Եվ սա է հավիտենական կյանքը
Աստված ճանաչում է ձեզ և հրավիրում է ձեզ ճանաչել Իրեն։
Ես դիմում եմ ձեզ՝ աճող սերունդ, երիտասարդներ և չափահաս երիտասարդներ, ամուրի և ամուսնացած, ձեզ՝ Տիրոջ այս Եկեղեցու ապագա ղեկավարներ: Այսօրվա աշխարհի ողջ ամբարշտության, քաոսի, վախի և շփոթմունքի հետ միասին ես պարզ խոսում եմ ձեզ հետ Աստծուն ճանաչելու վսեմության և օրհնության մասին:
Հիսուս Քրիստոսը շատ ճշմարտություններ է ուսուցանել, որոնք լուսաբանում են Երկնային Հոր երջանկության ծրագիրը և ձեր տեղը դրանում: Ես կդիտարկեմ դրանցից երկուսը, որոնք կօգնեն ձեզ հասկանալ ձեր ինքնությունը որպես Աստծո զավակ և իմանալ ձեր նպատակը կյանքում:
Առաջինը՝ «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի,այլ հավիտենական կյանքն ունենայ»:1
Երկրորդը՝ «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Հիսուսին Քրիստոսին»:2
Խնդրում եմ մտապահեք այս ճշմարտությունները, դրանք ուսուցանում են ինչուն, այն ժամանակ, երբ ես կփորձեմ նկարագրել, թե ինչպես դուք և մենք բոլորս կարող ենք ճանաչել Աստծուն:
Ճանաչեք Նրան աղոթքի միջոցով
Իմ երիտասարդ բարեկամներ, մենք կարող ենք սկսել ճանաչել Աստծուն աղոթքի միջոցով:
1829 թվականի ապրիլի 7-ին 22-ամյա Օլիվեր Քաուդերին սկսում է իր աշխատանքը որպես դպիր 23-ամյա Ջոզեֆ Սմիթի համար: Նրանք ձեզ նման երիտասարդ էին: Օլիվերն Աստծուց հաստատում խնդրեց Վերականգնման և դրանում իր աշխատանքի վերաբերյալ: Ի պատասխան, նա ստացավ հետևյալ հայտնությունը.
«Ահա, դու գիտես, որ հարցրել ես ինձ, և ես լուսավորել եմ քո միտքը: …
Այո, ես ասում եմ քեզ, որ կարողանաս իմանալ, որ չկա ուրիշ ոչ մեկը, բացի Աստծուց, որ իմանա քոմտքերը և մտադրությունները քո սրտի: …
… Եթե դու լրացուցիչ վկայություն ես փափագում, ուղղիր միտքդ դեպի այն գիշերը, երբ դու ինձ էիր կանչում քո սրտում, …
Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին … : Ավելի մեծ ի՞նչ վկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց»:3
Երբ դուք աղոթեք հավատքով, կզգաք Աստծո սերը, երբ Նրա Հոգին խոսում է ձեր հոգու հետ: Անկախ նրանից, թե որքան մենակ կամ անվստահ կարող եք զգալ երբեմն, դուք մենակ չեք այս աշխարհում: Աստված գիտի ձեզ անհատապես: Աղոթելով դուք կսկսեք ճանաչել Նրան:
Ճանաչեք Նրան սուրբ գրություններն ուսումնասիրելու միջոցով
Ուսումնասիրելով սուրբ գրությունները, դուք ոչ միայն սովորում եք Փրկիչի մասին, այլ փաստացի սկսում եք ճանաչել Փրկիչին:
1985 թվականի ապրիլին երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին ելույթ ունեցավ գերագույն համաժողովին՝ իր մահից 13 օր առաջ: Նա եզրափակեց հետևյալ վկայությամբ.
