Մի՛ նայիր շուրջդ, նայի՛ր վերև
Մեր նպատակն է մարդկանց հրավիրել դեպի Քրիստոսը, և մենք կարող ենք իրականացնել այն՝ նայելով վերև՝ Հիսուս Քրիստոսին:
Իմ նպատակն է՝ «հրավիրել մարդկանց գալ դեպի Քրիստոսը»:1 Դա նաև ձեր նպատակն է: Մենք կարող ենք իրագործել այդ նպատակը՝ նայելով վերև՝ Հիսուս Քրիստոսին:
Ես մկրտվել եմ ծնողներիս հետ, երբ 16 տարեկան էի: Իմ փոքր եղբայրը՝ Կյանգ-Խուանը, 14 տարեկանում միացավ Եկեղեցուն քեռուս՝ Յանգ Ջիկ Լիի շնորհիվ, և մեզ հրավիրեց իր Եկեղեցին: Մեր ընտանիքի 10 անդամները հաճախում էին տարբեր եկեղեցիներ, այնպես որ մենք ուրախ էինք գտնել ճշմարտությունը և մեր մկրտվելուց հետո ցանկանում էինք կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանում մեր գտած ուրախությամբ:
Ամենաշատը հայրս էր ոգևորված ճշմարտությունն իմանալու և դրանով կիսվելու համար: Նա առավոտյան վաղ էր վեր կենում և ամեն օր երկու ժամ ուսումնասիրում էր սուրբ գրությունները: Գրեթե ամեն օր աշխատանքից հետո նա միսիոներների հետ այցելում էր մեր ընտանիքի անդամներին, ընկերներին և հարևաններին: Մեր մկրտվելուց հետո յոթ ամսվա ընթացքում իմ ընտանիքից և հարազատներից 23 հոգի դարձել էին Եկեղեցու անդամներ: Դրան հետևեց հաջորդ հրաշքը՝ հաջորդ տարի 130 հոգի մկրտվեցին իմ հոր միսիոներական աշխատանքի շնորհիվ:
Ընտանեկան պատմությունը նույնպես կարևոր էր նրա համար և նա լրացրել էր մեր նախնիների ութ սերնդի տվյալները: Այդ ժամանակից ի վեր, մեր ընտանիքի դարձի գալու պտուղները, սկսած իմ 14-ամյա եղբորից, աճել են անթիվ անհամար ոչ միայն ապրողների, այլև մահացածների թվով: Իմ հոր և մյուսների աշխատանքի վրա կառուցված մեր տոհմածառն այժմ ընդգրկում է մինչև 32 սերունդ, և մենք այժմ կատարում ենք տաճարային աշխատանք շատ ճյուղերի համար: Այսօր ես զարմացած եմ և մեծ ուրախություն եմ ապրում՝ կապելով մեր նախնիներին և մեր ժառանգներին:
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նույն փորձառությունն էր արձանագրել Օհայոյի Կոլոմբուս տաճարում.
«Երբ նստած էի տաճարում, անդրադառնալով այս երեք մարդկանց կյանքին, մտածեցի իմ դստեր, իմ թոռնուհու և նրա երեխաների՝ իմ ծոռների մասին: Ես հանկարծ հասկացա, որ ես կանգնած էի այս յոթ սերունդների հենց մեջտեղում՝ երեք սերունդ` ինձանից առաջ և երեք սերունդ` ինձանից հետո:
Այդ սրբազան և նվիրագործված տանը վիթխարի պատասխանատվության մի զգացում պատեց ինձ, որ ես պիտի փոխանցեի այն ամենը, ինչ ստացել էի որպես ժառանգություն իմ նախնիներից այն սերունդներին, ովքեր արդեն եկել էին ինձանից հետո»:2
Մենք բոլորս հավերժական ընտանիքի մեջտեղում ենք: Մեր դերը կարող է շրջադարձային կետ լինել, որտեղից նշանակալից փոփոխություններ տեղի կունենան դրական կամ բացասական առումով: Նախագահ Հինքլին շարունակել է. §Երբեք թույլ չտաք ձեզ թույլ օղակ դառնալ ձեր սերունդների շղթայում`:3 Ավետարանի հանդեպ ձեր հավատարմությունը կամրացնի ձեր ընտանիքը: Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մենք ամուր օղակ ենք մեր հավերժական ընտանիքում:
Մի օր, իմ մկրտությունից մի քանի ամիս անց, ես լսեցի, թե ինչպես էին Եկեղեցու որոշ անդամներ քննադատում միմյանց: Ես շատ հիասթափված էի: Գնալով տուն, ես ասացի հորս, որ միգուցե այլևս չգնամ Եկեղեցի: Դժվար էր տեսնել, թե ինչպես են անդամներն այդպես քննադատում մարդկանց: Լսելուց հետո հայրս սովորեցրեց ինձ, որ ավետարանը վերականգնվել է և այն կատարյալ է, բայց անդամները դեռ կատարյալ չեն, ոչ ինքը՝ հայրս, ոչ էլ՝ ես: Նա հստակ ասաց. §Մի կորցրու հավատքդ շրջապատի մարդկանց պատճառով, այլ ամուր հարաբերություններ կառուցիր Հիսուս Քրիստոսի հետ: Մի՛ նայիր շուրջդ, նայի՛ր վերև`:
Հորս այս իմաստուն խորհուրդը՝ նայել վերև՝ Հիսուս Քրիստոսին, ամրացնում է հավատքս, երբ ես մարտահրավերների եմ հանդիպում կյանքում: Նա սովորեցրել է ինձ, թե ինչպես կիրառել Քրիստոսի այս ուսմունքները. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»:4
Երբ ես Վաշինգտոն Սիեթլ միսիայի նախագահն էի, տարվա օրերի մեծամասնությունն անձրևային էին: Այնուամենայնիվ, մեր միսիոներներին հրահանգվել էր դուրս գալ և քարոզել անձրևի ժամանակ: Ես ասում էի նրանց. §Դուրս եկեք անձրևին, նայեք երկնքին, բացեք ձեր բերանը և խմեք: Երբ վերև նայեք, դուք ուժ կստանաք բացելու ձեր բերանը ամեն մեկի առաջ առանց վախենալու`: Դա խորհրդանշական դաս էր նրանց համար՝ վերև նայել, երբ մարտահրավերների հանդիպեին նույնիսկ միսիայից հետո: Խնդրում եմ, չփորձեք դա անել աղտոտված վայրերում:
Դեռ Սիեթլի միսիայում ծառայելիս մի հեռախոսազանգ ստացա իմ ավագ որդի՝ Սանբիմից, ով դաշնակահար է: Նա ասաց, որ պատիվ է ունենալու նվագել Նյու Յորքի Կարնեգի Հոլլում, քանի որ հաղթող է ճանաչվել միջազգալին մրցույթում: Մենք այնքան ուրախ էինք և ցնծում էինք նրա համար: Այնուամենայնիվ, այդ երեկո երախտագիտությամբ աղոթելիս, կինս խոստովանեց, որ մենք չենք կարող միանալ նրան համերգի ժամանակ և ասաց Երկնային Հորը մոտավորապես հետևյալը. «Երկնային Հայր, ես շնորհակալ եմ օրհնության համար, որ շնորհել ես Սանբիմին: Թերևս, ես ափսոսում եմ, որ չեմ կարող գնալ այնտեղ: Կգնայի, եթե այս օրհնությունը մինչև այս միսիան լիներ կամ միսիայից հետո: Ես չեմ բողոքում, բայց ափսոսանքի մի փոքր զգացում ունեմ»:
Աղոթքն ավարտելուց անմիջապես հետո նա լսեց մի պարզ ձայն. «Ձեր տղային տրվել է այս հնարավորությունը, որովհետև դուք չեք կարող գնալ: Կցանկանայիք վիճարկե՞լ»:
Կինս զարմացած էր: Նա գիտեր, որ երեխաներն օրհնվում են Տիրոջ այգում իրենց ծնողների հավատարիմ աշխատանքի շնորհիվ, բայց առաջին անգամ էր այդքան հստակ հասկանում իր դերը: Նա պատասխանեց Նրան իսկույն ևեթ. «Ո՛չ, ո՛չ, ամեն ինչ լավ է, եթե ես չգնամ: Թող նա ունենա այդ պատիվը»:
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, հեշտ չէ մեզ համար ճանաչել Երկնային Հոր սերը, երբ մեր շուրջն ենք նայում աշխարհիկ աչքերով, քանի որ առաջին հերթին մենք տեսնում ենք անհարմարությունը, կորուստը, բեռը կամ մենակությունը: Մյուս կողմից, մենք կարող ենք տեսնել օրհնությունները, երբ վերև նայենք: Տերը հայտնել է. «Եվ եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն»:5 Բոլորդ, ովքեր մտնում եք Աստծո ցանկացած ծառայության մեջ, իմացեք, որ դուք ամուր կապ եք հանդիսանում հզոր օրհնությունների՝ նրանց համար, ովքեր ձեզանից առաջ էին և այն սերունդների միջև, որոնք ձեզանից հետո կլինեն:
Այսօր ես երախտապարտ եմ՝ տեսնելով, որ մեր ընտանիքի անդամներից շատերն են հավատարիմ ուխտի ճանապարհին և չեմ պատկերացնում, որ հանկարծ մեր կողքին դատարկ տեղեր տեսնեմ: Երեց Մ. Ռասսել Բալլարդն ասել է. «Եթե որոշել եք դառնալ ոչ ակտիվ կամ հեռանալ վերականգնված Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց, ո՞ւր եք գնալու: Ի՞նչ եք անելու: Այլևս Եկեղեցու անդամների և Տիրոջ կողմից ընտրված ղեկավարների հետ չշարունակելու որոշումը երկարատև ազդեցություն կթողնի, որը միշտ չէ, որ անմիջապես կտեսնեք»:6 Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կոչ է արել մեզ. «Եկեք կայացնենք դժվարին թվացող ճիշտ ընտրություններ, այլ ոչ թե հեշտ թվացող սխալ ընտրություններ»։7
Երբեք ուշ չէ վերև նայել՝ Հիսուս Քրիստոսին: Նրա ձեռքերը միշտ բաց են մեզ համար: Մեզանից առաջ եղած և մեզանից հետո եկող սերունդները կախում ունեն մեզանից Քրիստոսին հետևելու հարցում, որպեսզի մենք հավերժական ընտանիք լինենք:
Երբ ես ազատվեցի ցցի նախագահի իմ կոչումից, որդիներս ուրախացել էին, որ ինձ հետ ավելի շատ ժամանակ են անցկացնելու: Երեք շաբաթ անց ես կանչվեցի որպես յոթանասունական: Սկզբում ես մտածեցի, որ նրանք տխրելու են, բայց իմ կրտսեր որդու հեզ արձագանքն էր. «Հայրիկ, մի անհանգստացիր: Մենք հավերժական ընտանիք ենք»: Դա հասարակ ու պարզ ճշմարտություն էր: Ես մի քիչ անհանգստացած էի, քանի որ նախ շուրջս էի նայում՝ այս մահկանացու կյանքին, իսկ իմ որդին երջանիկ էր, քանի որ շուրջը չէր նայում, այլ՝ վերև, աչքերն ուղղելով դեպի հավերժությունը և Տիրոջ նպատակները:
Երբեմն հեշտ չէ վերև նայել, երբ ձեր ծնողները դեմ են ավետարանին, երբ դուք Եկեղեցու փոքրիկ միավորի անդամ եք, երբ ձեր ամուսինը կամ կինը անդամ չէ, երբ դուք դեռ միայնակ եք, չնայած ամուսնանալուն ուղղված ձեր բոլոր ջանքերին, երբ ձեր երեխան մոլորության մեջ է, երբ հանկարծ դարձել եք միայնակ ծնող, երբ դուք ֆիզիկապես կամ հուզականորեն վնասվել եք, երբ դուք աղետի զոհ եք դարձել և այլն: Այդ դժվարին ժամանակներում ամուր կառչեք ձեր հավատքից: Վեր նայեք Քրիստոսին՝ զորության, հավասարակշռության և բուժման համար: Հիսուս Քրիստոսի Քավության զորության շնորհիվ «բոլոր բաները միաժամանակ կգործեն [ձեր] բարիքի համար»:8
Ես բերում եմ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մեր Փրկիչն ու Քավիչն է: Երբ մենք հետևում ենք մեր ապրող մարգարեին՝ Թոմաս Ս. Մոնսոնին, մենք նայում ենք Հիսուս Քրիստոսին: Երբ մենք ամեն օր աղոթում և ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, ամեն շաբաթ անկեղծ ընդունում ենք հաղորդությունը, մենք ուժ ենք ստանում միշտ վերև՝ Նրան նայելու: Ես երջանիկ եմ լինել այս Եկեղեցու անդամը և հավերժական ընտանիքի մի մասը: Ես սիրում եմ կիսվել այս հրաշալի ավետարանով մյուսների հետ: Մեր նպատակն է մարդկանց հրավիրել դեպի Քրիստոսը, և մենք կարող ենք իրականացնել այն՝ նայելով վերև՝ Հիսուս Քրիստոսին: Ես խոնարհաբար վկայում եմ այս բաների մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: