Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 11


Բաժին 11

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, իր եղբայր Հայրում Սմիթին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1829թ. մայիսին (History of the Church, 1.39–46): Այս հայտնությունը ստացվել էր Ուրիմի ու Թումիմի միջոցով՝ ի պատասխան Ջոզեֆի աղաչանքին ու հարցմանը: «History of the Church»-ը ենթադրում է, որ այս հայտնությունը ստացվել է Ահարոնյան Քահանայության վերականգնումից հետո:

1–6՝ Այգում աշխատողները փրկություն կստանան. 7–14՝ Փնտրիր իմաստություն, աղաղակիր ապաշխարություն, վստահիր Հոգուն. 15–22՝ Պահիր պատվիրանները և ուսումնասիրիր Տիրոջ խոսքը. 23–27՝ Մի ուրացիր հայտնության և մարգարեության ոգին. 28–30՝ Նրանք, ովքեր ընդունում են Քրիստոսին, դառնում են Աստծո որդիներ:

1 Մեծ և զարմանալի գործ է առաջ գալիս մարդկանց զավակների մեջ:

2 Ահա, ես Աստված եմ. ուշք դարձրեք իմ խոսքին, որը կենդանի է և զորավոր, երկսայր սրից հատու՝ հոդերը և ծուծը բաժանող. ուստի, ուշք դարձրեք իմ խոսքին:

3 Ահա, արտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել. ուստի, ով որ փափագում է հնձել, թող գցի իր մանգաղն իր զորությամբ ու հնձի, քանի դեռ օրը ցերեկ է, որ կարողանա իր հոգու համար հավիտենական փրկություն գանձել Աստծո արքայությունում:

4 Այո՛, ով որ գցի իր մանգաղն ու հնձի, նա կանչված է Աստծուց:

5 Ուստի, եթե խնդրեք ինձանից, դուք կստանաք. եթե թակեք, ձեզ կբացվի:

6 Արդ, որովհետև դուք հարցրեցիք, ահա, ասում եմ ձեզ. Պահեք իմ պատվիրանները և փնտրեք առաջ տանել և հաստատել Սիոնի գործը:

7 Մի փնտրեք հարստություն, այլ իմաստություն. և ահա, Աստծո խորհուրդները կբացվեն ձեզ համար, և այն ժամանակ դուք կհարստանաք: Ահա, նա, ով ունի հավերժական կյանք, հարուստ է:

8 Ճշմարիտ, ճշմարիտ, ասում եմ քեզ, որ քեզ համար կկատարվի ճիշտ այնպես, ինչպես դու ցանկանում ես ինձանից. և եթե դու ցանկանաս, դու կլինես այն միջոցը, որով շատ բարիք կգործվի այս սերնդի մեջ:

9 Ոչինչ մի ասա այս սերնդին, բացի ապաշխարությունից: Պահիր իմ պատվիրանները և օգնիր առաջ տանել իմ գործը, իմ պատվիրանների համաձայն, և դու պիտի օրհնվես:

10 Ահա, դու ունես պարգև, կամ դու կունենաս պարգև, եթե փափագես ինձանից՝ հավատքով, ազնիվ սրտով, հավատալով Հիսուս Քրիստոսի զորությանը, կամ իմ զորությանը, ով խոսում է քեզ հետ.

11 Քանզի, ահա, այդ ես եմ, որ խոսում եմ. ահա, ես լույսն եմ, որը շողում է խավարում, և իմ զորությամբ եմ ես այս խոսքերը տալիս քեզ:

12 Եվ արդ, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել. այո՛, արդար գործել, խոնարհ քայլել, արդարությամբ դատել. և դա է իմ Հոգին:

13 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությունով կլցնի քո հոգին.

14 Եվ այն ժամանակ դու կիմանաս, կամ դրանով դու կիմանաս բոլոր բաները, ինչ-որ կցանականաս ինձանից, որոնք վերաբերում են արդարության բաներին, հավատքով հավատալով ինձ, որ դու պիտի ստանաս:

15 Ահա, ես պատվիրում եմ քեզ, որ դու կարիք չունես ենթադրելու, որ կանչված ես քարոզելու, մինչև դու չկանչվես:

16 Մի քիչ էլ սպասիր, մինչև ունենաս իմ խոսքը, իմ վեմը, իմ եկեղեցին և իմ ավետարանը, որ կարողանաս հաստատապես իմանալ իմ վարդապետությունը:

17 Եվ այն ժամանակ, ահա, քեզ համար կարվի քո ցանկությունների համաձայն, այո՛, ճիշտ քո հավատքի համաձայն:

18 Պահի՛ր իմ պատվիրանները. լուռ մնա. դիմիր իմ Հոգուն.

19 Այո՛, քո ողջ սրտով հարիր ինձ, որ օգնես ի լույս բերել այն բաները, որոնց մասին խոսվել է,– այո՛, իմ աշխատության թարգմանությունը. համբերող եղիր, մինչև որ դուք ավարտեք այն:

20 Ահա, սա է քո աշխատանքը՝ պահել իմ պատվիրանները, այո՛, քո ողջ զորությամբ, մտքով և ուժով:

21 Մի փնտրիր հայտարարել իմ խոսքը, այլ, նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը, և հետո քո լեզուն պիտի արձակվի. հետո, եթե կամենաս, դու կունենաս իմ Հոգին և իմ խոսքը, այո՛, Աստծո զորությունը՝ մարդկանց համոզելու համար:

22 Իսկ այժմ, լուռ մնա. ուսումնասիրիր իմ խոսքը, որն առաջ է գնացել մարդկանց զավակների մեջ, և նաև ուսումնասիրիր իմ խոսքը, որն առաջ պիտի գա մարդկանց զավակների մեջ, կամ այն, որն այժմ թարգմանվում է, այո՛, մինչև ձեռք չբերես այն ամենը, ինչ ես պիտի շնորհեմ մարդկանց զավակների այս սերնդին, և ապա, բոլոր բաները պիտի ավելացվեն դրանց վրա:

23 Ահա, դու Հայրումն ես, իմ որդին. փնտրիր Աստծո արքայությունը, և բոլոր բաները պիտի ավելացվեն՝ համաձայն նրա, ինչն արդար է:

24 Կառուցիր իմ վեմի վրա, որն իմ ավետարանն է.

25 Մի ուրացիր հայտնության ոգին, ոչ էլ մարգարեության ոգին, քանզի վա՛յ նրան, ով ուրանում է այս բաները.

26 Ուստի, գանձիր քո սրտում, մինչև այն ժամանակը, որն իմ իմաստությամբ է, որ դու պիտի առաջ գնաս:

27 Ահա, ես ասում եմ բոլորին, ովքեր բարի ցանկություններ ունեն և գցել են իրենց մանգաղը, որ հնձեն:

28 Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ՝ Աստծո Որդին: Ես կյանքն եմ ու լույսն աշխարհի:

29 Ես նա եմ, որ եկա յուրայինների մեջ, և յուրայիններն ինձ չընդունեցին.

30 Բայց ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ, բոլոր նրանց, ովքեր ընդունում են ինձ, ես զորություն կտամ՝ դառնալու Աստծո որդիներ, այսինքն՝ նրանց, ովքեր հավատում են իմ անվանը: Ամեն: