2023
Հարություն տալու զորությունը
Մարտ 2023


«Հարություն տալու զորությունը», Լիահոնա, մարտ 2023։

Հիսուսի հրաշքները

Մարկոս 5.22-24, 35-42

Հարություն տալու զորությունը

Մենք կարող ենք օգնել բարձրացնել նրանց, ովքեր սպասում են Փրկչի ազատագրմանը։

Նկար
իրար ձեռք բռնած մարդիկ

Պարտված։ Կրկին: Ես ընկա աթոռիս՝ գլուխս կախ։ Ես պարզապես դիտորդ էի, բայց ուժ չունեի կանգնելու։ Մեր թիմը քրտնաջան աշխատել էր։ Ոմանք կապտուկներ ունեին։ Ոմանք խաղադաշտից հեռանում էին կաղալով։ Մեր ավագ դպրոցի ֆուտբոլի թիմի անընդմեջ պարտություններից հետո մենք ոչ միայն ծեծի ենթարկվեցինք, այլև մեր սրտերը կոտրվեցին։

Ճիշտ այն պահին, երբ թվում էր, թե հիասթափությունն ինձ հաղթահարեց, թիմի ամենաերիտասարդ աղջիկներից մեկն անցավ կողքովս։ Ինձ անմիջապես գրավեց նպատակի զգացումը, որը տեսա նրա դեմքին։

Ես դիտում էի, թե նա ինչպես է յուրաքանչյուր մի քանի քայլը մեկ ձեռք մեկնում յուրաքանչյուր աղջկա, բայց ոչ՝ ի նշան պարտության ընդունման։ Փոխարենը, նա անհատական գովասանք, մխիթարություն և կարեկցանք էր արտահայտում։ «Ես երբեք չէի տեսել, որ դու այդքան ջանասիրաբար վազվզեիր, որպեսզի հասնեիր այնտեղ ամեն մի անցման համար։ Դա քո լավագույն խաղն էր»։ Իսկ մյուսին՝ «Օ՜, հրաշալի խաղ էր։ Լուրջ, դու այսօր լավագույնն էիր»։

Յուրաքանչյուր ձեռքսեղմումի ժամանակ նրա մի ձեռքը մնում էր նրա ձեռքում, իսկ մյուս ձեռքը դնում էր ուսին կամ նրբորեն շոյում կապտած և խոտից կանաչած ոտքը։ Ես զգում էի, որ նա ինչ-որ բան է կրում իր մեջ, ուժ, որն ինչ-որ կերպ նրանից փոխանցվում է թիմի յուրաքանչյուր անդամի սրտին։ Ժպիտները սկսեցին ճեղքել ցավոտ կծկումներն ու հիասթափությունը։ Դանդաղ, հերթով, յուրաքանչյուր խաղացող կանգնում էր օդում թրթռացող նոր զգացողությամբ։

Ո՞վ էր մտահոգվում կապտուկների ու ցավի համար։ Ո՞ւմ էր հետաքրքրում զայրույթն ու հիասթափությունը։ Ոչ մեկին։ Բայց ինչպե՞ս կարող էր ընդամենը մեկ ձեռքը ինչ-որ մեկին տանջանքից բարձրացնել՝ հաղորդելով նպատակ և ուժ։

Թույլ տվեք կիսվել որոշ մտքերով, որոնք ես սովորել եմ Փրկչի՝ բարձրացնելու զորության մասին, նաև, թե մենք ինչպես կարող ենք օգնել, ինչպես իմ ընկերը ֆուտբոլի թիմում։

Նոր Կտակարանում մենք կարդում ենք հետևյալ պատմությունը Հայրոսի դստեր մասին։

«Եվ ահա եկավ ժողովրդապետներից մեկը, անունը՝ Հայրոս։ Երբ Հիսուսին տեսավ, նրա ոտքերի առաջ ընկավ․

նրան շատ էր աղաչում և ասում. «Աղջիկս մահամերձ է։ Արի՛, ձեռքդ վրա՛ն դիր, որպեսզի բժշկվի ու ապրի»։

Եվ Հիսուսը գնաց նրա հետ» (Մարկոս 5.22-24

«Եվ Հիսուսը գնաց նրա հետ»

Ինձ դուր է գալիս «Եվ Հիսուսը գնաց նրա հետ» տողը (Մարկոս 5.22-24)։ Հրաշքը դեռ տեղի չէր ունեցել։ Դեռ ավելին, որոշ ողբերգական ուշացում էր տեղի ունենալու, նախքան ընտանիքը կստանար այն, ինչ աղերսում էր։ Սակայն Քրիստոսն արդեն ճանապարհին էր նրանց հետ։

Երբ մեզ անհրաժեշտ է այն, ինչը մենք չենք կարող անել մեզ համար, մենք կարող ենք վստահ լինել, որ Հիսուսը գալիս է մեզ օգնության։ Եվ մենք կարող ենք վստահ լինել, որ եթե հավատքով սպասենք Նրա հրաշքներին մեր կյանքում կամ մեր սիրելիների կյանքում, Նա կքայլի մեզ հետ։ Նա մեզ հետ կքայլի ամբողջ ճանապարհին՝ այն անհանգստության, վախի և վշտի միջով, որոնք կարող են մեզ սպասել ազատագրման ճանապարհին։

«Արի՛, ձեռքդ վրա՛ն դիր»

Բժշկողը մենք չենք, բայց Հայրոսի նման մենք կարող ենք Հիսուս Քրիստոսին` Մեծ Բժշկողին բերել նրանց մոտ, ում սիրում ենք։ Հայրոսը գիտեր, որ Փրկչի ձեռքերը կարող էին մարդուն տանջանքից բարձրացնել՝ հաղորդելով նպատակ և ուժ։

Ես տեսա դա մեր լուսավոր թիմակցի մեջ։ Նա Քրիստոսի լույսով կիսվում էր ֆուտբոլի դաշտում և թույլ տալիս Նրան իրագործելու Իր բժշկումը։ Նրա լույսը բարձր պահելով՝ նա օգնում էր հավաքել Իսրայելը։

Մեզանից յուրաքանչյուրը ունի փրկող ձեռքի կարիք։ Անկախ նրանից, թե որքան խոցելի կթվանք, մենք կարող ենք վստահել, որ Երկնային Հայրը տվել է մեզ Փրկիչ, որը կարող է օգնել մեզ բարձրանալ հուսահատությունից։ Եվ մենք կարող ենք մասնակցել Նրա գործին, ինչպես դա արեց իմ ֆուտբոլիստ հերոսը։

Իսկ եթե վիճակն ավելի վատանա՞, մինչ դուք սպասում եք Նրա օրհնությունների գալուն։

«էլ ինչո՞ւ ես Վարդապետին նեղություն տալիս»

Սակայն Քրիստոսը չկարողացավ արագ հասնել Հայրոսի տուն, և Նա ուշացավ։ Փողոցները մարդաշատ էին, և երբ Նա փորձում էր ճանապարհն անցնել, մեծ հավատքով մի կին, որը նույնպես սպասել էր Նրա բժշկող ձեռքին, դիպավ Նրա հագուստին։

«Որովհետև ասում էր. «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կբժշկվեմ»։

Նրա արյունահոսությունն անմիջապես դադարեց, և իր մարմնի մեջ զգաց, որ իրեն տանջող հիվանդությունից բժշկվեց» (Մարկոս 5․28-29

Որքա՞ն զայրացած էր Հայրոսը։ Որքա՞ն հիասթափեցնող էր ուշացումը։ Երբ նա դուրս էր եկել իր տանից, դուստրն արդեն իսկ մահամերձ էր։ Այնուհետև, մինչ Փրկիչը փնտրեց բժշկված կնոջը և խոսում էր նրա հետ, Հայրոսի տնից մեկը եկավ վատ լուրով. «Աղջիկդ մեռավ, էլ ինչո՞ւ ես Վարդապետին նեղություն տալիս» (Մարկոս 5․35

Ինչպիսի՜ օրհնություն կնոջ համար, որը սպասել էր այդքան երկար։ Բայց ինչպիսի՜ ողբերգություն Հայրոսի և նրա ընտանիքի համար, որոնք բացարձակապես ժամանակ չունեին սպասելու։ Երբեմն, երբ մենք սպասում ենք, գուցե դժվար լինի հույսը պահպանել, որ Նա գալիս է։ Բայց այժմ Հայրոսը և նրա ընտանիքը կարծում էին, որ արդեն ուշ էր հուսալ իրենց անհրաժեշտ հրաշքի համար։ Նրա աղջիկը մահացել էր։ էլ ինչո՞ւ Վարդապետին նեղություն տալ։

Ինչո՞ւ։ Քանի որ այն սահմանները, որոնք մենք ենք երբեմն դնում Փրկչի հրաշքների վրա, ոչինչ չեն նշանակում։ Նա կապված չէ մեր վերջնաժամկետներով, ոչ էլ Նրա զորությունն է սահմանափակվում հնարավորի մեր ըմբռնումով։

Եթե սպասելիս նայենք հավատքի աչքերով, ապա կտեսնենք հավաստիացումներ, որ Նա կազատի մեզ (տես Ալմա 58․11)։ Այս հավաստիացումները կարող են փոխել մեր սրտերը և հաստատել մեր հավատքը Նրա հանդեպ։ Նույնիսկ, եթե թվում է, թե հնարավորությունն անցել է, Նա, այնուամենայնիվ, գալիս է. քո ժամը կգա։

Նկար
Հիսուսը կենդանացնում է Հայրոսի դստերը

Հայրոսի դստեր հարությունը, Գաբրիել Մաքս / Պետեր Հորի / Alamy Stock Photo

«Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»

Հենց որ Փրկիչը լսեց վատ լուրը, Նա ասաց Հայրոսին․ «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛» (Մարկոս 5․36)։ Հայրոսին ուղղված Փրկչի խոսքերը ցույց են տալիս, թե որքան է Նա անհանգստանում, որ հավաստիացնի մեզ սպասել։ Նա չի դադարում սպասավորել, նույնիսկ, երբ մենք ենք դադար առնում։ Նա անմիջապես խրախուսեց Հայրոսին առաջ շարժվել հավատքով։

«Ներս մտավ և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում։ Երեխան մեռած չէ, այլ քնած է»։ …

Հիսուսը, երեխայի ձեռքը բռնելով, նրան ասաց. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է՝ «Աղջի՛կ, ասո՛ւմ եմ քեզ, վե՛ր կաց» (Մարկոս 5․39, 41

Նկատեցի՞ք։ «Երեխայի ձեռքը բռնելով»։ Նրա ձեռքերի մեջ զորություն կա։ Նախագահ Հովարդ Վ. Հանթերը (1907-95) մի անգամ ասել է․ «Ինչի վրա Հիսուսն իր ձեռքը դնի, կապրի»։1 Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի լավ ընդունենք Նրա բժշկող ձեռքը։ Եվ ինչպե՞ս կարող ենք մենք լինել Նրա ձեռքերը՝ օգնելով ուրիշներին բարձրանալ իրենց սրտի ցավի և հուսահատության պահին։

«Աղջիկն իսկույն վեր կացավ ու ման էր գալիս»

Հայրոսի աղջիկն անմիջապես կյանք վերադարձավ․ «Աղջիկն իսկույն վեր կացավ ու ման էր գալիս» (Մարկոս 5․42)։ Մահկանացու կյանքում կլինեն մահճակալներ, որոնցից մենք պետք է բարձրանանք։ Մեզանից յուրաքանչյուրի համար այդ մահճակալները տարբեր տեսք կունենան մարզադաշտում պարտվելուց հետո՝ հուսալքությունից մինչև սիրելիի կորուստը։ Տառապանքն անխուսափելիորեն կգա։ Բայց Նա երբեք չի լքի մեզ, անկախ նրանից, թե որքան սարսափելի կամ վերջնական թվան հանգամանքները։ Երբեմն Նա մեզ թույլ է տալիս անցնել մահի միջով կամ ամայի վայրերով, որպեսզի Նա կարողանա առաջ մեկնել Իր ձեռքերը և լցնել դրանք կյանքով։

Իր Քավության նշանների միջոցով՝ յուրաքանչյուր ձեռքին մեխի դրոշմով, Նա մեզ ցույց է տալիս, որ մենք ենք Իր ծառայության նպատակը․ «Ահա ես քեզ փորագրել եմ իմ ձեռքերի ափերի վրա» (1 Նեփի 21․16)։ Քրիստոսի ծառայության նպատակը եղել է, կա և միշտ կլինի հարություն տալ մեզ մահից, որից մենք չենք կարող խուսափել ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգևորապես, և այս ամենը հնարավոր եղավ Նրա քավիչ զոհաբերության շնորհիվ։

Երբ ունենում ենք նման մեծ վիշտ և դժվարություններ, մենք կարող ենք պատկերացնել ձեռքերը, որոնք յուրաքանչյուր ափի մեջ ունեն նշանը, որը բերում է ոչ միայն բարություն և սեր, այլև ուժ՝ հաղթահարելու դրանք։ Նրա հանդեպ հավատք գործադրելով՝ աշխարհի Քավչի կողմից ամբողջական վերականգնումը կգերակայի այն ամենի վրա, ինչին մենք կհանդիպենք։

Եվ մենք կարող ենք լինել Նրա ձեռքերը մյուսների համար, ովքեր Նրա հպման կարիքն ունեն։

Ես վկայում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կբարձրանա մեր սեփական թուլություններից և, ի վերջո, գերեզմանից։ Հիշեք, նույնիսկ, եթե ամեն ինչ կորած է թվում, Նա այնտեղ է և մեկնում է փրկարար զորությամբ լի Իր ձեռքերը։ Պատկերացրեք այն ուրախությունը, որը կգա, երբ Նա կբռնի ձեր ձեռքը և կհայտարարի. «Ասո՛ւմ եմ քեզ, վե՛ր կաց»։ Եվ մենք վեր կկենանք։

Տպել