2023
Երբ իմ աշխարհը խավար էր, ես դիմեցի Քրիստոսին
Մարտ 2023


«Երբ իմ աշխարհը խավար էր, ես դիմեցի Քրիստոսին», Լիահոնա, մարտ 2023։

Չափահաս երիտասարդներ

Երբ իմ աշխարհը խավար էր, ես դիմեցի Քրիստոսին

Երբ իմ շրջապատը լի էր խավարով, ես վստահ չէի, թե ինչ է նշանակում հիմք ունենալ Քրիստոսում։

Նկար
կինը նայում է դեպի լույսը

Լուսանկարը տրամադրել է Getty Images-ը, ներկայացված է մոդել

Վերջին գերագույն համաժողովի ուղերձում Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական նախագահ Հենրի Բ․ Այրինգը խոսեց աշխարհի չար ժամանակների մասին. «Պողոս առաքյալը գրել է Տիմոթեոսին․ «Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան» (Բ Տիմոթեոս 3․1

… Եվ այսպես, ավելի դժվար և ոչ թե հեշտ կլինի հարգել ուխտերը, որոնք մենք պետք է կապենք և պահենք Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու համար»։1

Երբ լսեցի այս խոսքերը, անհանգստություն զգացի։ Վենեսուելայում՝ իմ տանը, ես արդեն իսկ կանգնած էի մարտահրավերների առջև։ Այսպիսով, իմ սրտում այդ ժամանակ ես ունեի նմանատիպ հարցեր․ «Ինչպե՞ս կարող եմ լավատես մնալ այս խավար աշխարհում» և «Ինչպե՞ս կարող եմ պայծառ ապագա ակնկալել այսքան սև ներկայում»։

Եվ ահա նախագահ Այրինգը առաջարկեց լուծումը։ Նա մեջբերեց Հելաման 5․12, որը խոսում է մեր հիմքը կառուցելու մասին «մեր Քավիչի վեմի վրա, որը Քրիստոսն է»։

Ես միշտ հավատացել եմ, որ այս սուրբ գրությունը ճշմարիտ է, բայց Փրկչի վրա իմ հիմքը կառուցելը այդքան էլ հեշտ չէր ստացվում։ Այնուամենայնիվ, երբ ես ավելի մոտեցա Քրիստոսին, տեսա, որ ամեն ինչ գործում է ձեր բարիքի համար, երբ ձեր հավատքը ամուր է Նրանում (տես Վարդապետություն և Ուխտեր 90․24

Լքվածության զգացում

Մի քանի ամիս առաջ իմ ընտանիքից աղետալի լուր ստացա։ Աշխարհը կարծես փլվեց աչքիս առաջ։ Ես զգացի, որ թմրած եմ, շփոթված և այնքան անհանգստացած, որ նույնիսկ հիվանդացա։

Ես չէի հասկանում, թե մենք ինչու էինք նման դժվարությունների առաջ կանգնած, երբ փորձում էի հավատարիմ լինել։ Ես մտածեցի, որ գուցե ինչ-որ սխալ բան եմ արել։ Ապագան մռայլ էր թվում, և ես այնպիսի զգացողություն ունեցա, կարծես լքված էի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից։

Իմ նեղության մեջ ես խոսեցի մի լավ ընկերոջ հետ։ Նա ասաց մի բան, որը երբեք չեմ մոռանա․ «Կարծում եմ, որ այս իրավիճակը լավ հնարավորություն է խորհելու Տիրոջ հետ քո անձնական հարաբերությունների մասին։ Անկախ ամեն ինչից՝ դու կարող ես որոշել և օգնություն հայցել Նրանից։ Եթե դու այդպես վարվես, Նա քեզ կտա սեր և մխիթարություն, որի կարիքն ունես հենց հիմա»։

Այդ խոսքերը փոխեցին իմ հեռանկարը։ Ես զայրացած էի, վիրավորված և շփոթված՝ ելնելով իմ հանգամանքներից, բայց ես ունեի ընտրություն։ Անկախ նրանից, թե ինչի միջով ենք անցնում, ինչ վախեր ունենք կամ ինչ դժվարությունների ենք հանդիպում, Հիսուս Քրիստոսը միշտ մեր կողքին է։ Մենք ենք ընտրում՝ մոտենալ Նրան հավատքով, այլ ոչ թե հեռանալ Նրանից անհանգիստ ժամանակներում։

Ահա թե ինչպես ենք մենք ամրացնում մեր հավատքի հիմքը Նրանում և դիմակայում աշխարհի դժվարություններին։ Ընտրելով Նրան։

Ինչպես ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը․ «Այս զտիչի կրակի մեջ Աստծո վրա բարկանալու փոխարեն՝ մոտեցեք Աստծուն։ Կանչեք առ Հայրը՝ Որդու անունով: Ամեն օր Հոգով քայլեք Նրանց հետ: Թույլ տվեք Նրանց ժամանակի ընթացքում ցույց տալ Իրենց հավատարմությունը ձեր հանդեպ: Իսկապես ճանաչեք Նրանց և իսկապես ճանաչեք ինքներդ ձեզ»։2

Քրիստոսը սպասում էր, որ ես դիմեի Նրա օգնությանը։ Դա չէր նշանակում, որ Նա կլուծեր իմ բոլոր խնդիրները կամ անմիջապես ամեն բան լավ կլիներ իմ կյանքում և ընտանիքում, բայց Նա օգնեց ինձ դառնալ ավելի լավը, գտնել ուրախություն և դառնալ ավելի կատարելագործված։

Եվ ժամանակի ընթացքում, երբ ես փնտրեցի Փրկչին աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և հավատքի միջոցով, Նա օգնեց ինձ ներել ընտանիքիս անդամներին և նորից ուրախություն հրավիրել իմ կյանք, թեև որոշ մարտահրավերներ դեռևս չեն լուծվել։

Ապահովության խոստում

Սրանք, անշուշտ, վերջին չար օրեր են։ Մենք լսում ենք պատերազմների և պատերազմների համբավների, համաճարակների, բնական աղետների մասին, և ես վստահ եմ, որ առջևում կլինեն ավելի դժվար ժամանակներ։ Այնուամենայնիվ, վեմի վրա կառուցելը, որը Հիսուս Քրիստոսն է, և Նրան վստահելը միշտ մեզ խաղաղություն և ուրախություն կպարգևի, անկախ նրանից, թե ինչի ենք բախվում։ Ինչպես ուսուցանել է նաև նախագահ Այրինգը․ «Նրանց համար, ովքեր մտահոգված են իրենց և իրենց սիրելիների համար, հույս կա այն խոստման մեջ, որ Աստված մի ապահով վայր է նախատեսել՝ մեզ գալիք փոթորիկներից պաշտպանելու համար»։3

Ինչպիսի՜ հզոր և գեղեցիկ խոստում։ Եվ ես տեսել եմ այդ խոստումի իրականացումը իմ կյանքում։ Ես գիտեմ, որ սա Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն է, և որ Նա է բոլոր օրհնությունների աղբյուրը։ Նա է լույսը, Նա մեր Փրկիչն է, և մենք Նրա ոչխարներն ենք։ Եկե՛ք ընտրենք Նրան և ընտրենք հավատքը։

Հեղինակն ապրում է Զուլիայում (Վենեսուելա)

Տպել