2022
Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Շաբաթօրյա առավոտյան նիստ

Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է

Հատվածներ

Նկար
պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Եթե դուք 11-18 տարեկան եք, ձեզ համար ես հատուկ ուղերձ ունեմ՝ ձեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից։

Փրկչի ուղերձը ձեզ

Իմ սիրելի երիտասարդ ընկերնե՛ր, եթե Փրկիչը հենց հիմա այստեղ լիներ, ի՞նչ կասեր Նա ձեզ:

Վստահ եմ, որ Նա կսկսեր արտահայտել Իր մեծ սերը ձեր հանդեպ։ …

Եվ քանի որ մենք բոլորս թույլ ենք և անկատար, որոշ մտահոգություններ կարող են սողոսկել ձեր միտքը: Գուցե դուք հիշեք ձեր թույլ տված սխալները, գայթակղության պահերը, բաներ, որոնք կցանկանայիք, որ արած չլինեիք, կամ կցանկանայիք, որ ավելի լավ անեիք։ …

Ես հավատում եմ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը կցանկանար, որ դուք տեսնեիք, զգայիք և իմանայիք, որ Նա ձեր ուժն է: Որ Նրա օգնությամբ չկան սահմաններ, թե ինչեր կարող եք իրականացնել։ …

Անշուշտ, Փրկիչը կհայտարարեր, որ դուք Ամենակարող Աստծո դուստրը կամ որդին եք: Ձեր Երկնային Հայրը տիեզերքի ամենափառահեղ էակն է՝ լի սիրով, ուրախությամբ, մաքրությամբ, սրբությամբ, լույսով, շնորհով և ճշմարտությամբ: Եվ Նա ցանկանում է, որ մի օր դուք ժառանգեք այն ամենը, ինչ Ինքն ունի։ …

Դա հնարավոր դարձնելու համար Նա ուղարկեց Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նա լինի ձեր Փրկիչը։ …

Դա ձեր ճակատագիրն է։ Դա ձեր ապագան է։ Դա ձեր ընտրությունն է։

Ճշմարտություն և ընտրություններ

Ձեր երջանկության համար Աստծո ծրագրի հիմքում ընկած է ընտրելու ձեր ուժը։ …

Երբ դուք կարևոր ընտրություններ ունեք կատարելու, Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը լավագույն ընտրությունն են: Երբ հարցեր ունեք, Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը լավագույն պատասխանն են: Երբ դուք ձեզ թույլ եք զգում, Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է։ …

Երիտասարդներին զորացնելու համար

Որպեսզի օգնի ձեզ գտնել Ճանապարհը և օգնի ձեզ Քրիստոսի վարդապետությունը դարձնել առաջնորդող ազդեցություն ձեր կյանքում, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պատրաստել է նոր նյութ՝ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի վերանայված տարբերակը։ …

Որպեսզի հստակ լինի, լավագույն ուղեցույցը, որը դուք կարող եք ունենալ ընտրություն կատարելու համար, Հիսուս Քրիստոսն է: Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է:

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի նպատակը ձեզ Նրա մոտ ուղղորդելն է։ …

Նաև կարևոր է իմանալ, թե ինչ չի անում Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը: Այն ձեր փոխարեն որոշումներ չի կայացնում: Այն ձեզ «այո» կամ «ոչ» չի պատասխանում բոլոր ընտրությունների վերաբերյալ, որոնց կարող եք հանդիպել: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը կենտրոնանում է ձեր ընտրությունների հիմքի վրա: Այն կենտրոնանում է արժեքների, սկզբունքների և վարդապետության վրա՝ յուրաքանչյուր հատուկ վարքագծի փոխարեն։ …

Արդյո՞ք սխալ է կանոններ ունենալը: Իհարկե ո՛չ: Մենք բոլորս դրանց կարիքն ունենք ամեն օր: Բայց սխալ է Փրկչի վրա կենտրոնանալու փոխարեն կենտրոնանալ միայն կանոնների վրա։ …

Ավելի բարձր չափանիշ

Հիսուս Քրիստոսն Իր հետևորդների համար շատ բարձր չափանիշներ ունի: Եվ Նրա կամքը լրջորեն փնտրելու ու Նրա ճշմարտություններով ապրելու հրավերը հնարավոր ամենաբարձր չափանիշն է:

Կարևոր աշխարհիկ և հոգևոր ընտրությունները պետք է հիմնված լինեն ոչ միայն անձնական նախապատվության կամ նրա վրա, ինչը հարմար է կամ հանրաճանաչ է։ Տերը չի ասում. «Արա ինչ ուզում ես»։

Նա ասում է․ «Թող Աստված տնօրինի»։

Նա ասում է․ «Եկ հետևիր ինձ»:

Նա ասում է. «Ապրիր ավելի սուրբ, ավելի բարձր, ավելի հասուն ձևով»:

Նա ասում է. «Պահեք իմ պատվիրանները»:

Հիսուս Քրիստոսը մեր կատարյալ օրինակն է, և մենք մեր ամբողջ հոգով ձգտում ենք հետևել Նրան:

Իմ սիրելի ընկերնե՛ր, թույլ տվեք կրկնել․ եթե Փրկիչն այսօր կանգնած լիներ այստեղ, Նա կարտահայտեր իր անսահման սերը և Իր լիակատար վստահությունը ձեր հանդեպ: Նա ձեզ կասեր, որ դուք կարող եք դա անել: Դուք կարող եք կառուցել ուրախ, երջանիկ կյանք, քանի որ Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է: Դուք կարող եք վստահություն, խաղաղություն, ապահովություն, երջանկություն և պատկանելություն գտնել այժմ և հավիտյան, քանի որ այդ ամենը կգտնեք Հիսուս Քրիստոսում, Նրա ավետարանում և Նրա Եկեղեցում:

Տպել