2022
Իսկական ուրախություն ավետարանում
Հուլիս/օգոստոս 2022


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Իսկական ուրախություն ավետարանում

2001 թվականին միսիոներները թակեցին մեր դուռը: Երկնային Հայրը ինձ և իմ ընտանիքի անդամներին վստահել է ավետարանի գիտելիքը: Մենք բազմաթիվ հարցեր ունեինք միսիոներներին: Ես հիշում եմ, որ ծնողներս հարցնում էին, թե ինչու Աստված ծրագիր չունի այն մարդկանց համար, ովքեր չեն իմացել Նրա Եկեղեցու մասին իրենց կյանքի ընթացքում: Եվ ինչպես պարզվեց, միսիոներներն ունեին այդ հարցի պատասխանը։ Իրականում Աստված ծրագիր է պատրաստել բոլորի համար: Եվ եթե այս կյանքում մարդը հնարավորություն չի ունեցել սովորելու Քրիստոսի մասին, ապա մահից հետո նա անպայման կունենա նման հնարավորություն։

Նոր Կտակարանում Հովհաննես 3․5 հատվածում մենք կարդում ենք. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»։ Այս օրենքը կարող էր խոչընդոտ հանդիսանալ նրանց համար, ովքեր հնարավորություն չունեին սովորելու ավետարանը Երկրի վրա եղած ժամանակ, բայց Երկնային Հայրը նրանց համար նույնպես ծրագիր էր պատրաստել: Ես շատ երախտապարտ եմ Նրան, որ Նա ինձ և Եկեղեցու շատ հավատարիմ անդամների գործիքներ է դարձրել Իր ձեռքում` այս ծրագիրն իրականացնելու համար: Երբ մենք արարողություններ ենք կատարում մեր մահացած նախնիների համար, մենք դառնում ենք փրկության այս մեծ աշխատանքի մի մասը: Տաճարներն այն վայրերն են, որտեղ մեր հանգուցյալ նախնիները կարող են ծնվել ջրից և Հոգուց և ստանալ իրենց փրկության համար անհրաժեշտ արարողությունները:

2019 թվականին եղել եմ Մոսկվայի ճյուղերից մեկի եպիսկոպոսը։ Ծխի խորհուրդների ժողովների ժամանակ մենք շատ էինք խոսում ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի կարևորության մասին և ես սկսեցի մտածել, որ բավականաչափ աշխատանք չեմ անում այդ ուղղությամբ: Ես մտածեցի, թե ինչպես կարող եմ ավելի ջանասեր լինել այս աշխատանքում, որպեսզի Երկնային Հայրը գոհ լինի ինձնից:

Այդ ժամանակ մուտքը FamilySearch.org կայք Ռուսաստանում արգելափակված էր: Ես հիշում եմ, երբ ասացին, որ Եկեղեցու անդամներն այլևս հնարավորություն չունեն ընտանեկան պատմության աշխատանք կատարելու: Բայց մենք սկսեցինք մտածել, թե ինչպես էին մարդիկ իրենց նախնիների համար հետազոտություններ անում նախքան FamilySearch-ի և այլ ժամանակակից գործիքների ի հայտ գալը: Ես հասկացա, որ Տիրոջ աշխատանքի առաջխաղացումը չպետք է կախված լինի մեզ հասանելի հարմարավետության մակարդակից: Եթե մենք ցանկանում ենք մասնակցել մեր նախնիների փրկության գործին, մենք միշտ կարող ենք դրա համար ուղիներ գտնել: Այդ տարի ես սկսեցի ավելի շատ աշխատել իմ ուսումնասիրությունների վրա և կարճ ժամանակում գտա իմ նախնիների ավելի քան 700 անուն:

2019 թվականի ապրիլին մենք գնացինք Հելսինկիի տաճար՝ արարողություններ կատարելու մեր նախնիների համար: Մենք լավագույնս օգտագործեցինք յուրաքանչյուր րոպեն և մեծ ուրախություն գտանք այդ ճամփորդության ընթացքում: Մենք գիտեինք, որ կարող ենք փրկություն առաջարկել շատ հոգիների:

Նախագահ Հովարդ Վ․ Հանթերն ասել է․ «Մենք պետք է կատարենք քահանայության տաճարային ծեսերի աշխատանքը, որն անհրաժեշտ է մեր սեփական վեհացման համար: Այնուհետև մենք պետք է կատարենք անհրաժեշտ աշխատանքը նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել ընդունելու ավետարանը կյանքի ընթացքում: Մյուսների համար աշխատանքը կատարվում է երկու քայլով. առաջինը՝ ընտանեկան պատմության հետազոտությամբ գտնելով մեր նախնիներին, և երկրորդը՝ կատարելով տաճարային ծեսերը և տալով նրանց նույն հնարավորությունները, որ ունեն ապրողները: Այնուամենայնիվ, Եկեղեցու շատ անդամների համար տաճար այցելելու հնարավորությունները սահմանափակ են։ Նրանք անում են, ինչ կարող են: Նրանք կատարում են ընտանեկան պատմության ուսումնասիրություն, որից հետո տաճարային ծեսերը կատարվում են ուրիշների կողմից: Եվ հակառակը, կան անդամներ, ովքեր մասնակցում են տաճարային աշխատանքին, սակայն չեն զբաղվում իրենց սեփական տոհմաբանության պատմությամբ: Թեև նրանք աստվածային ծառայություն են մատուցում, օգնելով ուրիշներին, նրանք օրհնություն են կորցնում, երբ չեն փնտրում իրենց սեփական տոհմի նախնիներին, ինչպես աստվածայնորեն հրահանգել են վերջին օրերի մարգարեները: Ես գիտեմ, որ նրանք, ովքեր կատարում են ընտանիքի պատմության հետազոտություն և ապա տաճարային աշխատանք նրանց համար, ում անունները գտել են, կունենան լրացուցիչ ուրախություն, ստանալով օրհնության երկու մասերը»:

Ես շնորհակալ եմ իմ Երկնային Հորը ավետարանի լրիվության համար, և որ մենք ունենք տաճարներ Երկրի երեսին, որպեսզի կատարենք Նրա աշխատանքը Երկրի վրա: Աստված միշտ օրհնում է նրանց, ովքեր տալիս են իրենց ժամանակը և եռանդը՝ փրկելու մարդկային հոգիները: Որքա՜ն օրհնված ենք մենք այս աշխատանքի մի մասնիկը լինելու համար: Սա է իրական ուրախությունը ավետարանում:

Տպել