2017
Հիսուսն էլ նորան մտիկ տվավ՝ նորան սիրեց
May 2017


Հիսուսն էլ նորան մտիկ տվավ՝ նորան սիրեց

Ամեն անգամ, երբ զգում եք, որ ձեզ խնդրում են դժվար բան անել, մտածեք Տիրոջ մասին, Ով նայում է ձեզ, սիրում է ձեզ, և հրավիրում է հետևել Իրեն:

Մի քանի տարի առաջ կնոջս՝ Ջաքիի հետ ես կանչվել էի նախագահելու Վաշինգտոն Սպոքեն միսիան: Մենք ժամանեցինք միսիայի վայր վախի և հուզմունքի խառը զգացումով, այդքան շատ հրաշալի երիտասարդ միսիոներների հետ աշխատելու պատասխանատվությամբ: Նրանք շատ տարբեր միջավայրերից էին եկել և շուտով հարազատ որդիների ու դուստրերի պես դարձան:

Թեև շատերը հրաշալի աշխատանք էին կատարում, մի քանիսը դժվարանում էին համապատասխանել իրենց կոչման բարձր պահանջներին: Հիշում եմ միսիոներներից մեկն ինձ ասաց. §Նախագահ, ես չեմ սիրում մարդկանց: Մի քանիսն ինձ ասացին, որ այդքան էլ ցանկություն չունեն հետևելու միսիոներական խիստ կանոններին: Ես անհանգստացած էի և մտածում էի, թե ինչ կարող ենք անել, որ փոխենք այն մի քանի միսիոներների սրտերը, ովքեր դեռ չէին ընկալել հնազանդ լինելու ուրախությունը:

Մի օր, երբ մեքենայով անցնում էի Վաշինգտոն-Այդահո սահմանի երկայնքով, զառիվայր իջնող գեղեցիկ ցորենի դաշտերի մոտով, լսում էի Նոր Կտակարանի ձայնագրությունը: Երբ լսեցի հարուստ երիտասարդի ծանոթ պատմությունը, ով գալիս է Փրկիչի մոտ, որ հարցնի, թե ինչ կարող է անել, որպեսզի հավերժական կյանք ունենա, ես մի անսպասելի, բայց շատ խորը անձնական հայտնություն ստացա, որն այժմ սրբազան հիշողություն է:

Երբ ես լսեցի, թե ինչպես է Հիսուսն արտասանում պատվիրանները և երիտասարդը պատասխանում է, որ ինքն այդ ամենը դեռ երեխա հասակից պահել է, ես լսեցի Փրկիչի նրբանկատ ուղղումը. §Մեկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր … և … եկ ինձ հետևիր:1 Սակայն, ի զարմանս ինձ, հատվածի այդ մասից առաջ ես լսեցի վեց բառ, որոնք, կարծես, երբեք չէի լսել կամ կարդացել: Կարծես դրանք ավելացվել էին սուրբ գրություններին: Ես զմայլվեցի ի հայտ եկած ոգեշնչված ըմբռնումով:

Որո՞նք էին այն վեց բառերը, որ այդպիսի խորը ազդեցություն ունեցան: Լսեք, արդյոք ծանո՞թ են սովորական թվացող այս բառերը, որոնք չկան մյուս ավետարաններում, բայց կան Մարկոսի ավետարանում.

«Մէկը վազելով եկավ … նորան հարցնում էր և ասում. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ:

Հիսուսն էլ ասեց նորան. …

Պատվիրանքները գիտես՝ Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Մի զրկիր, Քո հորը և մորը պատվիր:

Նա էլ պատասխանեց. … Վարդապետ, այդ ամենն իմ երեխայությունից պահել եմ:

Հիսուսն էլ նորան մտիկ տվավ՝ նորան սիրեց, և ասեց նորան. Մեկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր և աղքատներին տուր. և գանձ կունենաս երկնքումը. և խաչն առած՝ եկ ինձ հետևիր»:2

«Հիսուսն էլ նորան մտիկ տվավ՝ նորան սիրեց:»

Երբ լսեցի այս խոսքերը, Տիրոջ պարզ պատկերը լցրեց միտքս՝ երբ դադար է առնում, մտիկ է տալիս այս երիտասարդին: Մտիկ տալիս՝ այսինքն, խորաթափանցությամբ նայում է նրա հոգու խորքը, հասկանալով նրա մեծահոգությունը և ներուժը, ինչպես նաև հայտնաբերելով նրա ամենամեծ կարիքը:

Այնուհետև պարզ խոսքեր՝ Հիսուսը նրան սիրեց: Նա զգաց անսահման սեր ու կարեկցանք այս բարի երիտասարդի նկատմամբ և այդ սիրո պատճառով ու այդ սիրո զգացումով Հիսուսը նույնիսկ ավելին խնդրեց նրանից: Ես պատկերացրի, թե ինչպիսի զգացում պիտի ունենար այդ երիտասարդը, պարուրված լինելով նման սիրով, նույնիսկ երբ նրան խնդրում էին անել ծայրահեղ դժվար մի բան, վաճառել իր ամբողջ ունեցվածքը և տալ աղքատներին:

Այդ պահին ես հասկացա, որ միայն մեր որոշ միսիոներների սրտերը չէ, որ կարիք ունեին փոխվելու: Իմ սիրտը նույնպես դրա կարիքն ուներ: Հարցն այլևս այսպիսին չէր. «Ինչպե՞ս պետք է միսիայի հիասթափված նախագահը սովորեցնի դժվարացող միսիոներին իրեն ավելի լավ պահել: Փոխարենը, հարցն այսպիսին էր. §Ինչպե՞ս ես կարող եմ լցված լինել Քրիստոսի սիրով, որպեսզի միսիոները կարողանա զգալ Աստծո սերը իմ միջոցով և ցանկանա փոխվել»: Ինչպե՞ս կարող եմ նայել նրան նույն կերպ, ինչպես Տերը նայեց հարուստ երիտասարդին, տեսնելով, թե նրանք իրականում ովքեր են և ինչպիսին կարող են դառնալ, այլ ոչ թե՝ նրանք ինչ են անում կամ չեն անում: Ինչպե՞ս կարող եմ ես ավելի նման լինել Փրկիչին:

»Հիսուսն էլ նորան մտիկ տվավ՝ նորան սիրեց»:

Այդ ժամանակից ի վեր ես ծունկ ծնկի տված նստել եմ ցանկացած երիտասարդ միսիոների հետ, ով դժվարություններ է ունեցել հնազանդության որևէ դրսևորման հետ: Իմ սրտում ես արդեն տեսնում էի երիտասարդ տղայի կամ աղջկա, ով իր ցանկությամբ էր առաջնորդվել՝ գալով միսիա: Ապա ես կարող էի հոգատար ծնողի զգացմունքով ասել.3 «Երեց կամ քույր, եթե ես չսիրեի քեզ, ես չէի մտահոգվի, թե ինչ է տեղի ունենում քո միսիայի ընթացքում: Բայց ես քեզ սիրում եմ, և քանի որ սիրում եմ, ինձ համար միևնույնը չէ, թե դու ով կդառնաս: Այսպիսով, ես հրավիրում եմ քեզ փոխել այն բաները, որոնք դժվար են քեզ համար և դառնալ այնպիսին, ինչպիսին Տերն է ուզում քեզ տեսնել»:

Ամեն անգամ գնալով միսիոներների հետ հարցազրույցի, ես նախ աղոթում էի գթության պարգևի համար և այն բանի համար, որ կարողանայի տեսնել յուրաքանչյուր երեցին և քրոջն այնպես, ինչպես Տերն է տեսնում նրանց:

Մինչև մարզային համաժողովները, երբ քույր Փալմերը և ես մեկ առ մեկ ողջունում էինք միսիոներներին, ես դադար էի առնում և նայում խորը նրանց աչքերի մեջ՝ մտիկ տալով նրանց, ինչն առանց խոսքերի հարցազրույց էր, որից հետո առանց ձախողվելու ես լցվում էի մեծ սիրով Աստծո այս թանկագին որդիների ու դուստրերի հանդեպ:

Կյանք փոխող շատ դասեր ես սովորեցի Մարկոսի 10-րդ գլխի հետ կապված այս խորը անձնական փորձառությունից: Ահա այդ դասերից չորսը, որոնք իմ համոզմամբ կօգնեն յուրաքանչյուրիս.

  1. Երբ սովորենք նայել մարդկանց այնպես, ինչպես Տերն է նայում նրանց, այլ ոչ մեր սեփական աչքերով, մեր սերը նրանց հանդեպ կաճի, ինչպես նաև կաճի նրանց օգնելու մեր ցանկությունը: Մենք ներուժ կտեսնենք նրանց մեջ, որն իրենք իրենց մեջ գուցե չեն տեսնում: Քրիստոսանման սիրով մենք չենք վախենա խիզախ խոսել, քանի որ «կատարյալ սերը հեռացնում է վախը»։4 Եվ մենք երբեք չենք դադարի սիրել, հիշելով, որ նրանք, ում դժվար է սիրել, ամենաշատը դրա կարիքն ունեն:

  2. Ոչ մի իսկական ուսուցում կամ ուսումնառություն երբևէ տեղի չի ունենա, եթե կատարվում է հիասթափությամբ ու զայրույթով և սրտերը չեն փոխվի, եթե չկա սեր: Կարևոր չէ, թե մենք ում դերում ենք՝ ծնողների, ուսուցիչների, թե ղեկավարների, իսկական ուսուցումը տեղի է ունենում միայն վստահություն ներշնչող, ոչ թե դատապարտող մթնոլորտում: Մեր տները պետք է միշտ լինեն անվտանգ ապաստարաններ մեր երեխաների համար, և ոչ թե թշնամական միջավայրեր:

  3. Սերը երբեք չպետք է հեռանա մեր սրտից, երբ երեխան, ընկերը կամ ընտանիքի անդամը չի կարողանում ապրել համաձայն մեր սպասելիքների: Մենք չգիտենք, թե ինչ պատահեց հարուստ երիտասարդի հետ նրանից հետո, երբ նա տխուր հեռացավ, բայց վստահ եմ, որ Հիսուսը շարունակում է սիրել նրան կատարյալ սիրով, նույնիսկ եթե նա ընտրած լիներ հեշտ ճանապարհը: Գուցե ավելի ուշ իր կյանքում, երբ նա հասկանար, որ իր մեծ ունեցվածքը փուչ բան է, նա կհիշեր իր ունեցած եզակի փորձառությունը, երբ Տերը մտիկ էր տվել նրան, սիրել էր և հրավիրել հետևել Իրեն:

  4. Տերը շատ բան է ակնկալում մեզանից, քանի որ սիրում է մեզ: Եթե մենք խոնարհ ենք, ապա կընդունենք Տիրոջ հրավերը՝ ապաշխարելու, զոհաբերելու և ծառայելու որպես մեր հանդեպ Նրա կատարյալ սիրո ապացույց: Ի վերջո, ապաշխարելու հրավերը նաև հրավեր է ներման և խաղաղության հրաշալի պարգևը ստանալու: Հետևաբար, «մի անարգիր Տիրոջ խրատը. և ոչ էլ վհատվիր, նորանից հանդիմանված ժամանակդ: Որովհետև Տէրը իրան սիրածին խրատում է»:5

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ցանկացած ժամանակ, երբ դուք զգաք, որ ձեզանից դժվար բան է պահանջվում անել, հրաժարվեք վատ սովորությունից կամ կախվածությունից, մի կողմ դրեք աշխարհիկ զբաղմունքները, զոհաբերեք ձեր սիրած միջոցառումը Հանգստության օրվա համար, ներեք մեկին, ով սխալ է վարվել ձեզ հետ, մտածեք Տիրոջ մասին, որ նայում է ձեզ, սիրում է ձեզ և հրավիրում է չանհանգստանալ ու հետևել Իրեն: Շնորհակալ եղեք Նրան, քանի որ այնքան է սիրում ձեզ, որ հրավիրում է ավելին անել:

Ես վկայում եմ մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի մասին և անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Նա Իր ձեռքերով կգրկի յուրաքանչյուրիս, մտիկ տալով մեզ և շրջապատելով մեզ Իր կատարյալ սիրով: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: