2022
Նույնիսկ, երբ մենք հեռու ենք տաճարից, այն ապրում է մեր սրտում
Հուլիս/օգոստոս 2022


Նույնիսկ, երբ մենք հեռու ենք տաճարից, այն ապրում է մեր սրտում

Մոսկվայի միսիայի Վորոնեժի փոքր ճյուղի և Բելգորոդի խմբերի նյութերը հավաքել է Յուլիա Սալոմատինան:

Մեզանից յուրաքանչյուրը հիշում է այն օրը, երբ առաջին անգամ մտավ Տիրոջ տան շեմից ներս: Ինչ-որ մեկի համար դա տեղի է ունեցել իր միսիա գնալուց առաջ: Մյուսները մասնակցել են երիտասարդների ամառային տաճարային ճամփորդությանը կամ առաջին անգամ չափահաս ժամանակ մտել են տաճար իրենց մկրտությունից մեկ տարի անց։ Առաջին ճամփորդության հիշողությունները մեզ լցնում են ջերմ զգացմունքներով, պայծառ ուրախությամբ և հիացմունքով, թե որքան ենք մենք հոգեպես հասունացել։

Եղբայր Գեորգի Վնոդչենկոն հիշում է. «Իմ առաջին ճամփորդությունը դեպի Ստոկհոլմ Շվեդիայի տաճար եղել է 2000 թվականի մայիսին։ Ես ունեի մոտ 40 անուն, որոնց համար պատրաստվում էի կատարել արարողություններ: Ես գիտեի տաճարի մասին միայն այն, ինչ նախկինում կարդացել էի Եկեղեցու ամսագրերում և ձեռնարկներում: Առաջին հերթին ես ցանկանում էի կատարել Աստծո կամքը։ Ես շատ միամիտ, ինչպես սկզբում մտածում էի, տաճարային ծառայության հոգևոր փորձառություններ ունեցա: Սանկտ Պետերբուրգից Հելսինկի տանող ճանապարհին նկատեցի անսովոր ամպեր՝ ռեակտիվ ինքնաթիռի հետքի տեսքով։ Ես նայեցի կապույտ երկնքի սպիտակ արահետի ամպամած պտտահողմերին և տեսա թռչող հրեշտակների պատկերներ դրանց մեջ: Ես մասնագիտությամբ նկարիչ եմ, ուստի տեսածս սեփական երևակայության արդյունք համարեցի։ Բայց մեծ էր զարմանքս, երբ տուն գնալիս նորից նույն բանը տեսա։ Ուրախությունս ամբողջական էր, ասես հոգևոր ուղեբեռ դրված լիներ իմ սրտում, որտեղ որ նրա տեղն է: Ես ավարտեցի այն ամենը, ինչ պլանավորել էի, և ինձ զգում էի երեխայի նման, ով շատ էր հասունացել: Ես իսկապես սիրում եմ մեր նախնիներին ծառայելու այս աշխատանքը: Դրանից հետո անցել է գրեթե 22 տարի։ Ես մոտ 5000 հոգու արարողություններ եմ կատարել, և ինձ համար այնքան բան է բացահայտվել, որ հնարավոր չէ հակիրճ նկարագրել»:

Եղբայր Յուրի Կուտեպովը նույնպես կիսվել է իր հիշողություններով. «Իմ առաջին ճամփորդությունը դեպի Ստոկհոլմի տաճար (Շվեդիա), տեղի ունեցավ 2001թ. դեկտեմբերին և համընկավ Սուրբ ծննդյան նախապատրաստության հետ: Ինձ տպավորեց Սուրբ ծննդյան հատուկ ոգին, որը ես զգացի այս երկրում, և, իհարկե, Հոգու յուրահատուկ ազդեցությունը, որը ես զգացի տաճարում: Այդ ժամանակ ես տաճարային շատ աշխատանք ունեի անելու, և տաճարում մնալու մեկ շաբաթը բավարար չէր այդ ամենը ավարտելու համար: Սա ստիպեց ինձ հասկանալ, թե որքան կարևոր է օգնել ուրիշներին կատարել տաճարային ծառայությունը: Ես ուզում էի նմանվել տաճարի հոգևոր աշխատողներին՝ այլ քաղաքներից եկած եղբայրներին, որոնց հանդիպեցի առաջին ճամփորդության ժամանակ: Այսպիսով, տաճար կատարած իմ երկրորդ ճամփորդության ժամանակ ես խնդրեցի, որ ինձ կանչեն որպես տաճարային աշխատող: Ես մեծ երջանկություն զգացի, երբ ինձ հնարավորություն տրվեց ներկայացնելու Տիրոջը` արարողություններում: Ես տեսա եղբայրների ցնծությունը և քույրերի ուրախության արցունքները, ովքեր իմ միջոցով ստացան իրենց արարողությունները և մոտ զգացին Տիրոջը, հատկապես՝ տաճարում:

