Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե
-
Կարդացեք.Շնորհավորում ենք բյուջե կազմելու կապակցությամբ։ Բյուջեն կարող է արդյունավետ գործիք լինել ձեր ֆինանսական վիճակը վերահսկելու և ձեր կյանքում լարվածությունը նվազեցնելու համար: Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ «ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (ՎևՈւ 93.24)։
-
Քննարկեք.Վարդապետություն և Ուխտերի այդ հատվածն ինչպե՞ս կարող է կիրառվել ձեր ֆինանսների և բյուջեի օգտագործման մեջ։
-
Կարդացեք.Ձեր ընտանիքի ֆինանսական կարգավիճակի մասին գիտելիքը առանցքային է հաջողակ ֆինանսական կառավարման համար։ Երեց Ջոզեֆ Բ Վիրթլինն ուսուցանել է. «Նրանք, ովքեր ապահով ապրում են իրենց միջոցներով, գիտեն, թե որքան գումար են ստանում յուրաքանչյուր ամսվա ընթացքում, և թեև դժվար է, նրանք դառնում են կարգապահ և դրանից ավելի քիչ գումար են ծախսում» (“Earthly Debts, Heavenly Debts,” Ensign or Liahona, May 2004, 42)։
Բյուջեին հետևելը կարող է դժվար լինել: Այն պահանջում է պարտավորվածություն, կարգապահություն, հաստատակամություն և ճիշտ վարվելու համար անհրաժեշտ կլինի փորձել մի քանի անգամ։ Երբ ձգտեք փոխել ձեր ծախսելու սովորույթները, հիշեք, որ խորհրդակցեք Տիրոջ և ձեր ամուսնու կամ հաշվետու գործընկերոջ հետ։ Ամուր ջանքերով և սիրալիր աջակցությամբ դուք կարող եք ավելի շատ նմանվել մարշմելոյին սպասող երեխաներին (քննարկվել է նախորդ գլխում)։
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող է Տերն օգնել, որ մենք զարգացնենք Քրիստոսանման հատկանիշներ, այդ թվում՝ կարգապահություն և աշխատասիրություն։
-
Կարդացեք.Այսօր կքննարկենք բյուջեին հետևելու չորս սկզբունքներ.
-
Իրատեսական, քաջալերող ֆինանսական նպատակներ դրեք։
-
Գտեք և կիրառեք բյուջետային համակարգ։
-
Հաշվետու եղեք ինքներդ ձեզ։
-
Փնտրեք Տիրոջ օգնությունը և շարունակեք փորձել։
-
1. Իրատեսական, քաջալերող ֆինանսական նպատակներ դնել
-
Կարդացեք.Նպատակ դնելն արդյունավետ գործիք է, որի օգնությամբ մենք զարգացնում և պահպանում ենք երկարաժամկետ հեռանկար։
Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Թույլ տվեք մի բան ասել նպատակ դնելու մասին։ «Ես խորապես համոզված եմ, որ եթե մենք նպատակներ չսահմանենք մեր կյանքում և չսովորենք, թե ինչպես կատարելագործել ապրելու մեր եղանակները մեր նպատակներին հասնելու համար, մենք կարող ենք հասնել հասուն տարիքի և, ետ նայելով կյանքին, տեսնել, որ հասել ենք մեր ներուժի միայն մի փոքր մասին: Երբ մարդը սերտում է նպատակ դնելու սկզբունքը, նա կարողանում է մեծ տարբերություն տեսնել այս կյանքում իր ունեցած արդյունքների մեջ» (“Do Things That Make a Difference,” Ensign, June 1983, 69–70)։
-
- Քննարկեք.
-
Անցյալում ինչպե՞ս են նպատակներն օգնել ձեզ աճել։
-
Ի՞նչ առումներով է նպատակ դնելը հանդիսանում հավատքի գործողություն։
-
-
Կարդացեք.Կարևոր է այնպիսի ֆինանսական նպատակներ դնել, որոնք իրական ու քաջալերող են։ Հաջորդող գլուխներում մենք կսովորենք բազմաթիվ ֆինանսական նպատակների և առաջնահերթությունների մասին, այդ թվում՝ մեկամսյա պահուստային ֆոնդի ստեղծման, պարտքի մարման, երկարաժամկետ պահուստային ֆոնդի ստեղծման, կենսաթոշակի համար ներդրումներ անելու և այլ արժանի ծախսերի համար խնայելու վերաբերյալ: Հետևյալ վարժությունը կօգնի ձեզ հասկանալ, թե նշվածներից որ մեկը պետք է լինի ձեր ներկայիս ֆինանսական առաջնահերթությունը։
-
Կարդացեք.Ձեր ներկայիս ֆինանսական առաջնահերթությունից բացի դուք կարող եք աշխատել երկարաժամկետ մյուս նպատակների ուղղությամբ, որոնց թվում կարող են լինել խնայողությունները՝ կրթության, միսիայի, մեքենայի, տան, ընտանեկան արձակուրդի կամ այլ ժամանցային ծախսերը։ Երկարաժամկետ հեռանկարն ընտրելու փոխարեն կարճաժամկետ հեռանկարն ընտրելու շատ գայթակղություններ կլինեն: Նպատակներն այժմ ձեզ կարող են «ոչ» ասելու առիթ տալ, որպեսզի ապագայում ինչ-որ սպասելիքներ ունենաք։
-
Քննարկեք.Անձամբ ձեզ ի՞նչն է քաջալերում, որ չշեղվեք ձեր բյուջեից։
2. Գտնել և կիրառել բյուջետային համակարգ
-
Կարդացեք.Կան բազմաթիվ գործիքներ և համակարգեր, որոնք կօգնեն ձեզ կառավարել ձեր բյուջեն և հետևել ձեր ծախսերին: Արդյունավետ բյուջետային համակարգերը դասակարգվում են պարզ գրիչ և թուղթ համակարգերից մինչև շարժական և համակարգչային ծրագրեր:
Կան ապրանքներ և ծառայություններ վճարելու երկու հիմնական եղանակներ՝ կանխիկ կամ էլեկտրոնային վճարումներ: Այս ընդհանուր մեթոդներից յուրաքանչյուրն ունի առավելություններ և թերություններ, որոնք կազդեն ձեր բյուջեի կառավարման և ձեր ծախսերին հետևելու վրա: Հաջորդող բաժիններում մենք կդիտարկենք երկու տարածված բյուջետային համակարգեր։ Ձեր պարտավորություններից մեկն այս շաբաթ կլինի ձեզ համար ճիշտ համակարգ ընտրելը։
-
Դիտեք.«Ծրարների համակարգ» հասանելի է srs.lds.org/videos-ում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 83-րդ էջը:)
-
Դիտեք.«Թվային համակարգեր»-ը հասանելի է srs.lds.org/videos-ում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 84-րդ էջը:)
-
Կարդացեք.Ցանկացած մեթոդի դեպքում համոզվեք, որ դուք՝
-
Չեք խաբել և փոխել ձեր սահմանած գումարը կամ փոխ առել այլ անվանակարգերից։ Խորհրդակցեք ձեր ամուսնու/կնոջ կամ հաշվետու գործընկերոջ հետ, եթե ճշգրտման կարիք լինի։
-
Մանրամասն հետևեք բոլոր ծախսերին և, անհրաժեշտության դեպքում, հաջորդ ամիս ճշգրտեք անվանակարգերը։
-
3. Հաշվետու լինել ինքներդ ձեզ
-
Կարդացեք.Բյուջեից կարող եք չշեղվել միայն այն դեպքում, եթե հաշվետու լինեք ինքներդ ձեզ։ Ձեր շաբաթական ընտանեկան խորհրդի ժամանակ կարող եք վերանայել ձեր նպատակները և բյուջեն, իսկ անհրաժեշտության դեպքում կատարել ճշգրտումներ։ Եթե դժվարանում եք հաշվետու լինել ինքներդ ձեզ, լավ կլինի ձեր առաջընթացի մասին զեկուցեք մեկ ուրիշի՝ ընկերոջը, գործընկերոջը, մենտորին կամ ֆինանսական խորհրդատուին։ Կարևորն այն է, որ դուք շարունակաբար գնահատեք ձեր առաջընթացը և, ըստ անհրաժեշտության, կատարեք փոփոխություններ։
-
Քննարկեք.Ինչո՞ւ է անհրաժեշտ հաշվետու լինել։ Ինչպե՞ս հաշվետու կլինեք ձեր բյուջեի համար։
4. Փնտրել Տիրոջ օգնությունը և շարունակել փորձել
-
Կարդացեք.Հիշե՛ք, որ հավատարիմ ֆինանսական կառավարիչ լինելու համար անհրաժեշտ է փոխել ձեր հեռանկարը, սովորույթները և վարքագիծը։ Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության նկատմամբ հավատքը կօգնի ձեզ կատարել այդ վերափոխումը։ Քանի որ այդ փոփոխությունները կարող են արմատախիլ անել խորը սովորույթներ, իսկ բյուջետավորումը ուսուցման գործընթաց է, ապա, երբեմն, կարող եք շեղվել ձեր բյուջեից:
Բացի այդ, դուք կարող եք սխալվել և կտրուկ գնումներ կատարել կամ հանդիպել ֆինանսական ճգնաժամերի, ինչպիսիք են՝ աշխատանքի կորուստը, շտապ բժշկական օգնության իրավիճակները կամ սպասարկման ծախսերը: Հաջորդ գլուխներում դուք կսովորեք պահուստային ֆոնդի և ֆինանսական ճգնաժամերը հաղթահարելու մասին, սակայն այժմ կարևոր է հիշել, որ բյուջեն կարելի է հարմարեցնել և բյուջեից չշեղվելու համար անհրաժեշտ է հաստատակամություն։
Երբ ձեր բյուջեում թերություններ եք տեսնում, քննարկեք դրանք ձեր ընտանեկան խորհրդի ժամանակ և վերանայեք ձեր բյուջեի այն կետերը, որոնք ճշգրտելու կարիք է զգացվում։ Թեև, դուք կարող եք հուսահատվել և շեղվել բյուջեից, հիշեք, որ կարող եք անընդհատ փորձել, և խորհուրդ հարցնելով Տիրոջից և փնտրելով Նրա օգնությունը՝ ուժ ու կարողություն ստանաք շարունակելու ձեր ջանքերը։
-
Քննարկեք.Ինչպե՞ս կվարվեք, եթե թերություններ տեսնեք ձեր բյուջեում։
Ձեր ընտանեկան խորհրդում քննարկեք բյուջեից չշեղվելու մասին
-
Կարդացեք.Բյուջեից չշեղվելու համար անհրաժեշտ է միասնական լինել ձեր ամուսնու/կնոջ և ձեր ընտանիքի հետ։ Այս շաբաթ քննարկեք հնարավոր բյուջետային համակարգերը, որոնք կարող եք օգտագործել և այն եղանակները, որոնցով դուք կարող եք ճշգրտել ձեր բյուջեն, եթե բախվեք դժվարությունների: Բացի այդ, քննարկեք ձեր ներկայիս ֆինանսական առաջնահերթությունը և այլ երկարաժամկետ նպատակները և դրանք իրագործելու ձեր ծրագրերը: Կարող եք օգտագործել ներքևում բերված «Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշը»։ Հիշե՛ք, եթե դուք ամուսնացած չեք, ապա ձեր ընտանեկան խորհուրդը կարող է բաղկացած լինել ձեր սենյակում ապրող մարդուց, ընկերոջից, ընտանիքի անդամից կամ մենտորից։