2022
Մենք կարող ենք օրհնություններ և ուրախություն գտնել տաճարային արարողություններում
Հուլիս/օգոստոս 2022


Մենք կարող ենք օրհնություններ և ուրախություն գտնել տաճարային արարողություններում

2020 թվականի հունվարին մենք՝ Մոսկվայի Կախովսկի ճյուղի քույրերը և այլ ճյուղերի քույրերը, գտնվում էինք տաճարի ճանապարհին: Մենք հին ավանդույթ ունեինք նոր տարին սկսել Հելսինկիի տաճար այցելությամբ, և փորձում էինք չխախտել այն։ Բոլորս ուրախ էինք, որ այս ուղևորությունը իրականություն էր դառնում։ Նույնիսկ սահմանին մաքսային աշխատողները մեզ շատ սիրալիր դիմավորեցին։ Հյուրատան մեր քույրերը և տաճարի աշխատողները մեզ դիմավորեցին հարազատների պես: Մենք միմյանց ողջունեցինք ժպիտով, որը «միջազգային լեզու» է, և շատ ուրախացանք, որ հասանք մեր տուն՝ Աստծո տուն: 2020 թվականի հունվարի 28-ից փետրվարի 2-ն ընկած ամբողջ շաբաթը և՛ ուրախ, և՛ հուզիչ էր։ Մենք կարևոր աշխատանք կատարեցինք տաճարում՝ ծառայելով միմյանց: Տաճարը օրհնություն է, որը հասանելի է բոլորին: Այն մեզ լիովին հագեցնում է, կարծես, մեր մեջքին թևեր են աճում։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Մենք գիտենք, որ տաճարում մեր ժամանակը շատ կարևոր է՝ մեր փրկության և վեհացման, ինչպես նաև մեր ընտանիքի անդամների փրկության և վեհացման համար: Տաճարային անհատական արարողությունները ստանալուց և Աստծո հետ սուրբ ուխտեր կապելուց հետո մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի շարունակական հոգևոր զորացման և կրկնուսուցման, որը հնարավոր է միայն Տիրոջ տանը»: Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ ձեզ, որ դա ճշմարիտ է: Երբ ես սպասավորում էի իմ մահացած հարազատներին, ուրախ էի, որ հոգևոր առումով զորանում էի: Ես ինքս, լինելով պատկառելի տարիքում, մկրտվեցի քույրերի համար, ովքեր անցել էին վարագույրի մյուս կողմը: Այդ պահին ես նույնիսկ չէի մտածում իմ տարիքի մասին, քանի որ Տերը մեզ զորացնում էր։ Ամուսնությունները հավերժության համար կնքելու և երեխաներին ծնողների հետ կնքելու արարողությունն ինձ հույս է տալիս, որ գուցե ես նույնպես կկարողանամ կնքել իմ ամուսնությունը հավերժության համար:

2020 թվականի հունվարի 28-ին մասնակցել եմ 1862 թվականին ծնված և հինգ ամսական հասակում մահացած մանուկ Նիկանորի ծնողների կնքման արարողությանը։ Ես մեծ ուրախություն ապրեցի, կարծես, այդ երեխայի մայրը լինեի։ Եվ որքան երջանիկ էին նրա ծնողները, ովքեր վերջապես գտան իրենց որդուն: Տեր Աստված մեզ պարգևատրեց նման հրաշքներով, և մենք անսահման ուրախանում ենք, երբ մասնակցում ենք արարողություններին: Կարծում եմ, նրանք, ում համար մենք կատարում ենք այս արարողությունները, նույն կերպ են զգում: Եվ երբ ես վարագույրի մոտ եմ, զգում եմ, որ այդ քույրն է կողքիս պատասխանում հարցերին, այլ ոչ թե ես: Եվ ես մեծ պատասխանատվություն եմ զգում թե՛ նրա, թե՛ ինքս ինձ համար. այս քրոջ հետ շատ ամուր հոգևոր կապ է ստեղծվում, և հետո, վարագույրի հետևում, Աստծո մեծ օրհնությունն է սպասում մեզանից յուրաքանչյուրին:

Մենք տաճարից վերադառնում էինք մաքրված և լուսավորված մեր հոգիներում, և երկար ճամփորդության ընթացքում Տերը օրհնում էր մեզ: Դժբախտաբար, կորոնավիրուսի համավարակի պատճառով այս բարի ավանդույթը խաթարվել է, ինչը մեզ շատ է տխրեցնում։ Մենք աղոթում և ծոմ ենք պահում, որ Ռուսաստանում Աստծո մի տուն կառուցվի։ Մենք հավատում ենք, որ հրաշք տեղի կունենա, և տաճարը կկառուցվի Ռուսաստանում, և մենք այնտեղ կկատարենք շատ կարևոր և անհրաժեշտ աշխատանք։ Ես հավատում եմ, որ Տերը կլսի մեր աղոթքները և կընդունի մեր ծոմապահությունը։

Տպել