Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 136


Բաժին 136

Տիրոջ խոսքը և կամքը, տրված Նախագահ Բրիգամ Յանգի միջոցով Վինթեր Քուորթերսի Իսրայելի ճամբարում, Օմահա ազգի տարածքում, Միսսուրի գետի արևմտյան ափին, Քաունսիլ Բլաֆսի մոտ, Այովա [Journal History of the Church («Եկեղեցու պատմության հուշամատյան»), 1847թ. հունվարի 14]:

1–16՝ Բացատրվում է, թե ինչպես պետք է կազմակերպվի Իսրայելի ճամբարը դեպի արևմուտք ճամփորդելու համար. 17–27՝ Սրբերին պատվիրվում է ապրել ըստ ավետարանական բազում չափանիշների. 28–33՝ Սրբերը պետք է երգեն, պարեն, աղոթեն և իմաստություն սովորեն. 34–42՝ Մարգարեները սպանվում են, որպեսզի փառավորվեն և ամբարիշտները դատապարտվեն:

1 Տիրոջ Խոսքը և Կամքն Իսրայելի ճամբարի վերաբերյալ՝ դեպի արևմուտք նրանց ճամփորդելու մասին.

2 Թող Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ողջ ժողովուրդը, և նրանք, ովքեր ճամփորդում են նրանց հետ, կազմավորեն խմբեր, Տիրոջ՝ մեր Աստծո բոլոր պատվիրաններն ու կանոնները պահելու ուխտով և խոստումով:

3 Թող խմբերը կազմավորվեն հարյուրապետներով, հիսնապետներով և տասնապետներով, նախագահի և երկու խորհրդականների գլխավորությամբ, Տասներկու Առաքյալների ղեկավարության ներքո:

4 Եվ սա պետք է լինի մեր ուխտը,– որ մենք կքայլենք Տիրոջ բոլոր կանոններով:

5 Թող յուրաքանչյուր խումբ իրեն ապահովի բոլոր լծվածքներով, ծածկասայլերով, պարենով, հագուստով և ճամփորդության համար անհրաժեշտ այն ամենով, ինչ կարող է:

6 Երբ խմբերը կազմավորված լինեն, թող նրանք սկսեն իրենց զորությամբ նախապատրաստել նրանց համար, ովքեր մնալու են:

7 Յուրաքանչյուր խումբ, իր խմբապետներով ու նախագահներով թող որոշի, թե քանիսը կարող են գնալ հաջորդ գարնանը. ապա ընտրի բավականաչափ ամրակազմ և գիտակ մարդիկ, որպեսզի վերցնեն լծվածքներ, սերմեր և հողագործության գործիքներ և գնան՝ որպես ռահվիրաներ, նախապատրաստվելու գարնանացանին:

8 Թող յուրաքանչյուր խումբ հավասարապես, իր ունեցվածքի բաժնեմասի համեմատ, իր հետ վերցնի աղքատների, այրիների, հայրազուրկների և նրանց ընտանիքներին, ովքեր գնացել են բանակ, որպեսզի այրիների և հայրազուրկների աղաղակը, այս ժողովրդի դեմ, չհասնի Տիրոջ ականջին:

9 Թող յուրաքանչյուր խումբ պատրաստի տներ և դաշտեր, որ հատիկ աճեցնի նրանց համար, ովքեր ետ կմնան տարվա այս եղանակին. և սա է Տիրոջ կամքն իր ժողովրդի վերաբերյալ:

10 Թող ամեն մարդ օգտագործի իր ողջ ազդեցությունն ու ունեցվածքը, որպեսզի այս ժողովրդին տեղափոխի այն վայրը, որտեղ Տերը պիտի տեղակայի Սիոնի ցիցը:

11 Եվ եթե դուք անեք դա մաքուր սրտով, ողջ հավատարմությամբ, դուք պիտի օրհնվեք. դուք պիտի օրհնվեք ձեր հոտերով և ձեր նախիրներով և ձեր դաշտերով և ձեր տներով և ձեր ընտանիքներով:

12 Թող իմ ծառաներ Էզրա Տ. Բենսոնը և Էրաստոս Սնոուն խումբ կազմավորեն:

13 Եվ թող իմ ծառաներ Օրսոն Պրատը և Վիլֆորդ Վուդրուֆը խումբ կազմավորեն:

14 Նաև, թող իմ ծառաներ Ամասա Լայմանը և Ջորջ Ա. Սմիթը խումբ կազմավորեն:

15 Եվ նշանակեն նախագահներ և հարյուրապետներ և հիսնապետներ և տասնապետներ:

16 Եվ թող իմ ծառաները, որոնք նշանակվել են, գնան և ուսուցանեն այս իմ կամքը սրբերին, որպեսզի նրանք պատրաստ լինեն՝ գնալու խաղաղության երկիր:

17 Գնացեք ձեր ճանապարհով և արեք ինչպես ասել եմ ձեզ, և մի վախեցեք ձեր թշնամիներից. քանզի նրանք զորություն չեն ունենա կանգնեցնելու իմ գործը:

18 Սիոնը պիտի փրկագնվի ինձ հարմար ժամանակ:

19 Եվ եթե մարդ փնտրի ինքն իրեն կառուցել, չփնտրելով իմ խորհուրդը, նա զորություն չի ունենա և նրա անմտությունը կբացահայտվի:

20 Փնտրե՛ք. և կատարեք միմյանց տված ձեր բոլոր խոստումները. և մի ցանկացեք այն, ինչը պատկանում է ձեր եղբորը:

21 Ձեզ հեռու պահեք Տիրոջ անունը զուր օգտագործելու չարիքից, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, այսինքն՝ ձեր հայրերի Աստվածը, Աբրահամի և Իսահակի և Հակոբի Աստվածը:

22 Ես նա եմ, ով Իսրայելի ժողովրդին դուրս բերեց Եգիպտոսի հողից. և իմ ձեռքը պարզած է վերջին օրերին, իմ ժողովրդին՝ Իսրայելին փրկելու համար:

23 Դադարեք հակառակվել մեկմեկու. դադարեք չարախոսել մեկդ մյուսի մասին:

24 Վերջ տվեք հարբեցողությանը. և թող ձեր խոսքերը լինեն միմյանց շենացնելու միտումով:

25 Եթե պարտք ես վերցնում քո մերձավորից, պետք է վերադարձնես այն, ինչ վերցրել ես. իսկ եթե չես կարողանում ետ վճարել, ապա գնա անմիջապես և ասա մերձավորիդ, չլինի թե նա դատապարտի քեզ:

26 Եթե գտնես մի բան, որը կորցրել է քո մերձավորը, պետք է ջանասիրաբար փնտրես, մինչև որ այն կրկին վերադարձնես նրան:

27 Ջանասեր եղիր քո ունեցածը պահպանելիս, որպեսզի իմաստուն տնտես լինես. քանզի դա Տիրոջ՝ քո Աստծո ձրի պարգևն է, և դու նրա տնտեսն ես:

28 Եթե ուրախ ես, գովք ասա Տիրոջը՝ երգելով, երաժշտությամբ, պարելով և գովքի ու գոհաբանության աղոթքով:

29 Եթե տխուր ես, աղաչանքով կանչիր առ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի հոգիդ ուրախանա:

30 Մի վախեցիր քո թշնամիներից, քանզի նրանք իմ ձեռքում են, և ես նրանց հետ կվարվեմ, ինչպես կկամենամ:

31 Իմ ժողովուրդը պիտի փորձվի բոլոր բաներում, որ կարողանա պատրաստվել այն փառքն ընդունելուն, որը ես ունեմ նրանց համար, այսինքն՝ Սիոնի փառքը. իսկ նա, ով չի դիմանում խրատին, արժանի չէ իմ արքայությանը:

32 Թող նա, ով բանիմաց չէ, իմաստություն սովորի, իրեն խոնարհեցնելով և կանչելով առ Տերը՝ իր Աստվածը, որպեսզի նրա աչքերը բացվեն, որ նա կարողանա տեսնել, և նրա ականջները բացվեն, որ նա կարողանա լսել.

33 Քանզի իմ Հոգին աշխարհ է ուղարկվել, որ լուսավորի խոնարհներին ու ապաշխարողներին և դատապարտի անաստվածներին:

34 Ձեր եղբայրները, այսինքն՝ ժողովուրդը, որը ձեզ դուրս է քշել, մերժել են ձեզ և ձեր վկայությունը.

35 Եվ հիմա գալիս է նրանց դժբախտության օրը, այսինքն՝ վշտի օրերը, ինչպես երկունքի մեջ գտնվող մի կնոջ. և նրանց վիշտը մեծ կլինի, եթե նրանք արագ չապաշխարեն, այո, շատ արագ:

36 Քանզի նրանք սպանեցին մարգարեներին, և նրանց, ովքեր ուղարկվել էին իրենց մոտ. և նրանք անմեղ արյուն են թափել, որը գետնից աղաղակում է նրանց դեմ:

37 Ուստի, մի զարմացեք այս բաների վրա, քանզի դուք մաքուր չեք. դուք դեռևս չեք կարող դիմանալ իմ փառքին. բայց դուք կտեսնեք այն, եթե հավատարիմ լինեք իմ բոլոր խոսքերը պահելիս, որոնք ես տվել եմ ձեզ Ադամի օրերից մինչև Աբրահամը, Աբրահամից մինչև Մովսեսը, Մովսեսից մինչև Հիսուսը և նրա առաքյալները, և Հիսուսից ու նրա առաքյալներից մինչև Ջոզեֆ Սմիթը, որին ես կանչեցի, իմ հրեշտակների՝ իմ սպասավոր ծառաների միջոցով, և իմ իսկ ձայնով երկնքից՝ իմ գործն առաջ բերելու համար.

38 Որի հիմքը նա դրեց, և հավատարիմ էր. և ես վերցրեցի նրան ինձ մոտ:

39 Շատերին զարմացրեց նրա մահը. բայց անհրաժեշտ էր, որ նա կնքեր իր վկայությունն իր արյամբ, որպեսզի նա փառավորվի, իսկ ամբարիշտները դատապարտվեն:

40 Ես ձեզ չե՞մ ազատել ձեր թշնամիներից, բայց այնպես, որ վկայություն եմ թողել իմ անվան մասին:

41 Արդ, ուրեմն, ականջ դիր, ով իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ. և դո՛ւք, երեցնե՛ր, լսեք միասին. դուք ստացել եք իմ թագավորությունը:

42 Ջանասեր եղեք իմ բոլոր պատվիրանները պահելիս, չլինի թե դատաստաններ գան ձեր վրա, և ձեր հավատքը պակասի, և ձեր թշնամիները հաղթեն ձեզ: Այսպիսով, ներկայումս այսքանը: Ամեն և Ամեն: