2017
Անսասան ապավինեք Աստծուն
May 2017


Անսասան ապավինեք Աստծուն

Եթե մենք անսասան ենք և չենք տատանվում մեր հավատքում, Տերը կմեծացնի կյանքի դժվարությունները հաղթահարելու մեր կարողությունը:

Սիրելի եղբայրներ և քույրեր, իմ այսօրվա ելույթը ցանկանում եմ սկսել, վկայելով, որ Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո մարգարեն է մեր օրերում: Առաջին Նախագահության նրա խորհրդականները և Տասներկու Առաքյալները նույնպես, ըստ էության, մարգարեներ են, տեսանողներ և հայտնողներ: Նրանք ներկայացնում են Տեր Հիսուս Քրիստոսին և իրավունք ունեն հայտարարել Նրա միտքը, և հայտարարում են, եթե այն հայտնությամբ տրվում է իրենց: Ես վկայում եմ, որ նրանց խորհրդին հետևելը ապահովություն է բերում: Տերը ներշնչում է նրանց շեշտադրել մեր հավատի զորացումը Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ, որպեսզի մենք չսասանվենք մեր ժամանակների մարտահրավերներին բախվելիս:

Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Ամմոն անունով մի մարդու մասին, ով Զարահեմլայի երկրից ուղարկվեց Լեքի-Նեփիի երկիրը՝ տեղեկանալու իր եղբայրների մասին: Այնտեղ նա գտավ թագավոր Լիմքիին և նրա ժողովրդին, ովքեր Լամանացիների լծի տակ էին: Լիմքիին խրախուսեցին այն բաները, որոնցով Ամմոնը կիսվեց նրա հետ Զարահեմլայի իր ժողովրդի մասին: Նրա սիրտը լցվեց այնպիսի մեծ հույսով և ուրախությամբ, որ նա հավաքեց իր ժողովրդին տաճարում և ասաց.

«Հետևաբար, բարձրացրե՛ք ձեր գլուխները և ուրախացե՛ք, և ապավինեք Աստծուն: …

… Բայց, եթե դուք սրտի ողջ նվիրվածությամբ դառնաք դեպի Տերը … և մտքի ողջ ջանասիրությամբ ծառայեք նրան, … նա կազատի ձեզ ճորտությունից՝ իր իսկ կամքի և հաճության համաձայն»:1

Ամմոնի խոսքերը այնպիսի հիմնարար ներգործություն ունեցան Թագավոր Լիմքիի ժողովրդի հավատի վրա, որ նրանք Աստծո հետ ուխտ կապեցին ծառայել Նրան և պահել Նրա պատվիրանները, անկախ իրենց կյանքի դժվարին պայմաններից: Իրենց հավատի շնորհիվ նրանք կարողացան փախուստի ծրագիր կազմել Լամանացիների երկրից:2

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, խնդրում եմ խորհեք Թագավոր Լիմքիի խնդրանքի կարևորության շուրջ, որով նա դիմեց իր ժողովրդին և մտածեք, թե որքանով է այն առնչվում մեզ հետ: Նա ասաց. «Հետևաբար, բարձրացրե՛ք ձեր գլուխները և ուրախացե՛ք, և ապավինեք Աստծուն»: Այս բառերով Լեքմին հրավիրեց իր ժողովրդին հավատի աչքերով նայել ապագային, որպեսզի նրանք իրենց հավատը փոխարինեն հույսի լավատեսությամբ, որը գալիս է հավատ ունենալու արդյունքում, և չտատանվեն Աստծուն ապավինելիս՝ անկախ իրենց պայմաններից:

Մահկանացու կյանքը փորձվելու մի ժամանակ է, երբ մենք կապացուցենք, թե արդյո՞ք կանենք բոլոր բաները, որոնք մեր Տեր Աստվածը կպատվիրի մեզ:3 Սրա համար Քրիստոսի հանդեպ անսասան հավատ կպահանջվի, հատկապես, մեծ դժվարությունների ժամանակ: Կպահանջվի, որ մենք առաջ գնանք Քրիստոսի հանդեպ անխախտ հավատով, առաջնորդվելով Հոգով և հավատալով, որ Աստված կհոգա մեր կարիքները:4

Իր մահկանացու ծառայության վերջում՝ բանտարկվելուց առաջ, Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին. «Աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին»։5

Մի պահ խորհեք ինձ հետ. Հիսուս Քրիստոսը՝ Հոր Միածին որդին, ապրեց անմեղ կյանքով և հաղթահարեց աշխարհի բոլոր գայթակղությունները, ցավերը, դժվարություններն ու դժբախտությունները: Նրա արյան կաթիլները թափվեցին Գեթսեմանում, Նա տառապեց աննկարագրելի ցավերից: Նա Իր վրա վերցրեց բոլոր ցավերն ու հիվանդությունները: Նա պատրաստ է օգնել մեզանից յուրաքանչյուրին՝ կրելու ցանկացած բեռ: Իր կյանքի, տառապանքի, մահվան և Հարության միջոցով Նա հեռացրեց բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են մեզ ուրախանալ և խաղաղություն գտնել այս աշխարհում: Նրա քավիչ զոհաբերության օգուտները տարածվում են բոլոր նրանց վրա, ովքեր ընդունում են Նրան և ուրանում իրենց անձը, նրանց վրա, ովքեր վեր են առնում Նրա Խաչը՝ որպես Նրա ճշմարիտ հետևորդ:6 Հետևաբար, երբ մենք հավատ գործադրենք Հիսուս Քրիստոսի և Նրա քավության հանդեպ, մենք կզորանանք, մեր բեռները կթեթևանան և Նրա միջոցով մենք կհաղթենք աշխարհին:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, երբ մենք խորհում ենք այն ուժի և հույսի մասին, որոնք մենք կարող ենք ստանալ Փրկիչից, մենք պատճառ ունենք բարձրացնելու մեր գլուխները, ուրախանալու և առանց երկմտելու առաջ գնալ հավատով, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքի: … Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը»։7

Թագավոր Լիքմին նույնպես պնդում էր. «Դարձեք դեպի Տերը սրտի ողջ նվիրվածությամբ ու մտքի ողջ ջանասիրությամբ ծառայեք նրան,– եթե դուք անեք այդ, նա կազատի ձեզ ճորտությունից՝ իր իսկ կամքի և հաճության համաձայն»։8

Լսեք Տիրոջ խոսքերը, երբ Նա ասում է մեզ.

«Ձեր սիրտերը թող չ’խռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։ …

«Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։ …

«Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. Եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կ’սիրուի. Եւ ես կ’սիրեմ նորան, եւ ինձ կ’յայտնեմ նորան»:9

Աստված օրհնում է մեզ համաձայն մեր հավատի:10 Հավատը աստվածային նպատակով և հավերժության հեռանկարով ապրելու աղբյուրն է:Հավատը գործնական սկզբունք է, որը ջանասիրություն է ներշնչում: Այն կարևոր, կենդանի ուժի դրսևորում է մեր դրական մերաբերմունքի մեջ, այն ցանկություն է՝ պատրաստակամ անելու այն ամենը, ինչ Աստված և Հիսուս Քրիստոսն են խնդրում մեզանից: Այն մեզ ծնկի է իջեցնում աղոթելու և առաջնորդություն խնդրելու Տիրոջից, բարձրանալու և գործելու վստահությամբ, որպեսզի հասնենք այն ամենին, ինչը ներդաշնակ է Նրա կամքին:

Տարիներ առաջ, երբ ես ծառայում է որպես միսիայի նախագահ, մի հեռախոսազանգ ստացա մեր սիրելի միսիոներներից մեկի ծնողներից, ովքեր հաղորդեցին նրա կրտսեր քրոջ մահվան մասին: Ես հիշում եմ, որ այդ վշտալի պահին ես և այդ միսիոները քննարկեցինք Աստծո հրաշալի փրկության ծրագիրը իր զավակների համար ու նաև քննարկեցինք, թե այս գիտելիքն ինչպես կսփոփեր նրան:

Չնայած այս միսիոները ցնցված ու տխուր էր այդ վշտի պատճառով, իր արցունքների միջից և հավատով առ Աստված ուրախանում էր իր քրոջ կյանքով, արտահայտելով անսասան վստահությունը Տիրոջ գորովագութ ողորմությունների վերաբերյալ: Նա վճռականորեն ասաց ինձ, որ կշարունակի ծառայել միսիայում ողջ հավատով և ջանասիրությամբ, որպեսզի արժանի լինի այն խոստումներին, որոնք Աստված ուներ նրա և նրա ընտանիքի համար: Այդ կարիքի ժամին այս հավատարիմ միսիոները դարձրեց իր սիրտը դեպի Աստված, իր ողջ վստահությունը դնելով Նրա վրա և նորոգելով ողջ հավատով և ջանասիրությամբ Նրան ծառայելու իր հանձնառությունը:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եթե մեր հավատը առ Աստված հիմնարար չէ, և մենք ցանկություն չունենք ծառայել նրան, ապա մահկանացու կյանքի ցավոտ փորձառությունները կարող են հանգեցնել զգացողության, ասես մենք կրում ենք ծանր լուծը, և մենք կարող ենք կորցնել ավետարանով լիարժեք ապրելու նպատակասլացությունը: Առանց հավատի մենք, ի վերջո, կկորցնենք Աստծո ծրագիրը գնահատելու կարողությունը այն բաների վերաբերյալ, որոնք ապագայում տեղի են ունենալու մեր կյանքում:11

Փորձության և վշտի պահերին հակառակորդը, ով միշտ իր գայթակղությունների համար փնտրում է խոցելի մարդկանց, փորձում է մեր տրամաբանությունն ու դատողությունն օգտագործել մեր դեմ: Նա փորձում է համոզել մեզ, որ անօգուտ է ապրել ավետարանի սկզբունքներով: Խնդրում եմ հիշեք, որ բնական մարդու տրամաբանությունը «Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար»:12 Հիշեք, որ դևը «թշնամի է Աստծուն, և շարունակ կռվում է նրա դեմ, և հրավիրում է ու հրապուրում ի մեղք, և շարունակ անելու այն, ինչ չար է»։13 Մենք չպիտի թույլ տանք, որ նա խաբի մեզ, քանի որ երբ թույլ ենք տալիս, մեր հավատը թուլանում է, և մենք կորցնում ենք Աստծո օրհնությունները ձեռք բերելու ուժը:

Եթե մենք անսասան ենք և չենք տատանվում մեր հավատքում, Տերը կմեծացնի կյանքի դժվարությունները հաղթահարելու մեր կարողությունը: Մենք կկարողանանք ճնշել բացասական ազդակները, մենք կկարողանանք զարգացնել հաղթահարելու ունակությունը, նույնիսկ, երբ դրանք անհաղթահարելի խոչընդոտներ թվան: Հենց դա էր, որ Թագավոր Լեքիի ժողովրդին հնարավորություն տվեց աննկարագրելի փախուստ կատարել Լամանացիների գերությունից:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես հրավիրում եմ ձեզ լիովին ապավինել Աստծուն և Նրա մարգարեների ուսմունքներին: Ես հրավիրում եմ ձեզ նորոգել ձեր ուխտերը Աստծո հետ, ծառայել նրան ձեր ողջ սրտով՝ անկախ կյանքի բարդ իրավիճակներից: Ես վկայում եմ, որ Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր անսասան հավատի ուժով դուք կազատվեք մեղքի, կասկածի, անհավատության, դժբախտության, տառապանքի գերությունից և կստանաք մեր սիրող Երկնային Հոր կողմից խոստացված բոլոր օրհնությունները:

Ես վկայում եմ, որ Աստված գոյություն ունի: Նա ապրում է ու սիրում է մեզ: Նա լսում է մեր աղոթքները մեր երջանկության կասկածի, տխրության և հուսահատության պահերին: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն ու Քավիչն է:

Այսօր ես եզրափակում եմ իմ խոսքը օրհներգերի պորտուգալերեն գրքից «Ոչ հիմա, այլ գալիք տարիներին» օրհներգի բառերով.

Եթե արեգակի փոխարեն ամպերը ստվերեն քո սիրտը,

Եթե ցավը տանջի մեզ, ոչինչ, մենք շուտով կիմանանք՝ ով ես Դու,

Հիսուսն առաջնորդում է մեզ Իր ձեռքով և Նա կասի մեզ՝ ինչո՞ւ,

Եթե մենք լսենք Նրա ձայնը, Նա մեզ կասի մեկ առ մեկ:

Ապավինեք Աստծուն անսասան և թող Նա օգնի մեզ,

Գովերգեք Նրա փառքը անվերջ. Շուտով Նա կբացատրի:14

Ես ասացի այս ամենը Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: