2023
Տիրոջ անսահման հասանելիությունը
Մարտ 2023


Զրույց թանկագին պատմությունների մասին

Երեց Սոարես. Լատինական Ամերիկայի շատ ընտանիքներում հիշողությունները կերտվում են ճաշի սեղանի շուրջը, և այդպես էր նաև իմ ընտանիքի դեպքում: Օգտագործվում էր ցանկացած հնարավորություն՝ հավաքվելու, եփելու և անհավանական ուտելիքներ ճաշակելու համար: Ծննդյան օրերը, տոները և նույնիսկ կիրակի օրերը անցկացնում էինք ընտանիքով։ Դա ավանդույթ էր, որը փոխանցվել էր մեզ, և նույնիսկ երբ մենք ստեղծեցինք մեր սեփական ընտանիքը, երեք երեխաների հետ ամեն կիրակի այցելում էինք իմ ընտանիքին: Մենք միասին պատրաստում էինք, միասին ճաշում էինք ու երկար ժամեր անցկացնում ՝ սիրելով ու աջակցելով միմյանց:

Քույր Սոարես. Այդ ընտանեկան պատմություններն ու ավանդույթները մեր կանքի մի մասն են: Որոշ պատմություններ և ավանդույթներ փոխանցվում են, իսկ դրանցից մի քանիսը բացահայտվում են: Երբ մենք ներգրավվում ենք ընտանեկան պատմության մեջ և ավելին բացահայտում նրանց մասին, ովքեր աշխարհ են եկել մեզանից առաջ, մենք կարող ենք զորություն գտնել այդ բացահայտման մեջ. զորություն, որը կարող է առաջնորդել մեզ ավելի լավ հասկանալ, թե ով ենք մենք և որ համայնքին ենք պատկանում:

Երեց Սոարես. Ընտանեկան ո՞ր պատմություններից եք դուք ուժ ստանում: Ի՞նչ ավանդույթներ եք պահպանում: Եթե ձեր մտքին ոչինչ չի գալիս, մի հուսահատվեք։ Մենք խրախուսում ենք ձեզ բացահայտել դրանք: Եվ հիշեք, որ ընտանեկան պատմությունը միայն հեռավոր անցյալի մասին չէ: Դուք կարող եք հիշել ձեր սեփական վերջին փորձառություններն ու պատմությունները կամ որևէ պատմություն, որը ծավալվում է հենց այստեղ՝ ներկայում: Դուք կարող եք հաստատել ձեր սեփական ավանդույթները: Այն անցյալի ու ներկայի համադրությունն է, որը ձեզ առանձնահատուկ է դարձնում:

Մանկության պատմություններ

Երեց Սոարես. Ես ինձնից երկու տարով մեծ եղբայր ունեի, որը լսողության խնդիր ուներ: Նա շատ դժվարությամբ էր շփվում, և ես հիշում եմ, թե ինչպես անհրաժեշտաբար դարձա նրա ուղեկիցը՝ օգնելով նրան գործել ու շփվել մարդկանց հետ: Ես պետք է սովորեի ժեստերի լեզվով շփվել եկեղեցում: Օրինակ՝ մի անգամ նա հանձնարարություն ստացավ ելույթ ունենալ եկեղեցում։ Սակայն նա չէր կարողանում խոսել: Բայց ես նստեցի նրա կողքին, և նշաններով խոսելով, օգնեցի նրան ելույթ գրել։ Հաղորդության ժողովի ժամանակ նա կանգնեց իմ կողքին՝ ամբիոնի մոտ, երբ ես կարդում էի նրա պատրաստած ելույթը:

Իմ ծնողները շատ հավատարիմ էին, և նրանց դարձը դեպի ավետարանը ընդմիշտ փոխեց նրանց կյանքը: Դա ինձ համար նոր հեռանկար ստեղծեց, քանի որ նրանք քրտնաջան աշխատում էին, որպեսզի ապագայում իմ կյանքն այլ կերպ լինի: Նրանք այնքան մեծ ուրախություն զգացին Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ, որ հենց որ մկրտվեցին, սկսեցին հրավիրել իրենց հարևաններին գալ ու լսել միսիոներական դասերը մեր տանը:

Քույր Սոարես. Ես, հայրս և մեր ընտանիքի մնացած անդամները կրոնասեր չէինք: Բայց ամեն երեկո հայրս աղոթում էր ծնկի իջած, և ես նրան հետևում էի դեռ փոքրուց։ Նա ինձ խոսքերով չի սովորեցրել, այլ սովորեցրել է գործով։ Իսկ երբ փոքր էի, հիշում եմ նաև, որ երբեմն իզուր արտաբերում էի Աստծո անունը։ Ես չգիտեի, որ ինչ-որ սխալ բան եմ անում, և մայրս ինձ սովորեցրեց, որ չպետք է այդպես խոսեմ։ Նա կրոնասեր չէր, բայց գիտեր, թե որն է ճիշտ, որը՝ սխալ: Երբ ես ինը տարեկան էի, իմ թաղամասից մի աղջիկ, որը նույնպես ինը տարեկան էր, ինձ առաջին անգամ հրավիրեց Երեխաների միություն:

Երեց Սոարես. Դու մեծացել ես Եկեղեցում` առանց քո ծնողների անդամակցության և, այնուամենայնիվ, կառուցել ես քո հավատքը ավետարանի հանդեպ, և այժմ որոշել ես քո կյանքը նվիրել մեր երեխաներին նույն հավատքը ուսուցանելուն:

Ընտանիք ստեղծելու պատմություններ

Երեց Սոարես. Միսիայից վերադառնալուց վեց ամիս անց եկեղեցում պարի ժամանակ ես հանդիպեցի քույր Սոարեսին:

Քույր Սոարես. Ես տեսնում էի, որ դու նայում ես ինձ, և ինչ-որ բան սկսեց շարժվել նաև իմ ներսում: Ու հենց որ երաժշտությունը դադարեց, դու մոտեցար և խնդրեցիր ինձ պարել։

Երեց Սոարես. Մենք շարունակեցինք որպես ընկերներ, բայց հենց այդ երեկո մեր աչքերը բացվեցին։ Մենք յուրաքանչյուրս տեսանք հավատարիմ երիտասարդ Վերջին Օրերի Սուրբին և մեր հարաբերությունների ներուժը: Եվ երկու շաբաթ անց մենք սկսեցինք հանդիպել: Դա 41 տարի առաջ էր։

Ես հիշում եմ, թե ինչ մարտահրավերի էինք դիմակայում մեր ամուսնության առաջին հինգ տարիների ընթացքում, երբ փորձում էինք երեխաներ ունենալ:

Քույր Սոարես. Շատ դժվար տարիներ էին։ Ես չէի կարողանում հղիանալ:

Երեց Սոարես. Այդքան շատ ջանքերից հետո մենք բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցանք: Հենց այդ ժամանակ մենք ստացանք քահանայության օրհնություն: Ավելի ուշ դու վիրահատվեցիր, իսկ մի քանի ամիս անց …

Քույր Սոարես. Մեր երազանքն իրականացավ:

Երեց Սոարես. Դու հղիացար:

Քույր Սոարես. Մենք այնքան շատ վստահեցինք Տիրոջը և ստացանք շոշափելի օրհնություններ: Հեշտ չէր երկուսիս համար, քանի որ անփորձ էինք, բայց այդ ամենը նաև հրաշալի էր։

Երեց Սոարես. Մինչ մենք առնչվում էինք կյանքի դժվարություններին, Տերը հոգում էր մեր հոգևոր կարիքները՝ տալով մեզ անհրաժեշտ խաղաղություն ու հարմարավետություն, նաև աշխատելու, մեր կրթությունը շարունակելու և ավարտելու կարողություն: Դա մեր կյանքում նշանակալից ժամանակ էր, որն ամբողջությամբ փոխեց մեր կյանքի ընթացքը:

Աստծո և տաճարի զավակներ

Երեց Սոարես. Կարևոր է հիշել մեր մշակույթը, ժառանգությունը և ավանդույթները: Փորձառությունների հետ միասին, որոնք կազմում են մեր կյանքի պատմությունը, դրանք նպաստում են, որ հասկանանք, թե ով ենք մենք: Բայց դուք չեք կարող լիովին հասկանալ, թե ով եք դուք, առանց հասկանալու, թե ում զավակն եք դուք: Դուք հասկանու՞մ եք, որ դուք բառացիորեն Աստծո զավակն եք: Դուք բացահայտե՞լ եք, թե ինչ է նշանակում ձեզ համար այդ աստվածային ժառանգությունը: Ինձ համար այդ բացահայտումը՝ իմ վկայության այդ սկիզբը, սկսվել է երիտասարդ տարիքից, բայց շարունակել է զարգանալ և ամրապնդվել իմ կյանքի ընթացքում:

Քույր Սոարես. Տաճար գնալը և տաճար վերադառնալը կարող է օգնել մեզանից յուրաքանչյուրին վերամիավորվել մեր հոգևոր արմատների հետ: Այնտեղ է, որ դուք կարող եք կրկին ու կրկին սովորել Աստծո ծրագիրը մեզ համար: Այնտեղ է, որ դուք կարող եք փախչել բարձր ձայներից, որոնք այնքան հուսահատ փորձում են շեղել ձեզ այն գիտելիքից, թե ով եք դուք իրականում: Այնտեղ է, որ մենք հնարավորություն ունենք աջակցելու հավաքման մեծագույն գործին մեր ընտանիքի այն անդամների համար, որոնք երբեք հնարավորություն չեն ունեցել սուրբ արարողություններ ստանալ իրենց կյանքի ընթացքում:

Երեց Սոարես. Աշխարհով մեկ սփռված վերջին օրերի յուրաքանչյուր տաճարում կարելի է գտնել այս խոսքերը. Սրբություն Տիրոջը, Տիրոջ տունը: Երբ ներս եք մտնում տաճարի դռներով, դուք Նրա տանն եք, և շատ ավելի մոտ եք Նրան և Հորը: Այն ամենը, ինչ տեղի է ունենում այդ սուրբ պատերի ներսում, կենտրոնացած է այն աշխատանքի վրա, որ բոլորին ապահով տուն բերենք Նրա մոտ, ում մենք Հայր ենք անվանում:

Քույր Սոարես. Ես գիտեմ, որ կան շատեր մարդիկ, որոնք սպասում են Տիրոջը՝ որպես զույգ միավորվելու կամ իրենց ծնողների ու երեխաների հետ ժամանակի ու հավերժության համար կնքվելու հնարավորության համար:

Ես նաև անհամբերությամբ ու հույսով սպասում եմ այն քաղցր հնարավորությանը, երբ կկարողանամ Տիրոջ տանը հավերժ միավորվել իմ սիրելի ծնողների հետ: Երկրի վրա չկա որևէ այլ վայր, որտեղ Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ կապն ավելի հստակ զգացվի ու հասկացվի, քան տաճարի պատերի ներսում:

Հասկանալով, թե ով ենք մենք, որտեղից և ում մոտ ենք եկել, կարող ենք մեր կյանք բերել խաղաղության, հեռանկարի և նպատակի հրաշալի զգացումը:

Երեց Սոարես. Միայն տաճարում դուք կարող եք ոչ միայն բացահայտել, թե ով եք դուք և ում զավակն եք, այլ նաև, թե ով պետք է դառնաք: Հետաքրքիր է գիտակցել, որ բացահայտելով, թե ով ենք մենք, ընդգծում ենք մեր յուրահատուկ անհատականությունը, իսկ բացահայտելով, թե ում զավակն ենք, ընդգծում ենք, թե ինչպես ենք մենք նույնը: Մենք «բոլոր[ս] նույնն են[ք] Աստծո համար» (2 Նեփի 26.33), և անկախ մեր տարբերություններից, մեզանից յուրաքանչյուրն ունի նույն աստվածային ժառանգությունը և հավասար հնարավորություն՝ սելեստիալ փառահեղ ճակատագրի համար:

Քույր Սոարես. Բացահայտումները, որոնց մասին մենք խոսում ենք, կարող են հզոր, երկարատև ազդեցություն ունենալ ոչ միայն մեր անհատական կյանքի, այլ նաև նրանց կյանքի վրա, ում հետ մենք կիսում ենք մեր ժառանգությունը: Մենք յուրաքանչյուրս կարևոր դեր ենք խաղում մեր ընտանեկան պատմությունները, ժառանգությունը, մշակույթն ու ավանդույթները փոխանցելու գործում: Մենք յուրաքանչյուրս անցյալն ու ներկան ապագայի հետ կապող օղակ ենք: Փոխանցելով այն կարևոր հայեցակետերը, թե ով ենք մենք և ում զավակն ենք, կարող ենք ամրացնել աճող սերնդին այն ժամանակ, երբ նրանք դրա կարիքն ամենից շատ ունեն:

Ամենակարևոր պատմությունը

Երեց Սոարես. Նույնքան կարևոր է, եթե ոչ ավելի կարևոր, քան մշակույթի ու ժառանգության փոխանցումը, Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, ինչպես նաև Նրա ու Նրա Քավության մասին մեր վկայությունների փոխանցումը: Հավատի այդ ժառանգությունը, որը փոխանցվում է սերնդեսերունդ, այն վերջնական ժառանգությունն է, որը մենք կարող ենք փոխանցել ապագա սերունդներին:

Մեզ՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, այս սկզբունքը չպետք է զարմացնի: Մորմոնի Գիրքը, ի վերջո, գրվել է մեր երեխաների օգտին, որ նրանք «կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար: Ուստի, մենք խոսում ենք … որ մեր զավակները կարողանան … սպասել այն կյանքին, որը Քրիստոսում է» (2 Նեփի 25.26–27):

Ծնողնե՛ր, կիսվեք ձեր ժառանգությամբ, որպեսզի ձեր երեխաներն իմանան, թե ովքեր են և ում են իրենք պատկանում: Դա կարող է լինել այնքան պարզ, որքան վկայությունը, պատմությունը, ավանդույթը կամ նույնիսկ ճաշը:

Կորկովադո լեռան վրա բարձրում կանգնած է Քրիստո Ռեդենտորը (Cristo Redentor): Այս վեհաշուք արձանը, որը պատկերում է Փրկչին` ձեռքերը պարզած, դարձել է Բրազիլիայի ամենաճանաչելի պատկերներից մեկը:

Կան օրեր, երբ դուք կարող եք պարզ տեսնել այդ հուշարձանը, որը վեր է խոյանում քաղաքի վրա, բայց կան պահեր, երբ ամպերը պարուրում են արձանը՝ թաքցնելով այն տեսադաշտից: Այդ պահերին արձանը տեսնելու համար պահանջվում է վեր բարձրանալ: Տեսնելու համար վերելք է անհրաժեշտ: Որքան ճշմարիտ է սա մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ: Նրան բացահայտելու, Նրա ինքնությունը ճանաչելու համար մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է ստանձնել այդ վերելքը ու վեր բարձրանալ:

Անկասկած, Նրա ինքնությունը բացահայտելու ուղին անհատական է և ունի իր բաժին վերելքներն ու անկումները: Բայց այդ բացահայտումն ի վերջո և անկասկած կհանգեցնի մաքրության և խաղաղության, հեռանկարի և նպատակի, և Աստծո ընտանիքում ուժի ու դիրքի:

Մենք կարդում ենք Նրա կյանքի, Նրա կատարյալ օրինակի և Նրա պատվիրանների մասին: Նրա ինքնության այս կողմերի բացահայտումը սահմանում է վերջնական չափանիշը, թե մենք ինչպես պետք է ապրենք, օրինակը, որը մենք պետք է ծառայենք, և պատվիրանները, որոնց պետք է հետևենք: Նրան նման դառնալու ձգտման միջոցով մենք բացահայտում ենք մեր կախվածությունը Նրանից ու Նրա Քավությունից: Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով է, որ մենք կարող ենք գտնել մաքրություն և խաղաղություն, երբ ձգտում ենք մեր կամքը ենթարկել Հոր կամքին, ինչպես Փրկիչն արեց:

Նրան ճանաչելը հանգեցնում է հեռանկարի և նպատակի, նույնիսկ ամենամութ պահերին: Իմ կյանքի ամենավշտալի ժամանակաշրջաններից մեկում ես կորցրի հորս: Նա անսպասելի մահացավ սրտի կաթվածից: Այս վշտին ավելացավ եղբորս, իսկ կարճ ժամանակ անց մեկ այլ եղբորս մոտալուտ կորուստը։ Այս պայքարի ընթացքում ես և իմ սիրելի կինը նույնպես երկու երեխաների կորուստ ունեցանք. մեկը վաղաժամ ծնվեց և չփրկվեց, իսկ մյուսին կորցրինք վիժման պատճառով։ Այդ խավար պահերին՝ վշտի և ցավի, կորստի և հուսահատության, փորձության և նեղության պահերին Քրիստոսի մոտ գալը միակ հաստատուն ճանապարհն է՝ հետ բերելու լույսի գոնե մի թրթիռ, որը կամաց-կամաց կարող է աճել ձեր մեջ, և ժամանաի ընթացքում տանել դեպի հույս և ապաքինում:

Երբ ճանաչեք Նրան, դուք կարող եք բացահայտել, որ Աստծո ընտանիքում ուժն ու տեղը հասանելի են ձեզ: Նա ձեզ կընդունի այնպիսին, ինչպիսին կաք, և երբ գաք Նրա մոտ և սովորեք Նրա մասին, դուք կարող եք և ավելի շատ կնմանվեք Նրան:

Նման դառնալու մի մասը ներառում է վարագույրի երկու կողմերում հավաքման գործին միանալը: Խոսելով հատկապես տաճարի և ընտանեկան պատմության աշխատանքի մասին, երբ դուք օգնում եք Տիրոջը «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39), սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք բառացիորեն դառնում ենք ազատարարներ Սիոն լեռան վրա (տես Աբդիա 1.21): Բայց ի՞նչ է դա նշանակում։ Ճիշտ այնպես, ինչպես Փրկիչը զոհաբերեց Իր կյանքը ողջ մարդկության համար, մենք փոքր չափով դառնում ենք ազատարարներ նրանց համար, ովքեր չունեն փրկության և վեհացման արարողություններ ստանալու միջոց՝ առանց նրանց օգնության, ովքեր ապրում են այստեղ՝ երկրի վրա: Ըստ էության, այս աշխատանքում ներգրավվելն օգնում է մեզ Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու մեր ձգտումներում:

Ես խոստանում եմ, որ երբ միանաք Նրան՝ մեր Հոր գործն իրականացնելիս, օգնելով նրանց, ովքեր երբեք հնարավորություն չեն ունեցել Նրան ընդունելու քայլեր անել ուխտի ճանապարհին, դուք կսկսեք Նրան տեսնել այնպիսին, ինչպիսին Նա կա: Դուք կնմանվեք Նրան, և կբացահայտեք, թե ով եք դուք և որքան արտասովոր կարող եք լինել:

Տպել