Քույր Մարիա Կուտեպովան ասել է․ «Ես նույնպես սիրում եմ տաճար այցելել: Տաճարում ես միշտ խաղաղություն և հանգստություն եմ գտնում արտաքին աշխարհի ազդեցությունից, ինչպես նաև գտնում եմ իմ հոգևոր հարցերի պատասխանները։ Ես կարոտում եմ տաճարը և անհամբեր սպասում եմ այն նորից այցելելու հնարավորությանը»։

Թեև մենք գրեթե երկու տարի է, ինչ հնարավորություն չունենք այցելելու Տիրոջ տուն, շատ եղբայրներ և քույրեր ձեռքերը ծալած չեն նստում և շարունակում են ընտանեկան պատմության տեղեկություններ հավաքել: FamilySearch.org կայքը այժմ վերսկսել է աշխատանքը Ռուսաստանում։ Առկա հնարավորություններից, թերևս, ամենակարևորը կապված է ինդեքսավորման հետ։ Ի՞նչ է ինդեքսավորումը: Սա ձեռագիր տվյալների վերծանումն ու թարգմանությունն է էլեկտրոնային ձևաչափի: Բազմաթիվ արխիվների պատմական գրառումներն արդեն սկանավորվել են, սակայն դրանց տվյալները պետք է մուտքագրվեն հատուկ ձևաթղթերում, որպեսզի դրանք գտնվեն համակարգչի որոնման համակարգում: Եղբայրներն ու քույրերը, ովքեր զբաղվում են ինդեքսավորմամբ, խոսում են այս աշխատանքի հետ կապված ուրախության և խաղաղության զգացումներ ունենալու մասին։ Բելգորոդի խմբից քույր Նինա Աֆոնչենկոն խոստովանել է. «Ես երախտապարտ եմ սիրելի Տիրոջը, որ Նա, Իր շնորհով, ճանապարհ բացեց դեպի փրկության արարողությունները, որոնք հնարավորություն տվեցին ընտանիքներին միավորվել հավերժության մեջ: Ինձ իսկապես դուր է գալիս ինդեքսավորում կատարելը: Ինձ կյանք է տրվել Երկրի վրա՝ վարագույրի մյուս կողմում գտնվող մարդկանց օգնելու համար: Կարծես, ես անձամբ եմ ծանոթանում նրանց հետ: Մի օր հրաշք տեղի ունեցավ. գրանցումների մեջ տեսա երեխաներ ունեցող մի ընտանիքի, որոնց ազգանունը նման էր Կիևի տաճարային աշխատող իմ ընկերուհիներից մեկի ազգանվանը։ Ես գրեցի նրան և ուղարկեցի գրանցումների լուսանկարները, և նա շատ ուրախ էր: Ես զգացի Հոգու ուժեղ ազդեցությունը և հասկացա, որ իմ աշխատանքն ապարդյուն չէր: Ինչպիսի՜ ուրախություն է Աստծուն և Նրա զավակներին ծառայելը»։

Եղբայր Յուրի Կուտեպովն ասում է. «Ինդեքսավորումն ինձ շատ է հիշեցնում Ջոզեֆ Սմիթի Մորմոնի Գրքի թարգմանությունը, քանի որ ինդեքսավորման հին գրանցումները երբեմն գրված են այնպիսի անհասկանալի ձեռագրով, որ անհնար է թվում դրանք վերծանելը: Այդ ժամանակ եմ սկսում հասկանալ, որ որոշ գիտելիք կարելի է ձեռք բերել միայն հոգեպես՝ աղոթքի միջոցով: Եվ իսկապես, աղոթքից ու խոհուն վերլուծությունից հետո պարզ է դառնում, թե դա ինչ անուն կամ ազգանուն է։ Երբեմն ես պետք է հաստատող տեղեկատվություն փնտրեմ համացանցում և նման պահերին ես հիշում եմ այն սկզբունքը, որ բացի աղոթքից անհրաժեշտ է նաև անձնական ջանք գործադրել (տես Վարդապետություն և Ուխտեր 9.7, 8)»:

Ընտանեկան պատմության աշխատանքը օգնում է կապվել ոչ միայն նրանց հետ, ովքեր արդեն անցել են վարագույրից այն կողմ, այլև կենդանի հարազատների հետ: Դժբախտաբար, աշխատանքային առօրյայից և այլ պատճառներից ելնելով, մենք սովորաբար հարազատներին տեսնում ենք միայն ծննդյան օրերին և տխուր առիթներով, իսկ մեր հարազատներից ոմանց ընդհանրապես չենք ճանաչում: Ընտանեկան պատմությունն օգնում է մեզ հիշել նրանց: Եղբայր Յուրի Կուտեպովը նշում է. «Երբեք չէի մտածում, որ ընտանեկան հատկանիշները կարող են այդքան հստակ երևալ մարդկանց մեջ։ Երբ ուշ երեկոյան առաջին անգամ հանդիպեցի Կուրսկից իմ հեռավոր ազգականին, լրիվ մութ էր։ Բայց նույնիսկ մթության մեջ նա ինչ-որ ձևով ճանաչեց ինձ և ավելի ուշ ասաց. «Ես անմիջապես հասկացա, որ այդ մարդը Կուտեպով է»: Ես իմացել եմ, թե ովքեր են եղել իմ նախնիները՝ առաջին շարքում, երկրորդ և երրորդ շարքերում, և ինձ թվում է, որ համատեղում եմ այս բոլոր մարդկանց հատկանիշները: Ես վստահ եմ, որ ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը, ինչպես նաև ինդեքսավորումն օգնում են ինձ դառնալ ավելի լավ որդի մեր Երկնային Հոր համար և մեր Փրկիչի իսկական եղբայրը»:

Երբ մենք նորից կարողանանք անարգել այցելել տաճար, մենք արդեն կլինենք տարբեր, քան մինչև համավարակը: Միևնույն ժամանակ, տաճարն ապրում է մեր սրտերում, և մենք անհամբեր սպասում ենք, թե երբ ենք այցելելու այնտեղ: Լիաժամկետ միսիոներ քույր Նաֆիկովան, ով իր ամուսնու՝ Երեց Կուլիկովի հետ ծառայում է Վորոնեժի ճյուղում, նշում է. «Երբ ես նորից պատրաստվեմ գնալու տաճար, դա կլինի բոլորովին այլ զգացողություն, այլ պատրաստվածություն և ուղևորության նոր գիտակցում: Եվ ես գիտեմ, որ այս ամենին կհաջորդեն նոր հայտնություններ։ Ես նոր գիտելիք ձեռք կբերեմ, քանի որ Աստված հսկում է ինձ: Ինձ անհրաժեշտ են իմ և իմ Արարչի մասին նոր հայտնություններ, որպեսզի մոտենամ Նրան և դառնամ ավելի լավը, ավելի մաքուր, որ երբ կանգնեմ Նրա առջև՝ հագուստս լինի սպիտակ, ինչպես իմ ձյունաճերմակ տաճարային պատմուճանը: Եվ ես գիտեմ, որ իմ հավատքի, մեղքերի ապաշխարության և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով դա հնարավոր է: Տերն ասել է. «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի» (Վարդապետություն և Ուխտեր 88․63)։

Տպել