2023
«Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»
Մարտ 2023


«Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ», Լիահոնա, մարտ 2023։

«Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»

Նույն խոսքերը, որ Հիսուսն ասաց Գալիլեայի ծովին այդ փոթորկոտ գիշերը, մեր կյանքի փոթորիկների ժամանակ Նա ասում է մեզ․ «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։

Նկար
անձրև օվկիանոսում

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը

Ընտանիքիս և ինձ համար 1944 թվականի ցուրտ ձմեռը վախի և անորոշության ժամանակ էր։ Մինչ հայրս հեռու արևմտյան ճակատում էր, մայրս պայքարում էր իր չորս երեխաներին կերակրելու և տաքացնելու համար, քանի որ պատերազմը սպառնում էր մեր տանը Չեխոսլովակիայում։

Ամեն օր վտանգը ավելի էր մոտենում։ Ի վերջո, մայրս որոշեց մեկնել իր ծնողների տուն, որը գտնվում էր արևելյան Գերմանիայում։ Ինչ-որ կերպ նրան հաջողվեց մեզ բոլորիս նստեցնել դեպի արևմուտք գնացող փախստականների վերջին գնացքներից մեկը։ Մոտակայքում հնչող պայթյունները, անհանգստացած դեմքերը և դատարկ ստամոքսները գնացքում գտնվողներին հիշեցնում էին, որ մենք անցնում ենք պատերազմական գոտիով։

Մի գիշեր, երբ մեր գնացքը կանգ առավ պարեն վերցնելու համար, մայրս շտապեց ուտելիք փնտրելու։ Երբ նա վերադարձավ մեծ սոսկումով հայտնաբերեց, որ գնացքը, որտեղ իր երեխաններն էին, արդեն գնացել էր։

Անչափ անհանգստացած՝ նա հուսահատ աղոթքով դիմեց Աստծուն, իսկ հետո խելակորույս սկսեց փնտրել մութ կայանում։ Նա վազում էր մի գծից մյուսը և մի գնացքից մյուս գնացքը։ Նա գիտեր, որ եթե իր գնացքը հեռանար նախքան գտնելը, նա կարող էր մեզ այլևս երբեք չտեսնել։

Փոթորիկներ մեր կյանքում

Փրկչի մահկանացու ծառայության ընթացքում Նրա աշակերտները իմացան, որ Նա կարող է հանդարտեցնել մեր կյանքի փոթորիկները։ Մի երեկո, մի ամբողջ օր ծովափում ուսուցանելուց հետո, Տերը առաջարկեց, որ իրենք Գալիլեայի ծովի «մյուս կողմն անցնեն» (Մարկոս 4․35

Ծովեզերքից մի փոքր հեռանալուց հետո Հիսուսը նավի վրա հանգստանալու տեղ գտավ և քնեց։ Շուտով երկինքները մթնեցին «և ուժեղ փոթորիկ եղավ, և ալիքները նավի մեջ էին թափվում. նավը գրեթե ջրով էր լցվել» (տես Մարկոս 4․37-38

Մենք չգիտենք, թե որքան ժամանակ են աշակերտները պայքարել փոթորկի դեմ, բայց վերջապես նրանք այլևս չէին կարող սպասել։ Խուճապի մատնվելով՝ նրանք աղաղակեցին,- «Վարդապետ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք» (Մարկոս 4.38

Մենք բոլորս կյանքում հանդիպում ենք հանկարծահաս փոթորիկների։ Դժվարություններով ու փորձություններով լի մեր մահկանացու կյանքում մենք կարող ենք ճնշված, հուսահատված և հիասթափված զգալ։ Մենք մեծ ցավ ենք ապրում այն իրավիճակի պատճառով, որում գտնվում ենք մենք և մեր սիրելի մարդիկ: Մենք անհանգստանում ենք, վախենում ենք, իսկ երբեմն կորցնում ենք մեր հույսը։ Նման պահերին մենք ևս կարող ենք աղաղակել․ «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում եմ»։

Պատանեկությանս տարիներին իմ սիրած օրհներգերից էր «Տեր, փոթորիկն է մոլեգնում» երգը։1 Ես պատկերացնում էի ինձ նավի մեջ, երբ «ալիքներն [էին] բարձրանում»։ Օրհներգի ամենակարևոր և ամենագեղեցիկ հատվածը հետևյալն է․ «Քամին, ալիքը կհնազադվեն․ հանդարտվի՛ր»։ Այնուհետև գալիս է կարևոր ուղերձը. «Ոչ մի ալիք չի կարող կուլ տալ նավը, ուր պառկած է Տերը տիեզերքի»։

Եթե մենք սիրով ընդունում ենք Հիսուս Քրիստոսին՝ Խաղաղության Իշխանին մեր նավակի մեջ, մենք չպետք է վախենանք։ Մենք կիմանանք, որ կարող ենք խաղաղություն գտնել մեր ներսում և մեր շուրջը պտտվող փոթորիկների մեջ։ Երբ Հիսուսի աշակերտները աղաղակում էին և օգնություն խնդրում, Նա «արթնանալով, քամուն սաստեց ու ծովին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եւ քամին դադարեց, և մեծ խաղաղություն եղավ» (Մարկոս 4.39):

Նույն խոսքերը, որ Հիսուսն ասաց Գալիլեայի ծովին այդ փոթորկոտ գիշերը, մեր կյանքի փոթորիկների ժամանակ Նա ասում է մեզ․ «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։

«Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս»

Աշակերտների հետ մենք կարող ենք հարցնել. «Ո՞վ է արդյոք սա, որ և քամին, և լիճը հնազանդվում են սրան» (Մարկոս 4․41

Հիսուսը մի մարդ է, որը նմանը չունի։ Որպես Աստծո Որդի՝ Նա կանչվեց իրականացնելու մի առաքելություն, որ ուրիշը չէր կարող իրականացնել։

Իր Քավության միջոցով, և մի ձևով, որը մենք չենք կարող լիովին հասկանալ, Փրկիչն Իր վրա վերցրեց «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի» (Ալմա 7․11) և «բոլոր մահկանացու մեղքերի ծանր բեռը»։2

Թեև Նա ոչ մի պարտք չուներ արդարադատությանը, Նա ենթարկվեց «արդարադատության պահանջների ամբողջ օրենքին» (Ալմա 34․16)։ Ինչպես ասել է Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015․ «Նա ոչ մի սխալ բան չէր արել։ Այնուամենայնիվ, Նա զգացել է ամբողջ մեղքի, դժբախտության ու վշտի, ցավի ու ստորացման, մտավոր, զգացմունքային և ֆիզիկական տառապանքների զանգվածը, որը հայտնի է մարդուն»:3 Եվ Նա հաղթահարել է այդ ամենը։

Ալման մարգարեացել է, որ Փրկիչը «իր վրա վեր կառնի մահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12

Աստվածային օժտման միջոցով, որը ծնվել է բուռն տանջանքներից և մեր հանդեպ սիրուց, Հիսուս Քրիստոսը վճարեց մեզ փրկագնելու, մեզ զորացնելու և փրկելու գինը։ Միայն Քավության միջոցով է, որ մենք կարող ենք գտնել այն խաղաղությունը, որն այնքան շատ ենք ուզում, և որի կարիքն ունենք այս կյանքում։ Ինչպես խոստացել է Փրկիչը՝ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14.27

Նկար
Հիսուս Քրիստոսի դիմանկարը

Հիսուս Քրիստոսի կյանքն ու ուսմունքները ուղիներ կտան մեզ զգալու Նրա խաղաղությունը, եթե մենք դառնանք դեպի Նա։

Քրիստոսի նկարը, Հայնրիխ Հոֆման

Խաղաղության ուղիները

Հիսուս Քրիստոսը, որը վերահսկում է տարրերը, կարող է նաև թեթևացնել մեր բեռները։ Նա զորություն ունի բժշկելու անհատների և ազգերի։ Նա մեզ ցույց է տվել իրական խաղաղության ուղին, քանի որ Նա է «Խաղաղության Իշխան»-ը (Եսայիա 9.6)։ Փրկչի առաջարկած խաղաղությունը կարող է վերափոխել ողջ մարդկային գոյությունը, եթե Աստծո զավակները թույլ տան։ Նրա կյանքն ու ուսմունքները մեզ ուղիներ կտան՝ զգալու Նրա խաղաղությունը, եթե մենք դառնանք դեպի Նա։

«Սովորիր ինձանից,- ասել է Նա,- և լսիր իմ խոսքերը. քայլիր իմ Հոգու հեզությամբ, և դու խաղաղություն կունենաս ինձանում» (Վարդապետություն և Ուխտեր 19․23

Մենք սովորում ենք Նրանից, մինչ բարձրացնում ենք մեր հոգիները աղոթքով, ուսումնասիրում Նրա կյանքն ու ուսմունքները և «կանգնում սուրբ տեղերում», ներառյալ տաճարը (Վարդապետություն և Ուխտեր 87․8, տես նաև 45․32)։ Որքան հնարավոր է հաճախ այցելեք Տիրոջ տունը։ Տաճարը խաղաղ ապաստան է մեր օրերի ահագնացող փոթորիկներից։

Իմ սիրելի ընկեր նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) ուսուցանել է. «Գնալով [տաճար] և հիշելով այնտեղ կապած մեր ուխտերը, մենք կկարողանանք տանել ամեն փորձություն և հաղթահարել ամեն գայթակղություն Տաճարը նպատակ է բերում մեր կյանք։ Այն խաղաղություն է բերում մեր հոգիներին, ոչ թե մարդկանց կողմից տրվող խաղաղություն, այլ Աստծո Որդու կողմից խոստացված խաղաղություն»։4

Մենք լսում ենք Նրա խոսքերը, երբ ականջ ենք դնում Նրա ուսմունքներին, որոնք տրված են սուրբ գրություններում և Նրա կենդանի մարգարեների կողմից, հետևում ենք Նրա օրինակին և գալիս Նրա Եկեղեցին, որտեղ մեզ ընկերակցում են, ուսուցանում և սնում են Աստծո բարի խոսքով։

Մենք քայլում ենք Նրա Հոգու հեզությամբ, երբ սիրում ենք այնպես, ինչպես Նա էր սիրում, ներում ենք, ինչպես Նա ներեց, ապաշխարում և մեր տները դարձնում ենք այնպիսի վայրեր, որտեղ մենք կարող ենք զգալ Նրա Հոգին։ Մենք նաև քայլում ենք Նրա Հոգու հեզությամբ, երբ օգնում ենք ուրիշներին, ուրախությամբ ծառայում Աստծուն և ձգտում դառնալ «Քրիստոսի խաղաղ հետևորդներ» (Մորոնի 7․3

Հավատի այս քայլերը և գործերը տանում են դեպի արդարություն, օրհնում են մեզ մեր աշակերտության ճանապարհին և բերում մշտական խաղաղություն և նպատակ։

«Ինձնով խաղաղություն ունենաք»

Շատ տարիներ առաջ մռայլ երկաթուղային կայարանում մի մութ գիշեր մայրս ընտրության առաջ կանգնեց։ Նա կարող էր նստել և ողբալ իր երեխաներին կորցնելու ողբերգության համար, կամ կարող էր գործի դնել իր հավատքն ու հույսը։ Ես երախտապարտ եմ, որ նրա հավատքը հաղթեց իր վախին, և որ հույսը հաղթեց իր հուսահատությանը։

Վերջապես, կայարանի հեռավոր տարածքում նա գտավ մեր գնացքը։ Այնտեղ, ի վերջո, մենք վերամիավորվեցինք։ Այդ գիշեր, և գալիք շատ փոթորկոտ օրերի ու գիշերների ընթացքում, հավատք գործադրելու մորս օրինակը աջակցեց մեզ, մինչ մենք հույս ունեինք և աշխատում էինք ավելի պայծառ ապագայի համար։

Այսօր Աստծո զավակներից շատերը տեսնում են, որ իրենց գնացքը նույնպես տեղափոխվել է։ Նրանց ապագայի հույսերն ու երազանքները անիրական են թվում պատերազմի, համաճարակի և առողջության, աշխատանքի, կրթական հնարավորությունների և սիրելիների կորստի պատճառով։ Նրանք հուսահատված են, միայնակ, հարազատներից զրկված։

Եղբայրներ և քույրեր, սիրելի ընկերներ, մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում։ Ազգերը խռովության մեջ են, դատաստանը երկրի վրա է, և խաղաղությունը վերացվել է երկրի վրայից (տես Վարդապետություն և Ուխտեր 1․35, 88․79)։ Բայց խաղաղությունը չպետք է հեռացնենք մեր սրտից, նույնիսկ եթե ստիպված ենք տանջվել, տխրել և սպասել Տիրոջը։

Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության շնորհիվ մեր աղոթքները պատասխան կստանան։ Ժամանակը պատկանում է Աստծուն, բայց ես վկայում եմ, որ մի օր մեր արդար ցանկությունները կիրականանան, և որ մեր բոլոր կորուստները կփոխհատուցվեն մեզ, եթե օգտագործենք Աստծո ապաշխարության պարգևը և հավատարիմ մնանք։5

Մենք կբժշկվենք ֆիզիկապես և հոգևորապես։

Մենք մաքուր և սուրբ կկանգնենք դատաստանի առաջ։

Մենք կվերամիավորվենք սիրելիների հետ՝ փառավոր հարության մեջ։

Միևնույն ժամանակ, թող մենք մխիթարվենք և քաջալերվենք, երբ ապավինենք Փրկչի խոստմանը՝ «ինձնով խաղաղություն ունենաք» (Հովհաննես 16․33

Տպել