2017
Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ
May 2017


Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ

Սուրբ Հոգին զգուշացնում է, Սուրբ Հոգին մխիթարում է, Սուրբ Հոգին վկայում է:

Վերջերս ես ու կինս մի երկուշաբթի երեկոյան այցելեցինք մեր մոտակայքում ապրող մի երիտասարդ ընտանիքի: Մինչ այնտեղ էինք` այդ ընտանիքը մեզ հրավիրեց մնալ ընտանեկան երեկոյին` ասելով, որ դասը պատրաստել է իրենց ինը տարեկան որդին: Իհարկե մենք մնացինք:

Բացման օրհներգից, աղոթքից ու ընտանեկան հայտարարություններից հետո, ինը տարեկան երեխան սկսեց` կարդալով իր ձեռքով գրված դասից խորիմաստ մի հարց. «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ»: Այս հարցն առաջացրեց ընտանեկան իմաստալից քննարկում, որտեղ ամեն ոք կիսվում էր իր մտքերով ու կարծիքով: Ես տպավորված էի մեր ուսուցչի պատրաստած դասից և նրա շատ լավ հարցից, որի մասին անընդհատ մտածում էի:

Ընտանեկան երեկոյի ձեռքով գրված դասը

Դրանից հետո շարունակ հարցնում էի ինքս ինձ. «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ». մի հարց, որը հատկապես ունենում են երեխաների խմբի անդամները, ովքեր դառնում են ութ տարեկան ու պատրաստվում են մկրտության և այն երեխաները, ովքեր նոր են մկրտվել ու ստացել են Սուրբ Հոգու պարգևը: Այս հարցն ունենում են նաև հազարավոր նորադարձներ:

Ես հրավիրում եմ բոլորին, հատկապես Երեխաների խմբի անդամներին, խորհել, թե «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ»: Երբ ես մտածում էի այս հարցի շուրջ, անմիջապես հիշեցի մի փորձառություն, որն ունեցել եմ երիտասարդ տարիքում: Սա մի պատմություն է, որը ես պատմեցի Երեց Ռոբերտ Դ. Հեյլսին` Տասներկու Առաքյալների Քվորում իմ կանչից որոշ ժամանակ անց, և նա այն ընդգրկեց Եկեղեցու ամսագրային հոդվածներից մեկում, որը նա գրել էր իմ կյանքի մասին:1 Ձեզանից մի քանիսը գուցե լսել են այս պատմությունը, սակայն շատերը հավանաբար դեռ ոչ:

Երբ մոտ 11 տարեկան էի, հայրս և ես մի շոգ ամառային օր բարձրացանք մեր տան մերձակայքում գտնվող սարերը: Մինչ հայրս զառիվեր բարձրանում էր բլուրը, ես արահետի եզրերին գտնվող մի մեծ քարից մյուսն էի թռչում: Երբ ուզում էի բարձրանալ մեծ քարերից մեկի վրա, սկսեցի մագլցել: Ու մինչ մագլցում էի, զարմացա, երբ հայրս բռնեց գոտուցս ու արագ վայր իջեցրեց ինձ` ասելով. «Մի՛ մագլցիր այդ քարի վրա: Եկ շարունակենք քայլել արահետով»:

Րոպեներ անց, երբ արահետի ավելի բարձր հատվածից վայր նայեցինք, մենք ապշեցինք, քանի որ տեսանք մի մեծ բոժոժավոր օձ` պառկած արևի տակ հենց այն քարի վրա, որը ես փորձում էի մագլցել:

Ավելի ուշ, երբ մեքենայով տուն էինք վերադառնում, գիտեի, որ հայրս ակնկալում էր, որ ես կհարցնեմ. «Ինչպե՞ս իմացար, որ օձն այդտեղ էր»: Ուստի ես հարցրի, և իմ հարցն առաջացրեց Սուրբ Հոգու մասին մի քննարկում՝ ինչպես կարող է Սուրբ Հոգին մեզ օգնել: Ես երբեք չեմ մոռացել այն, ինչ սովորեցի այդ օրը:

Տեսնո՞ւմ եք, թե Սուրբ Հոգին ինչպես օգնեց ինձ: Ես հավերժ երախտապարտ կլինեմ, որ հայրս լսեց Սուրբ Հոգու մեղմ, հանդարտ ձայնը, որը գուցե փրկեց իմ կյանքը:

