ Բայց եթե Նա ասի, որ մեր ուղերձը ճշմարիտ է, ապա մտածիր, թե դա ինչ կտա քեզ»։

Ես երբեք այդ կերպ չէի մտածել դրա մասին։ Այդ երեկո ես ծնկի իջա իմ սենյակում՝ Մորոնի 10․3-5-ը կարդալուց հետո։ Աստծուց ստացած իմ պատասխանը պարզ էր, բայց զորեղ։ Մեղմ ու նուրբ ձայնով Նա պատասխանեց ինձ․ «Դու միշտ իմացել ես»։

Իմ աշակերտության նոր շրջադարձը

Այժմ, երբ ես վկայություն ունեի վերականգնված ավետարանի մասին, ինչպե՞ս վարվեի իմ ծառայության հետ։ Դեռ 10 ամիս կար մինչև իմ պայմանագրի ավարտը՝ որպես եկեղեցու սպասավոր։ Շատ աղոթելուց և Աստծո հետ խորհրդակցելուց հետո ես որոշեցի ավարտել ծառայությունս։ Հաջորդ 10 ամիսների ընթացքում ես շարունակեցի կիսվել ավանդական աստվածաշնչյան ճշմարտություններով, բայց հնարավորության դեպքում ավելացրի վերականգնված ավետարանի հեռանկարը։ Մարդիկ արձագանքեցին այդ ճշմարտություններին, և իմ փոքրիկ հոտի այցելուները 20-ից դարձան գրեթե 150-ը։

Պայմանագիրս ավարտելուց հետո ինձ առաջարկեցին մշտական պաշտոն, բայց ես գիտեի, որ ժամանակն էր մկրտվել Եկեղեցում։ Ժամանակն էր՝ նոր շրջադարձ կատարելու աշակերտության իմ ճանապարհին։

Երբ ես պատմեցի իմ ընտանիքի անդամներին, նրանք ուրախ չէին սկզբում։ Բայց Եկեղեցուն միանալուց երեք ամիս անց ես մկրտեցի մորս և իմ եղբորն ու քրոջը։ Օկլահոմա Օկլահոմա Սիթի միսիայում լիաժամկետ միսիա ծառայելուց հետո ես մկրտեցի իմ կրտսեր քրոջը։

Եթե ինչ-որ մեկը հարցնում է, թե ինչու եմ փոխել իմ կրոնը, ես միշտ պատասխանում եմ. «Ես չեմ փոխել իմ կրոնը․ ես մնացել եմ բարեպաշտ քրիստոնյա։ Ավելի շուտ, ես պարզապես ամրապնդեցի իմ հարաբերությունները Փրկչի հետ՝ դառնալով Նրա Եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մկրտված անդամը։ Ես այժմ ավելի լավ եմ ճանաչում Նրան, քան նախկինում՝ ավետարանի վերականգնման, Մորմոնի Գրքի, ժամանակակից մարգարեների և տաճարում կատարվող փրկության և վեհացման սուրբ արարողությունների շնորհիվ»։

Այսօր ես արտոնություն ունեմ աշխատելու որպես սեմինարիայի լիաժամկետ ուսուցիչ։ Ես շարունակում եմ նվիրել իմ կյանքը Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին։ Եվ բոլոր լսողներին ես շարունակ «մեծ ուրախություն եմ ավետում» (Ղուկաս 2․10

Տպել