2023
Նույնիսկ երբ դուք ծերանում եք, սերը երբեք չի անհետանում
Մարտ 2023


«Նույնիսկ երբ դուք ծերանում եք, սերը երբեք չի անհետանում», Լիահոնա, մարտ 2023։

Ինչպես ծերանանք հավատարմությամբ

Նույնիսկ երբ դուք ծերանում եք, սերը երբեք չի անհետանում

Այս կանայք հասուն տարիքում կանչված են ծառայելու Սփոփող միության նախագահությունում և իրենց փորձն ու հասկացողությունն են փոխանցում ծառայության ընթացքում։

Նկար
երեք տարեց կանայք՝ քայլակներով

Նկարը՝ Ռիչարդ Մ. Ռոմնիի

«Մենք պարզապես կարող ենք լինել Սփոփող միության ամենատարեց նախագահությունը Եկեղեցում»,- ասում է Շերոն Ալեքսանդրը։ Վերջերս լրացել է նրա 89 տարին։ Իսկ նրա խորհրդականներ Մարլեն Պետերսոնը և Դորոթի Առնոլդը համապատասխանաբար 90 և 91 տարեկան են։

«Այսպիսով, մեր միջին տարիքը 90 է»,- ծիծաղելով ասում է Դորոթին։

Սփոփող միության այս նախագահությունը ծառայում է Օգդենում (Յուտա, ԱՄՆ)` ինքնուրույն բնակության հաստատությունում գտնվող ճյուղում։ Հաստատությունը Եկեղեցու բազմաթիվ ավագ անդամների տունն է, և նախագահությանը հաճախ կարելի է տեսնել՝ հենված իրենց քայլակներին, երբ նրանք գնում են դռնից դուռ, ողջունում մարդկանց և ստուգում, որպեսզի համոզվեն, որ բոլորը լավ են։

Ժամանակին տեղի ծխերից մարդիկ նման այցելություններ էին կատարում սպասավորման համար։ Այնուհետև ցցի նախագահը հուշում ստացավ՝ խրախուսելու ճյուղի նախագահությանը հարցնել Տիրոջը, թե որ բնակիչները կարող են ծառայել և որ կոչումներում։

Չափազանց օրհնված՝ ասելու ոչ

«Երբ ճյուղի նախագահը կանչեց ինձ Սփոփող Միության նախագահ,- ասում է Շարոնը,- ես մտածեցի, որ չափազանց շատ օրհնություններ եմ ստացել՝ ոչ ասելու համար»։ Նա իր հերթին հուշում ստացավ, թե ովքեր պետք է լինեին իր խորհրդականները։ «Առաջինը Մարլենը մտքիս եկավ»,- ասում է նա։ «Մենք միասին աշխատել էինք ցցում՝ անուններ պատրաստելով տաճարային աշխատանքի համար։ Ես գիտեի, որ նրա ամուսինը մահացել է ոչ վաղ անցյալում, ու թեև նա ծանր էր տանում այդ կորուստը, նա հավատարիմ անդամ էր»։

Այնուհետև, հաղորդության ժողովից հետո Շարոնը նայեց իր շուրջը՝ ոգեշնչում փնտրելով։ «Ես տեսա Դորոթիին։ Նա ժպտաց ինձ, և ես իմացա, որ նա մյուս խորհրդականն է։ Տերն ինձ առաջնորդեց երկուսի մոտ, և Նա ոչ մեկի հարցում չսխալվեց»։

Մեծ ընտանիքի նման

Շերոնը նույնպես ասում է, որ ինքը տեսնում է առավելությունը, որ հաստատության մարդիկ ծառայում են միմյանց։ «Մենք բոլորս գրեթե նույն իրավիճակում ենք»,- ասում է նա։ «Մենք հասկանում ենք, որ երբեմն անկարող ենք, երբեմն մոռացկոտ, իսկ երբեմն էլ պարզապես լավ չենք զգում։ Եվ մենք գիտենք, թե ինչպես ծիծաղել այն խնդիրների վրա, որոնց բախվում ենք միասին»։

