2022
Տաճարը ամենասուրբ վայրն է Երկրի վրա
Հուլիս/օգոստոս 2022


Տեղական նորություններ

Տաճարը ամենասուրբ վայրն է Երկրի վրա

2018 թվականը ողբերգական տարի էր մեր ընտանիքի համար. հունիս ամսին ամուսինս անցավ վարագույրի մյուս կողմը։ Կորուստը շատ ծանր էր, չափազանց արագ և անժամանակ: Մեր ունեցած համատեղ անձնական ծրագրերը մնացին անկատար։ Բայց դա է կյանքը։ Հավատքն առ Աստված և այն գիտելիքը, որը ես ստացա Եկեղեցում, խոնարհություն և հույս ներշնչեցին ինձ, որը խարսխված էր ամուր հիմքի վրա, քանի որ 2003 թվականին մենք հավերժության համար ամուսնացել էինք Ստոկհոլմի Տաճարում (Շվեդիա):

Այս երկրային կյանքից ամուսնուս հեռանալու առաջին օրերին ես հաստատուն վկայություն ստացա, որ նա կենդանի է և որ ինձ հետ է: Քահանայություն կրողներից մեկն ինձ ասաց, որ լինելով տաճարի աշխատող, նա արդեն սկսել է ամուսնուս աշխատանքն այնտեղ: Վերջին անգամ ես և ամուսինս այցելել էինք Կիևի հրաշալի տաճարը: Ես այնտեղ լինելու մեծ ցանկություն զգացի, և մի անհավատալի միտք էր պտտվում իմ գլխում, որ այնտեղ կհանդիպեմ իմ սիրելի Վյաչեսլավին և կզգամ նրա ներկայությունը: Դժբախտաբար, ես հասկացա, որ իմ երազանքները ինչ-որ չափով միայն ցանկություն էին. ֆինանսական վիճակը ծանր էր, իսկ ընտանեկան հանգամանքները՝ անկայուն։

Ես Աստծուց բացի ոչ մեկին չէի ասել այնտեղ գնալու իմ մտադրության մասին։ Ես աղոթում էի, մտավոր ճամփորդություններ կատարում տաճարի շուրջ, հաճախում էի նիստերին և գնում էի սելեստիալ սենյակ: Ամեն օր իմ հոգով և մտքով տարված էի քահանայության խորհրդանիշները վերհիշելով: Եվ հանկարծ անսպասելի օգնություն ստացա անհայտ մի հովանավորից։ Ինչպե՞ս նա իմացավ իմ գաղտնի ցանկության մասին։ Ես Աստծո ձեռքն էի տեսնում դրանում:

2019 թվականի նոյեմբերին մեր տաճարային ճամփորդության ժամանակ ես Եկեղեցու միակ անդամն էի Մոսկվայից: Իմ ճանապարհին անհավանական թվով խոչընդոտներ կային: Սակայն այդ պահին ես մեկնում էի տաճար: Ես ցանկանում էի լինել այնտեղ և ծառայել նրանց, ովքեր չէին կարողացել ձեռք բերել հավերժական կյանք մուտք գործելու իրենց տոմսը, ովքեր չէին կարողացել ամուսնություն կնքել և կնքվել իրենց ընտանիքի անդամների հետ:

Տաճարում ծառայության առաջին օրվանից ես զգացի ամուսնուս ներկայությունը: Բոլոր նիստերին և սելեստիալ դահլիճում մենք միասին էինք: Իմ սիրտը լցված էր երախտագիտությամբ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ինձ Նրա Եկեղեցի բերելու և դժվար օրերին մտքի խաղաղության համար: Ես շատ եմ ուզում թեթևացնել իրենց մահացած հարազատների հանդեպ ունեցած մարդկանց վշտերը: Ամուսնուս ներկայության մշտական զգացումն ինձ ահազանգ էր տալիս. ես ինքս ինձ մտածում էի, որ հավանաբար ինչ-որ սխալ եմ գործել։ Մի երեկո հյուրանոցում ես սկսեցի խոսել Եկեղեցու քույրերիս հետ: Ես խոստովանեցի. «Ես հստակ չգիտեմ, թե արդյո՞ք ես չեմ բաց թողնում ամուսնուս, թե՞ նա ինձ բաց չի թողնում, բայց նա անընդհատ ինձ հետ է»։ Վոլգոգրադից մի հրաշալի քույր պատասխանեց իմ հարցին. «Ի՞նչ նկատի ունես «բաց չի թողնում» ասելով: Որովհետև դուք երկուսդ էլ ծառայում եք՝ դու վարագույրի այս կողմում, իսկ նա՝ մյուս կողմում»։ Ես այդ խոսքերի կարիքն ունեի։ Ես գնացի Մոսկվա, իսկ ամուսինս մնաց տաճարում ծառայելու։

Տաճար կատարած իմ ուղևորությունից վերադառնալուց հետո իմ կյանքի և հոգևոր խնդիրներից շատերը, որոնց համար ես բազմիցս խնդրել էի Աստծուն, հրաշքով և շատ արագ լուծվեցին: Եվս մեկ անգամ ես վերընթերցեցի իմ սիրելի երկու գլուխները Անգե մարգարեի գրքից և այնտեղ գրված հետևյալ բառերը. «Նայեցիք շատին, եւ ահա քիչ եղաւ, եւ բերիք տուն, բայց ես փչեցի միջին։ Ի՞նչու համար, ասում է Զորաց Տերը: Իմ տան համար, որ աւերակ է. Իսկ ձեզանից իւրաքանչիւրը վազ է տալիս իր տան համար» (Անգե 1․9)։

Սիրելի եղբայրներ և քույրեր, եկեք ձգտենք դեպի տաճար, որն ամենասուրբ վայրն է Երկրի վրա: Այնտեղ մենք ստանում ենք մխիթարություն, առաջնորդություն և վկայություններ, որոնք որևէ այլ տեղ հնարավոր չէ ստանալ: Ռուսաստանի Սրբերը ջերմեռանդորեն աղոթում են, որ շուտով իրենց երկրում հայտնվի մի տաճար, որն անշուշտ օրհնություն կլինի ոչ միայն Եկեղեցու անդամների, այլև՝ ողջ երկրի համար:

Տպել