2017
Աստվածագլուխը և Փրկության ծրագիրը
May 2017


Աստվածագլուխը և փրկության ծրագիրը

Քանի որ մենք ունենք Աստվածագլխի և Նրանց հետ մեր հարաբերության, կյանքի նպատակի, մեր հավերժական ճակատագրի բնույթի մասին ճշմարտությունը, մենք ունենք լավագույն ճանապարհի քարտեզը և հավաստիացում՝ այս մահկանացու կյանքում մեր ուղևորության համար:

I.

Մեր առաջին հավատո հանգանակում ասվում է. «Մենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն»: Մենք միանում ենք ուրիշ քրիստոնյաներին, ովքեր հավատում են Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, բայց ինչին մենք հավատում ենք Նրանց վերաբերյալ, տարբեր է ուրիշների համոզմունքներից: Մենք չենք հավատում Սուրբ Երրորդությանը, ինչպես քրիստոնյա աշխարհն է հավատում: Իր Առաջին Տեսիլքում Ջոզեֆ Սմիթը տեսել է երկու տարբեր անձնավորությունների, երկու էակների, այսպիսով հստակեցնելով, որ այն ժամանակ գերիշխող հավատալիքները Աստծո և Աստվածագլխի մասին սխալ էին:

Ի տարբերություն այն համոզմունքի, որ Աստված անհասկանալի, անիմանալի առեղծված է, ճշմարտությունն այն է, որ Աստծո բնույթը և մեր հարաբերությունը Նրա հետ ճանաչելի են և այն մեր մյուս վարդապետությունների բանալին է: Աստվածաշնչում տրված Հիսուսի մեծ Միջնորդական Աղոթքը, որտեղ նա հայտարարեց, որ «Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. Եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Հովհաննես 17․3):

Նկար
Աստվածաշունչ

Աստծուն ճանաչելու և Նրա աշխատանքի մասին իմանալու ջանքերը սկսվել են մահկանացու կյանքից առաջ և չեն վերջանալու այստեղ: Մարգարե Ջոսեֆ Սմիթն ուսուցանել է. «Երկար ժամանակ կանցնի վարագույրի ձեր մյուս կողմն անցնելուց, երբ դուք կսովորեք [վեհացման բոլոր սկզբունքները]»:1 Մենք կառուցում ենք այն գիտելիքի վրա, որը մենք ստացել ենք նախաերկրային հոգևոր աշխարհում: Ուստի, փորձելով Իսրայելացիներին սովորեցնել Աստծո բնույթի և Նրա զավակների հետ ունեցած Նրա հարաբերության մասին, Եսայիա մարգարեն ասել է.

«Ուրեմն ո՞ւմ եք նմանեցնում Աստուծուն, եւ ի՞նչ նմանութիւն՝ հաւասարացնում նորան: …

«Մի՞թէ չգիտէք, մի՞թէ չլսեցիք, մի՞թէ չպատմուեցաւ ձեզ առաջուց. Մի՞թէ չէք հասկացել երկրի հիմնադրութիւնից» (Եսայիա 40:18, 21):

Մենք գիտենք, որ Աստվածագլխի երեք անդամները առանձին և տարբեր էակներ են: Մենք գիտենք սրա մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմունքներից. «Հայրն ունի մսից ու ոսկորից մարմին, այնպես շոշափելի, ինչպես մարդունը. Որդին՝ նույնպես. բայց Սուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին, այլ Հոգեղեն անձնավորություն է: Եթե այդպես չլիներ, Սուրբ Հոգին չէր կարող բնակվել մեզանում» (ՎևՈւ 130.22):

Ինչ վերաբերում է Աստվածագլխում Հայր Աստծո գերագույն դիրքին, ինչպես նաև յուրաքանչյուր անձնավորության կատարած համապատասխան դերին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթը

«Բոլոր նրանք, ովքեր տեսել են բացված երկինքը, գիտեն, որ կան երեք անձնավորություններ երկնքում, ովքեր կրում են զորության բանալիները և մեկը ղեկավարում է բոլորին: …

« … Այդ անձնավորությունները … կոչվում են Աստված առաջինը՝ Արարիչը. Աստված երկրորդը՝ Քավիչը. և Աստված երրորդը՝ Վկայողը կամ Կտակարարը:

«Հոր իրավասությունն է նախագահել որպես Գլխավոր կամ Նախագահ, Հիսուսը որպես Հաշտարար, և Սուրբ Հոգին որպես Կտակարար կամ Վկա»:2

II. Ծրագիրը

Մենք հասկանում ենք մեր հարաբերությունը Աստվածագլխի անդամների հետ ինչպես մեզ հայտնվում է փրկության ծրագրից:

Օրինակ՝ «Ո՞րտեղից ենք մենք», «Ի՞նչու ենք մենք այստեղ» և «Ու՞ր ենք մենք գնում» հարցերի պատասխանները գալիս են սուրբ գրություններից, որտեղ այն կոչվում է «փրկության ծրագիր», «երջանկության մեծ ծրագիր», կամ «փրկագնման ծրագիր» (Ալմա 42.5, 8, 11): Հիսուս Քրիստոսի ավետարանը այս ծրագրի կենտրոնն է:

Որպես Աստծո հոգևոր զավակներ, մահկանացու կյանքից առաջ մեր գոյը բաղձում էր մեր ճակատագիրը՝ հավերժական կյանքը, բայց մեր ֆիզիկական մարմնում մենք զարգացել էինք՝ որքան կարողացել էինք, առանց մահկանացու փորձառությունների: Որպեսզի մեզ տրամադրի այդ հնարավորությունը, մեր Երկնային Հայրը նախագահեց այս աշխարհի Արարումը, զրկեց մեզ նախքան մահկանացու ծնունդն ունեցած մեր հիշողությունից, որպեսզի մենք կարողանանք ապացուցել Նրա պատվիրանները պահելու մեր պատրաստակամությունը և փորձառություններ ունենանք ու աճենք մահկանացու կյանքի մյուս դժվարությունների միջոցով: Բայց մահկանացու փորձառության ժամանակ և մեր առաջին ծնողների Անկման արդյունքում, մենք կկրեինք հոգևոր մահ, կտրված լինելով Աստծու ներկայությունից, կեղտոտված լինելով մեղքով, և կդառնայինք ֆիզիկական մահվան ենթակա: Հոր ծրագիրը նախատեսել էր և տրամադրել էր ճանապարհներ՝ հաղթահարելու այդ բոլոր խոչնդոտները:

III. Աստվածագլուխը

Իմանալով Աստծո մեծ ծրագրի նպատակը, մենք հիմա նկատի ենք առնում այդ ծրագրում Աստվածագլխի երեք անդամների համապատասխան դերերը:

Մենք սկսում ենք Աստվածաշնչի մի ուսմունքից: Կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակի վերջում Պողոս Առաքյալը համարյա բացահայտ վկայակոչում է Աստվածագլխի՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին. «Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եւ Աստուծոյ սէրը, եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը [ կամ «ընկերակցությունը»3] ձեր ամենի հետ» (Բ Կորնթացիս 13:14):

Այս աստվածաշնչյան հատվածը ներկայացնում է Աստվածագլխին և Աստծո անսահման և քաջալերող սերը, Հիսուս Քրիստոսի ողորմածությունը և փրկող առաքելությունը և Սուրբ Հոգու ընկերակցությունը:

Հայր Աստվածը

Ամեն բան սկսվում է Հայր Աստծուց: Թեև մենք համեմատաբար քիչ գիտենք Նրա մասին, ինչ որ գիտենք, որոշիչ է՝ հասկանալու Նրա գերագույն դիրքը, մեր հարաբերությունները Նրա հետ, Նրա ղեկավար դերը փրկության ծրագրում, Արարումը և դրան հաջորդող ամեն բան:

Ինչպես Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին է գրել անմիջապես իր մահից առաջ. «Բառիս բուն և վերջնական իմաստով, կա միայն մեկ ճշմարիտ և կենդանի Աստված: Նա է Հայրը, Ամենազոր Էլոհիմը, Գերագույն Էակը, Տիեզերքի Արարիչը և Կառավարիչը»:4 Նա է Աստվածը, Հիսուս Քրիստոսի, ինչպես նաև մեր բոլորի Հայրը»: Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ուսուցանել է, որ «առաջին հիմնարար ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը պաշտպանել է, հենց սա էր՝ որ ետևում, վերևում ու ամենուրեք կա Հայր Աստվածը՝ երկնքի ու երկրի Տերը»:5

