2022
Ուղևորությունը դեպի տաճար միշտ ուրախալի իրադարձություն է
Հուլիս/օգոստոս 2022


Ուղևորությունը դեպի տաճար միշտ ուրախալի իրադարձություն է

Եկեղեցու մասին ես իմացա դեռ 2009 թվականին: Երբ ես մեծ հետաքրքրությամբ սովորում էի եկեղեցու պատմության և ուսմունքների մասին և լսում էի անդամների վկայությունները, ես հատուկ ուշադրություն դարձրի ապրողների և մահացածների համար տաճարային աշխատանքի ուսուցմանը: Տաճարը՝ որպես մի անձնական նպատակ, որին պետք է ձգտել, այդ ժամանակ ինձ համար բացարձակապես անհասանելի էր թվում, քանի որ ես ուսանող էի, ով առաջին դասերն էր անցնում միսիոներների հետ։ Ինչպես նաև մեկ այլ երկիր մեկնելը ինձ համար դժվար և ծախսատար ուղևորություն էր թվում, իսկ տաճար մտնելու համար անձնական արդարակեցության պահանջները շատ դժվար էին թվում:

Չնայած դրան, ես լայնորեն ուսումնասիրում էի եկեղեցու գրականությունը տաճարի արարողությունների մասին, և ամեն անգամ իմ մայրական տատիկի մասին մտքերը հաճախում էին ինձ: Նա դժվար կյանք է ունեցել, որը ողբերգական ավարտ ունեցավ, երբ նա բավականին երիտասարդ էր: Ես հասկացա, որ այս արարողությունները շատ անհրաժեշտ են, և որոշեցի, որ անկախ առկա դժվարություններից, ես կհասնեմ տաճար և անպայման կկատարեմ նրա համար հասանելի բոլոր արարողությունները:

Իմ մկրտությունից վեց ամիս անց ես սկսեցի հաճախել Կիևի տաճար, քանի որ ունեի սահմանափակ տաճարային երաշխավորագիր, որն ինձ թույլ էր տալիս մուտք գործել մկրտարան՝ մահացածների համար մկրտություններ կատարելու համար: Ի վերջո՝ պարզվեց, որ իմ մահացած տատիկը ստացել է տաճարային բոլոր արարողությունները նույնիսկ ավելի շուտ, քան ես: Նման տաճարային ճամփորդություններից մեկի ժամանակ ես տաճար բերեցի նաև այլ հարազատների անուններ և Եկեղեցու այլ անդամների օգնությամբ կարողացա նրանց համար կատարել ոչ միայն մկրտություններն ու հաստատումները, այլև մնացած արարողությունները, որոնց մասին այն ժամանակ միայն գիտեի մարգարեների և առաքյալների խոսքերից։ Ես թեթևություն էի զգում, քանի որ արել էի ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի իմ հարազատների կյանքն ավելի լավը դառնա վարագույրի հետևում:

Որոշ ժամանակ անց ես հասկացա, որ պետք է սկսեի նախապատրաստվել օժտումը ստանալուն և որ պետք է դա անեի Հելսինկիի տաճարում: Այդ ժամանակ ես մի քանի տարվա Եկեղեցու անդամ էի և երկար ժամանակ իրավունք ունեի մտնելու տաճար լիիրավ իրավունքներով, բայց անընդհատ հանգամանքներ էին առաջանում, որոնք ինձ ստիպում էին հետաձգել այս քայլը: Եվ հենց որ որոշում կայացրեցի, հանգամանքները ապշեցուցիչ կերպով փոխվեցին, և այն ամենը, ինչ խանգարում էր ինձ, հանկարծակի կորցրեց իր ուժը։ Հելսինկիի տաճարի առաջին ուղևորության նախապատրաստության այդ շրջանն ամենաուրախն ու ամենաերջանիկներից մեկն էր իմ կյանքում: Այսպիսով, արարողությունները մեծապես փոխեցին իմ առօրյա կյանքը և լուսավորեցին այն իրենց լույսով՝ նույնիսկ ավելի շուտ, քան ես իրականում դրանք ստացա:

Տաճարի այցելությունը և անձնական արարողությունների ստացումն օգնեցին ինձ ուրախ և հանդիսավոր զգալ: Ես որոշեցի, որ այցելելու եմ տաճար այնքան հաճախ, որքան կարող եմ, քանի դեռ այնտեղ տանող ճանապարհը պարզ ու բաց է և իմ ճանապարհը փակող դժվարություններ չեն հանդիպել: Այնուհետև 2016 թվականի սկզբին, ոչ ոք նույնիսկ չէր կարող մտածել համաշխարհային համավարակի և սահմանների փակման մասին, բայց այն, ինչ թվում էր միանգամայն իրական, անձնական կյանքի հանգամանքներն էին կամ նման ճանապարհորդությունների համար ֆինանսների պակասը: Ուստի ես հաճախ օգտվում էի տաճար հաճախելու առիթից և ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, միշտ պլանավորում էի հաջորդ ճամփորդության մոտավոր ամսաթվերը: Ավելին, իմ տաճարային օրհնություններից մեկը արխիվներում իմ նախնիների նոր անուններ գտնելու հնարավորություն էր, և ես միշտ տաճար էի գալիս ոչ դատարկաձեռն: Իմ օժտման արարողությունը ստանալուց մի քանի ամիս անց ես նոր աշխատանք գտա: Այնպես ստացվեց, որ իմ նոր գործատուի գրասենյակը հինգ րոպե քայլելու հեռավորության վրա էր տեղական արխիվից, որը պարունակում էր փաստաթղթեր՝ կապված իմ ընտանիքի պատմության հետ: Իմ Երկնային Հայրն օրհնեց ինձ ինչպես մասնագիտական աճով, այնպես էլ տոհմաբանական հետազոտություններ կատարելու աննախադեպ հնարավորությամբ, ինչը թույլ տվեց ինձ նշանակալի առաջընթաց գրանցել իմ սեփական տոհմածառի ուսումնասիրության հարցում:

Ամփոփելով ուզում եմ ասել, որ տաճար այցելելը ինձ պարգևել է նյութական և հոգևոր օրհնություններ, որոնք ես երբեք չէի կարող ինքնուրույն ձեռք բերել: Տաճարը բոլորիս հնարավորություն է տալիս երկրպագել և ծառայել մեր Երկնային Հորը՝ մասնակցելով Նրա մյուս զավակների արարողություններին, ովքեր արդեն լքել են երկրային աշխարհը, դրանով իսկ ավելացնելով մեր հոգևոր ուժը: Ուղևորությունը դեպի տաճար միշտ ուրախալի իրադարձություն է, և ես իսկապես հույս ունեմ, որ շուտով մենք բոլորս կկարողանանք ավելի հաճախ այցելել տաճար:

Տպել