«Ես Նրա վկաներից մեկն եմ և գալիք օրը ես կշոշափեմ բևեռների տեղերը Նրա ձեռքերի ու ոտքերի վրա և կթրջեմ Նրա ոտքերն իմ արցունքներով:
Սակայն ես ավելի լավ չեմ ճանաչի Նրան այդ ժամանակ, քան հիմա եմ ճանաչում, որ Նա է Աստծո Ամենակարող Որդին, որ Նա մեր Փրկիչն ու Քավիչն է, և որ փրկությունը գալիս է Նրա քավող արյամբ ու դրա միջոցով և ոչ մի ուրիշ ձևով»:4
Նրանք, ովքեր լսեցին երեց ՄակՔոնկիի ելույթը, երբեք չեն մոռանա այն, ինչ զգացին այդ օրը: Սկսելով իր ելույթը, նա բացահայտեց, թե ինչու էր իր վկայությունն այդքան զորավոր: Նա ասաց.
«Այս հրաշալի բաների մասին ես կարտահայտվեմ իմ բառերով, թեև հնարավոր է դուք մտածեք, որ դրանք սուրբ գրությունների խոսքեր են: …
Ճշմարիտ է այն, որ սկզբում դրանք մյուսների կողմից են քարոզվել, բայց այժմ դրանք իմն են, քանի որ Աստծո Սուրբ Հոգին վկայություն է տվել ինձ, որ դրանք ճշմարիտ են, և այժմ, կարծես Տերն ի սկզբանե ինձ է բացահայտել դրանք: Հետևաբար, ես լսել եմ Նրա ձայնը և գիտեմ Նրա խոսքը»:5
Երբ դուք ուսումնասիրեք սուրբ գրությունները և խորհեք դրանց շուրջ, դուք նույնպես կլսեք Աստծո ձայնը, կիմանաք Նրա խոսքերը և կսկսեք ճանաչել Նրան: Աստված կհայտնի ձեզ անհատապես Իր հավերժական ճշմարտությունները: Այս վարդապետություններն ու սկզբունքները կդառնան ձեր ինքնության մի մասը և կբխեն հենց ձեր հոգուց:
Անհատական ուսումնասիրությունից բացի, ընտանիքով սուրբ գրությունների ուսումնասիրումը նույնպես կարևոր է:
Մենք ցանկանում էինք, որ մեր տանը երեխաները սովորեին ճանաչել Հոգու ձայնը: Կարծում ենք, որ դա տեղի է ունեցել, քանի որ ամեն օր մենք ընտանիքով ուսումնասիրում էինք Մորմոնի Գիրքը: Մեր վկայություններն ամրանում էին, երբ մենք խոսում էինք սուրբ ճշմարտությունների մասին:
Սուրբ գրությունների ուսումնասիրությունը Հոգու համար միջոց է դառնում, որպեսզի յուրաքանչյուրիս հետ անհատական ուսուցում անցկացնի: Ուսումնասիրելով սուրբ գրություններն ամեն օր անհատապես և ձեր ընտանիքով, դուք կսովորեք ճանաչել Հոգու ձայնը և կսկսեք ճանաչել Աստծուն:
Ճանաչեք Նրան՝ կատարելով Նրա կամքը
Աղոթելուց և սուրբ գրություններն ուսումնասիրելուց բացի մենք պետք է կատարենք Աստծո կամքը:
Փրկիչը մեր կատարյալ օրինակն է: Նա ասել է. «Որովհետև ես իջա երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը»:6
Երբ հարություն առած Փրկիչը հայտնվեց նեփիացիներին, Նա ասաց. «Եվ ահա, ես եմ լույսն ու կյանքն աշխարհի. և ես խմեցի այն դառը բաժակից, որը Հայրը տվեց ինձ, և փառավորեցի Հորը՝ վերցնելով ինձ վրա աշխարհի մեղքերը, որով ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:7
Դուք և ես կատարում ենք Հոր կամքը՝ պատվելով մեր ուխտերը, պահելով պատվիրանները և ծառայելով Աստծուն ու մեր մերձավորներին:
Կինս՝ Ռոնդան և ես ծնողներ ունենք, որոնք սովորական մարդիկ են, հավանաբար շատ նման ձեր ծնողներին: Սակայն մի բան կա, որ ես սիրում եմ մեր ծնողների մեջ, դա այն է, որ նրանք նվիրել են իրենց կյանքն Աստծո ծառայությանը և մեզ ուսուցանել են նույնն անել:
Երբ Ռոնդայի ծնողները մի քանի տարի ամուսնացած էին, նրա 23-ամյա հայրը կանչվեց ծառայելու լիաժամկետ միսիայում: Նա տանը թողեց իր երիտասարդ կնոջը և իրենց երկու տարեկան դստերը: Այնուհետև նրա կինը ևս կանչվեց ծառայելու ամուսնու հետ միսիայի վերջին յոթ ամիսների ընթացքում, և կինը գնաց՝ հանձնելով իրենց դստերը բարեկամների խնամքին:
Մի քանի տարի անց այս անգամ չորս երեխաների հետ, նրանք տեղափոխվեցին Միսսուլա (Մոնտանա), որպեսզի Ռոնդայի հայրը հաճախի համալսարան: Սակայն, նրանք ընդամենը մի քանի ամիս այնտեղ մնացին, քանի որ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը և երեց Մարկ Ի. Փիթերսենը կանչեցին աներոջս՝ դառնալ նորաստեղծ Միսսուլա ցցի առաջին նախագահը: Նա ընդամենը 34 տարեկան էր: Համալսարանի մասին մտքերը մի կողմ դրվեցին, քանի որ նա ձգտեց կատարել Տիրոջ կամքը, ոչ թե՝ իրենը:
Իմ ծնողները 30 տարուց ավել ծառայել են տաճարում: Հայրս որպես կնքող, մայրս՝ արարողությունների աշխատակցուհի: Նրանք միասինծառայել են նաև հինգ լիաժամկետ միսիա՝ Ռիվերսայդում (Կալիֆորնիա), Ուլան Բատորում (Մոնղոլիա), Նաիրոբիում (Քենիա), Նավու Իլինոյս Տաճարում և Մոնտերեյ Մեքսիկա Տաճարում: Մեքսիկայում նրանք մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի սովորեն նոր լեզուն, ինչը հեշտ չէր 80 տարեկան հասակում: Սակայն կյանքում իրենց սեփական նպատակների փոխարեն նրանք ջանացել են կատարել Տիրոջ կամքը:
Նրանց և աշխարհի բոլոր այդպիսի նվիրված վերջին օրերի սրբերի համար ես կրկնում եմ Տիրոջ խոսքերը, որոնք Նա ասել է Նեփի մարգարեին՝ Հելամանի որդուն. «Օրհնված ես դու, … այն բաների համար, որ դու արել ես … անխոնջությամբ … , [քանի որ] չես փնտրել քո սեփական կյանքը, այլ փնտրել ես իմ կամքը և իմ պատվիրանները պահելը»:8
Երբ մենք փնտրում ենք Աստծո կամքը՝ հավատարիմ ծառայելով Նրան և մեր մերձավորներին, մենք զգում ենք Նրա հաստատումը և իսկապես սկսում ենք ճանաչել Նրան:
Ճանաչեք Նրան՝ դառնալով Նրա նման
Փրկիչն ասում է մեզ, որ Աստծուն ճանաչելու լավագույն ուղին Նրա նման դառնալն է: Նա ուսուցանել է. «Հետևաբար, ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ»:9
Արժանավորությունը կարևոր է Նրա նման դառնալու հարցում: Նա պատվիրել է. «Սրբագործեք ձեզ. այո, մաքրագործեք ձեր սրտերը, և մաքրեք ձեր ձեռքերն, … որ ես կարողանամ ձեզ մաքուր դարձնել»:10 Կանգնելով Նրան նմանվելու ճանապարհին, մենք ապաշխարում ենք, ստանում Նրա ներումը, և Նա մաքրում է մեր հոգիները:
Տերը տվել է մեզ այս խոստումը, որպեսզի օգնի մեզ դեպի մեր Հայրն առաջադիմելիս. «Ամեն հոգի, որ թողնում է իր մեղքերը և գալիս է ինձ մոտ, և կանչում է իմ անունը, և հնազանդվում է իմ ձայնին, և պահում է իմ պատվիրանները, պիտի տեսնի իմ երեսը և իմանա, որ ես եմ»:11
Նրա քավիչ զոհաբերության հանդեպ մեր հավատքի շնորհիվ Փրկիչը մաքրում է մեզ, բուժում է և թույլ է տալիս ճանաչել Իրեն՝ օգնելով մեզ դառնալ Իրնման: Մորմոնն ուսուցանել է. «Աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, … որ դուք կարողանաք դառնալ Աստծո որդիները [և դուստրերը]. որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման»:12 Երբ ձգտենք դառնալ Աստծո նման, Նա կնպաստի, որ մենք ավելին ձեռք բերենք, քան կարող ենք մեր սեփական ուժերով:
Ճանաչեք Նրան՝ հետևելով ուսուցիչներին
Օգնելով մեզ մեր ձգտումներում, Աստված տվել է մեզ օրինակելի մարդկանց և ուսուցիչներ: Ես ցանկանում եմ իմ զգացմունքներով կիսվել իմ ուսուցչի՝ Երեց Նիլ Ա. Մաքսվելի մասին: Նա մշտապես ձգտել է ենթարկել իր կամքը Հոր կամքին՝ Աստծուն նմանվելու իր ջանքերում:
Ավելի քան 20 տարի առաջ նա կիսվել էր ինձ հետ իր զգացմունքներով, անմիջապես այն բանից հետո, երբ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել: Նա ասաց ինձ. «Ես ցանկանում եմ թիմում լինել, այս կողմում [վարագույրի], թե՝ այն կողմում: Ես չեմ ուզում նստել եզրագծերի վրա: Ես ուզում եմ խաղի մեջ լինել»:13
Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նա հակված չէր խնդրելու Աստծուց բուժել իրեն, նա միայն ցանկանում էր Աստծո կամքն անել: Նրա կինը՝ Քոլինը, հիշեցրեց, որ Հիսուսի առաջին աղաչանքը Գեթսեմանի այգում այս էր. «Եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի»: Դրանից հետո միայն Փրկիչն ասաց. «Սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»:14 Նա քաջալերեց երեց Մաքսվելին հետևել Փրկիչի օրինակին՝ թեթևացում խնդրել, և ապա ենթարկել իր կամքը Աստծո կամքին, ինչը և նա արեց:15
Այն բանից հետո, երբ համարյա մեկ տարվա ընթացքում նա դիմացավ շատ ծավալուն, ուժասպառ անող բուժումներին, նա լիովին ու ամբողջությամբ վերադարձավ «խաղի մեջ»: Նա ծառայեց ևս յոթ տարի:
Ես մի քանի ընդհանուր հանձնարարություններ ունեի նրա հետ հաջորդ տարիների ընթացքում: Ես զգացի նրա բարությունը, կարեկցանքն ու սերը: Ես տեսել եմ նրա հոգևոր զտվածության աճը նրա շարունակվող տանջանքների և անդադար ծառայության մեջ, երբ նա ձգտում էր դառնալ Փրկիչի նման:
Մեր մեծագույն օրինակը և ուսուցիչը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է, ով ասել է. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ով չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով»:16 «Եկ, հետևիր ինձ»:17
Իմ երիտասարդ եղբայրնե՛ր և քույրե՛ր, Աստծուն ճանաչելը կյանքի որոնման հարց է: «Եվ սա է հավիտենական կյանքը, որ [մենք] ճանաչենք քեզ միայն ճշմարիտ Աստված. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Հիսուսին Քրիստոսին»:18
«Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը: … Քաջությո՛ւն, [իմ երիտասարդ ընկերնե՛ր], և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ»:19
Աստված գիտի ձեզ, և հրավիրում է ձեզ ճանաչել Իրեն: Աղոթեք Հորը, ուսումնասիրեք սուրբ գրությունները, ջանացեք կատարել Աստծո կամքը, ձգտեք դառնալ Փրկիչի նման և հետևեք առաքինի ուսուցիչներին: Վարվելով այդպես, դուքկսկսեք ճանաչել Աստծուն և Հիսուս Քրիստոսին և կժառանգեք հավերժական կյանքը: Սա է իմ հրավերը ձեզ, որպես Նրանց կարգված հատուկ վկա: Նրանք ապրում են: Նրանք սիրում են ձեզ: Ես վկայում եմ սա Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: