Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 82


Բաժին 82

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Ջեկսոն գավառում, Միսսուրի, 1832թ. ապրիլի 26-ին (History of the Church, 1.267–269): Առիթը եղավ Եկեղեցու ընդհանուր խորհուրդը, որտեղ Ջոզեֆ Սմիթ Մարգարեն հաստատվեց որպես Բարձրագույն Քահանայության Նախագահ՝ պաշտոն, որին նա կարգվել էր մինչ այդ, քահանայապետերի, երեցների և անդամների համաժողովում, Ամհերստում, Օհայո, 1832թ. հունվարի 25-ին (տե՛ս 75-րդ բաժնի նախադրությունը): Նախկինում այս հայտնության հրատարակության մեջ նշված անձանց ինքնությունը քողարկելու համար, անսովոր անուններ էին օգտագործվել (տե՛ս 78-րդ բաժնի նախադրությունը):

1–4՝ Որտեղ որ շատ է տրված, շատ էլ պահանջվում է. 5–7՝ Խավարն է իշխում աշխարհում. 8–13՝ Տերը կապված է, երբ մենք անում ենք այն, ինչ նա ասում է. 14–18՝ Սիոնը պետք է աճի գեղեցկությամբ և սրբությամբ. 19–24՝ Ամեն մարդ պիտի փնտրի իր մերձավորի շահը:

1 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ ծառանե՛ր, որ, որքան որ դուք միմյանց ներել եք ձեր զանցանքները, ճիշտ այդպես, ես՝ Տերս, ներում եմ ձեզ:

2 Այնուամենայնիվ, ձեր մեջ կան ոմանք, ովքեր չափազանց շատ են մեղանչել. այո՛, նույնիսկ դուք բոլորդ մեղանչել եք. բայց ճշմարիտ ասում եմ ձեզ. Այսուհետ զգուշացեք, և խուսափեք մեղքից, չլինի թե դառը դատաստաններ ընկնեն ձեր գլխին:

3 Քանզի նրանից, ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է. և նա, ով մեղանչում է ավելի մեծ լույսի դեմ, ավելի մեծ դատապարտություն պիտի ստանա:

4 Դուք կանչում եք իմ անունը՝ հայտնությունների համար, և ես տալիս եմ ձեզ դրանք. և որքան որ դուք չեք պահում իմ խոսքերը, որոնք ես տալիս եմ ձեզ, դուք դառնում եք օրինազանցներ. և արդարադատությունն ու դատաստանն այն պատիժներն են, որոնք կցված են իմ օրենքին:

5 Հետևաբար, ինչ որ ես ասում եմ մեկին, ասում եմ բոլորին. Արթուն մնացեք, քանզի հակառակորդը տարածում է իր տիրապետությունները, և խավարն է իշխում.

6 Եվ Աստծո բարկությունը բռնկված է երկրի բնակիչների դեմ. և ոչ ոք բարիք չի գործում, քանզի բոլորը հեռացել են ճանապարհից:

7 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ես՝ Տերս, այլևս մեղավոր չեմ համարի ձեզ. գնացեք ձեր ճանապարհով և այլևս մի մեղանչեք. բայց մեղանչող հոգու մոտ պիտի վերադառնան նախկին մեղքերը, ասում է Տերը՝ ձեր Աստվածը:

8 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ. Ես տալիս եմ ձեզ նոր պատվիրան, որ կարողանաք հասկանալ իմ կամքը ձեր վերաբերյալ.

9 Կամ, այլ խոսքով, ես տալիս եմ ձեզ ուղղություններ, թե ինչպես վարվեք իմ առաջ, որպեսզի այն դառնա ձեզ՝ ձեր փրկության համար:

10 Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ. բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք:

11 Հետևաբար, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ իմ ծառաներ Էդվարդ Պատրիջի ու Նյուել Ք. Ուիթնիի, Ա. Սիդնի Գիլբերտի ու Սիդնի Ռիգդոնի, և իմ ծառա Ջոզեֆ Սմիթի, և Ջոն Ուիթմերի ու Օլիվեր Քաուդերիի, և Վ. Վ. Ֆելփսի ու Մարտին Հարրիսի համար նպատակահարմար է՝ ձեր առանձին տնտեսություններով միմյանց հետ կապվել մի կապով և ուխտով, որը չի կարող խախտվել օրինազանցությամբ, բացառությամբ, որ անմիջապես դատաստաններ կհետևեն,–

12 Կառավարելու համար աղքատների գործերը և եպիսկոպոսության հետ կապված բոլոր բաները՝ թե՛ Սիոնի հողում և թե՛ Կիրթլենդի հողում.

13 Քանզի ես նվիրագործել եմ Կիրթլենդի հողը, ինձ հարմար ժամանակ, Բարձրյալի սրբերի օգտի համար և Սիոնի ցցի համար:

14 Քանզի Սիոնը պիտի աճի գեղեցկությամբ և սրբությամբ. նրա սահմանները պիտի ընդլայնվեն. նրա ցցերը պիտի ամրացվեն. այո՛, ճշմարիտ ասում եմ ձեզ. Սիոնը պիտի բարձրանա և հագնի իր գեղեցիկ հանդերձները:

15 Հետևաբար, ես տալիս եմ ձեզ այս պատվիրանը, որ դուք կապեք ձեզ այդ ուխտով, և այն պիտի արվի Տիրոջ օրենքների համաձայն:

16 Ահա, սա նույնպես իմ իմաստությամբ է՝ ձեր բարիքի համար:

17 Եվ դուք պետք է հավասար լինեք, կամ, այլ խոսքով, դուք հավասար իրավունքներ պիտի ունենաք ունեցվածքների վրա, ձեր տնտեսությունների խնդիրների կառավարման օգտի համար, ամեն մարդ՝ համաձայն իր պահանջների և իր կարիքների, որքանով որ նրա պահանջներն արդար են,–

18 Եվ այս բոլորը՝ կենդանի Աստծո եկեղեցու օգտի համար, որ ամեն մարդ կարողանա ավելացնել իր քանքարի վրա, որ ամեն մարդ կարողանա ստանալ ուրիշ քանքարներ, այո՛, նույնիսկ հարյուրապատիկ, որ գցվի Տիրոջ շտեմարանը, որ դառնա ամբողջ եկեղեցու սեփականությունը,–

19 Ամեն մարդ փնտրելով իր մերձավորի շահը, և բոլոր բաներն անելով պարզ աչքով ուղղված Աստծո փառքին:

20 Այս միաբանությունը ես նշանակել եմ, որ հավիտենական միաբանություն լինի ձեր համար և ձեզ հաջորդողների համար, որքան որ դուք չեք մեղանչի:

21 Եվ այն հոգու հետ, որ այս ուխտի դեմ մեղանչում է, և իր սիրտը նրա դեմ կարծրացնում է, պիտի վարվեն համաձայն իմ եկեղեցու օրենքների, և նա պիտի հանձնվի Սատանայի հարվածներին, մինչև փրկագնման օրը:

22 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, և սա է իմաստությունը. Անիրավ մամոնայից բարեկամներ արեք ձեր համար, և նրանք չեն կործանի ձեզ:

23 Միայն ինձ թողեք դատաստանը, քանզի այն իմն է, և ես կհատուցեմ: Խաղաղություն լինի ձեզ. իմ օրհնությունները շարունակ լինեն ձեզ հետ:

24 Քանզի արքայությունը դեռևս ձերն է, և պիտի լինի ընդմիշտ, եթե դուք չընկնեք ձեր հաստատակամությունից: Ճիշտ այդպես: Ամեն: