2008
Խնդրեք հավատքով
Մայիս 2008


Խնդրեք հավատքով

Իմաստալից աղոթքը պահանջում է և՛ հաղորդակցում, և՛ նվիրված աշխատանք:

Elder David A. Bednar

Ես հրավիրում եմ Սուրբ Հոգուն օգնել ինձ, մինչ մենք կքննարկենք մի սկզբունք, որը մեր աղոթքները կարող է իմաստալից դարձնել, դա հավատքով հարցնելու ավետարանի սկզբունքն է:

Ես կցանկանայի ուսումնասիրել իմաստալից աղոթքի միջոցով հավատքով խնդրելու մասին երեք օրինակ և քննարկել դրանցից յուրաքանչյուրից մեր քաղած դասերը: Խոսելով աղոթքի մասին, ես կշեշտեի «իմաստալից» բառը: Պարզապես աղոթք ասելը տարբերվում է իմաստալից աղոթքից: Ես ակնկալում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը արդեն գիտի, որ աղոթքն էական նշանակություն ունի մեր հոգևոր զարգացման և պաշտպանության համար: Սակայն այն, ինչ մենք գիտենք, ոչ միշտ է, որ արտացոլվում է մեր գործում: Եվ թեև մենք հասկանում ենք աղոթքի կարևորությունը, մենք բոլորս կարող ենք լավացնել մեր անձնական և ընտանեկան աղոթքների հետևողականությունը և արդյունավետությունը:

Խնդրեք հավատքով և գործեք

Հավատքով խնդրելու դասական օրինակ է Ջոզեֆ Սմիթը և Առաջին Տեսիլքը: Պատանի Ջոզեֆը, ցանկանալով իմանալ ճշմարտությունը կրոնի մասին, կարդաց հետևյալ տողերը Հակոբոսի առաջին գլխում.

«Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի թող խնդրէ Աստվածանից, որ ամենին տալիս է առատությամբ և չէ նախատում, և կտրվի նորան:

Միայն թե թող հավատքով խնդրէ առանց երկմտելու» (Հակոբոս Ա.5–6):

Խնդրում եմ, նկատեք, որ հավատով հարցնելու պահանջը, որը, ինչպես ես եմ հասկանում, ոչ միայն արտահայտվելու, այլ նաև գործելու անհրաժեշտություն է, երկակի պարտավորություն է` խնդրելու և կատարելու առումով, հաղորդակցվելու և գործելու պահանջ:

Խորհելով աստվածաշնչյան այդ տողերի շուրջ, Ջոզեֆը որոշեց առանձնանալ պուրակում և հոգևոր գիտելիք փնտրել: Ուշադրություն դարձրեք այն հարցերին, որոնց շուրջ Ջոզեֆը մտածում էր և որոնց համար խնդրում էր պատասխան:

«Խոսքերի պատերազմի և տարաձայնությունների այդ աղմուկի մեջ, ես հաճախ ինքս ինձ հարց էի տալիս. Ինչ անել: Այս բոլոր խմբակցություններից որն է ճիշտ. Կամ, միգուցե նրանք բոլորը սխալ են: Եթե դրանցից որևէ մեկը ճիշտ է, ապա որն է այն, և ինչպես կարող եմ դա իմանալ,

Որպեսզի կարողանամ իմանալ, թե որին միանամ» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.10, 18):

Ջոզեֆի հարցերը կենտրոնացած էին ոչ միայն իմանալու նրա կարիքի վրա, այլ նրա վրա, թե ինչ պետք է արվեր: Նրա աղոթքը պարզապես չէր ասում. Ո՞ր եկեղեցին է ճշմարիտ: Նրա հարցն էր. Ո՞ր եկեղեցուն ես պետք է միանամ: Ջոզեֆը գնաց պուրակ հարցնելու հավատքով, և նա վճռական էր, որ պետք է գործի:

Իսկական հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա և միշտ տանում է դեպի կրոնական արարք: Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է, որ «հավատքը առաջին սկզբունքն է հայտնությամբ տրված կրոնի և ողջ արդարակեցության հիմքը» և այն նաև «բոլոր խելացի էակների գործողության սկզբունքն է»(Lectures on Faith, [1985], 1): Միայն գործը չի հանդիսանում հավատք Փրկչի հանդեպ, սակայն ճիշտ սկզբունքներին համաձայն գործելակերպը հավատքի կենտրոնական բաղադրիչն է: Այսպիսով, «Հավատն առանց գործերի մեռած է» (Հակոբոս Բ.20):

Ապա Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրում է, որ «հավատքը ոչ միայն գործողության սկզբունք է, այլև զորության սկզբունք, բոլոր խելացի էակների համար, լինի երկնքում, թե երկրի վրա» (Lectures on Faith, 3): Այսպիսով, Քրիստոսի հանդեպ հավատքը տանում է դեպի արդար գործողության, որը մեծացնում է մեր հոգևոր ունակությունն ու զորությունը: Հասկանալով, որ հավատքը գործողության և զորության սկզբունք է, մենք ոգեշնչվում ենք և օգտագործում մեր բարոյական ընտրության ազատությունը համապատասխան ավետարանի ճշմարտության, և ունենում ենք մեր կյանքում Փրկչի Քավության փրկագնող և ամրացնող զորությունները, և ավելի մեծ ուժ ունենում մեր մեջ, քանի որ մենք մեր գործակալներն ենք (տես ՎևՈւ 58.28):

Ես մշտապես տպավորվել եմ այն ճշմարտությամբ, որ իմաստալից աղոթքը պահանջում է և՛ հաղորդակցում և՛ նվիրված աշխատանք: Օրհնությունները որոշ ջանքեր են պահանջում մեր կողմից, մինչ մենք դրանք կկարողանանք ստանալ, իսկ աղոթքը, որպես աշխատանքի ձև, նշանակված այն միջոցն է, որով կարող ենք ձեռք բերել ամենաբարձր օրհնությունը (Bible Dictionary, “Prayer,” 753): Մենք առաջ ենք շարժվում և պարտավորվում նվիրված աշխատանք անել, երբ աղոթքի վերջում ասում ենք «ամեն», գործելով համաձայն նրա, ինչ ասացինք Երկնային Հորը:

Հավատքով խնդրելը պահանջում է ազնվություն, ջանք, պարտավորություն և հետևողականություն: Թույլ տվեք մեկ օրինակ բերել, ցույց տալով, թե ինչ ես նկատի ունեմ և ինչ եմ ձեզ առաջարկում:

Մենք պատշաճ աղոթում ենք ողջ աշխարհում լիաժամկետ միսիոներների անվտանգության և հաջողության համար: Եվ մեր աղոթքների ընդհանուր տարրերից է այն խնդրանքը, որ միսիոներները գտնեն այն անձանց և ընտանիքներին, որոնք պատրաստ են ստանալու Վերականգնման ուղերձը: Սակայն, ի վերջո, դա ձեր և իմ պարտականությունն է գտնել մարդկանց, որոնց միսիոներները կարող են ուսուցանել: Միսիոներները լիաժամկետ ուսուցիչներ են, իսկ ես և դուք լիաժամկետ փնտրողներ: Եվ դուք և ես, որպես ողջ կյանքի միսիոներներ, չպետք է աղոթենք, որ լիաժամկետ միսիոներները կատարեն մեր աշխատանքը:

Եթե դուք և ես իսկապես աղոթենք և խնդրենք հավատքով, ինչպես արեց Ջոզեֆ Սմիթը, եթե մենք աղոթենք գործելու, և ոչ թե միայն արտահայտվելու ակնկալիքով, ապա ավետարանը քարոզելու աշխատանքն ավելի նշանակալից ձևով առաջ կգնա: Հավատքի նման աղոթքը կարող է ներառել հետևյալ տարրերը:

  • Շնորհակալություն հայտնել Երկնային հորը Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետությունների և արարողությունների համար, որոնք հույս և երջանկություն են բերում մեր կյանք:

  • Խնդրել քաջություն և համարձակություն` բացելու մեր շուրթերը և կիսվելու ավետարանով մեր ընտանիքի և ընկերների հետ:

  • Աղերսել Երկնային Հորը օգնել մեզ գտնել այն անձանց և ընտանիքներին, որոնք կընդունեն մեր հրավերը և կուսուցանվեն մեր տանը միսիոներների կողմից:

  • Երաշխավորել անելու մեր մասը այսօր և այս շաբաթ, և խնդրել օգնություն անհանգստությունը, վախը և կասկածանքը հաղթահարելու համար:

  • Փնտրել զանազանելու պարգևը, որպեսզի աչքերը տեսնեն և ականջները լսեն, երբ ի հայտ են գալիս միսիոներական հնարավորություններ:

  • Աղոթել խանդավառությամբ, ստանալու համար ուժ, որպեսզի գործենք ինչպես հարկն է:

Շնորհակալությունը կարտահայտվի, և այլ օրհնություններ կպահանջվեն նման աղոթքում, որը կավարտվի Փրկչի անունով: Ապա, այդ աղոթքի նվիրագործված աշխատանքը կշարունակվի և կաճի:

Սուրբ հաղորդակցման և նվիրված աշխատանքի նույն նմուշը կարելի է կիրառել մեր աղոթքներում աղքատների և կարիքավորների, հիվանդների և տառապյալների, մաքառող ընտանիքի անդամների և ընկերների և նրանք համար, ովքեր չեն հաճախում Եկեղեցու հավաքներին:

Ես վկայում եմ, որ աղոթքը իմաստալից է դառնում, եթե մենք հավատքով խնդրում ենք և գործում ենք: Ես ձեզ բոլորիդ առաջարկում եմ աղոթել հավատքով ավետարանը քարոզելու մեր աստվածատուր նպատակի համար: Եթե դա անենք, ես խոստանում եմ, որ դռներ կբացվեն, և մենք կօրհնվենք, ճանաչելով մեզ տրված հնարավորությունները և գործելով ըստ դրանց:

Մեր հավատքի փորձությունից հետո

Իմ երկրորդ օրինակը շեշտում է հետևողականության կարևորությունը մեր հավատքի փորձության միջոցով: Մի քանի տարի առաջ մի ընտանիք ճանապարհորդում էր Միացյալ Նահանգներից Եվրոպա: Ժամանելուց մի փոքր անց 13 տարեկան որդին ծանր հիվանդացավ: Մայրն ու հայրը սկզբում մտածում էին, թե նրա ստամոքսի խանգարումը երկար թռիչքից հոգնելու հետևանք էր, և ընտանիքը շարունակեց իր ճանապարհորդությունը:

Սակայն օրեր անց որդու վիճակը վատթարացավ: Ջրազրկումը շարունակվում էր: Հայրը որդուն քահանայության օրհնություն տվեց, սակայն անմիջապես ոչ մի բարելավում չհետևեց:

Մի քանի ժամեր անցան, տղայի մայրը ծնկի էր իջել նրա կողքին, աղոթքով աղերսելով Երկնային Հորը, որ իր տղան ապաքինվի: Նրանք տնից հեռու էին, անծանոթ մի երկրում, և չգիտեին, ինչպես բժշկական օգնություն ստանային:

Մայրը որդուն հարցրեց, թե արդյոք նա չի ցանկանում աղոթել իր հետ: Նա գիտեր, որ պարզապես ակնկալվող օրհնությանը սպասելը բավական չէր, նրանք պետք է շարունակեին գործել: Բացատրելով, որ ստացած օրհնությունը դեռ ուժի մեջ է, նա առաջարկեց խնդրել աղոթքով, ինչպես անում էին հին Առաքյալները. «Տեր, մեր հավատքն ավելացրու» (Ղուկաս ԺԷ.5): Աղոթքում արտահայտնվում էր վստահություն քահանայության զորության հանդեպ և պարտավորություն շարունակելու անել այն, ինչ կպահանջվի օրհնությունը պատվելու համար, եթե այդ օրհնությունն այդ պահին համապատասխանում էր Աստծո ցանկությանը: Այս պարզ աղոթքն ասելուց կարճ ժամանակ անց որդու վիճակը բարելավեց:

Այդ մոր և նրա որդու հավատով լի գործողությունն օգնեց հրավիրել խոստացված քահանայության զորությունը և մասամբ բավարարեց այն պահանջը, որ մենք «չենք վիճում, եթե չենք տեսնում, քանզի նախքան մեր հավատքի փորձությունը, մենք վկայություն չենք ստանում» (Եթեր 12.6): Ինչպես բանտում գտնվող Ալման և Ամուղեկը չընկան գետնին, «նախքան նրանց հավատքը», և ինչպես Ամմոնը ու նրա միսիոներ եղբայրները ականատես չեղան իրենց ծառայություններում հզոր փոփոխությունների, «նախքան նրանց հավատքը» (տես Եթեր 12.12–15), այդպես էլ այդ 13-ամյա տղան չապաքինվեց նախքան նրանց հավատքը, և դա կատարվեց «համաձայն իրենց հավատքի իրենց աղոթքներում» (ՎևՈւ 10.47):

Թող ոչ թե իմ, այլ Քո կամքը լինի

Իմ երրորդ օրինակը ընդգծում է մեր կյանքում Աստծո կամքը ընդունելու կարևորությունը: Մի քանի տարի առաջ մի երիտասարդ հայր կար, որը տղա հասակում ակտիվ էր Եկեղեցում, սակայն դեռահաս տարիներին այլ ուղի էր ընտրել: Բանակում ծառայելուց հետո նա ամուսնացավ մի սքանելի աղջկա հետ և շուտով երեխաներն օրհնեցին նրանց տունը:

Մի օր, առանց որևէ պատճառի նրանց չորս տարեկան դուստրը հիվանդացավ և տեղափոխվեց հիվանդանոց: Հուսահատության մեջ և առաջին անգամ այդքան տարիների ընթացքում հայրը ծնկի իջավ աղոթելու, խնդրելով, որ իր դստեր կյանքը պահպանվի: Սակայն նրա վիճակը վատթարանում էր: Աստիճանաբար հայրը զգաց, որ փոքր աղջիկը չի ապրելու, և նրա աղոթքները դանդաղ փոխվեցին: Այժմ նա չէր աղոթում բուժման համար, այլ ավելի շուտ հասկանալու համար: «Թող Քո կամքը լինի», սա էր նրա աղոթքների ձևը:

Շուտով նրա դուստրը կոմայի մեջ էր և հայրը գիտեր, որ նրա ժամերն երկրի վրա հաշված էին: Ուժ ստանալով հասկացողությունից, վստահությունից և իրենց ուժերից բարձր զորությունից, երիտասարդ ծնողները կրկին աղոթեցին, խնդրելով նրան մեկ անգամ ևս մոտ պահել, քանի դեռ արթուն էր: Դստեր աչքերը բացվեցին և նրա թույլ ձեռքերը փաթաթվեցին ծնողներին վերջին գրկախառնության մեջ: Դրանից հետո նա մահացավ: Այդ հայրը գիտեր, որ իր աղոթքները պատասխան ստացան, բարի և կարեկցանքով լի Երկնային Հայրը սփոփեց նրանց սրտերը: Աստծո կամքը կատարվեց, և նրանք հասկացողություն ձեռք բերեցին: (Adapted from H. Burke Peterson, “Adversity and Prayer,” Ensign, Jan. 1974, 18.)

Ճանաչելով և ընդունելով Աստծո կամքը մեր կյանքում հիմնարար տարր է իմաստալից աղոթքի միջոցով հավատքով խնդրելու հարցում: Ինչևէ, «Թող Քո կամքը լինի» բառերը պարզապես արտասանելը բավական չէ: Մեզանից յուրաքանչյուրը Աստծո կարիքն ունի մեր կամքը Նրա կամքին ենթարկելու գործում:

«Աղոթքը գործողություն է, որի միջոցով Հոր և նրա զավակի կամքը համապատասխանեցվում է միմյանց» (Bible Dictionary, “Prayer,” 752–53): Խոնարհ, խանդավառ և հետևողական աղոթքը մեզ հնարավորություն է տալիս ճանաչել մեր Երկնային Հոր կամքը և մեզ համապատասխանեցնել այդ կամքին: Գեթսեմանի Այգում աղոթելիս Փրկիչը կատարյալ օրինակ է ցույց տվել այս հարցում. «Եվ ասում. Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. Սակայն ոչ թե իմ կամքը` բայց քո կամքը լինի: Եվ ավելի եռանդով էր աղոթք անում» (Ղուկաս ԻԲ.42, 44):

Մեր աղոթքների նպատակը չպետք է լինի մեր ցանկությունների ցուցակի կամ մի շարք պահանջների ներկայացումը, այլ պետք է ապահովի մեզ և մյուսներին այն օրհնություններով, որոնք Աստված պատրաստ է տալ ըստ Իր կամքի ու ժամանակի: Յուրաքանչյուր անկեղծ աղոթք լսվում և պատասխանվում է մեր Երկնային Հոր կողմից, սակայն ստացված պատասխանները կարող են չհամընկնել մեր ակնկալիքների հետ կամ տրվել այն ժամանակ կամ ձևով, որ մենք ցանկանում ենք: Այս ճշմարտությունը երևում է այն երեք օրինակներում, որոնք ես այսօր ներկայացրեցի:

Աղոթքն արտոնություն է և հոգու անկեղծ ցանկություն: Մենք կարող ենք հեռանալ սովորական և ցանկ պարունակող աղոթքներից և առաջարկել իմաստալից աղոթքներ, պատշաճ ձևով խնդրելով և գործելով, համբերությամբ անցնելով մեր հավատքի փորձություններով և խոնարհաբար ընդունելով` «ոչ թե իմ, այլ Քո կամքը լինի»:

Ես վկայում եմ մեր Հավերժական Հոր, Նրա Միածին Որդի` Տեր Հիսուս Քրիստոսի ու Սուրբ Հոգու իրականությունն ու աստվածային էությունները: Ես վկայում եմ, որ մեր Հայրը լսում և պատասխանում է մեր աղոթքներին: Թող մեզանից յուրաքանչյուրն ավելի մեծ վճռականությամբ խնդրի հավատքով, այդպիսով դարձնելով մեր աղոթքները իսկապես իմաստալից: Ես աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: