Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե
1. Հասկանալ պարտքը
-
Կարդացեք.Պարտքը ձեզ չպատկանող գումար վերցնելն է։ Սովորաբար, այն ուղեկցվում է ծախսերով, որոնք կոչվում են տոկոսներ։ Տոկոսները կազմում են վերցված պարտքի գումարի որոշ տոկոսը։ Վերջում, դուք ձեր պարտքից շատ եք վճարում, երբեմն շատ ավելին։ Պարտք վերցնելիս ակնկալվում է կատարել վճարումներ, իսկ ընդհանուր ակնկալիքն այն է, որ դուք կվերադարձնեք պարտքի ողջ գումարը՝ գումարած տոկոսները։
-
Քննարկեք.Ինչո՞ւ են մարդիկ պարտք վերցնում։
-
Կարդացեք.Մարգարեները միշտ խորհուրդ են տվել մեզ խուսափել պարտքից: Նախագահ Հեբեր Ջ. Գրանտն ուսուցանել է. «Եթե կա մի բան, որը խաղաղություն և գոհունակություն կբերի մարդու սրտին և ընտանիքին, դա մեր միջոցների սահմաններում ապրելն է: Եվ եթե կա մի բան, որը ճնշում, հուսահատեցնում ու վհատեցնում է, դա այնպիսի պարտք ունենալն է, որը հնարավոր չէ փակել» (Gospel Standards: Sermons and Writings of Heber J. Grant, comp. G. Homer Durham [1941], 111)։
Հաջորդ երկու գլուխներում դուք կսովորեք հետևել պարտքից դուրս գալու մարգարեների խորհրդին։
-
Խորհեք.Երկու րոպե մտածեք ձեր կատարած ֆինանսական այն որոշումների մասին, որոնք ձախողվել են։ Որո՞նք էին հետևանքները: Որքա՞ն երկար են տևել հետևանքները։ Ինչպե՞ս է այն ազդել ձեզ վրա, ձեր ամուսնության կամ ընտանիքի վրա և ուրիշներին ծառայելու ձեր ունակության վրա։
Խուսափեք պարտքից
-
Կարդացեք.Մարգարեները խորհուրդ են տվել, որ պարտք վերցնելու համար կան շատ քիչ արդարացված պատճառներ, և երբ պարտք եք վերցրել, որքան հնարավոր է արագ մարեք այն։ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է, որ «մատչելի բնակարան գնելու և մի քանի այլ անհրաժեշտ բան ձեռք բերելու համար խելամիտ պարտք վերցնելն ընդունելի է։ Բայց իմ դիրքից ես շատ ցայտուն կերպով տեսնում եմ շատերի ահավոր ողբերգությունները, ովքեր անխոհեմ կերպով պարտք են վերցրել այնպիսի իրերի համար, որոնց կարիքն իրականում չունեն» (“I Believe,” Ensign, Aug. 1992, 6)։
Կախված հանգամանքներից, պարտքը կարող է ընդունելի լինել հետևյալ ծախսերի համար.
-
Համեստ, մատչելի տան
-
Կրթական խելամիտ ծախսերի, որի արդյունքում ավելի լավ աշխատանք կունենաք
-
Համեստ, հիմնական տրանսպորտային միջոցի (միայն անհրաժեշտության դեպքում)
Դուք, ամենայն հավանականությամբ, պետք է խուսափեք այդ կետերից, բացի այլ իրերի համար պարտք վերցնելուց։ Փոխարենը, խնայողություն արեք ծախսերի մեջ։
-
-
Խորհեք.Երկու րոպե մտածեք հետևյալ հարցի շուրջ և գրի առեք ձեր մտքերը. Ինչպիսի՞ զգացում եք ունենում, երբ ազատ եք պարտքից։
Դուրս գալ պարտքից
-
Կարդացեք.Դուք կարող եք դուրս գալ պարտքից։ Կանոնավոր կերպով պարտքի մարումը պահանջում է զոհաբերություն, բայց դուք կարող եք դա անել։ Ստորև բերված են պարտքից դուրս գալու հինգ կարևոր սկզբունքներ։ Այս գլխում մենք կանցնենք առաջին երեքը։
-
Հասկանալ պարտքի իրողությունը։
-
Ցանկանալ դուրս գալ պարտքից։
-
Հաղթահարել «բնական մարդու» միտումները, որոնք հանգեցրել են պարտքի։
-
Դադարել պարտք վերցնել։
-
Մարել պարտքերը:
-
-
Քննարկեք.Ի՞նչ մտքեր ու տպավորություններ եք ունենում այդ հինգ սկզբունքները կարդալիս։
2. Հասկանալ ձեր պարտքի իրողությունը
-
Կարդացեք.Որքա՞ն պարտք ունեք։ Որքա՞ն են տոկոսադրույքները: Որքա՞ն են վճարումները: Որքա՞ն ժամանակ կպահանջվի պարտքը մարելու համար և որքան տոկոս կվճարեք այդ ընթացքում։ Կարևոր է իմանալ այդ բոլորը, երբ աշխատում եք դուրս գալ պարտքից։ Դա անելով, դուք կստեղծեք պարտքերի ցուցակ։ Ստորև բերված է պարտքերի ցուցակի նմուշ։
Նկարագրություն
Մնացորդ
Տոկոսադրույք
Ամսական վճարում
Վարկային քարտ #1
4000
17%
97
Վարկային քարտ #2
6500
19%
168
Ավտոմեքենա
5000
3.00%
145
Ուսանողական վարկ
18000
5.50%
300
Հիպոտեք
170000
4.50%
1,050
Այս շաբաթ ձեր ընտանեկան խորհրդի ժամանակ դուք կստեղծեք նմանատիպ աղյուսակ։ Համոզվեք, որ յուրաքանչյուր պարտքի համար լրացրել եք բոլոր տվյալները։
3. Ցանկանալ դուրս գալ պարտքից
-
Կարդացեք.Որևէ դժվար բան անելու համար, այդ թվում պարտքից դուրս գալու, ձեր ցանկությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան՝ խոչընդոտները։ Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է. «Երբ մենք ունենք նրա հեռանկարը, թե ինչ կարող ենք դառնալ, մեր ցանկությունն ու գործելու ուժը հսկայական չափով մեծանում է» («Ցանկություն» Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 44)։ Հաջողության հասնելու համար կենտրոնացեք պարտքից դուրս գալու ձեր նպատակի վրա և պատկերացրեք, թե ինչպիսին կլինի կյանքը, երբ դուք ազատ լինեք պարտքի բեռից: Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Ժամանակի ընթացքում այն, ինչ մենք համառորեն ցանկանում ենք դառնալ, ի վերջո դառնում ենք» (“According to the Desire of [Our] Hearts,” Ensign, Nov. 1996, 21)։
-
Քննարկեք.Ինչո՞ւ եք կամենում ազատվել պարտքից։ Ի՞նչ կարող եք անել այդ ժամանակ, որը չեք կարող անել հիմա։
4. Հաղթահարել «բնական մարդուն»
-
Կարդացեք.Մորմոնի Գրքում Բենիամին թագավորն ուսուցանել է. «Քանզի բնական մարդն Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի անկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի» (Մոսիա 3.19)։ Բնական մարդուն հանելու համար մենք պետք է հիշենք 4-րդ գլխում սովորած սկզբունքները երկարաժամկետ հեռանկարի վերաբերյալ։ Մարշմելո քաղցրավենիքի փորձարկման երեխաների նման մենք պետք է սովորենք հետաձգել կարճաժամկետ հաճույքները, որպեսզի հասնենք երկարաժամկետ նպատակներին։
«Բնական մարդու» միտումներն են.
-
Կտրուկ և զգացմունքային ծախսերը։
-
Մեր ֆինանսական իրողության վերաբերյալ անիրազեկությունն ու անհոգությունը։
-
Ցանկասիրությունը և ուրիշների հետ համեմատվելը։
Ենթարկվելով բնական մարդուն, մենք, հավանաբար, կառաջացնենք պարտքեր ու ֆինանսական լարվածություն։ Մյուս կողմից, երբ ձգտենք հետևել «Սուրբ Հոգու հորդորներին», Քավության զորությամբ մենք կդառնանք ուժեղ դժվարությունների դեմ։
-
-
Քննարկեք.Ի՞նչ է նշանակում «հանել բնական մարդուն»։
-
Կարդացեք.Եկեք ինքնապահովման համատեքստում ավելի մոտիկից դիտարկենք բնական մարդու այդ միտումներից մի քանիսը։
Կտրուկ և զգացմունքային ծախսեր
-
Խորհեք.Մեկ րոպե մտածեք հետևյալ հարցերի շուրջ և ձեր պատասխանները գրեք ներքևում. Ե՞րբ եք վերջին անգամ թանկարժեք, կտրուկ գնում կատարել։ Ի՞նչ էր դա: Ինչպե՞ս կարող էիք այդ գումարներն ավելի արդյունավետ օգտագործել մեկ ուրիշ բանի համար։
-
Կարդացեք.Հավանաբար, մենք բոլորս էլ կատարել ենք կտրուկ կամ զգացմունքային գնումներ։ Երբեմն, մենք գումարներ ենք ծախսում, երբ հուսահատված կամ զայրացած ենք։ Երբեմն, մենք գումարներ ենք ծախսում, որովհետև զգում ենք, թե իրավունք ունենք պարգևատրության։ Երբեմն, զեղչերը կամ պարգևատրությունները փորձում են մեզ հավատացնել, որ մենք ինչ-որ բանի կարիք ունենք, որն իրականում այդպես չէ։ Շատ պատճառներ կան, թե ինչու ենք մենք առավել կարևոր իրերի համար վճարելու հաշվին գումարներ ծախսում այն բաների վրա, որոնց կարիքը չունենք։ Հետևյալ վարժությունը կօգնի մեզ հասկանալ, թե ինչու ենք կտրուկ գնումներ կատարում։
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել կտրուկ գնումներ կատարելու միտումները։ Նախկինում ի՞նչ եք արել այդպիսի միտումները հաղթահարելու ուղղությամբ։
Մեր ֆինանսական իրավիճակի վերաբերյալ անիրազեկությունն ու անհոգությունը
-
Կարդացեք.Մորմոնի գրքում Նեփին մեղադրում է Լամանին ու Լամուելին, որ նրանք «անզգայացած էին» և չէին կարողանում զգալ, որ Հոգին խոսում էիրենց հետ (տես 1 Նեփի 17.45)։ Հաճախ, մեր ընտրությունները կարծրացնում են մեր սրտերը և դժվարին դարձնում զգալ Հոգու հուշումները , երբ փոխվելու անհրաժեշտություն է առաջանում։ Երբեմն, «անզգայացման» պատճառով մենք անտեսում ենք մեր իրավիճակի իրողությունը։ Միգուցե, մենք չցանկանանք հետևել ծախսերին կամ նայել մեր բանկային հաշիվներին։ Եթե դուք օգտվում եք վարկային քարտերից կամ այլ սպառողական վարկերից, այդ անհոգությունը շուտով կհանգեցնի պարտքերի։
Երբեմն, ամուսնական զույգերից մեկը կամ երկուսն էլ անհոգ կերպով ծախսում են՝ ենթադրելով, որ մյուս զուգընկերն է պատասխանատու ընտանիքի ֆինանսական վիճակի համար։ Հիշեք, որ ամուսիններից յուրաքանչյուրը հավասարապես պատասխանատու է իրենց ընտանիքի ֆինանսական միջոցների համար, և մեր պատասխանատվության անտեսումը կամ փոխանցումը միայն ֆինանսական դժվարությունների մեջ է դնում մեզ:
-
Քննարկեք.Ինչո՞ւ են ոմանք անտեսում իրենց իրավիճակի իրողությունը։ Անհրաժեշտության դեպքում, ինչպե՞ս կարող եք հաղթահարել ձեր ֆինանսական վիճակի «անզգայացումը»։
Ցանկասիրությունը և ուրիշների հետ համեմատվելը
-
Կարդացեք.Բնական է, որ մարդիկ համեմատում են իրենց ուրիշների հետ և ենթարկվում ուղերձների ու գովազդների գրոհներին, որտեղ մեզ խրախուսում են գնել այնպիսի իրեր, որոնք մեզ հարկավոր չեն։ Երբեմն մենք արժանի ենք զգում ունենալ այնպիսի իրեր, որոնք մենք չենք կարող մեզ թույլ տալ կամ իրականում դրանց կարիքը չունենք։ Տրվելով ցանկասիրությանը, մենք արագ կերպով կկատարենք ոչ իմաստուն գնումներ։
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել ուրիշների հետ համեմատվելու միտումը։
Ձեր ընտանեկան խորհրդում քննարկեք ֆինանսական առաջնահերթությունները
-
Կարդացեք.Այս շաբաթվա ձեր ընտանեկան խորհրդի ժամանակ դուք կքննարկեք այն եղանակները, որոնց շնորհիվ կարող եք հաղթահարել և պաշտպանել ինքներդ ձեզ «բնական մարդու» միտումներից։ Միասին քննարկեք ձեր ներկայիս ծախսերը և ստեղծեք «պարտքերի ցուցակ» (տես պարտքերի ցուցակի դատարկ նմուշը 123-րդ էջում)։ Կարող եք օգտագործել ներքևում բերված «Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշը»՝ որպես ձեր խորհրդի ուղեցույց։ Երբ միասին հասկանաք ձեր պարտքերը և ուղիներ փնտրեք հաղթահարելու «բնական մարդու» միտումները, դուք Տիրոջ օգնությամբ կկարողանաք ազատվել ձեր պարտքերից։