«Վստահենք Տիրոջ զորությանը և մարգարեներին», Լիահոնա, մարտ 2023։
Ծնողների համար
Վստահենք Տիրոջ զորությանը և մարգարեներին
Հարգելի՛ ծնողներ,
Ավելի քաոսային դարձող այս աշխարհում հեշտ է զգալ վախ ու անորոշություն։ Բայց երբ մենք դիմում ենք Հիսուս Քրիստոսին մխիթարության համար, Նա կարող է խաղաղություն բերել մեզ կյանքի փոթորիկների ժամանակ։ Կարդացեք այս թողարկման հոդվածները՝ պարզելու համար, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել ձեզ կողմնորոշվել ձեր մարտահրավերներում։
Ավետարանի քննարկումներ
Փրկիչը պատրաստակամորեն խաղաղություն է առաջարկում անհանգիստ ժամանակներում
Ձեր ընտանիքի հետ կարդացեք երեց Ուխդորֆի հոդվածը 4-րդ էջում այն մասին, թե Քրիստոսի արտոնող զորությունը ինչպես կարող է խաղաղություն պարգևել բարդ իրավիճակներում։ Միասին քննարկեք որոշ եղանակներ, որոնցով Հիսուսը սփոփանք է առաջարկում։ Դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի ձեր կյանք հրավիրեք Նրա զորությունը։
Ինչպե՞ս է Քահանայությունը օրհնում մեր ընտանիքը
Կարդացեք էջ 22-ի հոդվածը քահանայության օրհնությունների վերաբերյալ։ Հրավիրեք ընտանիքի անդամներին կիսվել փորձառություններով, երբ նրանք ստացել են քահանայության օրհնություն։ Նրանք ի՞նչ էին զգում։ Օրհնությունն ինչպե՞ս է օգնել նրանց։ Կա՞ օրհնություն, որը կարող է այս պահին օգնել ձեր ընտանիքի անդամին։
Իր մարգարեի միջոցով Տերն օգնում է մեզ զարգացնել քաջություն
Երեց Սիկահեման էջ 30-ի հոդվածում խոսում է այն մասին, թե ինչպես է մարգարեի ուսմունքներին հետևելն օգնել իրեն ամուր կանգնել իր համոզմունքներում և չափանիշներում՝ որպես ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ մարզիկի իր կարիերայի և իր ողջ կյանքի ընթացքում։ Այդ հոդվածը կարդալուց հետո ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամը կարող է կիսվել, թե մարգարեին հետևելը երբ է օգնել իրեն քաջ լինել։
Եկ, հետևիր ինձ. Ընտանեկան զվարճանք
Աճել, աճել ամեն օր
Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամներ, պարտավոր ենք օգնել երկրի վրա Աստծո արքայության աճին։ Մատթեոս 13.31-32 հատվածներում ասվում է․
«Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց և իր արտի մեջ ցանեց։
Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում»։
-
Շրջան կազմած նստեք և հնարավորինս կծկվեք՝ ներկայացնելով մանանեխի փոքրիկ հատիկ։
-
Հերթով թվարկեք մի գործողություն, որը նրանք կարող են անել ամեն օր՝ օգնելով Եկեղեցու աճին (բերել իրենց վկայությունը, որևէ սուրբ գրությունով կիսվել սոցիալական ցանցերում, ընկերոջ հետ կիսվել ավետարանի ճշմարտություններով և այլն)։
-
Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը նշում է մի գործողություն, որն օգնում է Եկեղեցու աճին, բոլորը նստում են մի փոքր ուղիղ, իսկ հետո սկսում են ոտքի կանգնել, մինչև որ կանգնեն ողջ հասակով։
-
Քննարկեք ձեր ընտանիքի հետ, թե ինչու է կարևոր, որ յուրաքանչյուր մարդ անի իր բաժինը՝ նպաստելով Եկեղեցու աճին։