2023
Մի քանի խորհուրդ՝ վախեցնող և անորոշ ապագային դիմակայելու համար
Մարտ 2023


Չափահաս երիտասարդներ

Մի քանի խորհուրդ՝ վախեցնող և անորոշ ապագային դիմակայելու համար

Իմ անձնական և մասնագիտական կյանքում ես ունեցել եմ շատ անորոշ պահեր և սովորել եմ, թե ինչպես Երկնային Հայրը կարող է օգնել մեզ նման իրավիճակներում։

Նկար
բռնցքամարտի ձեռնոցներ

Երբ ես փոքր էի, իմ ընտանիքը Տոնգայից ներգաղթեց Միացյալ Նահանգներ։ Հայրս բռնցքամարտիկ էր, երբ մենք ապրում էինք Տոնգայում, և նա սկսեց ինձ մարզել բռնցքամարտում, երբ մենք հասանք Նահանգներ։ Նրա գլխավոր ծրագիրն այն էր, որ ես մի օր կլինեմ աշխարհի չեմպիոն ծանր քաշային կարգում։ Նա սովորեցրեց ինձ չվախենալ։ Դուք չեք կարող վախենալ բռնցքամարտի ռինգում, եթե ցանկանում եք հաջողության հասնել։ Միգուցե հայրս այդ ժամանակ ակտիվ չէր Եկեղեցում, բայց նա ինձ շատ բան սովորեցրեց դժվարություններին դիմակայելու և վախի դիմաց քաջություն ունենալու մասին։

Բռնցքամարտ սովորելը յուրովի պատրաստեց ինձ իմ մասնագիտությանը։ Ես գնացի Բրիգամ Յանգի համալսարան ամերիկյան ֆուտբոլի կրթաթոշակով։ Եվ նույնիսկ կատարելով այն, ինչը մարդկանց մեծամասնությունը հավանաբար համարում է ամենասարսափելին ֆուտբոլի խաղադաշտում` գնդակը բռնելը, ես միշտ դա հանգիստ անում էի։ Ես երբեք իրականում չէի վախենում։ Իրականում ինձ դուր էին գալիս ֆուտբոլի մարտահրավերները։

Հայրս կանխատեսում էր, որ ես պրոֆեսիոնալ կարիերա եմ ունենալու սպորտում. պարզվեց, որ դա ֆուտբոլում է, ոչ թե բռնցքամարտում։ Բայց կարծում եմ, որ իմ մարզումն օգնեց ինձ և՛ հավատք ունենալ, և՛ անորոշության մեջ հավատքով ու հույսով առաջ նայել։

Նկար
Վայ Սիկահեմայի հայրը տոնում է Վայի հաղթանակը խաղադաշտում

Վայի հայրը տոնում է որդու հաղթանակը խաղադաշտում։

Լուսանկարը՝ Մարկ Ֆիլբրիկի / BYU © BYU Photo

Դուք՝ որպես չափահաս երիտասարդներ, բախվում եք շատ դժվար ու վախեցնող բաների՝ անձնական խնդիրների, ինչպիսիք են կրթության, կարիերայի, ամուսնության և ընտանիքի վերաբերյալ որոշումները։ Եվ դուք նաև բախվում եք ավելի տարածված խնդիրների, ինչպիսիք են՝ տնտեսական ճգնաժամերը, սոցիալական գայթակղությունները, քաղաքական ցնցումներն ու նույնիսկ պատերազմը։ Բայց իմ սեփական կյանքի փորձից ես գիտեմ, որ երբ մենք որոշում ենք մեր կյանքում Տիրոջը դնել առաջին տեղում, Նա միշտ այնտեղ է, որպեսզի առաջնորդի մեզ այդ ամենի միջով։

Լավ ընկերների և լավ մարդկանց ազդեցությունը

Ինձ բախտ վիճակվեց ունենալ լավ ընկերներ, երբ տուն վերադարձա միսիայից։ Մի ընկեր, որին ես հանդիպել էի միսիոներների վերապատրաստման կենտրոնում, ինձ ծանոթացրեց այն աղջկա հետ, որը հետագայում կդառնար իմ կինը։ Ես երբեք չեմ հերքել այն փաստը, որ ձեր ընկերները հաճախ որոշում են ձեր հաջողությունը կամ ձախողումը կյանքում։ Ձեր ընկերներն ու ուսուցիչները կարող են օգնել ձեզ որոշումներ կայացնել, որոնք ձեզ կա՛մ ավելի կմոտեցնեն, կա՛մ կհեռացնեն Աստծուց։

Երբ ես Ֆուտբոլի ազգային լիգայում էի, փորձում էի նմանվել Գիֆորդ Նիլսենին, որը խաղացել էր նաև ԲՅՀ-ում՝ նախքան Ֆուտբոլի ազգային լիգա գնալը: Ի վերջո նա դարձել էր սպորտային մեկնաբան, իսկ ավելի ուշ՝ Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական։ Ես մի օր հանդիպեցի նրան գոլֆի դաշտում, և նա ինձ մի խորհուրդ տվեց, որը փոխեց իմ մասնագիտական կարիերայի ընթացքը։

Մենք նստած էինք գոլֆամոբիլի մեջ՝ միայն ես և նա, և երբ ես ասացի նրան, որ ծրագրում եմ ֆուտբոլիստի կարիերայից հետո գնալ հեռուստատեսություն՝ հետևելով իր օրինակին, նա ինձ խորհուրդ տվեց չշարունակել կարիերան, որն ինձնից կպահանջի ներկա գտնվել կիրակնօրյա խաղերին։ Այդ կերպ ես միշտ կկարողանամ կոչում ունենալ և ծառայել Եկեղեցում կիրակի օրերին։

Դա այնքան պարզ էր, բայց մի խորհուրդ էր, որի մասին ես չէի մտածել։ Եվ դա փոխեց իմ կյանքի ընթացքը։

Պաշտպանենք այն, ինչին մենք հավատում ենք

Ֆուտբոլի ազգային լիգայում իմ կարիերայի մեծ մասը վախեցնող ու անորոշ էր։ Քոլեջի ֆուտբոլիստների միայն 2 տոկոսն է հասնում Ֆուտբոլի ազգային լիգա, և նույնիսկ երբ ես թիմում էի, ցանկացած պահի կարող էի հեռացվել։ Մեծ օրհնություն էր թիմի անդամ լինելն այնքան ժամանակ, որքան ես կարողացա, սակայն առանց այլընտրանք ունենալու ապրելը դժվար էր։ Դա մեծ հավատք պահանջեց։

Ֆուտբոլի ազգային լիգայում դուք տարեցտարի տեղափոխվում եք թիմից թիմ և շրջագայում երկրով մեկ։ Թվում է, թե դա դյութիչ է, բայց մարդկանց մեծամասնությունը չի տեսնում պակաս հմայիչ կողմերը։ Այդպես դժվար է ապրել։ Եվ զույգերի համար նույնպես դժվար է այդպես ապրելը. սա է պատճառներից մեկը, թե ինչու են ամուսնալուծություններն այդքան շատ պրոֆեսիոնալ մարզիկների շրջանում։

Իսկ ես գիտեի, թե ինչ էի ուզում և ինչին էի հավատում։ Ես ամուր հիմք ունեի Քրիստոսում, և հետևողականորեն անում էի այն ամենը, ինչն ինձ մոտ էր պահում Նրան և Երկնային Հորը։

Հնարավոր է, որ ձեզ նման ճնշող և գայթակղություններով լի կարիերայի ուղի չսպասվի, բայց իմ դեպքում պրոֆեսիոնալ մարզիկի ապրելակերպը շատ էր տարբերվում իմ սովորական կյանքից: Օրինակ, երբ մենք հասնում էինք մեծ քաղաքներ և սկզբում ճամփորդում էինք, իմ թիմակիցներն անմիջապես ցանկանում էին դուրս գալ և մասնակցել տարբեր միջոցառումների, որոնք համահունչ չէին ավետարանի չափանիշներին, և ես հենց այդ ժամանակ գիտակցեցի, որ չեմ կարող համատեղել Սիոնը և Բաբելոնը։ Ես չէի կարող խուսափող պատասխաններ տալ։ Փոխարենը, ես պետք է ամուր լինեի իմ հավատքի մեջ և բացատրեի, թե ինչու չէի կարող միանալ նրանց։

Նկար
Սիկահեմաները իրենց հարսանիքի օրը

Վայը իր կնոջ՝ Կիլայի հետ իրենց հարսանիքի օրը

Ընտանեկան լուսանկարները տրամադրել է հեղինակը

Իմ բախտը բերել էր, որ ես ամուսնացել էի քոլեջում սովորելու տարիներին։ Երբ ես գնացի Ֆուտբոլի ազգային լիգա, իմ կինը և մեր վեց ամսական երեխան ինձ հետ էին։ Մենք ամուսնացած էինք տաճարում, և ես գիտեի, թե ինչ նշանակություն ունեն այդ ուխտերն ինձ համար, և ինչ էին պահանջում ինձանից։ Ուստի ես իմ թիմակիցներին ասում էի. «Ոչ, ես դա չեմ անում»։ Իսկ երբ նրանք փորձում էին ճնշել ինձ, ես ասում էի. «Ես և կինս ամուսնացել ենք Տիրոջ տանը, որտեղ մենք սուրբ ուխտեր ենք կապել։ Այդ ուխտերն ինձ համար ավելի կարևոր են, քան որևէ այլ բան»։

Եվ տարօրինակն այն է, որ երբ նրանք ինձ տալիս էին այդ հարցերը և բացարձակապես համոզված էին, թե ինչպիսի մարդ եմ ես, այդ նույն թիմակիցները սկսեցին պաշտպանել ինձ և հարգել իմ չափանիշներն ու ուխտերը։ Քաջություն է պահանջվում՝ պաշտպանելու այն, ինչին հավատում եք և ինչը թանկ է ձեզ համար։

Բազմաթիվ գայթակղությունների հանդիպելը սկզբում վախեցնող էր, բայց Երկնային Հորը ապավինելը և իմ ուխտերի սրբությունն ու նշանակությունը հիշելը ճնշող մթնոլորտում միշտ օգնել է ինձ ամուր կանգնել ուխտի արահետին՝ իմ կարիերայի ընթացքում։ Դուք կարող եք նույնն անել ցանկացած իրավիճակում, որ հայտնվում եք ձեր ճամփորդության ընթացքում։

Հետևեք մարգարեին

Ես գիտեմ, որ դուք՝ որպես երիտասարդ չափահասներ, այսօր բախվում եք բազում անորոշությունների և ապագայի հանդեպ վախերի։ Եվ դուք կարող եք մտածել, թե ինչ անել և ինչպես հաղթահարել դրանք։ Հեշտ պատասխանն է՝ հետևել մեր մարգարե, նախագահ Ռասսել Մ. Նելսոնի առաջնորդությանը։ Երբ Աստծո մարգարեն խոսում է և ձեզ տալիս է մի որոշակի բան, դա նույնքան պարզ է, որքան պարզապես այդ խորհրդին հետևելը։

Ես նկատել եմ, որ նախագահ Նելսոնը սիրում է առաջարկել այն բաների պարզ ցանկը, որ մենք կարող ենք անել՝ մեր հավատքի մեջ ամուր մնալու համար։ Անցած մի քանի տարիների ընթացքում նա Եկեղեցու անդամներին տվել է հինգ քայլեր, որոնք պետք է կատարենք՝ մեր հավատքը մեծացնելու համար, հինգ ճանապարհ՝ բարձրացնելու հոգևոր լիցքը, երեք բան, որ պետք է անեք նոր տարին սկսելիս և ավելին։

Նա չի տալիս տասնյակ գործերի ցուցակ։ Պարզապես հասարակ բաներ։ Եվ եթե դուք անեք այդ պարզ բաները և լինեք վճռական, ձեր կյանքը կփոխվի ամենապարզ բաներն անելով։ Ձեր հավատքի հիմքը ամուր կմնա, նույնիսկ երբ աշխարհում վախեցնող հանգամանքներ լինեն։ Արեք այդ բաները և դուք ապահով կլինեք։ Դուք պաշտպանված կլինեք։

Սա ինձ հիշեցնում է Նեեմանի Հին Կտակարանի պատմությունը, զորավար, որը հիվանդ էր բորոտություն հիվանդությունով։ Նա գնաց Եղիսե մարգարեի մոտ, որը պատվիրեց նրան գնալ և յոթ անգամ լվացվել Հորդանան գետում։ Զինվորական սպան մտածեց, որ դա հիմարություն է, բայց շրջապատի մարդիկ խրախուսեցին իրենց գեներալին պարզապես գնալ և անել դա։ Եվ նա ուներ հավատք՝ այդքան հասարակ մի բան անելու համար։ Եվ նա մաքրվեց։ (Տես Դ Թագավորաց 5․1-15։)

Նկար
Սիկահեմա ընտանիքը

Երեց Սիկահեմայի ընտանիքը

Դրեք ձեր ապագան Երկնային Հոր ձեռքերի մեջ

Այսպիսով, ես գուցե պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ չդարձա, բայց որոշ բաներ սովորեցի վախերին դիմակայելու մասին։ Բոլոր որոշումներում և մարտահրավերներում, որոնց բախվում եք հենց հիմա՝ որպես երիտասարդ չափահաս, խնդրում եմ ձեզ անել այն ամենը, ինչ կարող եք, որպեսզի միշտ փնտրեք և ձեզ հետ պահեք Հոգու ազդեցությունը։ Դա է բանալին։ Ինչպես վերջերս ուսուցանել է նախագահ Նելսոնը․ «Դրական հոգևոր լիցքը կօգնի մեզ առաջ շարժվել համավարակների, ցունամիների, հրաբխի ժայթքումների և զինված ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վախի և անորոշության պայմաններում։ Հոգևոր լիցքը կօգնի մեզ դիմակայել հակառակորդի անողոք, չար հարձակումներին և խափանել մեր անձնական հոգևոր հիմքը քայքայելու նրա ջանքերը»։1

Երբ ես փոքր էի և որպես ներգաղթյալ բախվում էի նոր երկիր տեղափոխվելու իրականությանը, ես չէի պատկերացնում անորոշությունից զերծ կյանք։ Քանի դեռ ես շարունակում էի բախվել անորոշություններին իմ կյանքի և իմ կարիերայի ընթացքում, ես սովորեցի, որ մենք՝ որպես Քրիստոսի աշակերտներ, կարող ենք դիմակայել ցանկացած վախի կամ խոչընդոտի, որը կա մեր ճանապարհին։

Երբ դուք ձեզ շրջապատում եք լավ մարդկանցով, հաստատում և պաշտպանում եք ձեր համոզմունքները և հետևում եք մարգարեին, ապագան այնքան էլ սարսափելի չի թվում։ Եվ դուք կկարողանաք հավատքով առաջ շարժվել՝ չնայած վախին ու անորոշությանը։ Երբ ձեր ապագան դնեք մեր սիրառատ Երկնային Հոր ձեռքերի մեջ, կարող եք վստահ լինել, որ Նա միշտ ձեր կողքին կլինի։

Տպել