«Այստեղ ապրող մարդիկ մի մեծ ընտանիքի են նման»,- ասում է Մարլենը։ «Մենք միասին ենք գնում ճաշարան, ուստի օրական երեք անգամ տեսնում ենք միմյանց։ Հետո երբեմն միասին ենք նաև միջոցառումների ժամանակ։ Այսպիսով, ես կարծում եմ, որ ցցի նախագահը ոգեշնչում է ստացել, երբ զգացել է, որ այստեղ կան մարդիկ, որոնք կարող են ծառայել միմյանց»։

«Մենք գիտենք, թե ինչ է կատարվում այստեղ ամեն օր։ Մենք իմանում ենք, երբ ինչ-որ մեկը օգնության կարիք է ունենում, կամ երբ ինչ-որ մեկը հիվանդանում է»,- ասում է Դորոթին։

Բացի սպասավորելուց և ուրիշներին ծառայելու հարցում օգնելուց՝ նախագահության անդամները կազմակերպում են Սփոփող միության ուսուցումը։ Նրանք առաջարկում են բնակիչներին, որոնք կարող են կանչվել ուսուցանելու, ապա հարմարեցնում են հանձնարարությունները և ժամանակացույցը՝ ըստ ուսուցիչների անհատական կարիքների։

Հիշե՛ք՝ Տերը սիրում է ձեզ

«Բայց մեր հիմնական գործն է հիշեցնել մյուս բնակիչներին, որ Տերը սիրում է նրանց», - ասում է Մարլենը։ «Եվ երբ մենք անում ենք դա, մենք նույնպես զգում ենք Նրա սերը»։

«Մենք բոլորս էլ դժվարություններ ունենք»,- ասում է Շերոնը։ «Ես հիմա խնդիրներ ունեմ, որոնք չունեի հինգ ամիս առաջ։ Բայց երբ ես խղճում եմ ինքս ինձ, մտածում եմ. «Լսի՛ր, սա ոչինչ է այն ամենի համեմատ, ինչի միջով անցել է Փրկիչը»։ Մենք այստեղ ենք զարգանալու և աճելու համար։ Եվ նույնիսկ ծեր տարիքում, եթե թույլ տաք, որ ձեր փորձառությունները սովորեցնեն ձեզ, կարող եք շարունակել հավերժ սովորել»։

Քանի որ նրանցից յուրաքանչյուրը կորցրել է իր սիրելիներին, նախագահության անդամները նույնպես շատ բան են սովորել կարեկցանքի մասին։ Նրանք գիտեն, թե ինչպես մխիթարել նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն։ Օրինակ՝ մեկ տարում Մարլենը կորցրեց ընտանիքի չորս անդամների և լավագույն ընկերոջը։

«Քանի որ մենք դժվար բաների միջով ենք անցել,- ասում է նա,- մենք կարող ենք օգնել ուրիշներին նույնպես հաղթահարել դժվարությունները։ Եթե մաքառումների մեջ ես, կորցրու քեզ ուրիշներին ծառայելու մեջ։ Դա այն է, ինչ այս կոչումն օգնեց ինձ անել»։

Նախագահության անդամներն իրենց կոչումներում ծառայում են հարուստ փորձառությամբ և հասկացողությամբ։ Նրանք ապրել և աշխատել են շատ վայրերում՝ Կալիֆորնիայում, Օհայոյում, Վայոմինգում և Յուտայում։ Նրանք ծառայել են տաճարում, ծխի և ցցի կոչումներում, Երեխաների միությունում, Երիտասարդ կանանց և մարդասիրական ծառայություններում։ Բայց Դորոթին մինչ այժմ երբեք կոչում չէր ունեցել Սփոփող միությունում։

«Ո՞րն է Սփոփող միության կարգախոսը»,- հարցնում է նա։ «Սերը երբեք չի անհետանում»։ Դա ճիշտ է, երբ դու երիտասարդ ես, բայց նույնքան ճիշտ է, երբ դու մեծ ես։ Որպես նախագահություն՝ մենք դա սովորում ենք ամեն օր»։

«Կարծում եմ՝ մենք իսկապես լավ ենք աշխատում միասին,- ասում է Շարոնը աչքով անելով,- նախագահության համար, որը միջինում 90 տարեկան է»։

Տպել