Ինչ մենք գիտենք Հայր Աստծո բնույթի մասին, հիմնականում այն է, ինչ մենք կարող ենք սովորել Նրա Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի ծառայությունից և ուսմունքներից: Ինչպես ուսուցանել է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը, Հիսուսի ծառայության կարևորագույն նպատակներից մեկը մահկանացուների համար բացահայտելն է, թե «ինչպիսին է մեր Հավերժական Հայր Աստվածը, … բացահայտել և մեզ համար անհատականացնել Իր Հոր, մեր Երկնային Հոր ճշմարիտ էությունը»:6 Աստվածաշունչը պարունակում է մարգարեական վկայություն, որ Հիսուսը Իր Հոր անձի «էութեան նկարագիրն» էր (Եբրայեցիս 1.3), որը պարզապես ներկայացնում է Հիսուսի ուսմունքը, որ «ինձ տեսնողը Հօրը տեսաւ» (Հովհաննես 14.9):

Հայր Աստվածը մեր հոգիների Աստվածն է: Մենք Նրա զավակներն ենք: Նա սիրում է մեզ և այն ամենն, ինչ Նա անում է, մեր հավերժական օգտի համար է: Նա է հավերժական ծրագրի ստեղծողը և Նրա զորությամբ է, որ Նրա ծրագիրն իրականացնում է Նրա նպատակները Նրա զավակների հավերժական փառքի համար:

Որդին

Մահկանացուների համար Աստվածագլխի ամենատեսանելի անդամը Հիսուս Քրիստոսն է: 1909թ.-ին Առաջին Նախագահության մի հրաշալի հայտարարությամբ Նա հռչակվեց որպես՝ «անդրանիկը Աստծո բոլոր որդիների մեջ, առաջին միածինը հոգով և միածինը մարմնով»:7 Որդին՝ բոլորից մեծագույնը, ընտրվեց Հոր կողմից իրականացնելու Հոր ծրագիրը՝ գործադրելու Հոր զորությունը, որպեսզի ստեղծի անթիվ աշխարհներ (տես Մովսես 1.33), Իր Հարությամբ փրկի Աստծո զավակներին մահից և Իր Քավությամբ՝ մեղքից: Այս աստվածային զոհաբերությունը իրավամբ կոչվում է «ողջ մարդկային պատմության առանցքային իրադարձություն»:8

Նկար
Տեր Հիսուս Քրիստոսը

Այն եզակի և սուրբ դեպքերում, երբ Հայր Աստվածն անձամբ է ներկայացրել Որդուն, Նա ասել է. «Դա է իմ սիրելի Որդին. Դորան լսեցէք»։ (Մարկոս 9:7,Ղուկաս 9.35, տես նաև 3 Նեփի 11.7, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․17): Այսպիսով, Նա Հիսուս Քրիստոսն է, Եհովան, Իսրայելի Տեր Աստվածը, ով խոսում է մարգարեների հետ և նրանց միջոցով:9 Ահա ինչու, երբ Հիսուսը հայտնվեց Նեփիացիներին իր Հարությունից հետո, Իրեն ներկայացրեց որպես՝ «ամբողջ երկրագնդի Աստվածը» (3 Նեփի 11.14): Ահա ինչու էր Հիսուսը հաճախ խոսում Մորմոնի Գրքի մարգարեների և Վերջին Օրերի Սրբերի հետ որպես «Հայրն ու Որդին». մի վերնագիր, որը մեկնաբանվել է Տասներկու Առաքյալների Առաջին Նախագահության ոգեշնչված վարդապետական մեկնաբանության մեջ մոտ 100 տարի առաջ:10

Սուրբ Հոգին

Աստվածագլխի երրորդ անդամը Սուրբ Հոգին է, նաև Տիրոջ Հոգին և Մխիթարիչը: Նա Աստվածագլխի այն անդամն է, ով անձնական հայտնության միջնորդն է: Որպես հոգեղեն անձնավորություն (տես ՎևՈւ 130.22), Նա կարող է բնակվել մեզանում և միջնորդի դեր կատարել Հոր և Որդու և Աստծո զավակների միջև երկրի վրա: Շատ սուրբ գրություններ ուսուցանում են, որ Նրա առաքելությունն է վկայել Հոր և Որդու մասին (տես Հովհաննես 15.26, 3 Նեփի 28.11, ՎևՈւ 42.17): Փրկիչը խոստացել է, որ Մխիթարիչը կուսուցանի բոլոր բաները, կհիշեցնի ամեն բան և կառաջնորդի դեպի ճշմարտություն (տես Հովհաննես 14.26, 16.13): Այսպիսով, Սուրբ Հոգին օգնում է մեզ տարբերել ճշմարտությունը կեղծիքից, առաջնորդում է մեզ մեր կարևոր որոշումներում և օգնում է մեզ մահկանացու կյանքի դժվարությունների ժամանակ:11 Նա նաև միջոց է, որով մենք սրբագործվում ենք, այսինքն մաքրվում և զտվում մեղքից (տես 2 Նեփի 31.17, 3 Նեփի 27.20, Մորոնի 6.4):

IV.

Ուրեմն, Աստվածագլխի և փրկության ծրագրի մասին աստվածայնորեն տրված այս վարդապետության ըմբռնումն ինչպե՞ս կարող է օգնել մեզ մեր այսօրվա մարտահրավերներին հանդիպելիս:

Քանի որ մենք ունենք Աստվածագլխի և Նրանց հետ մեր հարաբերության, կյանքի նպատակի, մեր հավերժական ճակատագրի բնույթի մասին ճշմարտությունը, մենք ունենք լավագույն ճանապարհի քարտեզը և հավաստիացում՝ այս մահկանացու կյանքում մեր ուղևորության համար: Մենք գիտենք՝ ում և ինչու ենք երկրպագում: Մենք գիտենք՝ ովքեր ենք մենք և ինչ կարող ենք դառնալ (տես ՎևՈւ 93.19): Մենք գիտենք՝ ով է այդ ամենը հնարավոր դարձնում և գիտենք, թե ինչ պիտի անենք, որպեսզի վայելենք հրաշալի օրհնությունները, որոնք գալիս են Աստծո փրկության ծրագրի միջոցով: Որտեղի՞ց մենք գիտենք այս ամենը: Մենք գիտենք դրանք Աստծո կողմից Իր մարգարեներին և մեզանից յուրաքանչյուրին տրված հայտնություններից:

Ձեռք բերել այն, ինչը Պողոս Առաքյալը նկարագրել է որպես «Քրիստոսի կատարեալ հասակի չափովը» (Եփեսացիս 4.13), պահանջում է ավելին, քան գիտելիքի ձեռքբերումը: Նույնիսկ սա բավական չէ մեզ համար համոզված լինել ավետարանում, մենք պիտի գործենք և մտածենք, որպեսզի դարձի գանք դրանով: Ի տարբերություն աշխարհիկ հաստատությունների, որոնք մեզ սովորեցնում են ինչ-որ բան իմանալ, փրկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի ավետարանը հրավիրում են մեզ դառնալ ինչ-որ բան:

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Ինչպես Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն է ուսուցանել վերջին գերագույն համաժողովի ժամանակ.

«Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը Փրկության ծրագրի կարևոր մասն է: Առանց Նրա քավիչ զոհաբերության ամեն ինչ կկորսվեր: Սակայն բավարար չէ պարզապես հավատալ Նրան և նրա առաքելությանը: Մենք պիտի աշխատենք և սովորենք, փնտրենք և աղոթենք, ապաշխարենք և կատարելագործվենք: Մենք պիտի իմանանք Աստծո օրենքները և ապրենք դրանցով: Մենք պիտի ընդունենք Նրա փրկարար արարողությունները: Միայն այդպես վարվելով, մենք ձեռք կբերենք ճշմարիտ, հավերժական երջանկություն»: …

«Իմ հոգու խորքից և իմ ողջ խոնարհությամբ, - հայտարարել է Թոմաս Ս. Մոնսոնը,- ես վկայում եմ այն մեծ պարգևի մասին, որը մեր Հոր ծրագիրն է մեզ համար: Սա այն միակ կատարյալ ուղին է, որը տանում է դեպի խաղաղություն և երջանկություն և՛ այստեղ, և՛ գալիք աշխարհում»:12

Ես ավելացնում եմ իմ վկայությունը սիրելի մարգարե-նախագահի վկայությանը: Ես վկայում եմ, որ մենք ունենք Երկնային Հայր, ով սիրում է մեզ: Ես վկայում եմ, որ մենք ունենք Սուրբ Հոգի, ով ուղղորդում է մեզ: Եվ ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկիչի մասին, ով հնարավոր է դարձնում այդ ամենը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: