Սուրբ զարդարանք
Մեր Երկնային Հայրը տվել է մեզ հնարավոր ամեն բան, որպեսզի մենք կարողանանք դառնալ սուրբ, ինչպես Նա է սուրբ։
Մինչ ես պատրաստվում էի այս ժողովին, իմ սիրտը դարձավ դեպի բազում հավատարիմ քույրերը, որոնց ես հանդիպել եմ ամենուր։ Կարծում եմ, նրանց լավագույն նկարագրությունը տրված է Դավիթ թագավորի օրհնաբանության երգում․ «Տիրոջը տուէք նորա անուան փառքը, Ընծայ բերէք եւ մտէք նորա առաջը, Երկրպագեցէք Տիրոջը սուրբ զարդարանքով»։1
Ես տեսնում եմ սուրբ զարդարանքը քույրերի մեջ, որոնց սրտերը կենտրոնացած են բոլոր լավ բաների վրա, և ովքեր ցանկանում են ավելի շատ նմանվել Փրկիչին։ Նրանք Տիրոջը տալիս են իրենց ողջ հոգին, սիրտը, զորությունը, միտքը և ուժը՝ համաձայն իրենց ապրելակերպի։2 Սրբությունն առաջ է գալիս, երբ ձգտում ու պայքարում ենք պահել պատվիրանները և պատվել ուխտերը, որոնք մենք կապել ենք Աստծո հետ։ Սրբությունն այնպիսի ընտրություններ կատարելն է, որոնք Սուրբ Հոգուն կպահեն որպես մեր ուղեկից։3 Սրբությունը մեր բնական հակումները մի կողմ դնելն է և «Տեր Քրիստոսի Քավության միջոցով սուրբ դառնալը»։4 «[Մեր կյանքի] ամեն մի պահը պետք է սուրբ լինի Տիրոջ համար»։5
Երկնքի Աստվածը պատվիրեց Իսրայելի զավակներին․«Որովհետեւ ես եմ ձեր Եհովայ Աստուածը․ ուրեմն սրբեցէք ձեր անձերը եւ սուրբ եղէք, ըստ որում ես սուրբ եմ․ եւ չպղծէք ձեր անձերը»։6
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․«Մեր Երկնային Հայրը բարձր ակնկալիքների Աստված է։ … Նա առաջարկում է մեզ սուրբ դառնալ, որպեսզի մենք կարողանանք «մնալ սելեստիալ փառքում» (ՎևՈւ 88․22) և «բնակվել նրա ներկայության մեջ» (Մովսես 6․57)»։7 Հավատքի վերաբերյալ քարոզներում բացատրվում է․ «Ոչ մի էակ չի կարող վայելել նրա փառքը՝ առանց նրա կատարելությունն ու սրբությունն ունենալու»։8 Մեր Երկնային Հայրը գիտի մեզ։ Նա սիրում է մեզ, և Նա տվել է մեզ հնարավոր ամեն բան, որպեսզի մենք կարողանանք դառնալ սուրբ, ինչպես Նա է սուրբ։
Մենք Երկնային Հոր դուստրերն ենք, և մեզանից յուրաքանչյուրն ունի սրբության աստվածային ժառանգություն։ Մեր Երկնային Հայրը հայտարարել է․ «Ահա, ես եմ Աստված․Սրբության Մարդ է իմ անունը»։9 Նախաերկրային կյանքում մենք սիրում էինք մեր Հորը և երկրպագում էինք Նրան։ Մենք ցանկանում էինք լինել Նրա նման։ Ծնողական կատարյալ սիրով մղված՝ Նա տվեց Իր Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, լինելու մեր Փրկիչն ու Քավիչը։ Նա Սրբության Մարդու Որդին է։10 Նրա «անունը Սուրբ է»,11 «Իսրայելի Սուրբ»։12
Սրբության մեր հույսը կենտրոնանում է Քրիստոսի, Նրա ողորմության և Նրա շնորհի վրա։ Առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունն ունեցած հավատով մենք դառնում ենք մաքուր, անբիծ, երբ մերժում ենք անաստվածությունը13 և անկեղծորեն ապաշխարում։ Մենք մկրտվում ենք ջրով՝ մեղքերի թողության համար։ Մեր հոգիները սրբագործվում են, երբ ընդունում ենք Սուրբ Հոգուն բաց սրտերով։ Ամեն շաբաթ մենք մասնակցում ենք հաղորդության արարողությանը։ Ապաշխարող հոգով անկեղծորեն արդարություն փափագելով, մենք ուխտում ենք, որ հոժար ենք մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը, հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները, որպեսզի մենք կարողանանք Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալ։ Ժամանակի ընթացքում, մինչ մենք շարունակ ձգտում ենք մեկ դառնալ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ, մենք հաղորդակից ենք դառնում Նրանց աստվածային էությանը։14
Սրբությունը մեր ուխտերը պահելն է
Մենք գիտակցում ենք, որ կան բազմաթիվ փորձություններ, գայթակղություններ և տառապանքներ, որոնք կարող են մեզ հեռացնել այն ամենից, ինչն առաքինի է և գովեստի արժանի Աստծո առաջ։ Սակայն մահկանացու կյանքում ունեցած մեր փորձառությունները մեզ հնարավորություն են տալիս ընտրելու սրբությունը։ Շատ հաճախ մեր ուխտերը պահելու համար կատարած զոհաբերություններն են, որ սրբագործում են մեզ և դարձնում սուրբ։
Ես սրբություն եմ տեսել Գանայից մի 13-ամյա աղջնակի՝ Էվենջելինի դեմքին։ Եղանակներից մեկը, որով նա պահում է իր ուխտերը, իր կոչումը մեծարելն է՝ որպես Փեթակի դասարանի նախագահ։ Նա համեստորեն բացատրեց, որ գնում է իր ընկերների՝ ոչ ակտիվ երիտասարդ կանանց տուն, որպեսզի խնդրի նրանց ծնողներին, որ թույլ տան նրանց գալ Եկեղեցի։ Ծնողներն ասում են նրան, որ դա դժվար է, քանի որ կիրակի օրերին երեխաները պետք է կատարեն տնային գործեր։ Ուստի, Էվենջելինը գնում և օգնում է կատարել այդ գործերը, և նրա ջանքերի շնորհիվ նրա ընկերներին հաճախ թույլ են տալիս գալ Եկեղեցի։
Եթե մենք պահենք սուրբ քահանայության արարողությունների հետ կապված ուխտերը, դրանք կփոխեն, կսրբագործեն և կպատրաստեն մեզ մտնելու Տիրոջ ներկայությունը։15 Այսպիսով, մենք տանում ենք միմյանց բեռները, մենք ամրացնում ենք միմյանց։ Մեր մեղքերը ներվում են մեզ, երբ հոգեպես և ֆիզիկապես օգնում ենք աղքատին, քաղցածին, մերկին ու հիվանդին։16 Մենք մեր անձերն աշխարհից անարատ ենք պահում, երբ պահում ենք Հանգստության օրը և արժանիորեն ընդունում ենք հաղորդությունը Տիրոջ սուրբ օրը։17
Մենք օրհնում ենք մեր ընտանիքները և մեր տները դարձնում սուրբ վայրեր։ Մենք սանձում ենք մեր կրքերը, որպեսզի լցվենք մաքուր ու հարատև սիրով։18 Մենք բարյացակամորեն օգնության ենք հասնում ուրիշներին կարեկցանքով և կանգնում ենք որպես Աստծո վկաներ։ Մենք դառնում ենք Սիոնի ժողովուրդ՝ մեկ սրտի և մեկ մտքի, մաքուր ժողովուրդ, որ ապրում են միասնության և արդարության մեջ։19 «Քանզի Սիոնը պիտի աճի գեղեցկությամբ և սրբությամբ»։20
Քույրե՛ր, եկեք տաճար։ Եթե մենք ուզում ենք լինել սուրբ ժողովուրդ՝ պատրաստ ընդունելու Փրկիչին Իր գալուստի ժամանակ, մենք պիտի բարձրանանք ու հագնենք մեր գեղեցիկ հանդերձները։21 Մենք պիտի լինենք ուժեղ, պատվով հրաժարվենք աշխարհի ուղիներից և պահենք մեր ուխտերը, որպեսզի կարողանանք «հանդերձավորված լինել մաքրությամբ, այո, նույնիսկ արդարության պարեգոտով»։22
Սրբությունը Սուրբ Հոգուն դարձնում է մեր ուղեկիցը
Սրբությունը Հոգու պարգև է։ Մենք ընդունում ենք այս պարգևը, երբ ընտրում ենք անել այն բաները, որոնք կմեծացնեն Սուրբ Հոգու սրբագործող զորությունը մեր կյանքում։
Երբ Մարթան ընդունեց Հիսուս Քրիստոսին իր տանը, նա մեծ ցանկություն զգաց լավագույնս ծառայելու Տիրոջը։ Նրա քույրը՝ Մարիամը, ընտրեց նստել «Յիսուսի ոտների մօտ» և լսել Նրան։ Երբ Մարթան դժվարացավ ծառայել առանց որևէ օգնության, նա դժգոհեց․ «Տէր, հոգդ չէ որ քոյրս ինձ մինակ թողեց ծառայելու»։
Ինձ դուր է գալիս այդ ամենաքնքուշ հանդիմանությունը, որ ես կարող եմ պատկերացնել։ Կատարյալ սիրով և անսահման կարեկցանքով՝ Փրկիչը խրատեց․
«Մարթա, Մարթա, դու հոգս ես քաշում եւ շատ բաներով զբաղուած ես․
Բայց մէկ բան է պէտք․ Մարիամը բարի բաժինն ընտրեց, որ վեր չի առնուիլ նորանից»։23
Քույրե՛ր, եթե մենք ցանկանում ենք սուրբ լինել, մենք պիտի սովորենք նստել Իսրայելի Սուրբի «ոտների մոտ» և ժամանակ հատկացնել սրբության համար։ Արդյո՞ք մենք մի կողմ ենք դնում հեռախոսը, մեր գործերի անվերջանալի ցանկը, աշխարհիկ հոգսերը։ Աղոթքը, Աստծո խոսքի ուսումնասիրումթը և դրան ականջալուր լինելը հրավիրում են Նրա մաքրագործող ու բժշկող սերը։ Եկեք ժամանակ տրամադրենք սուրբ լինելուն, որպեսզի մենք կարողանանք լցվել Նրա սրբազան և սրբագործող Հոգով։ Սուրբ Հոգուն որպես մեզ ուղեկից ունենալով, մենք կնախապատրաստվենք ընդունելու Փրկիչին սուրբ զարդարանքով։24
Սրբությունը Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ Սուրբ դառնալն է
Բենիամին թագավորի ոգեշնչված խոսքերի համաձայն՝ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ սուրբ են դառնում նրանք, ովքեր ենթարկվող են, հեզ, խոնարհ, համբերատար և սիրով լի, ինչպիսին Փրկիչն է։25 Նա մարգարեացավ, որ Հիսուս Քրիստոսը՝ «Ամենակարող Տերը, որն էր, և է, ողջ հավերժությունից ողջ հավերժություն, կիջնի ներքև երկնքից՝ մարդկանց զավակների մեջ և կբնակվի կավե տաղավարում»։ Նա եկավ օրհնելու հիվանդին, կաղին, խուլին, կույրին և հարուցանելու նրանց, ովքեր մահացել են։ Այնուամենայնիվ, Նա տարավ «ավելին, քան մարդ կարող է տանել և չմահանալ»։26 Եվ չնայած Նա միակն է, ում միջոցով փրկություն է գալիս, Նրան ծաղրեցին, խարազանեցին ու խաչեցին։ Սակայն Աստծո Որդին բարձրացավ գերեզմանից, որպեսզի մենք բոլորս էլ կարողանանք հաղթել մահին։ Նա է, որ կկանգնի դատելու աշխարհը արդարությամբ։ Նա կփրկի բոլորիս։ Նա Իսրայելի Սուրբն է։ Հիսուս Քրիստոսը սուրբ զարդարանքն է։
Երբ Բենիամին թագավորի ժողովուրդը լսեց նրա խոսքերը, նրանք ընկան գետնին, քանի որ մեծ էր նրանց խոնարհությունը և ակնածանքն առ մեր Աստծո շնորհը և փառքը։ Նրանք գիտակցում էին իրենց մարմնական վիճակը։ Արդյո՞ք մենք տեսնում ենք մեր բացարձակ կախվածությունը Քրիստոսի՝ մեր Տիրոջ շնորհից և ողորմածությունից։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ ամեն բարի պարգև՝ աշխարհիկ և հոգևոր, գալիս է մեզ Քրիստոսի միջոցով։ Արդյո՞ք մենք հիշում ենք, որ համաձայն Հոր հավերժական ծրագրի, խաղաղությունն այս կյանքում և հավերժության փառքերը մերը կլինեն միայն Նրա սուրբ Որդու միջոցով։
Թող որ մենք միանանք Բենիամին թագավորի ժողովրդին, որ միաձայն աղաղակեցին բարձրաձայն․«Օ՜, ողորմություն ունեցիր և գործի դիր Քրիստոսի քավիչ արյունը, որպեսզի մենք կարողանանք ներում ստանալ մեր մեղքերից, և մեր սրտերը կարողանան մաքրվել․ քանզի մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն, որը ստեղծել է երկինքն ու երկիրը, և բոլոր բաները»։27
Ես վկայում եմ, որ եթե մենք գանք դեպի Իսրայելի Սուրբը, Նրա Հոգին կգա մեր վրա, որպեսզի մենք կարողանանք լցվել ուրախությամբ, ստանալ մեղքերի թողություն և խղճի հանգստություն։
Երկնային Հայրը մեզանից յուրաքանչյուրին տվել է սուրբ դառնալու կարողություն։ Թող որ մենք լավագույնս պահենք մեր ուխտերը և ընդունենք Սուրբ Հոգին՝ որպես մեր ուղեկից։ Առ Հիսուս Քրիստոսն ունեցած հավատով մենք դառնում ենք սրբեր Նրա Քավության շնորհիվ, որպեսզի կարողանանք ստանալ անմահություն և հավերժական կյանք և տանք Աստծուն՝ մեր Հորը, Նրա անվան փառքը։ Թող մեր կյանքը միշտ սուրբ ընծա լինի, որ մենք կարողանանք կանգնել Տիրոջ առջև սուրբ զարդարանքով։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։