Ի՞նչ գիտենք Սուրբ Հոգու մասին

Նախքան կշարունակենք խորհել այն հարցի շուրջ, թե «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ», եկեք վերանայենք, թե Տերն ինչ է հայտնել Սուրբ Հոգու մասին: Շատ հավերժական ճշմարտություններ կան, որոնք մենք կարող ենք ուսումնասիրել, սակայն այսօր ես կկենտրոնանամ միայն երեքի վրա:

Առաջին հերթին, Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է: Այս մասին մենք սովորում ենք հավատո առաջին հանգանակում. «Մենք հավատում ենք Աստծուն` Հավերժական Հորը, և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն»:2

Երկրորդ, Սուրբ Հոգին հոգեղեն անձնավորություն է, ինչպես նկարագրված է ժամանակակից սուրբ գրություններում. «Հայրն ունի մսից ու ոսկորից մարմին, այնպես շոշափելի, ինչպես մարդունը. Որդին` նույնպես. բայց Սուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին, այլ Հոգեղեն անձնավորություն է: Եթե այդպես չլիներ, Սուրբ Հոգին չէր կարող բնակվել մեզանում»:3 Սա նշանակում է, որ ի տարբերություն Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի, ովքեր ունեն ֆիզիկական մարմին, Սուրբ Հոգին ունի հոգեղեն մարմին: Այս ճշմարտությունը հստակեցնում է Սուրբ Հոգուն տրված ու մեզ ծանոթ մյուս անունները, ներառյալ Սուրբ Հոգի, Աստծո Հոգի, Տիրոջ Հոգի, Խոստումի Սուրբ Հոգի և Մխիթարիչ:4

Երրորդ, Սուրբ Հոգու պարգևը տրվում է ձեռնադրման միջոցով: Այս արարողությունը, որը հետևում է մկրտությանը, իրավունք է տալիս մեզ, որ միշտ ունենանք Սուրբ Հոգու ընկերակցությունը:5 Այս արարողությունը կատարելու համար արժանի Մելքիսեդեկյան Քահանայություն կրողներն իրենց ձեռքերը դնում են անձնավորության գլխին,6 կոչում են նրան անունով, նշում են իրենց քահանայության լիազորությունը և Հիսուս Քրիստոսի անունով հաստատում են նրան որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, և արտասանում են այս կարևոր արտահայտությունը. «Ստացի՛ր Սուրբ Հոգին»:

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ:

Սուրբ Հոգու մասին այս երեք հիմնարար ճշմարտությունները վերանայելուց հետո վերադառնանք մեր առաջին հարցին. «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ»:

Սուրբ Հոգին զգուշացնում է

Ինչպես նկարագրեցի իմ մանկության փորձառության մեջ, Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ` նախապես զգուշացնելով ֆիզիկական ու հոգևոր վտանգների մասին: Ես ևս մի անգամ սովորեցի Սուրբ Հոգու զգուշացնող կարևոր դերի մասին, երբ ծառայում էի Ճապոնիայի տարածքային նախագահությունում:

Այդ ժամանակ ես սերտորեն աշխատում էի Ճապոնիա Սենդայ Միսիայի Նախագահ Ռեյդ Թեյթոկայի հետ: Որպես իր միսիոներական օրակարգի սովորական մաս` Նախագահ Թեյթոկան միսիոներական առաջնորդների համար իր միսիայի հարավային հատվածում հանդիպում էր ծրագրել: Հանդիպումից մի քանի օր առաջ Նախագահ Թեյթոկան տպավորություն էր ստացել, իր սրտում զգացում էր ունեցել, որ երեց և քույր առաջնորդ նշանակված փոքր թվով միսիոներներից բացի առաջնորդների հետ հանդիպմանը պետք է հրավիրեր այդ գոտու բոլոր միսիոներներին:

Երբ նա հայտնեց իր մտադրությունը, նրան հիշեցրին, որ այդ հանդիպումը բոլոր միսիոներների համար չէր նախատեսված, այլ միայն առաջնորդների համար էր: Այնուամենայնիվ, իր ստացած հուշումներին հետևելու համար մի կողմ դնելով կազմած ծրագիրը, նա այդ հանդիպմանը հրավիրեց բոլոր միսիոներներին, ովքեր ծառայում էին որոշ ծովափնյա քաղաքներում, այդ թվում նաև Ֆուկուշիմա քաղաքում: Նշանակված օրը` 2011թ.-ի մարտի 11-ին, միսիոներները միասին հավաքվեցին Քորիյամա ոչ ծովափնյա քաղաքում ծավալված միսիոներական հանդիպմանը:

Այդ հանդիպման ընթացքում Ճապոնիայի այն տարածքում, որտեղ տարածվում է Ճապոնիա Սենդայ միսիան, տեղի ունեցավ 9.0 բալ ուժգնությամբ երկրաշարժ ու ցունամի: Դժբախտաբար, շատ ծովափնյա քաղաքներ, այդ թվում նաև այն քաղաքները, որտեղից հավաքվել էին միսիոներները, ավերվել էին ու մարդկային կյանքի մեծ կորուստներ էին ունեցել: Իսկ Ֆուկուշիմա քաղաքն ավելի ուշ տուժել էր ատոմակայանի հետ առնչվող պատահարից:

Չնայած այն ժողովատունը, որտեղ միսիոներներն այդ օրը հավաքվել էին, տուժել էր երկրաշարժի պատճառով, սակայն Սուրբ Հոգու հուշումներին հետևելու շնորհիվ Նախագահ ու Քույր Թեյթոկան և բոլոր միսիոներները միասին ապահով էին: Նրանք անվտանգ վայրում էին` մի քանի մղոն հեռու ցունամիի ու միջուկային աղտոտման պատճառած ավերածությունից:

Երբ հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք հաճախ մեղմ ու հանդարտ տպավորություններ են, հոգևոր և ֆիզիկական վտանգները կհեռացվեն ձեզանից առանց ձեր իմանալու:

Եղբայրնե՛ր ու քույրե՛ր, Սուրբ Հոգին ձեզ կօգնի զգուշացնելով, ինչպես որ Նա զգուշացրեց հայրիկիս ու Նախագահ Թեյթոկային:

Սուրբ Հոգին մխիթարում է

Շարունակելով պատասխանել այն հարցին, թե «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ», եկեք այժմ ուսումնասիրենք Նրա դերը որպես Մխիթարիչ: Մեր բոլորի կյանքում անսպասելի իրադարձություններն առաջացնում են տխրություն, ցավ և հիասթափություն: Մինչդեռ, երբ գտնվում ենք այս փորձությունների մեջ, Սուրբ Հոգին ծառայում է մեզ` կատարելով Իր կարևոր դերերից մեկը` որպես Մխիթարիչ, որն իրականում Նրա անուններից մեկն է: Հիսուս Քրիստոսի այս խաղաղ, հուսադրող խոսքերը նկարագրում են այդ սրբազան դերը. «Եւ ես Հօրը կաղաչեմ և ուրիշ Մխիթարիչ կտայ ձեզ, որ մնայ ձեզ հետ յաւիտեան»:7

Այս սկզբունքն ավելի լիարժեք բացատրելու համար ես կկիսվեմ հինգ որդի ունեցող մի ընտանիքի իրական պատմությամբ, ովքեր մի քանի տարի առաջ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելոս քաղաքից տեղափոխվեցին մի փոքր համայնք: Երկու ավագ որդիները սկսեցին մասնակցել ավագ դպրոցի սպորտային խաղերին ու առնչվել ընկերների, ղեկավարների ու մարզիչների հետ, որոնցից շատերը Եկեղեցու հավատարիմ անդամներ էին: Այս հարաբերությունները հանգեցրին Ֆերնանդոյի ու նրա կրտսեր եղբոր մկրտությանը:

Ֆերնանդոն ավելի ուշ տեղափոխվեց տնից այլ վայր, որտեղ նա շարունակեց իր կրթությունն ու խաղաց իր ուսումնական հաստատության ֆուտբոլի թիմում: Նա տաճարում ամուսնացավ իր ավագ դպրոցի սիրելիի` Բեյլիի հետ: Երբ Ֆերնանդոն ու Բեյլին վերջացրին իրենց ուսումը, անհամբեր սպասում էին իրենց առաջին երեխայի` դստեր ծնվելուն: Սակայն մինչ Ֆերնանդոյի ու Բեյլիի ընտանիքներն օգնում էին նրանց ետ վերադառնալ տուն, Բեյլին ու իր քույրը մեքենա էին վարում մայրուղու վրա և ենթարկվեցին ողբերգական ավտովթարի, որի մեջ ներգրավված էին մի քանի մեքենաներ: Բեյլին ու նրա դեռ չծնված դուստրը մահացան:

Ֆերնանդոն ու Բեյլին

Որքան էլ որ խորն էր Ֆերնանդոյի, ինչպես նաև Բեյլիի ծնողների, քույր ու եղբայրների ցավը, նույնքան խորն էր խաղաղության ու մխիթարության զգացումը, որը նրանք կարծես անմիջապես զգացին` ի հակադրություն ցավի: Սուրբ Հոգին, որպես Մխիթարիչ, իսկապես ուժ տվեց Ֆերնանդոյին այս անըմբռնելի տանջանքի մեջ: Հոգին տևական խաղաղություն հաղորդեց, որը Ֆերնանդոյի մեջ առաջացրեց ներման ու սիրո վերաբերմունք նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված էին այդ ողբերգական ավտովթարի մեջ:

Բեյլիի ծնողները զանգեցին նրա եղբորը, ով վթարի ժամանակ ծառայում էր որպես միսիոներ: Նա իր զգացումները նկարագրել էր նամակի մեջ, որոնք ունեցել էր իր սիրելի քրոջ մասին այդ ծանր լուրն իմանալով. «Զարմանալի էր փոթորիկի միջից ձեր հանդարտ ձայնը լսելը: Ես չգիտեի ինչ ասեմ: … Ես մտածում էի այն մասին, որ քույրս այլևս տանը չի լինի, երբ տուն գամ: … Ես մխիթարվեցի Փրկիչի ու Նրա ծրագրի մասին ունեցած ձեր ամուր վկայությունով: Այդ նույն հաճելի հոգին, որն աչքերս է արցունքով լցնում, երբ ուսումնասիրում ու ուսուցանում եմ, լցրեց իմ սիրտը: Այնուհետև ես մխիթարվեցի ու հիշեցի այն բաները, որոնք գիտեմ»:8

Սուրբ Հոգին կօգնի ձեզ մխիթարելով, ինչպես Նա մխիթարեց Ֆերնանդոյի ու Բեյլիի ընտանիքին:

Սուրբ Հոգին վկայում է

Սուրբ Հոգին նաև վկայում և հաստատում է Հոր և Որդու և բոլոր բաների ճշմարտացիության մասին:9 Տերն Իր առաքյալների հետ խոսելիս, ասել է. «Բայց երբոր Մխիթարիչը կգայ, որ ես Հօրիցը կուղարկեն ձեզ, … նա կվկայէ ինձ համար»:10

Սուրբ Հոգու թանկագին դերը որպես վկայող նկարագրելու համար ես կշարունակեմ Ֆերնանդոյի ու Բեյլիի պատմությունը: Եթե հիշում եք, ես ասացի, որ Ֆերնանդոն ու իր եղբայրը մկրտվեցին, սակայն նրա ծնողներն ու երեք կրտսեր եղբայրները` ոչ: Ու չնայած տարիների ընթացքում միսիոներների հետ հանդիպելու բազմաթիվ հրավերներ ստացան , ամեն անգամ ընտանիքը մերժում էր:

Բեյլիի ու նրա փոքրիկ դստեր ցավալի մահվան պատճառով Ֆերնանդոյի ընտանիքն անմխիթար վիճակում էր: Ի տարբերություն Ֆերնանդոյի ու Բեյլիի ընտանիքի, նրանք չէին կարողանում մխիթարանք կամ խաղաղություն գտնել: Նրանք չէին հասկանում, թե ինչպես իրենց սեփական որդին, Բեյլիի ընտանիքի հետ միասին, կարողանում էին կրել իրենց ծանր բեռը:

Ի վերջո նրանք հասկացան, որ այն, ինչ իրենց որդին ուներ, իսկ իրենք չունեին, Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն էր, և պետք է դա լիներ նրա խաղաղության ու մխիթարության աղբյուրը: Սա հասկանալուց հետո նրանք միսիոներներին հրավիրեցին, որպեսզի ավետարանն ուսուցանեն իրենց ընտանիքին: Արդյունքում երջանկության ծրագրի մասին իրենք ստացան իրենց վկայությունն ու հաստատումը, որը հաճելի խաղաղություն ու հանգստացնող սփոփանք բերեց, որը նրանք հուսահատորեն փնտրում էին:

Ֆերնանդոյի ընտանիքի մկրտությունը

Բեյլիի ու իրենց դեռ չծնված թոռնուհու մահից երկու ամիս անց Ֆերնանդոյի ծնողները, ինչպես նաև նրա երկու կրտսեր եղբայրները մկրտվեցին, հաստատվեցին ու ստացան Սուրբ Հոգու պարգևը: Ֆերնանդոյի կրտսեր եղբայրն անհամբերությամբ սպասում է իր մկրտությանը, երբ դառնա ութ տարեկան: Նրանք ամենքը վկայում են, որ Սուրբ Հոգին վկայություն բերեց ավետարանի ճշմարտացիության մասին` առաջնորդելով նրանց մկրտվելու և Սուրբ Հոգու պարգևը ստանալու ցանկությանը:

Եղբայրնե՛ր ու քույրե՛ր, Սուրբ Հոգին կօգնի ձեզ` վկայություն բերելով, ինչպես որ Նա օգնեց Ֆերնանդոյի ընտանիքին:

Ամփոփում

Այժմ եկեք ամփոփենք: Մենք նշեցինք երեք հայտնի դարձած ճշմարտություն, որոնք մեզ օգնում են ճանաչել Սուրբ Հոգուն: Դրանք են՝ Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է, Սուրբ Հոգին հոգեղեն անձնավորություն է, և Սուրբ Հոգու պարգևը տրվում է ձեռնադրման միջոցով: Մենք նաև երեք պատասխան տվեցինք «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ» հարցին: Սուրբ Հոգին զգուշացնում է, Սուրբ Հոգին մխիթարում է, և Սուրբ Հոգին վկայում է:

Պարգևը պահելու արժանավորություն

Նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտվել ու հաստատվել, նրանց համար, ովքեր վերջերս են մկրտվել ու հաստատվել կամ նրանց համար, ովքեր շատ վաղուց են մկրտվել, մեր ֆիզիկական ու հոգևոր ապահովության համար կարևոր է, որ ունենանք Սուրբ Հոգու պարգևը: Մենք սկսում ենք այդպես վարվել` ձգտելով պահել պատվիրանները, ունենալով անձնական ու ընտանեկան աղոթք, կարդալով սուրբ գրությունները և ձգտելով ներել ընտանիքին ու սիրելիներին, սիրել նրանց հետ ունեցած մեր հարաբերությունները: Մենք պետք է մեր մտքերը, գործողությունները և խոսքերը առաքինի պահենք: Մենք պետք է երկրպագենք մեր Երկնային Հորը մեր տանը, եկեղեցում և, հնարավորության դեպքում, սուրբ տաճարում: Մոտ մնացեք Սուրբ Հոգուն, և Սուրբ Հոգին ձեզ մոտ կմնա:

Վկայություն

Այժմ ես ավարտում եմ մի հրավերով ու իմ հաստատուն վկայությամբ: Ես ձեզ հրավիրում եմ լիարժեք ապրել այնքան հաճախ Երեխաների խմբի կողմից երգված երգի բառերին համաձայն, բառեր, որոնք վստահ եմ, նրանք կճանաչեն. «Լսի՛ր, լսի՛ր: Սուրբ Հոգին կշշնջա: Լսի՛ր, լսի՛ր մեղմ ու հանդարտ ձայնը»:11

Սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, տարիքով և երիտասարդ, ես իմ վկայությունն են բերում աստվածային էակների փառավոր գոյության մասին, ովքեր կազմում են Աստվածագլուխը` Հայր Աստվածը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին: Ես վկայում եմ, որ այն արտոնություններից մեկը, որ մենք` որպես վերջին օրերի սրբեր, վայելում ենք ժամանակների լրության տնտեսությունում, Սուրբ Հոգու պարգևն ունենալն է: Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին օգնում է և կօգնի ձեզ: Ես նաև ավելացնում եմ Հիսուս Քրիստոսի ու որպես մեր Փրկիչ ու Քավիչ Նրա դերի մասին իմ հատուկ վկայությունը, ինչպես նաև իմ հատուկ վկայությունը Աստծո մասին` որպես մեր Երկնային Հայր: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: