2017
Հավատի հիմքերը
May 2017


Հավատի հիմքերը

Ես խնդրում եմ, որ մենք զոհաբերություն կատարենք և խոնարհություն ունենանք, ինչն անհրաժեշտ է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատի հիմքերի ամրացման համար:

Հոյակապ գերագույն համաժողով է: Մենք իսկապես ուսուցանվեցինք: Գերագույն համաժողովն ունի մի շատ կարևոր նպատակ. կառուցել հավատը Հայր Աստծո և մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Իմ դատողությունները վերաբերում են այդ հավատի հիմքերին:

Անձնական հավատի հիմքերը, ինչպես արժեքավոր շատ գործեր, սովորաբար դանդաղ են կառուցվում. մեկական շերտ փորձություն, դժվարություն, անհաջողություն և հաջողություն: Ամենահաճելի ֆիզիկական փորձառությունը մանկան առաջին քայլերն են: Հաճելի է դրան նայելը: Նրա դեմքի թանկագին արտահայտությունը, որը վճռականության, ուրախության, զարմանքի և ձեռքբերման համակցումն է, հիրավի շատ կարևոր իրադարձություն է:

Իմ ընտանիքում կա նման բնույթի մի իրադարձություն, որն առանձնանում է մյուսներից: Երբ մեր կրտսեր որդին մոտ չորս տարեկան էր, մի օր տուն մտավ և հրճվանքով ու մեծ հպարտությամբ հայտարարեց ընտանիքին. «Հիմա ես կարող եմ ամեն բան անել: Ես կարող եմ կապել, ես կարող եմ քշել, ես կարող եմ փակել»: Մենք հասկացանք, որ նա մեզ ասում էր, որ կարող է կապել իր կոշիկների քուղերը, կարող է վարել մեծ եռանիվ հեծանիվը և փակել իր վերարկուի ճարմանդը»: Մենք բոլորս ծիծաղեցինք, բայց հասկացանք, որ նրա համար դրանք մեծ ձեռքբերումներ էին: Նա կարծում էր, որ արդեն մեծացել ու դարձել է լրիվ կայացած մարդ:

Ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացումները շատ ընդհանուր բաներ ունեն: Ֆիզիկական զարգացումը բավականին հեշտ է տեսնել: Մենք սկսում ենք մանկական քայլերով, առաջադիմում ամեն օր, ամեն տարի և, աճելով ու զարգանալով, ձեռք բերում մեր վերջնական ֆիզիկական վիճակը: Զարգացումը տարբեր է յուրաքանչյուր մարդու համար:

Երբ մենք դիտում ենք որևէ հրաշալի սպորտային կամ երաժշտական կատարում, հաճախ ասում ենք, որ այդ մարդը շատ շնորհալի է, ինչը սովորաբար ճիշտ է: Բայց կատարումը հիմնված է տարիների պատրաստության և վարժվածության վրա: Հայտնի գրող Մալկոլմ Գլադուելլը սա անվանել է 10000 ժամի կանոն: Հետազոտողները սահմանել են, որ պատրաստվածության այսքան ժամաքանակ է անհրաժեշտ սպորտում, երաժշտական կատարման, գիտական փորձառության, մասնագիտական աշխատանքի հմտության, բժշկական կամ իրավական փորձագիտության և այլ ոլորտներում: Այս հետազոտող-փորձագետներից մեկը պնդում է, որ «տասը հազար ժամվա պատրաստվածություն է պահանջվում, որպեսզի մարդը հասնի վարպետության մակարդակի և դառնա լավագույն մասնագետներից մեկն աշխարհում. սա վերաբերում է բոլոր ոլորտներին»:1

Մարդկանց մեծամասնությունը հասկանում է, որ այդպիսի ֆիզիկական և մտավոր կատարելության հասնելու համար անհրաժեշտ է այսպիսի պատրաստություն ու վարժվածություն:

Ցավոք, ավելի ու ավելի աշխարհիկ դարձող մեր աշխարհում ավելի քիչ է շեշտադրվում հոգևոր աճի այն քանակը, որն անհրաժեշտ է ավելի Քրիստոսանման դառնալու և այնպիսի հիմքեր ստեղծելու համար, որոնք կհանգեցնեն հաստատուն հավատի: Մենք հակված ենք շեշտադրելու բարձր հոգևոր հասկացողության պահերը միայն: Սրանք անգին օրինակներ են, երբ մենք գիտենք, որ Սուրբ Հոգին մեր սրտերում և մտքերում վկայել է հատուկ հոգևոր ըմբռնման մասին: Մենք հրճվում ենք այդ պահերին, դրանք չպիտի նվազեն ոչ մի դեպքում: Բայց հաստատուն հավատի և Հոգու մշտական ընկերակցության համար չկա անհատական կրոնական պահպանման այնպիսի փոխարինող, որը համեմատելի կլինի ֆիզիկակական և մտավոր զարգացման հետ: Սակայն մենք պիտի կառուցենք այն փորձառությունների վրա, որոնք երբեմն նմանվում են մանկան սկզբնական քայլերին: Մենք կատարում ենք դա հաղորդության ժողովների հանդեպ սրբազան հանձնառությամբ, սուրբ գրությունների ուսումնասիրությամբ, աղոթքով և մեր կոչումներում ծառայելով: Վերջերս 13 զավակ ունեցող մի հոր մահախոսականում ասվում էր, որ «նա հավատարմորեն աղոթում և ուսումնասիրում էր սուրբ գրություններն ամեն օր, ինչն էլ խորապես ազդել էր նրա զավակների վրա, տալով նրանց անսասան հավատի հիմք Հիսուս Քրիստոսի հանդեպ»:2

Երբ 15 տարեկան էի, ես մի հիմնարար փորձառություն ունեցա: Իմ հավատարիմ մայրիկը արիաբար փորձում էր օգնել ինձ հավատի հիմքեր ստեղծել իմ կյանքում: Ես մասնակցում էի հաղորդության ժողովներին, Երեխաների խմբին, ապա Երիտասարդ տղամարդկանց դասերին և սեմինարիային: Ես կարդացել էի Մորմոնի Գիրքը և միշտ աղոթում էի անհատապես: Այդ ժամանակ իմ կյանքում մի կարևոր ընտանեկան իրադարձություն տեղի ունեցավ, երբ իմ սիրելի ավագ եղբայրը քննարկում էր հնարավոր միսիայի կանչը: Իմ հրաշալի հայրը, ով Եկեղեցու ոչ ակտիվ անդամ էր, ցանկանում էր, որ եղբայրս շարունակեր իր ուսումը և չծառայեր միսիայում: Սա դարձել էր հակառակության պատճառ:

Եղբորս հետ, ով ինձանից հինգ տարով մեծ էր, մի ուշագրավ քննարկումից հետո մենք եզրակացրինք, որ միսիայում ծառայելու նրա որոշումը կախված էր երեք հարցերից. (1) Արդյո՞ք Հիսուս Քրիստոսը աստվածային էություն ունի: (2) Արդյո՞ք Մորմոնի Գիրքը ճիշտ է: (3) Արդյո՞ք Ջոզեֆ Սմիթը Վերականգնման մարգարե էր:

Երբ այդ երեկո ես անկեղծորեն աղոթեցի, Հոգին հաստատեց այս երեք հարցերի ճշմարտացիությունը: Ես նաև հասկացա, որ գրեթե բոլոր որոշումները, որոնք ես կկայացնեմ իմ հետագա կյանքում, կհիմնվեն այդ երեք հարցերի պատասխանների վրա: Ես հասկացա, որ հատկապես կարևոր է հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ետ նայելով իմ կյանքի վաղ շրջանին, ես հասկանում եմ, որ հիմնականում իմ մայրիկի շնորհիվ հիմքերը պատրաստ էին, որպեսզի ես այդ երեկո ընդունեի հոգևոր հաստատումը: Իմ եղբայրը, ով արդեն ուներ վկայություն, որոշում կայացրեց ծառայել միսիայում և, ի վերջո, ստացավ մեր հոր աջակցությունը:

Հոգևոր առաջնորդությունը ստացվում է, երբ կարիքը կա, ստացվում է Տիրոջ ժամանակին և Նրա կամքին համաձայն:3 «Մորմոնի Գիրքը: Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին» գիրքը դրա գերազանց օրինակն է: Վերջերս ես զննում էի Մորմոնի Գրքի առաջին հրատարակությունը: Ջոզեֆ Սմիթն ավարտեց թարգմանությունը, երբ 23 տարեկան էր: Մենք որոշ բաներ գիտենք այն գործընթացի և գործիքների մասին, որոնք նա օգտագործել է այդ թարգմանության մեջ: Այդ առաջին 1830 թվականի տպագրության մեջ Ջոզեֆը ներառել է կարճ նախաբան և պարզ ու հստակ հայտարարել է, որ այն թարգմանվել է «Աստծո զորությամբ ու պարգևով»:4 Ինչ վերաբերում է թարգմանության օժանդակ նյութերին՝ Ուրիմին ու Թումիմին՝ տեսանողի քարերին, արդյո՞ք դրանք կարևոր էին, թե՞ դրանք նման էին հեծանիվի ուսուցողական անիվներին, մինչև Ջոզեֆը կկարողանար հավատ գործադրել, որն անհրաժեշտ էր ավելի ուղիղ հայտնություն ստանալու համար:5

1830թ.-ին հրատարակված Մորմոնի Գրքի կազմը
1830թ.-ին հրատարակված Մորմոնի Գրքի նախաբանը

Ինչպես փորձ և մշտական ջանքեր են պահանջվում ֆիզիկական ու մտավոր կարողություն ձեռք բերելու համար, հոգևոր հարցերի դեպքում ևս, ջանքեր են պահանջվում: Հիշեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ընդունեց նույն այցելուին՝ Մորոնիին, չորս անգամ նույն ուղերձով, որպեսզի պատրաստվեր ընդունել թիթեղները: Ես կարծում եմ, որ ամեն շաբաթ մասնակցությունը հաղորդության ժողովներին ունի հոգևոր արդյունքներ, որոնք մենք լիովին չենք հասկանում: Կանոնավոր խորհելով սուրբ գրությունների շուրջ, դրանք երբեմն կարդալու փոխարեն, մակերեսային հասկացողությունը կարող է փոխարինվել մեր հավատի վսեմ, կյանք փոխող կատարելագործմամբ:

Հավատը զորության սկզբունք է: Թույլ տվեք պարզաբանել օրինակով: Երբ ես երիտասարդ միսիոներ էի, միսիայի մի հրաշալի նախագահ6 խորիմաստ ձևով ինձ ներկայացրեց մի սուրբ գրային հատված Ղուկասի 8-րդ գլխից: Հատվածը պատմում է մի կնոջ մասին, ով 12 տարի արյան հետ կապված խնդիր էր ունեցել և իր ողջ ունեցածը ծախսել էր բժիշկների վրա, ովքեր չէին կարողացել բուժել նրան: Սա իմ սիրելի սուրբ գրային հատվածներից մեկն է առ այսօր:

Դուք կհիշեք, որ նա հավատում էր, որ եթե ինքը միայն կարողանար դիպչել Փրկիչի հանդերձի ծայրին, ապա կբուժվեր: Երբ նա այդպես վարվեց, անմիջապես բուժվեց: Փրկիչը, ով քայլում էր Իր առաքյալների հետ, ասաց. «Ո՞վ էր որ ինձ դիպավ»:

Պետրոսը պատասխանեց, որ նրանք բոլորը քայլում են միասին, սեղմում են և նեղում Նրան:

«Եւ Յիսուսը ասեց. Մէկը դպաւ ինձ. որովհետեւ ես իմացայ՝ որ զօրութիւն դուրս եկաւ ինձանից»։

«Ուժ» բառարմատը հեշտությամբ կարող է թարգմանվել որպես՝ «զորություն»: Իսպաներենով և պորտուգալերենով այն թարգմանվում է «զորություն»: Քանի որ Փրկիչը չէր տեսել կնոջը, Նա չէր կենտրոնացել նրա կարիքի վրա: Բայց կնոջ հավատն այնպիսին էր, որ հանդերձի փեշին դիպչելով, օգտագործեց Աստծո Որդու բժշկող զորությունը:

Ինչպես Փրկիչն ասաց նրան. «Քաջացիր, դուստր, քո հաւատքը բժշկեց քեզ, գնա խաղաղութիւնով»։7

Այս պատմության շուրջ ես խորհել եմ իմ ողջ հասուն կյանքում: Ես հասկացել եմ, որ մեր անձնական աղոթքներն ու աղերսները՝ ուղղված մեր սիրելի Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով, կարող են այնպիսի օրհնություններ բերել մեր կյանք, որոնք մենք անկարող ենք ըմբռնել: Հավատի հիմքերը, հավատի այն տեսակը, որը դրսևորվեց այս կնոջ կողմից, պիտի լինի մեր սրտերի մեծագույն բաղձանքը:

Սակայն հավատի սկզբնական հիմքերը, նույնիսկ հոգևոր հաստատումով, չեն երաշխավորում, որ մենք չենք բախվի դժվարությունների: Դարձը դեպի ավետարան չի նշանակում, որ մեր բոլոր խնդիրները կլուծվեն:

Եկեղեցու վաղ պատմությունը և Վարդապետություն և Ուխտերում գրանցված հայտնությունները պարունակում են հավատի հիմքերի հիմնադրման գերազանց օրինակներ և առնչվում են անկանխատեսելի փոփոխությունների ու դժվարությունների հետ, որոնց բախվում են բոլորը:

Կիրթլենդի տաճարի ավարտումը հիմնարար էր ողջ Եկեղեցու համար: Այն ուղեկցվում էր հոգևոր զեղումներով, վարդապետական հայտնություններով և Եկեղեցու հիմնադրումը շարունակելու համար անհրաժեշտ բանալիների վերականգնումով: Ինչպես Պենտեկոստեի օրվա հին Առաքյալները, շատ անդամներ սքանչելի հոգևոր փորձառություններ ունեցան Կիրթլենդի Տաճարի նվիրագործման հետ կապված:8 Բայց, ինչպես մեր սեփական կյանքում, սա չէր նշանակում, որ նրանք ապագայում չէին առնչվի մարտահրավերների ու դժվարությունների հետ: Այս վաղ շրջանի անդամները շատ քիչ բան գիտեին այն մասին, թե ինչ դժվարությունների կբախվեին իրենք Միացյալ Նահանգների ֆինանսական ճգնաժամի՝ 1837թ.-ի խուճապի պատճառով, որը կփորձարկեր հենց նրանց հոգիները:9

Այս ֆինանսական ճգնաժամի դժվարությունների հետ առնչվող մեկ օրինակ կապված է Երեց Փարլի Պ. Պրատի հետ, ով Վերականգնման առաջնորդներից էր: Նա Տասներկու Առաքյալների Քվորումի իսկական անդամ էր: 1837 թվականի սկզբում նրա սիրելի կինը՝ Թանքֆուլը, մահացավ նրանց առաջին երեխայի ծննդաբերության ժամանակ: Փարլին և Թանքֆուլը ամուսնացած էին մոտ 10 տարի և կնոջ մահը հուսահատության հասցրեց նրան:

Մի քանի ամիս անց Երեց Պրատը հայտնվեց Եկեղեցու համար ամենադժվարին ժամանակներից մեկում: Ազգային ճգնաժամի ընթացքում տեղական տնտեսական խնդիրները, ներառյալ հողի առք ու վաճառքի հետ կապված խնդիրները և Ջոզեֆ Սմիթի ու Եկեղեցու այլ անդամների կողմից հիմնված ֆինանսական հաստատության դժվարությունները, Կիրթլենդում անհամաձայնություն և հակառակություն ստեղծեցին: Եկեղեցու ղեկավարները միշտ չէ, որ իմաստուն աշխարհիկ որոշումներ էին կայացնում իրենց սեփական կյանքի համար: Փարլին նշանակալի ֆինանսական կորուստներ կրեց և որոշ ժամանակ դժգոհ էր Մարգարե Ջոզեֆից:10 Նա խիստ քննադատական նամակ գրեց Ջոզեֆին և ի ընդդիմություն նրան ելույթ ունեցավ ամբիոնից: Միաժամանակ, Փարլին ասաց, որ ինքը շարունակում է հավատալ Մորմոնի Գրքին ու Վարդապետություն և Ուխտերին:11

Երեց Պրատը կորցրել էր իր կնոջը, իր հողը և իր տունը: Առանց Ջոզեֆին նախազգուշացնելու, Փարլին մեկնեց Միսսուրի: Ճանապարհին նա անսպասելի հանդիպեց Առաքյալ Թոմաս Բ. Մարշին և Դեյվիդ Փաթենին, ովքեր վերադառնում էին Կիրթլենդ: Նրանք զգում էին, որ անհրաժեշտ էր վերականգնել ներդաշնակությունը Քվորումում, ուստի համոզեցին Փարլիին վերադառնալ իրենց հետ: Նա գիտակցեց, որ ոչ-ոք ավելի շատ չէր կորցրել, քան Ջոզեֆ Սմիթի ընտանիքը:

Փարլին գտավ Մարգարեին, արտասվեց և խոստովանեց, որ ինքը սխալ էր վարվել: Իր կնոջ՝ Թանքֆուլի մահվանը հաջորդած ամիսներին Փարլին բացասական ազդեցության տակ էր ընկել և վախն ու հուսահատությունը համակել էին նրան:12 Ջոզեֆը, ով գիտեր, թե ինչ էր նշանակում պայքարել ընդդիմության և գայթակղության դեմ, «շնորհեց» Փարլիին, աղոթելով նրա համար և օրհնելով նրան:13 Փարլին և մյուսները, ովքեր հավատարիմ մնացին, օգուտ քաղեցին Կիրթլենդի մարտահրավերներից: Նրանց իմաստությունն աճեց, նրանք դարձան ավելի վեհանձն ու ողջախոհ: Այս փորձառությունը դարձավ նրանց հավատի հիմքերի մասը:

Անհաջողությունը չպիտի դիտարկվի որպես շնորհազրկություն Տիրոջ կողմից կամ հեռացում Նրա օրհնություններից: Հակադրությունը բոլոր բաներում զտիչի կրակի մասն է, որպեսզի պատրաստի մեզ հավերժական սելեստիալ ճակատագրին:14 Երբ Մարգարե Ջոզեֆը Լիբերթի բանտում էր, Նրան ուղղված Տիրոջ խոսքերը նկարագրում էին դժվարությունների բոլոր ձևերը, ներառյալ՝ ձախորդություններն ու կեղծ մեղադրանքները, ապա եզրակացնում.

«Եթե դժոխքի ծնոտները լայն բացեն երախը, որպեսզի քեզ կուլ տան, իմացիր, որդի՛ս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար»։

«Մարդու Որդին իջել է այդ ամենից ցած։ Մի՞թե դու ավելի մեծ ես, քան նա»:15

Ջոզեֆ Սմիթին ուղղված այս հրահանգի մեջ Տերը նաև հստակեցրել է, որ նրա օրերը հայտնի էին և չէին կրճատվի: Տերը եզրափակել է. «Մի վախեցիր նրանից, ինչ կարող է անել մարդը, քանզի Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից»16։

Այդ դեպքում, որո՞նք են հավատի օրհնությունները: Ի՞նչ է անում հավատը: Ցուցակը համարյա անվերջ է.

Մեր մեղքերը կարող են մոռացվել Քրիստոսի հանդեպ հավատի շնորհիվ:17

Որքան մեծ է մեր հավատը, այնքան ամուր է մեր կապը Սուրբ Հոգու հետ:18

Փրկությունը գալիս է Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի միջոցով:19

Մենք զորություն ենք ստանում՝ համաձայն Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատի:20

Ոչ-ոք չի մտնում նրա հանգիստը, բացի նրանցից, ովքեր լվացել են իրենց հանդերձները Քրիստոսի արյունով՝ իրենց հավատի շնորհիվ։21

Աղոթքների պատասխանը տրվում է համաձայն հավատի:22

Երբ մարդիկ հավատ չունեն, Աստված չի կարող հրաշքներ գործել նրանց համար:23

Ի վերջո, մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ անհրաժեշտ հիմքն է մեր հավերժական փրկության և վեհացման համար: Ինչպես Հելամանն էր ուսուցանում իր որդիներին. «Եվ, այժմ, իմ որդինե՛ր, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը … , որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի»։24

Ես երախտապարտ եմ հավատի հիմքերի ամրացման համար, որը մենք ստացանք այս համաժողովում: Ես խնդրում եմ, որ մենք զոհաբերություն կատարենք և ունենանք խոնարհություն, ինչն անհրաժեշտ է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատի հիմքերի ամրացման համար: Նրա մասին ես բերում եմ իմ ամուր վկայությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Malcolm Gladwell, Outliers: The Story of Success (2008), 40. He is quoting neurologist Daniel Levitin:

  2. Բրայանթ Հինքլի Վոդսուորթի մահախոսականը, Deseret News, Jan. 15, 2017, legacy.com/obituaries/deseretnews:

  3. Տես2 Նեփի 28.30: Մենք միանգանից չենք ստանում տվյալ խնդրին վերաբերող բոլոր գիտելիքները կամ դրան առնչվող բոլոր սկզբունքները: Դրանք գալիս են, երբ անհրաժեշտ են՝ տող առ տող, ցուցում առ ցուցում:

  4. 1830թ.-ի Մորմոնի Գրքի առաջին հրատարակությունը հանդիսանում է Եկեղեցու Պատմության Բաժնի սեփականությունը: Մորմոնի Գրքի 2013թ.-ի հրատարակություն, նմանատիպ տեղեկությունը ներառված է երկրորդ “About this edition» պարբերության մեջ, “A Brief Explanation about the Book of Mormon,” խորագրի տակ և նախորդում է «Նեփիի առաջին գիրքը» բաժնին:

  5. Օրսոն Փրատը հիշում է, որ ինքը ներկա է եղել շատ առիթների, երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանում էր Նոր Կտակարանը և հարցրել է, թե ինչու վերջինս չէր օգտագործում որևէ գործիք այդ գործընթացում: «Ջոզեֆը, կարծես, կարդալով իմ մտքերը, վեր նայեց և բացատրեց, որ Տերը տվել էր իրեն Ուրիմն ու Թումիմը, երբ ինքն անփորձ էր Հոգու ներշնչանքի մեջ: Բայց այժմ նա այնպիսի առաջխաղացում ուներ, որ հասկանում էր Հոգու ներգործությունը և այդ գործիքի աջակցության կարիքը չուներ»: (“Two Days’ Meeting at Brigham City, June 27 and 28, 1874,” Millennial Star, Aug. 11, 1874, 499; see also Richard E. Turley Jr., Robin S. Jensen, and Mark Ashurst-McGee, “Joseph the Seer,” Liahona, Oct. 2015, 10–17)

  6. Միսիայի Նախագահը Երեց Մարիոն Դ. Հենքսն է, ով նաև Բարձրագույն Իշխանավոր էր:

  7. Տես Ղուկաս 8.43–48

  8. Տես Գործք 2

  9. Տես Մոսիա 2.36–37, տես նաև Հենրի Բ. Այրինգ, «Հոգևոր պատրաստվածություն. վաղ սկսիր և կայուն եղիր», Լիահոնա, Nov. 2005: «Ուստի, կյանքի մեծագույն փորձությունն է՝ արդյոք մենք ականջալուր կլինենք և կհնազանդվենք Աստծո պատվիրաններին կյանքի փոթորիկների ժամանակ: Կարևորը ոչ թե փոթորիկների ժամանակ տոկալն է, այլ ճիշտը ընտրել, մինչ դրանք մոլեգնում են: Եվ կյանքի ողբերգությունը այս փորձառության ձախողումն է և այնպիսի ձախողումը, որը մեզ իրավունք կտա փառքով վերադառնալ մեր երկնային տունը»:

  10. Տես Terryl L. Givens and Matthew J. Grow, Parley P. Pratt: The Apostle Paul of Mormonism (2011), 91–98; volume introduction and introduction to part 5, The Joseph Smith Papers, Documents, Volume 5: October 1835–January 1838 ed. Brent M. Rogers and others (2017), xxviii–xxxi, 285–93:

  11. Տես “Letter from Parley P. Pratt, 23 May 1837,” in The Joseph Smith Papers, Documents, Volume 5: October 1835–January 1838 386–91:

  12. Տես “History of John Taylor by Himself,” 15, in Histories of the Twelve, 1856–1858, 1861, Church History Library; Givens and Grow, Parley P. Pratt, 101–2:

  13. Տես The Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. (1874), 183–84:

  14. Տես 2 Նեփի 2.11

  15. Վարդապետություն և Ուխտեր 122.7–8

  16. Վարդապետություն և Ուխտեր 122.9

  17. Տես Ենովս 1.5–8

  18. Տես Հարոմ 1.4

  19. Տես Մորոնի 7.26, 38

  20. Տես Ալմա 14.26

  21. Տես 3 Նեփի 27.19

  22. Տես Մորոնի 7.26

  23. Տես Եթեր 12.12

  24. Հելաման 5.12